Հա

Հասարակական

Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2013 10:50

Օրհնւած սհաթի նստւածքը

Այս օրերին հայ քաղաքական մտքի օրակարգի թիւ մէկ կէտը մնում է հայրենի իշխանութիւնների կողմից ողջ հայութեանը մատուցւած հերթական անակնկալը: Սեպտեմբերի 3-ին Մոսկւայում, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան նպատակադրումը՝ եւրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագայ զարգացման ուղղութեամբ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Այս օրերին հայ քաղաքական մտքի օրակարգի թիւ մէկ կէտը մնում է հայրենի իշխանութիւնների կողմից ողջ հայութեանը մատուցւած հերթական անակնկալը:
Սեպտեմբերի 3-ին Մոսկւայում, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան նպատակադրումը՝ եւրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագայ զարգացման ուղղութեամբ: Սա բառացիօրէն նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան «բազմավեկտորութեան» ռազմավարութիւնն իր տեղը զիջում է ընդգծւած «ռուսավեկտորութեան»: Պարզ լեզւով ասած՝ ՑՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՒՐՈՊԱ, ՑՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԷՔՆԵՐ:
Այս մասին ցանկանում էի գրել շատ աւելի շուտ՝ մատուցւած անակնկալից անմիջապէս յետոյ: Բայց, որոշեցի սպասել, ծանօթանալ այս կապակցութեամբ հնչած բոլոր կարծիքներին, ապա մտքերս ի մի բերել հէնց այս սիւնակում, որն ինձ հնարաւորութիւն է ընձեռում ազատութիւն տալ էմոցիաներիս:
Կայ մի անբեկանելի սահմանում՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԷՔ Է: Անկախութիւնն այն միակ վիճակն է, որում մարդը, ազգը կամ պետութիւնը կարող է ապրել սեփական արժէքներով՝իր էութեան համաձայն, գոյատեւել եւ զարգանալ: Այս մասին երկու կարծիք չի կարող լինել, այս մասին մարդիկ չեն վիճել նոյնիսկ այն ժամանակ, երբ գաղութատիրութիւնն օրինաչափ էր աշխարհում:
Ելակէտ ընդունելով այս սահմանումը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրներից կարեւորագոյնը եւ ամենավտանգաւորը հէնց այս չարաբաստիկ Եւրասիական մաքսային միութիւնն է, որը սպառնում է Հայաստանին զրկել ինքնիշխանութիւնից:
Ինչո՞ւ եմ հնչեցնում այսպիսի կտրուկ գնահատական: Փորձեմ պարզաբանել: Մինչ սեպտեմբերի 3-ը՝ Հայաստանն ունէր թէկուզեւ դժւարին, բայց, այնուամենայնիւ, ընտրութեան հնարաւորութիւն: Երեւանը կարող էր ընտրել Եւրոմիութեան հետ ասոցացման տարբերակը, որը, ինչպէս հրապարակախօս Վահրամ Մարտիրոսեանն է սահմանում, առաջարկում էր «աւելին աւելիի դիմաց»՝ բարեփոխւէք աւելի, ստացէք աւելին: Կամ էլ նախապատւութիւնը տալ ռուսական տարբերակին՝ «պակասը պակասի դիմաց» (ես այն կանւանէի «ամէն ինչ ոչինչի դիմաց»). տնտեսական ու ռազմա-քաղաքական պատժամիջոցներ՝ Կրեմլին դուր չեկած որեւէ բանի առիթով:
Ինչպէս անւանի մտաւորական Հրանուշ Խառատեանն է ասում, «.... Եթէ Հայաստանն իսկապէս ընդունի անհասկանալի-անորոշ, չգործարկւած Մաքսային միութեան/եւրասիականութեանն անդամակցութիւնը, նոյնիսկ կարեւոր չի լինի Եւրոպական ասոցացման համաձայնագիրը. Հայաստանի վրայ Ռուսաստանի բացայայտ եւ գռեհիկ ճնշումը մշտապէս կը մնայ այն թելադրող վեկտորը, որով Ռուսաստանը կորոշի Հայաստանի «բազմավեկտորութեան» եւրոպական սլաքների «քաշը, հասակը եւ ուղղութիւնը»:
Հայաստանի «բազմավեկտորութեան» սլաքների «քաշն ու հասակը» արդէն իսկ ռեգրեսում են ակնթարթային արագութեամբ՝ ձուլւելով ռուսական «ուղղութեան» արագացող սլաքին: Ներկայ պահին Հայաստանը «բազմավեկտոր ռուսական է»՝ բոլոր վեկտորներով «զգաստ» ընդունում է ռուսական հրահանգները՝ անվտանգութիւն, տնտեսութիւն, մտածողութեան մակարդակի իրաւունք, ձեւաչափ... Հայաստանի բոլոր քաղաքական վեկտորները, մի ուղղութեամբ սինխրոնիզացւելով, խիստ մեծ արագութեամբ նախապատրաստում են հաստացող «արագութեան» վեկտորի փակուղին, որից, ցաւօք, «առնւազն երկու ելքի» փոխարէն՝ միայն կորուստներով յետընթացը կայ: Սա այն դէպքն է, երբ արդիւնքում՝ Մաքսային միութիւնում մնալու են միայն Ռուսաստանն ու Հայաստանը: Դեռ ինչքա՞ն պիտի վճարի հայ ժողովուրդը Ռուսաստանին՝ թէ՛ անդամակցելու, թէ՛ չանդամակցելու դէպքում ...»:
Եթէ նախապատւութիւնը տրւէր առաջին տարբերակին, ապա հայրենի իշխանութիւնները ստիպւած կը լինէին նախ դիմակայել Մոսկւայի բուռն ու ջղաձիգ հակազդեցութեանը, ապա անցնել քաղաքական, տնտեսական, հասարակական եւ իրաւական բարեփոխումների բարդ, երկարատեւ եւ շարունակական ուղիով: Սա այն թանկ, բայց միեւնոյն ժամանակ անհրաժեշտ գինն էր, որ պէտք է վճարւէր անկախ պետականութեան հիմքերի ամրապնդման եւ նրա գոյատեւումը երաշխաւորելու համար:
Փոխարէնը՝ ինչպէս միշտ, Հայաստանի իշխանաւորներն ընտրեցին ամենահեշտ ու կարճ ճանապարհը՝ տեղի տալ ռուսական մուրճի առաջին իսկ սպառնալիքին, ընդունել կապիտուլացիան, յանձնել ամէն ինչ՝ սեփական երկրի եւ ժողովրդի բախտն ու ճակատագիրը թողնելով հիւսիսից փչող քամու քմահաճոյքին, փոխարէնը՝ վայելել սեփական իշխանութիւնը վերարտադրելու «ցարական իրաւունք»-ը:
Իսկ այս ընթացքն օրինաչափ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ազգովի չենք գիտակցել, որ չպէտք է բացարձակ արժէք համարւող անկախութիւնն իջեցնենք կենցաղային մակարդակի: Քանի դեռ չենք գիտակցել, որ մեր դէմ ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրաւէրները պէտք է յաղթահարենք՝ ապաւինելով սեփական ուժերին՝ գործի դնելով մեր ողջ հնարամտութիւնը: Քանի դեռ մեր գենետիկ գաղտնագրից վերջնականապէս չի մաքրւել Խաչատուր Աբովեանի ժամանակից մնացած «էն սհաթն օրհնելու» եւ Բակունցեան «ռուսաց թագաւորին նամակ գրելու» սովորոյթի նստւածքը:
Անկեղծ ասած՝ այս բոլորը տհաճութիւն է պատճառում ինձ, մաշում է հոգիս, քերում է ինքնազգացողութիւնս: Ակամայից մտաբերում եմ 1921 թւականի Մոսկւան, երբ Կրեմլի փակ դռների յետեւում բոլշեւիկներն ու քեմալականները վճռում էին Հայաստանի ճակատագիրը, իսկ հայ կոմունիստներն անյոյս փորձում էին մուտքի թոյլտւութիւն ստանալ: Մտաբերում եմ ու սարսափում, թէ օրհասական պահին ինչ է լինելու Արցախի ճակատագիրը: Չէ՞ որ որոշել ենք ամէն ինչ թողնել «ՄԵԾ ԱՐՋ»-ի բարեգթութեանը...
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։