Հա

Հասարակական

Հինգշաբթի, 17 Ապրիլի 2014 11:40

Վարչապետի պաշտօնում Յովիկ Աբրահամեանի նշանակման մասին

ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտօնում Յովիկ Աբրահամեանի նշանակման կապակցութեամբ կը փորձեմ կատարել մի քանի դիտարկում, որոնք հիմնականում հէնքաւորւած են իմ համացանցային այսպէս կոչւած թափառումների վրայ: Դրանք հիմնականում ներկայացնում են իմ որպէս շարքային քաղաքացու եւ լրագրողի տեսակէտները: 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Հայաստանի քաղաքական օրակարգի թիւ 1 խնդիրը գտաւ իր տրամաբանական հանգուցալուծումը: Ինչպէս որ նախատեսւում էր, ՀՀ վարչապետի թափուր պաշտօնը զբաղեցրեց ՀՀ ԱԺ-ի խօսնակ Յովիկ Աբրահամեանը:
ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտօնում Յովիկ Աբրահամեանի նշանակման կապակցութեամբ կը փորձեմ կատարել մի քանի դիտարկում, որոնք հիմնականում հէնքաւորւած են իմ համացանցային այսպէս կոչւած թափառումների վրայ: Դրանք հիմնականում ներկայացնում են իմ որպէս շարքային քաղաքացու եւ լրագրողի տեսակէտները: Սակայն, շտապեմ ասել, որ բնաւ չեմ ցանկանում դրանք Ձեզ պարտադրել: Դուք կարող էք կիսել իմ տեսակէտներն ու դիտարկումները կամ էլ փորձէք տրամագծօրէն այլ հայեացքով վերլուծել խնդիրները: Դա Ձեր բացարձակ իրաւունքն է, որի վրայ բռնանալ չի կարող ոչ ոք, այդ թւում նաեւ՝ ես:
ա- «ԱԼԻՔ»-ի ապրիլի 13-ի համարում, անդրադառնալով ՀՀ 13-րդ վարչապետի առջեւ դրւած խնդիրներին՝ ես գրել էի, որ վերանկախացումից ի վեր Հայաստանի ծանրագոյն սոցիալ-տնտեսական ճգնաժամը յաղթահարելու համար՝ անհրաժեշտ է մի վարչապետ, որը կը կարողանայ արմատական փոփոխութեան ենթարկել սոցիալ-տնտեսական գործող կացութաձեւը, յարաբերութիւններն ու մտածողութիւնը:
Լինելով նոյն այդ կացութաձեւի ու յարաբերութիւնների ծնունդը, կրելով նոյն այդ մտածողութիւնը՝ հաստատապէս կարելի է ասել, որ Յովիկ Աբրահամեանն քաղաքական այն ֆիգուրը չէ, ով կարող է երկիրը տանել համակարգային՝ արմատական բարեփոխումների ճանապարհով:
Ընդհակառակը՝ կարծում եմ, թէ նա կոչւած է որոշակի կոսմետիկ փոփոխութիւնների միջոցով գոնէ ժամանակաւորապէս մեղմել առկայ սոցիալ-տնտեսական լարւածութիւնը՝ գործող համակարգին դիրքերը վերադասաւորելու եւ բնականոն գործունէութիւն ապահովելու առիթ ընձեռելով:
«Յովիկ Աբրահամեանի վարչապետութիւնը, անկասկած, ներքաղաքական ստատուս-քւօն պահպանելու լաւագոյն միջոցն է»,- ասում է քաղաքական վերլուծաբան Հայկազ Ղահրիեանը: Նրա այս կարծիքի հետ չհամաձայնւել չի կարելի: Մեղմ ասած՝ ներկայ պահի դրութեամբ Յովիկ Աբրահամեանը գործող համակարգի համար «անվտանգութեան բարձիկ»-ի դեր է կատարում:
բ- Անդրադառնալով արտաքին տնտեսական յարաբերութիւնների վերաբերեալ յոյժ կարեւոր հարցին՝ Յովիկ Աբրահամեանի նշանակումից անմիջապէս յետոյ՝ հայրենի անկախ փորձագէտներից շատերն շտապեցին այս կտրւածքով նրա նշանակումը համարել օրինաչափ:
Ըստ նրանց՝ խնդիրը պարզից էլ պարզ է: Հայաստանը ինտեգրւում է եւրասիական տարածքին, որին բնորոշ են հէնց այն յարաբերութիւններն ու որակները, որոնք առկայ են Հայաստանի իշխանական օլիգարխիայի համակարգում: Յովիկ Աբրահամեանն այդ բոլորի անմիջական կրողն է եւ ամենայարմար վարչապետը:
գ- Ինչ կապւած է վերջին իրադարձութիւնների ֆոնին, Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապւած հարցին, պատասխանը միանշանակ է՝ նոր կառավարութիւնը ինչ ծրագիր էլ որ ներկայացնի, հնարաւոր չէ երկրում էական զարգացում ապահովել:
Դա միանշանակ է: Դէպի Եւրասիա տանող ուղին ընտրելով՝ Հայաստանը, փաստօրէն, իրեն մեկուսացրեց համաշխարհային տնտեսական զարգացումների գործընթացից:
Միջազգային ֆինանսա-տնտեսական կենտրոնները Հայաստանին արդէն գումար տրամադրում են այնքան՝ ինչքան հարկաւոր է գոյութիւն պահպանելու համար: Իսկ փորձագէտներն ահազանգում են՝ ժամանակները շատ արագ փոխւում են, փոխւում են նաեւ մարտահրաւէրներն ու պահանջները, իսկ գոյատեւման պայմաններում տեղքայլն արդէն վտանգաւոր է երկրի համար:
«Կարելի է փաստել հետեւեալը՝ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների առումով ստեղծւել է փակուղային իրավիճակ: Ոչ միայն զարգացման համապատասխան ռեսուրսներն են սպառւել, այլեւ հէնց հեռանկարի առումով: Մաքսային միութեանը միանալով՝ Հայաստանն ըստ էութեան իրեն զրկել է այլընտրանքից»,- նման կարծիքի է դաշնակցական գործիչ, տնտեսագէտ Աշոտ Եղիազարեանը:
Ըստ նրա՝միայն այն դէպքում է հնարաւոր խօսել տնտեսական բարեփոխումների ու ծրագրերի մասին, երբ այդ այլընտրանքը լինի: Իսկապէս, Հայատանն այդ առումով մտել է փակուղի:
Այս բոլորին գումարէք նաեւ այն փաստը, որ Յովիկ Աբրահամեանին միանշանակ պէտք է համարել հայկական օլիգարխիկ համակարգի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մէկը: Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի արմատական փոփոխութիւնը ենթադրում է այս համակարգի վերացումը, իսկ նոր վարչապետը կոչւած է՝ պահպանելու գործող սոցիալ-տնտեսական կացութաձեւը:
Չմոռանանք այն փաստը, որ Յովիկ Աբրահամեանն ու նրա անմիջական շրջապատը բազմիցս յայտնւել են կոռուպցիոն ու այլ բնոյթի բազմաթիւ սկանդալների մէջ: Նրանք լիուլի օգտւել են (եւ շարունակում են օգտւել) այս համակարգի իրենց ընձեռած բացառիկ «բարիքներից»:
Վարչապետի գլխաւոր խնդիրը պէտք է որ լինի Հայաստանն օր առաջ դուրս բերել գոյատեւման ռեժիմից: Ընդորում, ինչպէս յուշում են փորձագէտները, անհրաժեշտ է չշփոթել գոյատեւման ռեժիմից դուրս բերելն ու զարգանալը: Դրանք հոմանիշներ չեն, դրանք նոյն բանը չեն ենթադրում: Գոյատեւման ռեժիմից դուրս գալը դեռ չի նշանակում զարգացման հուն մտնել:
Յովիկ Աբրահամեանի նման ֆիգուրին միգուցէ յաջողւի Հայաստանին ժամանակաւորապէս հանել գոյատեւման ռեժիմից՝ որոշակիօրէն մեղմելով սոցիալ-տնտեսական առկայ լարւածութիւնը, սակայն երկիրը զարգացման ուղի դուրս բերելու մասին խօսք անգամ լինել չի կարող: Նա չունի ոչ այդ որակները, ոչ էլ կոչւած է դրան:
դ- Դարձեալ յղում կատարեմ իմ «Նոր վարչապետին սպասելիս» յօդւածին (տպագրւած ապրիլի 13-ին):
Խօսելով արմատական փոփոխութիւնների անհրաժեշտութեան մասին՝ ես բարձրաձայնել էի այն մասին, որ այդ դժւարին գործում ՀՀ 13-րդ վարչապետի լաւագոյն դաշնակիցը կարող է դառնալ քաղաքացիական հասարակութիւնը, եթէ, իհարկէ, նոր վարչապետն իրեն համար վերաիմաստաւորի քաղաքացիական արժեհամակարգը եւ ընդառաջ գնայ քաղաքացիական նախաձեռնութիւնների պահանջներին:
Հիմա արդէն պարզից էլ պարզ է, որ քաղաքացիական հասարակութեան հետ համագործակցելու մասին խօսք անգամ լինել չի կարող: Հայաստանում քաղաքացիական նախաձեռնութիւնները թիրախաւորել են հէնց այն համակարգը, որի անվտանգութիւնը երաշխաւորելու գործին է լծւած Յովիկ Աբրահամեանը: Այնպէս որ՝ ապագայում նոր վարչապետին ու քաղաքացիական հասարակարգին բազում «քաղցր» հանդիպումներ են սպասւում:
Ամփոփելով Յովիկ Աբրահամեանի նշանակման հետ կապւած իմ նախնական տպաւորութիւններն ու դիտարկումները՝ կարծում եմ, որ առնւազն այս պահին կարելի է արձանագրել, որ այն հանրային-պետական տեսանկիւնից համակարգի դեգրադացիայի եւ համակարգային որակական որեւէ փոփոխութեան բացառման նշան է, որը հաստատապէս քաղաքացիական հասարակութեան համար ունենալու է զրոյական արժէք:
Հայրենի փորձագէտների այս կարծիքի հետ չհամաձանւել չեմ կարող, քանի որ պետական-քաղաքական իր գործունէութեան ողջ ընթացքում Յովիկ Աբրահամեանն արդէն հասցրել է լիարժէքօրէն բացայայտւել: Կարծում եմ, որ հակառակում ինձ կարող է համոզել մի ինչ-որ շրջադարձային փոփոխութիւն, ինչն աւելի նման է լինելու հրաշքի, իսկ քաղաքականութեան մէջ ընդունենք, որ հրաշքներ տեղի չեն ունենում:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք...

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։