Հա

Հասարակական

Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2013 11:20

Պատմութեան սֆինքսն ու մենք

Տօնական օրերի նախօրէին չէի ցանկանայ տարին փակել պեսիմիստական տրամադրութեամբ: Սակայն վերջին օրերի ընթացքում այն, ինչ որ տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ-ում, ինձ ակամայից ստիպեց բարձրաձայնել «ԻՆՉՔԱՆ ԽՈՐ ՈՒ ԱՆՅԱՏԱԿ Է ՄԵՐ ԳՈՐՇ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ»: Անցած ողջ շաբաթւայ ընթացքում ականատեսը եղանք թէ չափի եւ բարոյականութեան զգացողութիւնը կորցրած իշխանական մեծամասնութիւնը ինչպէս է աճուրդի հանել Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը, եւ ներկայ ու ապագայ սերունդների հաշւին լուծում իր վերարտադրման ամրագրումը՝ անշուշտ ամենազօր Կրեմլի կնքահայրութեամբ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Տօնական օրերի նախօրէին չէի ցանկանայ տարին փակել պեսիմիստական տրամադրութեամբ: Սակայն վերջին օրերի ընթացքում այն, ինչ որ տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ-ում, ինձ ակամայից ստիպեց բարձրաձայնել «ԻՆՉՔԱՆ ԽՈՐ ՈՒ ԱՆՅԱՏԱԿ Է ՄԵՐ ԳՈՐՇ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ»: Անցած ողջ շաբաթւայ ընթացքում ականատեսը եղանք թէ չափի եւ բարոյականութեան զգացողութիւնը կորցրած իշխանական մեծամասնութիւնը ինչպէս է աճուրդի հանել Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը, եւ ներկայ ու ապագայ սերունդների հաշւին լուծում իր վերարտադրման ամրագրումը՝ անշուշտ ամենազօր Կրեմլի կնքահայրութեամբ:
1996 թւականին, Գրական թերթում տպագրւած «Գնալու եւ հասնելու ճանապարհը» իր յօդւածում, Հրանտ Մաթեւոսեանն ասում է. «Պատմութիւնը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում- փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»: Իսկ մեր հայրենի իշխանաւորները (լինեն դրանք գործադիր թէ օրէնսդիր) պատմութեան վեր յառնած սֆինքսին ապացուցեցին, որ կամազուրկ են, որ չեն կարող անցնել այսօրից եւ ոտք դնել ապագայ: Ռուսական նոր ցարն այս անգամ մեր խոնարհ հպատակութիւնից աւելին էր պահանջում: Նա պահանջում էր մեր՝ ազգովի ամբողջական, լիարժէք անձնատուր լինելը: Հարցը պարզ էր դրւած, ԱՆԿԱ՞Խ, ԿԱՄ ԵՂԻ՛Ր, ԿԱՄ ՄԻ՛, ԻՍԿ ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՄԻ-ն: Մեր հայրենի իշխանաւորներն ընտրեցին ցարին հաճելի տարբերակը՝ ՄԻ-ն: Եւ մենք ազգովի (յատկապէս հայրենական հատւածը, բացառութեամբ մի փոքր մասի), առանց մատը մատի խփելու, հանգիստ նստած նայում էինք թէ ինչպէս է իշխանական թեւը փորձում մեզ համոզել, որ ինչքա՜ն լաւ է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը մեր գլխին գուբերնատոր է նշանակել «Գազպրոմի»-ն, որի կամքին պէտք է ենթարկւենք մինչեւ 2043 թւականը ...
Այս կապակցութեամբ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակեանը (որն ի դէպ իմ գաղափարական հակառակորդն է) դիպուկ դիտարկում է կատարել: Ըստ նրա՝ խնդիրը գոյանում է նրանում, որ մենք, ազգովի երբէք չենք փորձել, կամ չենք համարձակւել արժանի գնահատական տալ մշտապէս «աւագ եղբայր-դաշնակցի» դերում հանդէս եկող Ռուսաստանի անցած քաղաքականութեանը: Սա հէնց այն է, որ այսօր օդի եւ ջրի պէս անհրաժեշտ է մեզ, սակայն չգիտես ինչու իսպառ հանւած է մեր քաղաքական օրակարգից:
Որպէսզի տպաւորութիւն չստեղծւի, որ մենք այստեղ՝ սփիւռքում, մեր տաքուկ անկիւնում նստած ու կտրւած իրականութիւնից, մեծ-մեծ խօսում ենք Հայաստանի մասին, որոշեցի այս շաբաթ «Մտքեր՝ 3-րդ էջի համար»-ը տրամադրել մի ուշագրաւ յօդւածի, որը հրապարակել է «yerkir.am» կայքը, եւ որը մեր այսօրւայ գորշ իրականութիւնը ճշգրտօրէն արտացոլող հայելին է:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...


ՄԵԶ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՊԷՏՔ ՉԷ

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

131226c01aԽՍՀՄ-ի փլուզման 22-ամեակի կապակցութեամբ սոցիոլոգիական հետազօտութիւնների Gallup կենտրոնը հրապարակել է ԽՍՀՄ-ի նկատմամբ յետխորհրդային 11 երկրների հասարակութիւնների տրամադրութիւնները վերհանող հարցումների արդիւնքները, որոնք Հայաստանի մասով ուղղակի շոկային են: Ըստ հարցումների՝ հայաստանցիների 66 տոկոսը ԽՍՀՄ-ի փլուզումը համարել է իր համար վնասակար, այն դէպքում, երբ օգտակար է համարել ընդամէնը 12 տոկոսը: Ընդորում՝ Խորհրդային Միութեան նկատմամբ նման դրական կարծիքով Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով անգամ Բելոռուսիայից, Ղազախստանից ու Ռուսաստանից, որոնք մտել են Մաքսային Միութեան մէջ եւ լծւել նոր տիպի Խորհրդային Միութիւն ստեղծելու՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի գաղափարի կենսագործմանը: Մասնաւորապէս՝ Ռուսաստանի բնակչութեան 55 տոկոսն է համարում, որ ԽՍՀՄ-ի փլուզումը վնասակար էր, Բելոռուսիայում՝ 38, իսկ Ղազախստանում՝ 25 տոկոսը:
ԽՍՀՄ-ի փլուզումը սխալ գնահատելը ուղիղ համեմատական է անկախութեան ձեռքբերումը եւս սխալ կամ վնասակար համարելուն: Եւ ստացւում է, որ 1991 թ. սեպտեմբերին անցկացւած հանրաքւէի ընթացքում Հայաստանի անկախացմանը 94.4 տոկոսով կողմ արտայայտւած հասարակութիւնը 22 տարի անց այդ որոշումը համարում է պատմական սխալ: Եւ սա այն ժողովուրդն է, որն այդ անկախութիւնը ձեռք է բերել արեան ու հսկայական զրկանքների գնով, ամենակարեւորը՝ Ղարաբաղեան պատերազմում տարած նշանակալի ձեռքբերումների զուգահեռմամբ:
Gallup-ն, իհարկէ, այն կառոյցը չէ, որի անցկացրած հետազօտութիւնների մեթոդաբանութեանն ու արդիւնքներին կարելի է ամբողջովին հաւատալ: Օրինակ՝ անցած տարի այս կենտրոնը հրապարակել էր աշխարհի երկրների երջանկութեան ցուցանիշի մասին հարցումների արդիւնքներ, ըստ որոնց՝ Հայաստանի բնակչութեան 70 տոկոսն իրեն երջանիկ է զգում, այն դէպքում, երբ դժբախտ զգացողները ընդամէնը հասարակութեան 10 տոկոսն են կազմում: Այս արդիւնքը ստացւել էր հեռախօսային անանուն հարցումների միջոցով, ինչը պրոֆեսիոնալ սոցիոլոգիայի տեսակէտից համարւում է ամենաանարդիւնաւէտ մեթոդներից մէկը: Եւ ահա, երբ համադրում ենք նոյն Gallup-ի այս երկու հետազօտութիւնների արդիւնքները, ստացւում է մի չափազանց հետաքրքրական, եթէ չասենք՝ զաւեշտալի պատկեր: Ըստ դրա՝ հասարակութեան 70 տոկոսն իրեն երջանիկ է զգում, բայց երանի է տալիս սովետի տարիներին: Միաժամանակ, չնայած հասարակութեան 10 տոկոսն իրեն դժբախտ է զգում, բայց ուրախ է, որ ապրում է ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանում:
Սակայն որքան էլ պատկերը լինի հակասական, ակնյայտ է, որ Gallup-ի վերջին հարցումների արդիւնքները, որքան էլ ցաւալի լինի խոստովանելը, աւելի մօտ են թւում իրականութեանը: Եւ դա ունի երեք հիմնական պատճառ: Նախ՝ այս հարցումները, կարծես, ամբողջութեամբ համապատասխանում են յետխորհրդային տարածքում սկսւած եւրասիաինտեգրացիոն նոր գործընթացների տրամաբանութեանը: Զարմանալի չի լինի, եթէ պարզւի, որ այդ հարցումները պատւիրւել են Կրեմլի կամ նրան կից գործող ինչ-որ գիտա-հետազօտական կենտրոնների կողմից: Անհրաժեշտ է ցոյց տալ, որ յետխորհրդային երկրների հասարակութիւններում ԽՍՀՄ-ի նկատմամբ կարօտախտն այնքան էլ իռացիոնալ երեւոյթ չէ եւ արտացոլում է այդ հասարակութիւնների իրական պահանջմունքները: Նման մտածողութիւնը արմատաւորւած է նաեւ Հայաստանի հասարակական շրջանակներում: Երկրորդ՝ եւրասիականացման այս գործընթացը Հայաստանի հասարակութեանը կանգնեցրել է փակուղու առջեւ: Անգամ ամենաօպտիմիստները շւարած են՝ արդեօք սա այն էր, ինչի համար խանդավառւած անկախութեանն «այո» էինք քւէարկում, եւ արդեօք այդքան զրկանքներն ու դժւարութիւնները նրա համար էին, որ կրկին շրջադարձ կատարենք դէպի մեծ ու անծայրածիր Խորհրդային Միութեան վերականգնումը: Հոգեբանական այս փակուղին անմիջապէս մղում է տրամաբանական յաջորդ մտքին՝ եթէ այդպէս էր, ապա մի՞թէ ամենալաւ տարբերակը չէր ԽՍՀՄ-ից ընդհանրապէս դուրս չգալը: Ի՞նչ է տւել այս ընթացքում անկախութիւնը, որը չէին կարող տալ անգամ հաշմանդամ դարձած սովետները: Եւ երրորդ՝ հասարակութիւնը դադարել է դիմադրելուց, երազելուց, նպատակներ դնելուց: Հասարակութիւնը չգիտի՝ իրեն որտեղ է տանում այսպիսի անկախութիւնը, չգիտի՝ ինչ սպասել դրանից ու ինչու սպասել: Սովետի ժամանակ մարդիկ գոնէ իրենք իրենց խաբում էին, թէ մեծ ու լուսաւոր կոմունիզմ են կառուցում, եւ այդ հաւատը նրանց մոտիւացիա էր հաղորդում: Հիմա մոտիւացնող ոչինչ չկայ ու ոչ ոք չկայ: Իսկ մոտիւացնողները՝ այսպէս կոչւած, իշխանական ու մշակութային էլիտան, ապրում, շնչում է սովետական մտածողութեամբ, աշխարհընկալմամբ, սովետական չափորոշիչներով ու արժէքային համակարգով: Այս շերտը 22 տարւայ ընթացքում այդպէս էլ չհասկացաւ՝ ինչ է անկախութիւնը, եւ ինչու էր պէտք դրա համար ինքնազոհողութիւնների գնալ: Անկախութիւնը նրանք մաքրեցին գուրգուրելու, զարգացնելու, ուժեղացնելու, համազգային նպատակադրումների կենսագործման սկզբնակէտ դարձնելու՝ նման «զիզի-բիզի» բաներից ու բերեցին յանգեցրեցին ընդամէնը պարզունակ մի կատեգորիայի՝ գոյատեւման:
Իսկ այս պրիզմայով իրերի դասաւորութեանը նայելիս շատերի մօտ առաջանում է մի շատ տրամաբանական հարց՝ եթէ ողջ խնդիրն, ի վերջոյ, գոյութիւն քարշ տալն է, գուցէ աւելի լաւ է դա անել ռո՞ւսի կրնկի տակ, ինչպիսի ձեւաչափ էլ առաջարկի: Խնդիրն այն է, սակայն, որ նման մտածողութիւնը նոյնիսկ գոյութիւնը քարշ տալու նախադրեալները չի ապահովում: Հակառակ դէպքում այդքան անվրդով չէին նայի, թէ ինչպէս է ազգային-գաղափարախօսական ու մշակութային գերագոյն արժէքներից մէկի՝ այբուբենի մի մասնիկը՝ Ք մեծատառը, դառնում ռուսական ռուբլու տարբերանշանը, թէ ինչպէս են անկախ պետութեան Սահմանադրութիւնը, պետական ինստիտուտներն ուղղակի մատաղ արւում «Գազպրոմ»-ի տնտեսական շահերին: Կարեւորը՝ երբեմն ապխտած կոկորդիլոսի միս կուտեն, գազը կունենան, որի ջերմութեամբ ողողւած քաղաքական էլիտայի ներկայացուցիչները հանգիստ կը բանավիճեն, թէ ինչ կապ ունեն իրար հետ գազի կալորիականութիւնն ու ընտանեկան ինտիմը...

Յ. Գ.
Օ՜, քստմնելի խոզային
սերունդ,-
Հտպիտ ժառանգորդ անզուգական հօր,-
Այն որ երջանիկ ժողովուրդն է, որ
Դարեր ու դարեր քրտինքով եռուն,
Անլուր տքնութեամբ, եռանդով, արեամբ
Չի բեղմնաւորել իր հողն հայրենի,-
Այլ խժռել է լոկ, անգամ հայրերի
Սերմանած վերջին ծաղիկը բուրեան

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

08.08.1936, Երեւան

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։