Հա

Հասարակական

Հինգշաբթի, 06 Մարտի 2014 10:40

Զրոյց՝ Հայաստանում քաղաքացիական շարժման ու քաղաքացիական հասարակութեան մասին

Հայաստանում քաղաքացիական շարժումն արդէն կայացած հասարակական երեւոյթ է: Դա միանշանակ է: Կարծում եմ, թէ այս կապակցութեամբ երկու կարծիք լինել չի կարող: Յամենայնդէպս՝ դա են ապացուցում վերջին 1.5-2 տարիների ընթացքում Հայաստանում ծաւալւող հասարակական իրադարձութիւնները:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Հայաստանում քաղաքացիական շարժումն արդէն կայացած հասարակական երեւոյթ է: Դա միանշանակ է: Կարծում եմ, թէ այս կապակցութեամբ երկու կարծիք լինել չի կարող: Յամենայնդէպս՝ դա են ապացուցում վերջին 1.5-2 տարիների ընթացքում Հայաստանում ծաւալւող հասարակական իրադարձութիւնները:
Խոստովանեմ, որ ես միշտ էլ եղել եմ Հայաստանում քաղաքացիական շարժման ու քաղաքացիական հասարակութեան մոլի երկրպագուներից: «Քաղաքացիական շարժում» եւ «քաղաքացիական հասարակութիւն» եզրոյթները միշտ էլ յատուկ տեղ են զբաղեցրել իմ քաղաքական բնոյթի յօդւածների լեքսիկոնում:
Սա ոչ լոկ անձնական նախասիրութիւն է, ոչ առաւել եւս սեփական «գիտունիկութիւնը» բարձրաձայնելու ինքնագոհ փորձ: Ես միշտ էլ հաւատացած եմ եղել, որ Հայաստանում լիարժէք ձեւաւորւած քաղաքացիական հասարակութեան չգոյութեան պայմաններում քաղաքացիական շարժումն այն անհրաժեշտ հարթակն է, որտեղ հնարաւոր է ծաւալել մեր հայրենի իրականութեանն այնքան անհրաժեշտ քաղաքական-հասարակական դիսկուրսը: Մանաւանդ որ՝ մեր հայրենի քաղաքական դաշտը յամառօրէն շարունակում է «փայլել» իր բացառիկ ամլութեամբ:

Քաղաքացիական հասարակութեան սահմանումը

Ես քաղաքագէտ չեմ, ոչ էլ սոցիոլոգ, ուստի փորձեցի համացանցում գտնել քաղաքացիական հասարակութեան սահմանումը: Ամենամատչելի աղբիւրում՝ «wikipedia» առցանց հանրագիտարանում, քաղաքացիական հասարակութեան սահմանումն այսպէս է տրւած. «Քաղաքացիական հասարակութիւնը կազմւած է կամաւոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպութիւնների եւ կառուցւածքների միասնութիւնից, որոնք ձեւաւորում են հանրութեան գործունէութեան հիմքը՝ ի հակադրութիւն որեւէ պետութեան ուժային կառոյցների (անկախ այդ պետութեան քաղաքական համակարգից) եւ առեւտրային կառուցւածքների»:
Բնականաբար «wikipedia»-ի սահմանումով բաւարարւել չի կարելի: Լոնդոնի «Քաղաքացիական հասարակութեան Տնտեսագիտական կենտրոնի դպրոց»-ը տալիս է շատ աւելի համապարփակ սահմանում. «Քաղաքացիական հասարակութիւնը վերաբերում է կամաւոր խմբական գործառոյթների ոլորտին՝ համատեղ հետաքրքրութիւնների, նպատակների եւ արժէքների շուրջ: Տեսականօրէն, քաղաքացիական հասարակարգի ինստիտուցիոնալ կառուցւածքները տարբերւում են պետութեան, ընտանիքի եւ շուկայի նոյն կառուցւածքներից, թէեւ, գործնականում, պետութեան, քաղաքացիական հասարակութեան, ընտանիքի եւ շուկայի միջեւ սահմանները յաճախ բարդ են, աղաւաղւած եւ պայմանական... քաղաքացիական հասարակութիւնը յաճախ ներառում է այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են՝ բարեգործական միութիւնները, ոչ-պետական կազմակերպութիւնները, համայնքային խմբերը, կանանց կազմակերպութիւնները, հաւատքի վրայ հիմնւած կազմակերպութիւնները, մասնագիտական ասոցիացիաները, արհեստակցական միութիւնները, ինքնօգնութեան խմբերը, քաղաքացիական շարժումները, առեւտրային ասոցիացիաները, միաւորումներ եւ ադւոկացիոն խմբերը»:
Եթէ փորձենք ի մի բերել քաղաքացիական հասարակութեան մասին բոլոր սահմանումներն ու դրանցից կազմել մի պարզ բանաձեւ, կարծում եմ, թէ այն կը ստանայ հետեւեալ ձեւակերպումը. «Քաղաքացիական հասարակութիւնը, քաղաքացիական շարժման արդիւնքում, պետութեան, շուկայի եւ սովորական բնակիչների միջեւ ձեւաւորւած այն հանրային տարածութիւնն է, որտեղ մարդիկ կարող են ծաւալել քննարկումներ եւ ձեռնարկել միջոցառումներ: Այլ կերպ ասած՝ քաղաքացիական հասարակութիւնը կամաւոր խմբական գործառոյթ է, որի շուրջ համախմբւում են մարդիկ՝ փոփոխելու որեւէ մասնաւոր գործընթաց»:

Քաղաքացիական հասարակութեան գոյութեան ցուցիչները

Դ. Իստոնի դասական մոդելի համաձայն՝ քաղաքացիական հասարակութեան գոյութեան գլխաւոր ցուցիչներն են.
* Հասարակութիւնում արտադրութեան միջոցների ազատ տնօրինողների առկայութիւնը.
* Զարգացող ժողովրդավարութիւնը.
* Քաղաքացիների իրաւական պաշտպանւածութիւնը.
* Քաղաքացիական մշակոյթի որոշակի մակարդակը.
* Բնակչութեան կրթութեան բարձր մակարդակը.
* Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների առաւել ամբողջական ապահովումը.
* Ինքնակառավարումը.
* Հասարակութեան կառուցւածքի եւ մարդկանց միջեւ մրցակցութեան առկայութիւնը.
* Հասարակական կարծիքի ազատ ձեւաւորումը եւ բազմակարծութիւնը.
* Պետութեան ուժեղ սոցիալական քաղաքականութիւնը.
* Բազմաշերտ տնտեսութիւնը.
* Հասարակութիւնում միջին խաւի գերակշռող մաս կազմելը:

Քաղաքացիական հասարակութիւնը՝ Հայաստանում

Քաղաքացիական շարժումն Հայաստանում սկսւեց 1988 թւականին: Արցախեան շարժումը կամ ինչպէս ընդունւած է ասել Հայաստանում՝ «Շարժում-88»-ը, քաղաքացիական շարժման դասական օրինակ էր: Հայաստանին Արցախի վերամիաւորման, ինչպէս նաեւ դրան հետեւած անկախութեան պահանջները, իրենց էութեամբ հասարակութեան ինքնորոշման եւ ինքնակառավարման ցանկութեան դրսեւորումներն էին, որը մարմնաւորում էր քաղաքացիական հասարակութեան գլխաւոր եւ առանցքային ցուցիչներից մէկը՝ ժողովրդավարութիւնը:
1988 թւականին Հայաստանի այն օրերի հասարակութիւնը քայլում էր դէպի քաղաքացիական հասարակութեան ձեւաւորում:
90-ական թւականներին հէնց այդ շարժման ալիքի վրայ իշխանութիւնը նւաճած ՀՀՇ-ականները պէտք է որ փայփայէին Հայաստանում նոր-նոր ձեւաւորւող ազատ հասարակութեանը, նրան ընձեռէին լիարժէք արմատաւորւելու հնարաւորութիւն, որպէսզի այն վերածւէր կայացած քաղաքացիական հասարակարգի: Այդ դէպքում տրամագծօրէն այլ ընթացք եւ բովանդակութիւն էին ունենալու վերանկախացման շրջանի Հայաստանի սոցիալ-քաղաքական զարգացումները:
Սակայն, ոչ միայն դա չարւեց, այլեւ աւելին՝ ծրագրաւորւած եւ նպատակասլաց վիժեցւեց քաղաքացիական հասրակութեան սաղմը Հայաստանում: 1990 թւականի Գերագոյն խորհրդի (Ազգային ժողով) եւ 1991 թւականի նախագահական ազատ ընտրութիւններին փոխարինելու եկան 1995-96 թւականների կեղծւած խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնները, որոնք ճակատագրական եղան Հայաստանի համար:
Նման զարգացումների արդիւնքում՝ Հայաստանում աստիճանաբար վառւեց այն հողը, որի վրայ պիտի աճէր ու զարգանար քաղաքացիական հասարակութիւնը: Կեղծւած ընտրութիւնները յաջորդեցին մէկը միւսին եւ ստացւեց այն, ինչ-որ հիմա ունենք՝ չկայացած հասարակութիւն՝ հէնքաւորւած «գողական-ախպէրական» խեղւած եւ արատաւոր յարաբերութիւնների վրայ:

Քաղաքացիական արդի շարժումը՝ Հայաստանում

Ժամանակի անյաղթահարելի թելադրանքն է՝սերունդները փոխւում են, իսկ նոր սերունդի հետ առաջանում է նոր մտածողութիւն, նոր արժէքային համակարգ ու նոր պահանջարկ:
Նման իրավիճակի դէմ-յանդիման է կանգնած մեր հայրենի հասարակութիւնը: Նոր սերունդի համար անընդունելի են «գողական-ախպէրական» հասարակական յարաբերութիւնները: Նրանց համար անընդունելի է այն փաստը, որ սահմանափակ մտային, բայց անսահմանափակ ֆինանսական-ուժային կարողութիւններ ունեցող անձինք են, որ տնօրինում են մի ողջ ժողովրդի ճակատագիրը: Սոցիալական մեղմ ասած՝ այլանդակ յարաբերութիւններով ախտահարւած Հայաստանը մերօրեայ երիտասարդութեանը միանըշանակ պէտք չէ:
Հէնց այս պահանջարկի արդիւնքում է, որ ծնւել է քաղաքացիական արդի կենսունակ շարժումը՝ Հայաստանում: Շարժում, որն առաջ է քաշում հասարակութեանը յուզող շատ որոշակի հարցեր ու քաղաքական դաշտից (թէ՛ իշխանութիւններից, եւ թէ՛ ընդդիմութիւնից) պահանջում է յստակ լուծումներ: Փաստօրէն, այն լրացնում է տարաբնոյթ հարցերի շուրջ ընդհանրապէս, իսկ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ յատկապէս հասարակութեանն այնքան անհրաժեշտ համընդհանուր հանրային քննարկման բացը:

Քաղաքացիական շարժման ձեռքբերումները

2008 թւականին սաղմնաւորւած, 2010 թւականին ծիլ տւած, իսկ յետոյ շատ արագ զարգացող քաղաքացիական արդի շարժումն Հայաստանում, իր սահմանափակ հնարաւորութիւններով հանդերձ, այնուամենայնիւ, կարողացել է ունենալ մի շարք ակնառու նւաճումներ:
Անշուշտ, ամենատեսանելի նւաճումը պէտք է համարել Երեւանում, հանրային տրանսպորտի ուղեվարձի հետ կապւած պայքարի արդիւնաւորումը: Սակայն, կարծում եմ, թէ քաղաքացիական շարժման ամենագլխաւոր նւաճումները այն խորքային փոփոխութիւններն են, որոնք առաջացել են Հայաստանի հասարակական որոշակի հատւածի յարաբերութիւններում եւ մտածողութիւնում: Եւ այսպէս.
* Քաղաքացիական շարժման արդիւնքում՝ անխուսափելիօրէն սկսել են միմեանց հետ բախւել մնացորդային ու նոր մտածողութիւնները եւ արժեհամակարգը: Այս բախման ելքը միանշանակ է՝ուշ թէ շուտ՝ յաղթելու է նորը, քանի որ այն ժամանակի պահանջների ծնունդ է:
* Ձեւաւորւում է հասարակական չափաորոշիչների նոր համակարգ: Տեղի է ունենում հանրային օգուտի եւ անհատական օգուտի համընկնում, որի արդիւնքում հայ ժողովրդի հայաստանեան հատւածն աստիճանաբար վերածնունդ է ապրում որպէս հասարակութիւն:
* Քաղաքացիական շարժումը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատւածին ստիպել է դուրս գալ տեւական թմբիրից եւ վերակտիւացման նշաններ ցուցաբերել: Ինչպէս քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանն է ասում. «Շատ կարեւոր է այն փաստը, որ ընդդիմադիր ուժերից իւրաքանչիւրը պաշտպանել է վերին աստիճանի ապաքաղաքական երրորդ կազմակերպութեան նախաձեռնութիւնը... փաստօրէն, ընդդիմադիր քաղաքական ուժերն արտայայտում են քաղաքացիական շարժման շահերն այնտեղ, որտեղ այն ի վիճակի չէ դա անել: Իսկ քաղաքացիական շարժումն էլ իր հերթին ներկայացնում է բաւական լայն զանգւածների, հիմնականում խոշոր ընկերութիւնների աշխատակիցների, միջին խաւի շահերը»:
Փաստօրէն, քաղաքացիական շարժումը վերածւել է մի ինչ-որ իւրայատուկ օղակի, որը կարող է աստիճանաբար վերացնել հասարակութիւն-քաղաքական ուժեր խզւածութիւնը:
* Քաղաքագիտութեան մէջ կայ այսպիսի մի բանաձեւ. «Հանրութիւնը միայն իշխանութիւններից չէ, որ հիասթափւում է: Տեւական ժամանակ ցանկանալով եւ չկարողանալով որեւէ բան փոխել, հանրութիւնն աստիճանաբար հիասթափւում է ինքն իրենից, իսկ դա յանգեցնում է հանրային հոգեբանական չափազանց վտանգաւոր ճգնաժամի»:
Նման գործընթացը, փաստօրէն, քաղաքական անտեսւածութեան արդիւնքն է: Հայաստանում քաղաքացիական շարժմանը յաջողւել է ինչ-որ չափով հանրութեանը վերադարձնել սեփական ուժի եւ կարողութիւնների նկատմամբ հաւատքը, որը առանցքային գործօն է իշխանութիւններին արմատական-համակարգային փոփոխութիւններ պարտադրելու դժւարին պայքարում: Թերեւս, հէնց սա է, որ պէտք է համարել Հայաստանում քաղաքացիական արդի շարժման հիմնական ձեռքբերումը:

Հնարաւոր զարգացումներն ու հեռանկարները

Այս պահի դրութեամբ՝ ակնյայտ է, որ Հայաստանում քաղաքացիական շարժումը զարգանում է ճիշտ ուղղութեամբ՝ պահպանել կապը, համագործակցել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատւածի հետ՝ միաժամանակ խուսափելով որոշակի քաղաքական օրակարգից:
Չմոռանանք, որ քաղաքացիական շարժման վերջնանպատակը քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումն է: Այնպէս որ՝ շարժմանն իշխանափոխութեան պահանջ ներկայացնելն անիմաստ ու անհեռատես քայլ է:
Իշխանափոխութիւնը պէտք է որ իրագործի այս շարժման արդիւնքում լիարժէքօրէն ձեւաւորւած քաղաքացիական հասարակարգը: Սա միանշանակ է: Չմոռանանք, որ այն օրը, երբ քաղաքացիական շարժումը որոշի զբաղւել քաղաքական օրակարգով, ապա անմիջապէս կը դադարի որպէս այդպիսին գոյութիւն ունենալուց:
Անկասկած, քաղաքացիական շարժումն իր այս ձեւաչափով չի կարող երկար շարունակւել: Այն ուշ թէ շուտ՝ տրոհւելու է: Սա բնական գործընթաց է, որից խուսափել չի կարելի:
Կը հասունանայ պահը եւ այս շարժման երիտասարդ ակտիւիստները կը գտնեն իրենց որոշիչ դերը՝ Հայաստանի քաղաքական-հասարակական կեանքում: Նրանց մի մասը, անկասկած, կը դառնան քաղաքական գործիչներ, միւս մասը կը ներգրաււի արհմիութենական աշխատանքներում (եթէ, իհարկէ, կայանայ քաղաքացիական հասարակութիւնը եւ արդիւնքում՝ ձեւաւորւեն դրանք), իսկ մի խումբն էլ կը մնայ հասարակական գործունէութեան դաշտում: Կը լինեն նաեւ անձինք, որոնք կը կլանւեն առօրեայ կեանքի յորձանուտում:
Մի բան յստակ է, սակայն, ինչպիսի ճակատագրի էլ որ արժանանայ քաղաքացիական շարժումը, դրա ակտիւ կորիզն է, որ առաջիկայ 10-15 տարիներում թելադրելու է Հայաստանի սոցիալ-քաղաքական կեանքի օրակարգը:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։