Հա

Հասարակական

Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 10:20

Բացարձակ արժէքների շտեմարան

Գերմանիայում մեկնարկել է Բունդեսթագի հերթական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւը: Թէեւ սոցհարցումների նախնական տւեալները որեւէ լաւ բան չեն գուշակում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան (SPD) կամ ինչպէս իրենք՝ գերմանացիներն են սիրում անւանել՝ «Ծեր մօրաքրոջ» համար, այնուամենայնիւ, օրերս տասնեակ հազարաւոր քաղաքացիներ ի մի էին եկել մայրաքաղաք Բեռլինի գլխաւոր Բրանդենբուրգեան հրապարակում՝ նշելու աշխարհի ամենահին սոցիալ դեմոկրատական կուսակցութեան հիմնադրման 150-ամեակը:

(Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան 150-ամեակի առիթով)

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Գերմանիայում մեկնարկել է Բունդեսթագի հերթական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւը: Թէեւ սոցհարցումների նախնական տւեալները որեւէ լաւ բան չեն գուշակում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան (SPD) կամ ինչպէս իրենք՝ գերմանացիներն են սիրում անւանել՝ «Ծեր մօրաքրոջ» համար, այնուամենայնիւ, օրերս տասնեակ հազարաւոր քաղաքացիներ ի մի էին եկել մայրաքաղաք Բեռլինի գլխաւոր Բրանդենբուրգեան հրապարակում՝ նշելու աշխարհի ամենահին սոցիալ դեմոկրատական կուսակցութեան հիմնադրման 150-ամեակը:
Հէնց այս առիթը պատեհ համարեցի, որպէսզի անդրադառնամ գերմանացի սոցիալ դեմոկրատների անցած փառահեղ ուղուն: Ուղի, որը լուսաւորող փարոս է աշխարհի բոլոր սոցիալ դեմոկրատների համար:
ԷՊԻԶՈԴ 1- Ձեւաւորում եւ տարածում
Թէեւ որպէս այսպիսին՝ SPD-ն ձեւաւորւել է 1875 թւականին, այնուամենայնիւ, գերմանացի սոցիալ դեմոկրատներն իրենց կուսակցութեան հիմնադրման տարեթիւը համարում են 1863 թւականը, երբ գերմանացի անւանի գրող եւ քաղաքական գործիչ Ֆերդինանդ Լասալը Լայպցիգում հիմնադրեց Գերմանական բանւորական ընդհանուր միութիւնը: Վեց տարի անց՝ 1869 թւականին, Այզենախում Ագուստ Բեբէլը եւ Վիլհելմ Լիբկնեխտը հիմնադրեցին Գերմանիայի աշխատաւորական սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնը: Ահա այս երկու քաղաքական շարժումների միաւորումով էր, որ 1875 թւականին հիմնադրւեց Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնը:
Սկզբնական շրջանում այն մարքսիստական-յեղափոխական կուսակցութիւն էր, որը կոչւում էր Սոցիալ դեմոկրատական աշխատաւորական կուսակցութիւն: Աշխատաւորներին ուղղւած նորաստեղծ կուսակցութեան պատգամը յստակ էր. «Եթէ ցանկանում էք բարելաւել ձեր վիճակը, ապա պարտաւոր էք կառավարութեանը ստիպել, որպէսզի ձեզ ճանաչի որպէս լիարժէք քաղաքացիներ, որոնք ապահովւած են տնտեսապէս եւ ունեն քաղաքացիական հաւասար իրաւունքներ: Այն օրերի կայսերական Գերմանիայի ռայխկանցլեր Օտտօ Ֆոն Բիսմարկի ընդունած հակասոցիալիստական օրէնքի արդիւնքում՝ 1878-1890 թթ. կուսակցութիւնը ծաւալեց գաղտնի՝ ընդյատակեայ գործունէութիւն: 1890 թւականին համագումարում կուսակցութիւնը վերջնականապէս անւանւեց Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւն:
Կուսակցութեան հիմնադիրներից Ֆերդինանդ Լասալը ժամանակին գրել է. «Այն պահից, երբ մեր կազմակերպութեանն անդամակցեն 100 հազար աշխատաւորներ, մենք կը վերածւենք այնպիսի քաղաքական ուժի, որին այլեւս չի կարող կասեցնել ոչ ոք»: Լասալի այս մարգարէութիւնը շատ արագ իրականացաւ: 1871-1918 թւականների ընթացքում կուսակցութիւնն այնպիսի լայն տարածում գտաւ, որ նրա անդամների թիւն անցաւ մէկ միլիոնից եւ սոցիալ դեմոկրատները դարձան Գերմանիայի Վայմարեան հանրապետութեան թիւ մէկ քաղաքական ուժը:

130822c01a

ԷՊԻԶՈԴ 2- Վայմարեան հանրապետութեան տարիները
Մինչ Առաջին աշխարհամարտի աւարտը գերմանացի սոցիալ դեմոկրատները դեռեւս անցնում էին գաղափարական բիւրեղացման շրջանով: Դրա արդիւնքում՝ կուսակցութեան շարքերում ձեւաւորւեց մի թեւ, որն ունէր ծայրայեղ մարքսիստական հակումներ:
1918 թւականին, երբ տապալւեց կայսերական համակարգը, ի յայտ եկան սոցիալ դեմոկրատների ներքին տարաձայնութիւնները: Կուսակցութեան երկու թեւերն էլ հանրապետական համակարգի հռչակման կողմնակիցն էին: Միայն թէ Ֆիլիպ Շայդեմանի գլխաւորութեամբ չափաւորների պատկերացումը դեմոկրատական հանրապետութիւնն էր, իսկ ծայրայեղականները, յանձինս Կառլ Լիբկնեշտի, պահանջում էին մարքսիստ-կոմունիստական հանրապետութիւն: Արդիւնքում՝ կուսակցութիւնը պառակտւեց: Ծայրայեղականները նախ ձեւաւորեցին «Սպարտակուս լիգա»-ն, որը քիչ անց վերանւանւեց Գերմանիայի անկախ սոցիալ դեմոկրատական կուսակցութիւն, իսկ աւելի ուշ վերածւեց Գերմանիայի կոմունիստական կուսակցութեան:
Յետպատերազմեան անիշխանութեան տարիներում սոցիալ դեմոկրատները համարւում էին Վայմարեան հանրապետութեան հիմնասիւներից մէկը: Նրանք 1918-1921 թթ., 1923 թ., 1928-1930 թթ. ընթացքում ձեւաւորեցին կամ մաս կազմեցին իշխանական կուալիցիային՝ փորձելով Գերմանիայում արմատաւորել եւ ամրապնդել դեմոկրատական համակարգը: Սակայն, պատերազմում յաղթանակած դաշնակիցների Գերմանիային պարտադրած նւաստացուցիչ պայմանները, տնտեսական խոր ճգնաժամը, քաղաքական անկայունութիւնը եւ անիշխանութիւնը ի դերեւ դարձրին նրանց բոլոր ջանքերը:
1933 թւականին Ադոլֆ Հիտլերի գլխաւորութեամբ իշխանութիւնը զաւթեցին նացիստները: Սկսւեցին ֆաշիզմի սեւ տարիները: Բոլոր այլ քաղաքական կուսակցութիւնների պէս՝ սոցիալ դեմոկրատները եւս հռչակւեցին օրէնքից դուրս: Նրանք ստիպւած՝ ընդյատակ անցան: Հազարաւոր սոցիալ դեմոկրատներ ուղարկւեցին համակենտրոնացման ճամբարներ: Այնուամենայնիւ, նրանց յաջողւեց պատւով յաղթահարել երրորդ ռայխի գեհենը:
ԷՊԻԶՈԴ 3- Յետպատերազմեան տարիներ՝անցում դէպի արդիականացում
Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, Արեւմտեան Գերմանիայի տարածքում շատ արագ վերաձեւաւորւեց Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնը, որը համալրեց քաղաքական դաշտի ձախ հատւածը: 20-րդ դարի 50-ական թւականներին SPD-ն դարձաւ ձախ-պոպուլիստական կուսակցութիւն, որն ամբողջովին ձախողեցրեց քրիստոնեայ դեմոկրատների եւ քրիստոնեայ սոցիալիստների իշխանական կոալիցիայի դէմ քաղաքական-գաղափարական պայքարը:
Հէնց այդ էլ ստիպեց սոցիալ դեմոկրատներին 1959 թւականին Բադ Գոդեսբերգում կայացած կուսակցութեան պատմական համագումարի ժամանակ վերանայել կուսակցութեան ծրագիրն ու հռչակած գաղափարական սկզբունքները եւ «աշխատաւորների կուսակցութիւն»-ից վերածւել «ժողովրդի կուսակցութեան»՝ ընդունելով ազատ շուկայական յարաբերութիւններն այն պայմանով, որ դրանք չհակասեն սոցիալ դեմոկրատական գաղափարախօսութեան սկզբունքների հետ:
Ինչպէս Ֆրանց Միւնտեֆերինգն է ասում. «Սա դարձաւ Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան երկրորդ ծնունդը»: Կուսակցութեան շարքերը համալրելով միջին տարբեր խաւերի ներկայացուցիչներով, մասնաւորաբար՝ մտաւորականութեամբ, այս գործընթացը նոր շնչառութեան հնարաւորութիւն տւեց սոցիալ դեմոկրատներին. յաջողութիւնը երկար սպասեցնել չտւեց: Մեկնարկեցին 60-70-ական թւականների փայլուն տարիները: Սոցիալ դեմոկրատները յաղթեցին 1969 թւականի հանրապետական ընտրութիւններում, Վիլի Բրանտը ստանձնեց կանցլերի պաշտօնը եւ սկսւեց սոցիալ դեմոկրատների ոսկէ տաս տարիները:

130822c01b

ԷՊԻԶՈԴ 4- Նահանջ
1982 թւականին սոցիալ դեմոկրատները պարտւեցին հանրապետական ընտրութիւններում: Իշխանութեան անցան քրիստոնեայ դեմոկրատները՝ Հելմուտ Քոհլի գլխաւորութեամբ: Սկսւեց սոցիալ դեմոկրատների անյաջողութեան շրջանը: Քոհլի իշխանութեան տարիներում Արեւմտեան Գերմանիան ոչ միայն տնտեսական նոր ծաղկում ապրեց, այլ նաեւ նրա իշխանութեան օրօք տեղի ունեցաւ Գերմանիայի պատմութեան ամենակարեւոր իրադարձութիւնը: 1989 թւականին փլուզւեց Բեռլինի պատը, իսկ քիչ անց վերամիաւորւեցին Գերմանիայի երկու հատւածները:
Սա տեւեց մինչեւ 1998 թւականը, երբ վերջապէս սոցիալ դեմոկրատներին յաջողւեց յաղթել ընտրութիւններում եւ Գերհարդ Շրոյդերը զբաղեցրեց կանցլերի պաշտօնը:
Շրոյդերը փորձեց արդիականացնել կուսակցութեան սոցիալ-տնտեսական մօտեցումները: Նա հանդէս եկաւ «2010-ի հռչակագրով», որի նպատակն էր վերափոխել Գերմանիայի տնտեսական համակարգը: Սակայն, տնտեսական ճգնաժամը ձախողեցրեց նրա ծրագիրը: 2005 թւականին, երբ սոցիալ դեմոկրատների աւանդական ընտրազանգւածը եւ արհմիութիւնները թիկունքով շրջւեցին, սոցիալ դեմոկրատները ստիպւած եղան իշխանութիւնը յանձնել աջերին՝ Անգելլա Մերկէլի գլխաւորութեամբ:
ԷՊԻԶՈԴ 5- Մեր օրերը՝ անպարտելի Մերկէլը
Դժւարին օրեր է ապրում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնը: 2005 թւականի հանրապետական ընտրութիւններում կրած պարտութիւնից յետոյ՝ կուսակցութիւնը պառակտւեց: Օսկար Լաֆոնտէի գլխաւորութեամբ կուսակցութեան ձախ թեւի ներկայացուցիչները հեռացան կուսակցութիւնից՝ 2007 թւականին հիմնելով «Ձախեր» կուսակցութիւնը (Die Linke): Այս տարիների ընթացքում սոցիալ դեմոկրատներին ոչ մի կերպ չի յաջողում պարտութեան մատնել Անգելլա Մերկէլին: Ինչպէս Բեռլինի պատը՝ սառը պատերազմի տարիներում, թւում է, թէ Մերկէլը եւս անյաղթահարելի պատնէշ է:
Փորձագէտների կարծիքով՝ սա մեծապէս պայմանաւորւած է այն հանգամանքով, որ սոցիալ դեմոկրատները հեռացել են իրենց գաղափարախօսութեան հիմնարար սկզբունքներից: Ընտրողներն այլեւս որեւէ էական տարբերութիւն չեն տեսնում նրանց եւ աջ ուժերի առաջադրած ծրագրերի, գաղափարների եւ գործելաոճի միջեւ: Եւ հէնց այդ պատճառով էլ՝ նախընտրում են նրան, ում կարողացել է երկիրը դուրս բերել ճգնաժամից:
Անւանի սոցիալ դեմոկրատ գործիչ Էրհարդ Էփլերի կարծիքով՝ եկել է ժամանակը, որպէսզի սոցիալ դեմոկրատները վերադառնան իրենց գաղափարական ակունքներին: «Եթէ պէտք է շուկան թելադրի ամէն ինչ, այլեւս ժողովրդավարութեան մասին խօսելն աւելորդ է»,- ասում է նա: Նա հաւատացած է, որ սոցիալ դեմոկրատների գլխաւոր առաքելութիւնը տնտեսութեան մէջ շուկայական յարաբերութիւնների սահմանների յստակեցումն է: Այնպէս որ՝ 21-րդ դարում եւս հնարաւոր լինի պահ-պանել ժողովրդավարական սկզբունքները եւ սոցիալական արդարութիւնը: «Սա հէնց այն պարտականութիւնն է, որ ի սկզբանէ յանձնարարւած է եղել սոցիալ դեմոկրատներին»,- ընդգծում է նա:
ԷՊԻԶՈԴ 6- Որպէս վերջաբան՝ Բացարձակ արժէքների շտեմարան
Ընտրութիւնները՝ յաղթանակներն ու պարտութիւններն անցողիկ են: Այն, ինչ որ մնայուն է, գաղափարները, սկզբունքներն ու բացարձակ արժէքներն են: Իսկ Գերմանիայի սոցիալ դեմոկրատների պատմութիւնը նման ԲԱՑԱՐՁԱԿՆԵՐԻ շտեմարանն է: Չմոռանանք, որ սոցիալ դեմոկրատները միակն էին, որ համարձակւեցին ամբողջ հասակով ծառանալ նացիստների դէմ: Դեռ կոչնակի պէս հնչում է սոցիալ դեմոկրատ առաջնորդներից Օտտօ Վելզի խօսքը՝ հնչած 1933 թւականի մարտի 23-ին Բունդեսթագի քննարկումների ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը փորձում էր հաստատել տալով «Enabling Act»-ը՝ վերացնել Վայմարեան հանրապետութեան ժողովրդավարական բոլոր կառոյցները: «ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԷՔ ՄԵԶԱՆԻՑ ԽԼԵԼ ՄԵՐ ԿԵԱՆՔԸ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ, ԲԱՅՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՒՈՒԹԻՒՆԸ՝ ԵՐԲԵՔ: ՄԵՆՔ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆԻՆՔՆԱՍԷՐ:»,- բարձրաձայնեց Վելզը: Սոցիալ դեմոկրատ 94 պատգամաւորները միակն էին, որ դէմ քւէարկեցին այդ օրէնքին:
1971 թւականին կանցլեր Վիլի Բրանտը ցնցեց ողջ քաղաքակիրթ մարդկութեանը: Վարշաւա կատարած իր պաշտօնական այցի ընթացքում նա ծնկի իջաւ անյայտ զինւորի յուշարձանի մօտ՝ թողութիւն խնդրելով նացիստների կատարած յանցագործութիւնների համար: Նրա օգնականներից Իգոն Բահըրի խօսքերով՝ «Այս արարքը ցնցիչ էր, այն պատճառով, որ անմեղ մարդը թողութիւն էր խնդրում այն յանցանքների համար, որ իրագործել էին իր ազգակիցները»:
Եւ սրանք հէնց այն բացարձակ արժէքներն են, որոնց կրողն ու մարմնաւորողն են Գերմանիայի սոցիալ դեմոկրատները:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։