Հա

Հասարակական

Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013 10:40

Եւրամայդանից մինչ ազատութեան հրապարակ, կամ հակառակը

Կան թեմաներ, որոնք շատ երկար են զբաղեցնում լրահոսի ամենաընթերցւածների աղիւսակի բարձր հորիզոնականները: Մեծ ցանկութեան դէպքում անգամ անհնար է շրջանցել դրանց: Դա հիմնականում պայմանաւորւած է տւեալ թեմաների հետ կապւած ծաւալւող իրադարձութիւնների նշանակութեամբ, եւ դրանց հնարաւոր ազդեցութեամբ՝ ապագայ գործընթացների վրայ:

Գիտեմ, մեղաւոր եմ ... (Սա որեւէ կապ չունի բուն նիւթի հետ)

Բարե՛ւ, ես վերադարձայ: Գիտե՛մ, մեղաւոր եմ, եւ ոչ մի պատճառաբանութիւն չի կարող արդարացնել իմ այս երկարատեւ բացակայութիւնը 3-րդ էջից: Վերջիվերջոյ սիրելի ընթերցող ինչ էլ, որ ասեմ դու կարող ես հակաճառել եւ ասել «Եթէ չես կարող մարդավարի սիւնեակ վարել, ապա խնդրեմ, բարի եղիր գլխիցդ մեծ գործեր մի բռնիր»:
Այնուամենայնիւ ուզում եմ վստահեցնել, որ իմ այս անյարգի բացակայութիւնը դուր չէր գալիս նաեւ ինձ, եւ փորձելու եմ այսուհետ լինել կատարեալ պարտաճանաչ ու չխախտել մեր պայմանաւորւածութիւնը՝ ինչպէս միշտ, իւրաքանչիւր հինգշաբթի օր, 3-րդ էջում:

ԵՒՐԱՄԱՅԴԱՆԻՑ ՄԻՆՉ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Կան թեմաներ, որոնք շատ երկար են զբաղեցնում լրահոսի ամենաընթերցւածների աղիւսակի բարձր հորիզոնականները: Մեծ ցանկութեան դէպքում անգամ անհնար է շրջանցել դրանց: Դա հիմնականում պայմանաւորւած է տւեալ թեմաների հետ կապւած ծաւալւող իրադարձութիւնների նշանակութեամբ, եւ դրանց հնարաւոր ազդեցութեամբ՝ ապագայ գործընթացների վրայ: Նման թեմաներից է Մաքսային միութիւնը, որի հետ կապւած զարգացումները Հայաստանում եւ Ուկրայինայում, տեւական ժամանակ է, ինչ մնում են հայկական մեդիայի տեսադաշտում:
Գաղտնիք չէ, որ սեպտեմբերի 3-ից յետոյ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց Մաքսային միութեանը միանալու Հայաստանի իշխանութիւնների ցանկութեան մասին, մենք ազգովի յայտնւեցինք ամբողջովին նոր իրավիճակում: Շեշտում եմ ազգովի, քանզի հաւատացած եմ, որ Հայաստանում ծաւալւող քաղաքական մեծ նշանակութեան որեւէ իրադարձութիւն, ուղղակի կամ անուղղակի ազդում է ողջ հայութեան ճակատագրի վրայ:
Ցաւօք Հայաստանի տնտեսականէներգետիկ, ինչպէս նաեւ քաղաքական բլոկների ամբողջական կախւածութիւնը Ռուսաստանից, հայութեանը վաղուց կանգնեցրել էր այն ցաւալի իրողութեան առջեւ, որ Հայաստանի ինքնիշխանութիւնը տրւած է մէկ այլ երկրի, Մաքսային միութեան անդամակցութիւնը եկաւ փաստացի ամրագրելու այդ իրողութիւնը:
Նման ճակատագրական որոշումն արդարացնելու նպատակով, ՀՀ իշխանութիւնները շահարկեցին ղարաբաղեան ճգնաժամը, հասարակութեան մօտ անվտանգութեան հետ կապւած ուրճացւած վախը, գազի գինը, երկու միլիոնի հասնող հայկական համայնքը Ռուսաստանում, սեզոնային միգրանտներին, եւ հայրենի ազգաբնակչութեան այն հատւածի ճակատագիրը, որոնք իրենց գոյութիւնը պահպանում են հիմնականում Ռուսաստանից դէպի Հայաստան հոսող դրամային տրանսֆերների հաշւին:
Սակայն ցաւալին եւ ողբերգականն այն էր, որ այս բոլորին զուգահեռ, փորձ արւեց նաեւ բիզնես շահերին հաւասարեցնել ՀՀ ինքնիշխանութիւնը: Սեպտեմբերի 3-ից անմիջապէս յետոյ, զանգւածային լրատւամիջոցների ցուցափեղկում սկսեցին յայտնւել տարբեր նշանակութեան եւ տրամագծի գործարար-օլիգարխներ, որոնք խօսում էին այն մասին, որ դա ամենաճիշտ որոշումն էր, որ իրենց շուկան հիմնականում կապւած է ռուսական շուկայի հետ: Պարզ լեզւով ասաց՝ ՀՀ ինքնիշխանութիւնը համապատասխանեցւում էր հայրենի օլիգարխների գրպանների տրամագծին:
Ինչպէս փորձագէտներն են յուշում. «Սա բնական գործընթաց է, քանի որ ՀՀ իշխանական համակարգում ամէն ինչ փոխկապակցւած է, որովհետեւ այդ նոյն օլիգարխիան ապահովում է իշխանութեան յաղթանակն ընտրութիւններում: Եւ եթէ օլիգարխիայի շահը պահանջում է, որ շուկան չփոխւի, ապա իշխանութիւնը պէտք է ենթարկւի օլիգարխիայի շահերին: Սա օլիգարխիա-իշխանութիւն սերտաճման արդիւնքն է, երբ այս երկուսը միասին համագործակցաբար, որոշում են երկրի թէ՛ արտաքին, թէ՛ ներքին քաղաքական կուրսը»:

Եւրոպա՞ թէ Եւրասիա. Հարցերի հարցը

Հասարակութիւնը մոլորւած է, որն է ճիշտ ընտրութիւնը: Դրա համար հարկաւոր է պատշաճ իրազեկւածութիւն: Ինչքանո՞վ է հայ հասարակութիւնը իրազեկւած Եւրոմիութեան հետ ասոցացման պայմանագրից եւ թէ ինչ է այն տալու Հայաստանին: Պատասխանը պարզ է, հասարակութեան իրազեկւածութեան մակարդակը գրեթէ զրոյական է: Սա թերեւս իշխանութիւնների միտումնաւոր բացթողումն է, որպէսզի հանրութիւնը չհասկանայ թէ ինչ է Եւրոմիութեան հետ ասոցացումը: Դեռ աւելին՝ վերջին ամիսների ընթացքում փորձ է արւել հնարաւորինս գռեհիկացնել եւրոպական ուղւածութիւնը՝ այն համահաւասարեցնելով սեռական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան հետ:

131219c01a

Մեզ՝ սովորական մահկանացուներիս, այդպէս էլ չյաջողւեց ծանօթանալ Եւրոմիութեան հետ ասոցացման պայմանագրի բովանդակութեան հետ, այնուամենայնիւ չի կարելի չհամաձայնւել գրող-հրապարակախօս Վահրամ Մարտիրոսեանի այն դիտարկման հետ, որ Եւրոպական ուղւածութիւնը Հայաստանին կընձեռէր կայուն բարեփոխման, ժողովրդավարացման եւ զարգացման հնարաւորութիւն:
Իսկ ինչ վերաբերւում է Մաքսային միութեանը, պէտք է ասել, որ սեպտեմբերի 3-ից ի վեր իշխանական թեւի որեւէ ներկայացուցչի չի յաջողւել անգամ մօտաւոր ներկայացնել այն առաւելութիւնները, որոնք Հայաստանի համար ակնկալւում են Մաքսային միութիւնից: Ինչպէս «yerkir.am»-ի յօդւածագիր Գէորգ Աղաբաբեանն է ասում. «Ասւում է միայն, որ հայ մասնագէտներն ու փորձագէտներն արդէն արել են համապատասխան վերլուծութիւնները եւ Հայաստանի համար տնտեսական զարգացման ուղղակի փայլուն ապագայ կանխատեսել»:
Խօսւում է նաեւ այն մասին, որ այս որոշումը կարող է բալանսաւորել Հայաստան-Ադրբեջան ուժերի յարաբերակցութիւնը՝ ռազմական մրցավազքում: Սակայն ակամայից հարց է ծագում, թէ ինչ է նշանակում չորս մլրդ. արժողութեամբ զէնք վաճառել Ադրբեջանին եւ խօսել ռազմական մրցավազքում ուժերի յարաբերակցութեան բալանսաւորման մասին:

Կամաւո՞ր թէ պարտադիր

Այս համատեքստում կայ եւս մի կարեւոր հանգամանք: Եւրոմիութեանն անդամակցելը պարտադիր չէ: Երկրներն իրենք են որոշում թէ արդեօք ցանկանում են անդամակցել այդ միութեանը թէ ոչ: Բացի այդ եւրոպական ընտանիքում յարաբերութիւնները զարգանում են հորիզոնական տրամաբանութեամբ, ինչը երաշխաւորում է անդամ երկրների ինքնիշխանութեան պահպանումը:
Պատկերն ամբողջովին հակառակն է Մաքսային միութեան պարագայում: Երկրներին անդամակցել ստիպելու նպատակով, Մոսկւան հիմնականում օգտագործում է ճնշման տարբեր միջոցներ (օրինակ՝ գազի սակագինը Հայաստանի պարագայում): Եւրասիական արեւելումը «կամաւոր» ընտրել են միայն Բելոռուսիան ու Ղազախստանը, քանի, որ «կամաւորութեան» այդ սկզբունքը համընկել է տւեալ երկրների բռնապետների կամքին: Իսկ Մաքսային միութիւնում հորիզոնական կապերի եւ ինքնիշխանութեան պահպանման մասին խօսելը նման է անյաջող կատակի: Այստեղ ամէն ինչ զարգանում է ուղղահայեաց տրամաբանութեամբ: Թելադրողը՝ տէր ու տիրականը Կրեմլն է: Ինչպէս ասում են կէս կատակ, կէս լուրջ, Պուտինը ձեւականութիւնների յետեւից վաղուց արդէն չի ընկնում:
Թերեւս այդ մասին էր վկայում նրա հայաստանեան վերջին այցը, որի ընթացքում նա ակներեւաբար ամէն ինչ արեց մեզ՝ հայերիս հասկացնելու համար, որ Կրեմլը Հայաստանին դիտարկում է որպէս ռուսական կայսրութեան ծայրամասային գուբերնիաներից մէկը:

Էքսկուրսիա՝ Կիեւ. Եւրամայդանից մինչ Ազատութեան հրապարակ, կամ հակառակը

Այս օրերին, Հայաստանի պէս Եւրոմիութի՞ւն թէ Մաքսային միութիւն հարցն օրակարգային է նաեւ Ուկրայինայում: Սակայն կայ մի էական տարբերութիւն: Փորձէք համեմատել դեկտեմբերի 2-ին, Վլադիմիր Պուտինի հայաստանեան այցի ընթացքում Երեւանեան բողոքի ցոյցերը Կիեւի Եւրամայդանի ցոյցերի հետ, եւ ամէն ինչ պարզ կը դառնայ:
Մինչ, այս օրերին թւում է, թէ ողջ ուկրայնացի ժողովուրդն է համախմբւած Կիեւի կենտրոնական հրապարակում, Երեւանում, Պուտինի այցի օրը ոստիկանների թիւը ցաւալիօրէն գերազանցում էր բողոքաւոր ցուցարարների թւին: Սա արտառոց երեւոյթ է, որն ապացուցում է, որ Հայաստանում ակտիւ քաղաքացիների թիւ ցաւօք շեշտակի անկում է ապրել: Մարդիկ յոգնել են, սպառել են պայքարի էներգիան, կորցրել են հաւատքը ապագայի եւ որեւէ դրական տեղաշարժի հնարաւորութեան նկատմամբ: Բացակայում է ռոմանտիզմը եւ իռացիոնալիզմը, ինչն անհրաժեշտ է նմանատիպ պայքարների յաղթանակի համար:

131219c01b

Եւ սա հասկանալի ու ամբողջովին տրամաբանական երեւոյթ է: Վերջիվերջոյ չպէտք է անտեսել այն իրողութիւնը, որ սկսեալ 1995-96 թւականներից, չնայած ընդդիմութեան տարած դէ ֆակտօ յաղթանակների, միշտ էլ դէ իւրէ ամրագրւել է իշխանութիւնների յաղթանակը, ինչն ամբողջովին հիացթափեցրել է ՀՀ քաղաքացիներին՝ նրանց դարձնելով չափազանց յարմարւող եւ անտարբեր: Մինչ վաճառքի է հանւած ամենաթանկը՝ անկախութիւնը, մարդիկ առաջնորդւում են «որտեղ հաց, այնտեղ կաց» եւ «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով: Սրան աւելացրէք հայերի խրոնիկական ռուսոֆիլութիւնը, եւ ամէն ինչ պարզ կը դառնայ: Ահա այս վերջին երկու երեւոյթներն են, որ յատկապէս մահացու վտանգ են ներկայացնում իրենցից: Սոցիոլոգների կարծիքով հասարակութեան որոշակի խաւերի նման մօտեցումը հաւասարազօր է աղէտաբեր երկրաշարժի, որը կարող է ոչնչացնել ամէն ինչ:
Փոխարէնը Կիեւի բազմամարդ Եւրամայդանը վերածւել է Ուկրայինայի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը պահպանող իւրայատուկ խրամատի, որտեղ համախմբւել են այն մարդիկ, որոնք այլեւս չեն ցանկանում թելադրւած եւ ստրկացած լինել: Որոնք այլեւս չեն ուզում, որ որեւէ մէկն իրենց որեւէ բան պարտադրի: Որոնց ձանձրացրել եւ զզւեցրել է «մեծ եղբօր» պարտադրող՝ մշտական ներկայութիւնը: Որոնք պատրաստ են դիմագրաւել ամէն ինչի, բայց ապրել ազատ եւ անկախ:

Ինչու այսպէս եղաւ

Թւում է, թէ 1988 թւականին, առաջինը վերանկախացման ուղին բռնած հայերիս դեռեւս չի յաջողւել հատել վերջնագիծը: Այդ ճանապարհը դեռեւս շարունակւում է, իսկ մեզ մօտ կարծես թէ աստիճանաբար մարում է այն յաղթահարելու ցանկութիւնն ու կամքը: Եթէ թէկուզ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների ընդամէնը 1-2 տոկոսն ասէր «Ինչ անկախութիւն, ինչ բան, լաւ կը լինէր դառնայինք Ռուսաստանի նահանգ, եւ ապրէինք չաղ ու բախտաւոր», ապա առանց վարանելու կարելի էր ասել, որ մարդիկ անկախութեան արժէքը այս քսան ու քանի տարիների ընթացքում այդպէս էլ չհասկացան: Դժբախտաբար, այսօր, նման ձեւ մտածողների թիւը շատ աւելին է, քան Հայաստանի ազգաբնակչութեան 1-2 տոկոսը, եւ դրանից կարելի է համապատասխան հետեւութիւններն անել:
Այս կապակցութեամբ չեմ կարող չհամաձայնւել «Ազատ դեմոկրատներ»-ի Անուշ Սեդրակեանի այն դիտարկմանը, որ մենք դեռեւս պէտք է յստակեցնենք մեր ազգային արժեհամակարգը: Այդ արժեհամակարգում գերագոյն արժէքներից մէկը պէտք է դառնայ անկախութիւնը եւ ազատութիւնը:
Եւ երբ կը հասունանայ ժամանակը, երբ կը յստակեցւեն գերագոյն արժէքները, կը ձեւաւորւի նաեւ անկախութեան լիարժէք ընկալումը, եւ իւրաքանչիւր հայ մարդու մօտ կը գայ այն գիտակցումը, որ ԼԱՒԱԳՈՅՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆՆ Է:
Միայն թէ պէտք է չմոռանանք, որ պատմութիւնը երկար սպասել չի սիրում: Այն կարող է ձանձրանալ եւ ալարկոտներին պատժել դաժանօրէն:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

Յ. Գ.- Սրանք իմ անձնական տեսակէտներն ու մտորումներն են, որոնք խմորւել են վերջին երեք-չորս ամիսների ընթացքում: Միգուցէ սխալւում եմ, միգուցէ որեւէ մէկը կարողանայ հակառակն ինձ համոզել: Պէտք է ասեմ, որ ուրախ կը լինեմ, եթէ այդպէս լինի:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։