Հա

Հասարակական

03/10/2013 - 12:00

100 տոկոսանոց ցանկալի...

Կարող էր այսպէս սկսւել. «Օրերից մի օր...», իսկ աւարտւէր այսպէս. «...տխուր պատմութիւն էր, այդպէս չէ՞...»: Բայց դա մի տեսակ հասարակ կը լինէր, կրկնւող՝ նման այդպիսի բոլոր պատմութիւններին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Կարող էր այսպէս սկսւել. «Օրերից մի օր...», իսկ աւարտւէր այսպէս. «...տխուր պատմութիւն էր, այդպէս չէ՞...»: Բայց դա մի տեսակ հասարակ կը լինէր, կրկնւող՝ նման այդպիսի բոլոր պատմութիւններին:

Առաջին էպիզոդ.
Ուրեմն եկէք սկսենք այսպէս: Մեծ քաղաքում ապրում էին մի տղայ եւ մի աղջիկ: Նրանք նման էին իրար, իսկ մի քիչ տարբեր միւսներից՝ իրենց իւրայատուկ տարօրինակութիւններով: Երկուսն էլ գիտէին, որ այս աշխարհում ապրում է իրենց երկրորդ կէսը՝ 100 տոկոսանոց ցանկալի կինը, 100 տոկոսանոց ցանկալի տղամարդը: Միայն թէ տղան փնտրում էր այդ երազը, իսկ աղջիկը փորձում էր... փախչել դրանից:
Նրանք ծանօթացան պատահականօրէն, չափազանց լուրջ մի հաւաքում: Աստիճանաբար ընտելացան, դարձան մտերիմներ: Հանդիպեցին՝ մէկ անգամ, երկու անգամ, իսկ յետոյ ... տղան նայեց աղջկայ աչքերին եւ ասաց. «Հրաշք է սա, ամբողջ կեանքում ես փնտրում էի քեզ: Միգուցէ չհաւատաս, բայց դու իմ 100 տոկոսանոց ցանկալի աղջիկն ես»:
Իսկ աղջիկը ... նա յամառօրէն լռում էր: Տղան ստիպւած էր նոյնը կրկնել անընդհատ, նայել աղջկայ աչքերին եւ ասել. «Դու իմ ցանկալի աղջիկն ես: Ես սիրում եմ քեզ...»: Տղան հասկացաւ, որ պէտք է կարողանայ լսել իր սիրելիի լռութիւնը, կարդալ նրա աչքերը. «Իսկ դո՞ւ... չէ՞ որ դու էլ իմ 100 տոկոսանոց ցանկալի տղամարդն ես: Իրապէս, սա նման է հրաշքի, իսկ ես... չեմ կարողանում հաւատալ հրաշքներին»:

 

Երկրորդ էպիզոդ.
Տղան հասկացաւ նաեւ, որ պէտք է աղջկան համոզել, որ գեղեցիկ երազը, հրաշքը միայն հեքիաթների հերոսների մենաշնորհը չէ: Մեր կեանքում էլ կարող են պատահել հրաշքներ, մեր կեանքն էլ է կարող գեղեցիկ երազի նմանւել: Նա հասկացաւ նաեւ, որ ստիպւած է աղջկան՝ ճանաչել, բացայայտել, նւաճել դժւարութեամբ, դանդաղօրէն՝ կաթի՛լ-կաթի՜լ: Եւ այ քեզ ՀՐԱ՜ՇՔ, սա հէնց այն սէրն էր, որի մասին երազում էր տղան, տարբերւող, բարդ՝ հեշտութեամբ չտրւող, յամառութիւն պահանջող, իսկ տղան պատրաստ էր յամառել, կռւել պահանջող... Իսկ տղան պատրաստ էր կռւել ...

 

Երրորդ էպիզոդ.
Բայց կար նաեւ մի բան, որին հաւատում, որի մասին բարձրաձայնում էին երկուսն էլ: Դա ամենազօր Ճակատագիրն էր: Մեծ քաղաքում, գիշերային յաճախակի դարձած թափառումների ժամանակ, նրանք փորձում էին հասկանալ թէ այդ ինչպէ՞ս եղաւ, որ պատահականօրէն հանդիպեցին միմեանց, հէնց այնպէս մտերմացան, յետոյ էլ բացայայտեցին, որ միմեանց 100 տոկոսանոց ցանկալի տղամարդն ու կինն են:
Եւ հասկացան, որ դա անխուսափելի ճակատագրի՝ անբեկանելի տնօրինումն էր: Յետոյ մտաբերեցին, որ հնարաւոր էր հանդիպէին աւելի վաղ, մէկ այլ չափազանց լուրջ հաւաքում, կամ էլ աւելի ո՜ւշ ... բայց միեւնո՛յնն է՝ կը հանդիպէին, կը ծանօթանային, կը մտերմանային, կը բացայայտէին ե՜ւ ...

 

Չորրորդ էպիզոդ.
Տղան ու աղջիկը որոշեցին ճակատագրին ընդառաջ գնալ՝ շարժւել առաջ: Դա նրանց հաճոյք էր պատճառում, միաձուլւում՝ անէանում էին: Տղան, աղջկայ ականջին շշնջում էր նոյն խօսքերը, իսկ աղջիկը յամառօրէն լռում էր, տղային ստիպելով լսել իր լռութեան աղաղակը: Եւ այդ ամէնը գաղտնի՝ առանց հարայհրոցի: Նրանց պէտք չէր զննող հայեացքներ՝ աւելորդ ուշադրութիւն:
Կարեւորն իրենք էին, իրենց զգացմունքը, իրենց անսահմանութիւնը:
Կար տղան, կար աղջիկը, կար մի մեծ սէր: Դա բաւարար էր ցանկալի անսահմանութիւնը լցնելու համար:
Տղան օրւայ մեծ մասն անց էր կացնում համակարգչի առջեւ: Գրում էր, անընդհատ գրում: Իսկ կէս գիշերին յոգնած ու կարմրած աչքերով սպասում էր հեռախօսային հաղորդագրութեան. «Արթո՞ւն ես ...»: Եւ սկսւում էր այնքան հաճելի, այնքան սպասւած հեռախօսազրոյցը: Աղջկան հետաքրքրում էր տղայի գրութիւնները: Տղան երբեմն իր խզբզոցներից կարդում էր ինչ որ պատառիկներ: Դա նրա կեանքի ամենալեցուն րոպէներն էին, ՀԱՄԱՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ՝ խորին միասնութիւն: Աղջիկը լսում էր ուշադիր (գոնէ տղան այդպէս էր կարծում), հարցնում էր թէ որտեղի՞ց այդ, ի՞նչն է տղայի մէջ անկասելի պահանջ արթնացնում թղթին բառեր յանձնել հէնց որոշակի տրամաբանութեամբ, երբեմն առանց ուղղումների: Սա տղայի համար բարձրագոյն պարգեւն էր: Նա չէր կարողանում, աւելի ստոյգ՝ ձեւացնում էր թէ չի կարողանում պատասխանել, մի քիչ կմկմում էր ու ասում. «Հէնց այդպէս, ստացւում է ...»:

 

Հինգերորդ էպիզոդ.
Թւում էր ամէն ինչ ճիշտ է, բայց կար մի կէտ, մի փոքրիկ կէտ: Աղջիկն այն անւանում էր տարակուսանք, իսկ տղան՝ սեւ շուն, ճակատագրի սեւ շուն, որը հետապնդել էր իրեն ամբողջ կեանքի ընթացքում: Աղջիկն ասաց. «Խճճւել եմ, չգիտեմ ի՞նչ եմ ուզում, չգիտեմ ի՞նչ եմ անում»: Յետոյ առաջարկեց. «Եկ փորձենք, հեռանանք: Եթէ իրապէս սիրում ենք միմեանց, ինչ որ մի տեղ, ինչ որ մի ժամանակ կը հանդիպենք կրկին, եւ կը հասկանանք, որ կատարւել է իսկական հրաշքը, որ իսկապէս սիրում ենք...»: Տղան համաձայնւեց: Այլ կերպ վարւել չէր կարող, դա ճակատագրի սեւ շան պարտադրանքն էր:
Սկսւեց փորձութիւնը: Նրանք հեռացան, չգիտակցելով, որ չպէտք է այդպէս վարւէին: Չգիտակցելով, որ հէնց իրենց պատահական հանդիպումը, նոյն ինքը հրաշքն էր, իրականացած՝ մարմնաւորւած:

 

Վեցերորդ էպիզոդ.
Անցաւ 33 օր, 33 շաբաթ, 33 ամիս: Մաքրւեց նրանց յիշողութիւնը: Այնուամենայնիւ նրանք ամէն գիշեր միեւնոյն երազն էին տեսնում: Աւելի ստոյգ՝ երազում, երազից երազ էին տեղափոխւում, փորձելով գտնել հեռո՜ւ, հեռաւոր յիշողութեան պատառիկները: Բայց արդիւնքը նոյնն էր՝ ԿՈՐԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ անւանումով հնամաշ մի գիրք: Ժամանակ, անցած ու գնացած՝ անվերադարձ ժամանակ: Ամենակուլ մի անդունդ, որ կլանում, ոչնչացնում է ամէն ինչ՝ երազանք, ցանկութիւն, սէր ...

 

Եօթերորդ էպիզոդ.
Օրերն անցան կայծակնային արագութեամբ: Տղան ու աղջիկը կրկին հանդիպեցին մի ինչ որ լուրջ հաւաքում, բայց այս անգամ միմեանց կողքով անցան անտարբեր: Միայն թէ մի պահ առկայծեց նրանց յիշողութիւնը, երկուսն էլ մտովի ակամայ շշնջացին. «Դու իմ 100 տոկոսանոց ...», բայց արդէն ...
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

 

Յ. Գ. -

Ծիածան

Լուսամփոփի՜ պէս աղջիկ՝ Աստւածամօր աչքերով,
Թոքախտաւոր, թափանցիկ, մարմինի՜ պէս երազի,
Կապո՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պէս հոգեթով,
Լուսամփոփի՜ պէս աղջիկ...


Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթէ աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնայ ծիածանը երեքգոյն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...


Լուսամփոփի՜ պէս աղջիկ՝ Աստւածամօր աչքերով,
Թոքախտաւոր, թափանցիկ, մարմինի՜ պէս երազի,
Կապո՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պէս հոգեթով,
Լուսամփոփի՜ պէս աղջիկ...

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

Յարակից լուրեր

  • Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները
    Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները

    Պատմական տարբեր փուլերում անկախութեան բովանդակութեան բաղադրիչները՝ կապւած  ժամանակի պատմաքաղաքական եւ հասարակական մարտահրաւէրների հետ, որոշակի փոփոխութիւնների են ենթարկւում: Սակայն, այն, որ խորքային իմաստով անկախութիւնը բացարձակ արժէք է, որին չկայ որեւէ այլընտրանք միանշանակ փաստ է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:

  • Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում
    Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտօնից ազատեց ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։