Հա

Հասարակական

Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013 10:50

Մեր լեզուն «ճկուն ու ... բարբարոս»...

Վերջերս, «Ալիք» օրաթերթի օգոստոսի 1-ի եւ 8-ի էջերում, ընթերցելով երիտասարդ մտաւորական Արամ Շահնազարեանի գրառումները՝ հայոց լեզւի եւ յատկապէս դրա ճիշտ կիրառման ուղղութեամբ, որոշեցի այս ակնարկով արծարծել խոհերիս մի բաժինը՝ յիշեցնելով որոշ իրողութիւններ:

Չէի կարծում, թէ մերօրեայ լեզւական խնդիրների վերաբերեալ գրւած երկու յօդւածները նման հետաքրքրութիւն կառաջացնեն:
Այդ կապակցութեամբ ուրախութեամբ ստացայ ուղեցոյցի տարիների իմ մայրենի լեզւի ուսուցիչ, ականաւոր բանաստեղծ եւ մտաւորական Վարանդի ակնարկը: Առիթը փախցնել չէի կարող: Առ այդ՝ այս շաբաթւայ հեղինակային իմ անկիւնը հպարտութեամբ տրամադրեցի սիրելի ուսուցչիս, այժմ նաեւ՝ գործընկերոջս:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք...

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Մեր լեզուն «ճկուն ու ... բարբարոս»...
(Ակնարկ)

Վ. Ս. ՔԻՒՐՔՉԵԱՆ

Վերջերս, «Ալիք» օրաթերթի օգոստոսի 1-ի եւ 8-ի էջերում, ընթերցելով երիտասարդ մտաւորական Արամ Շահնազարեանի գրառումները՝ հայոց լեզւի եւ յատկապէս դրա ճիշտ կիրառման ուղղութեամբ, որոշեցի այս ակնարկով արծարծել խոհերիս մի բաժինը՝ յիշեցնելով որոշ իրողութիւններ:

Նախ, այն որ՝ մեծամասնաբար համամիտ եմ Արամի արծարծած նիւթերին եւ գրեթէ ո՛չ մի առարկութիւն չի կարող լինել իր դրած հարցերի մէջ, բայց ինչ վերաբերում է այն հեռախօսազանգերին, որ ինքը ստացել է (ցաւօք սրտի, մեծամասնաբար, բացասական) եւ յատկապէս այն էժանագին արտայայտութեան, որ իբր թէ «հայերէնը up to date լեզու չի (այժմէական՝ ժամանակի ոգուն համաձայն)»..., պիտի յիշատակել՝ ոչ միայն up to date է (վկան՝ հէնց այս դարձւածքը), այլեւ՝ շատ եւ շատ առումներով ունի այնպիսի մեծածաւալ՝ բառակազմական, ոճական եւ այլ ունակութիւններ, որ ի բնէ եւ ի սկզբանէ չունեն գէթ մեզ ծանօթ բազմաթիւ լեզուներ՝ «Արեւելեան եւ Արեւմտեան կողմերն աշխարհի»:
Առանց դոյզն իսկ ազգայնամոլականութեան ու սիրել-յարգելով հանդերձ բազում մշակոյթներ եւ լեզուներ, հասուն ու հասանելի՝ իրաւ փորձառութեամբ կասենք՝ հայերէնն ունի արդի, կախարդիչ ու գրաւիչ (attractive) կարողութիւններ ու հնարաւորութիւններ. դա ունի այլ լեզուներ թափանցելու, դրանք թարմացնելու ունակութիւն եւս, որը, իհարկէ, կախում ունի նաեւ տւեալ մասնագէտի կամ արւեստագէտ-հեղինակի կարողականութիւնից:
Սկսած անցեալ դարի առաջին տարիներից՝ հեռագիր, հեռախօս, շարժանկար (պատկեր) հանրակառք, սակակառք, ժապաւէն, ձայնասփիւռ, հեռուստացոյց (տեսիլ)... զուտ հայերէն բառեր են, մինչ ողջ աշխարհը գործածում է՝ տելեգրաֆ, տելեֆոն, սինեմա, աւտոբուս, տաքսի, ֆիլմ, ռադիօ, տելեւիզիոն եւ այլն:
Երեւանում վերջին այս տարիներին լոյս է տեսել տեխնոլոգիային (հայերէնով՝ գիտարւեստ) ամենաարդիական, նորիմաստային աւելի քան 10.000 միաւոր պարփակող բառարան, մի այդքան նոր բառ է պարունակում նաեւ սեւակեան ստեղծագործութիւնների հաւաքածոն...
Ի դէպ, միմիայն հայերէնում կայ ՍՈՒՐՃ բառը. ողջ աշխարհը օգտւում է «կոֆէ»-ից ու դրա նոյնարմատ, այլազան կերպերից եւ տարբերակներից:
Այլ, մեզ ճանաչ լեզուներում, օրինակ, քիչ կան ոճային զանազանութեանց հնարաւորութիւններ՝ յօդւածագրութեան, նոյնիսկ լրագրութեան առումով:
Այս հանգամանքը գալիս է, իհարկէ, հայերէնում բարդ բառեր առաջացնելու հնարաւորութիւնից, ինչ որ առնչւում է նաեւ մեր ամենահարուստ այբուբենին, որը նպաստում է բառերի բազումութեանն ու ճկունութեանը եւ ի հետեւանս դրա՝ ոճական այլեւայլ բնոյթների ստեղծման առիթին:

* * *

Այս անգամ սկսենք արդիական-այժմէականից եւ փորձենք գնալ «դարերն ի վե՜ր»:
Ջէյմզ Ջոյսի աշխարհահռչակ «Ուլիսիս» մեծ,- շուրջ ութ հարիւր էջեր, եւ անթարգմանելի (գրւած իռլանդա-անգլերէնով) վէպի ամբողջական թարգմանութիւնը լոյս է տեսել Երեւանում: Չկա՛յ ուրիշ լեզւով:
Համեմատէ՛ք ֆրանսիականից՝ Բոդլերի, Վալերիի, Էլուարի ու Արթուր Ռեմբոյի (առանձնապէս «Հարբած նաւը» պոէման), իսպանացի Ֆ. Գ. Լորկայի եւ Խուան-Ռամոն Խիմենէզի (Ջեմինէս) քանդակների հայերէնի թարգմանութիւնները, ասենք, հէնց ձեռքի առաջ գտնւող տեղականների հետ:
Միջնադարեան հսկայ, իտալացի Դանթէ Ալիգիերիի «Աստւածային կատակերգութիւն» կոթողային ստւարածաւալ գործի Արբուն Տայեանի չափածոյ թարգմանութիւնը (դեռ կայ նոր, աւելի կատարեալ թարգմանութիւնը, ուր գոյութիւն ունեն համապատասխան բոլոր պոէմա-ժանրային տւեալները) միջինարեւելեան ճարահատաբար արձակ թարգմանութիւնների՜ հետ համեմատենք:
Անուն ունեն մեծ պարսիկ դասականներ՝ Շէյխէ Ռումիի եւ Օմար Խայեամի երկերի անգլերէն «թարգմանութիւնները»՝ Նիկոլսոնի եւ Ֆիտցջերալդի ձեռամբ, առաջինը բառացի, արձակ ու անոգի նախադասութիւնների կուտակումներ է, երկրորդը՝ «նմանական» թարգմանութիւն (այլ է ազատ փոխառումն ու վերծանումը տեսական ու տեսակական առումներով)...

* * *

Եթէ չենք փորձում մօտենալ հայոց լեզուն առաւել ամբողջութեամբ իւրացնելու ոչ-հեշտ, սակայն միաժամանակ անբացատրելիօրէն քաղցր ու հաճելի արարքին,- այո՛՝ արարքին,- հայերէնը արարչական բնոյթ ունի, կրկին վկան՝ հա՛յ Շեքսպիրականները, Ֆերդոսին, Սաադին եւ ուրիշներ:
Եթէ չենք անում դա՝ «յանցանք»-ը... մեզանից է, ծո՛յլ ենք, երբեմն մեծամիտ ու հասարակ, վաղո՜ւց է ասւել՝ անգրագէտն աւելի լաւ է, քան...՝ կիսագրագէտը:

* * *

Արամ Շահնազարեանը իր գրութեանց մէջ ակնարկել է մեծ աստղագէտ, տիեզերաբան լուսահոգի՝ լուսաւո՜ր Վիկտոր Համբարձումեանի մեծ սիրոյն՝ մայրենի լեզւի հանդէպ:
Յիշենք, որ նրա հայրը՝ Համազասպ Համբարձումեանն է չափածոյով թարգմանել Հոմերոսի վիթխարահսկայ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը:
Համաձայն որոշ ակունքների՝ Հոմերոսը առաջին բանաստեղծն է պատմութեան, իսկ նրա վերոյիշեալ հզօրահսկայ հատորների գոնէ մեր հանդիպած թարգմանութիւնները եղել են արձակով, այսինքն՝ չեն համարձակւել էպոսը թարգմանել «ի՛ր» լեզւով՝ քերթողական յանգով ու եամբով:
Ահա թէ ինչպիսին է հայերէնը. ըստ Չարենցի՝ ճկուն ու... բարբարոս այս հազարամե՜այ լեզուն:

Related items

  • Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ
    Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

  • Համաձայնագրից մէկ տարի անց
    Համաձայնագրից մէկ տարի անց

    Միջուկային համապարփակ համաձայնագիրը բոլորեց իր մէկ տարին: Այս մէկ տարւայ ընթացքում շատ է գրւել եւ խօսւել այս փաստաթղթի մասին:

  • Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը
    Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը

    Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

  • Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել
    Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել

    «Iran Air»-ի նաւատորմը համալրւեց նոր ինքնաթիռով:

    «Airbus» ընկերութիւնից գնւած «Airbus 321-211»-ը առաջին նոր ինքնաթիռն է, որ վերջին 38 տարիների ընթացքում միանում է  «Iran Air»-ի ընտանիքին:

  • Եւ ահա մենք
    Եւ ահա մենք

    Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

    Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։