Հա

Հասարակական

Հինգշաբթի, 09 Յունւարի 2014 10:40

Մեր հաւաքական խղճի հայելին

«yerkir.am»-ի հետ զրոյցում 2013 թւականը որպէս տարի ՎԱՏ, ՇԱՏ ՎԱՏ է բնութագրել Երեւանի Մնջախաղի թատրոնի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանը:
Ըստ նրա՝ անիմաստ, անհասկանալի, անսպասելի զոհեր ունեցանք 2013-ին, ինչի համար էլ Դադասեանն ուզում է, որ տարւայ «իզն ու թոզը» շուտ վերջանայ, եւ նոր տարին շուտ մտնի հունի մէջ եւ այն կարգին տարի լինի:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

«yerkir.am»-ի հետ զրոյցում 2013 թւականը որպէս տարի ՎԱՏ, ՇԱՏ ՎԱՏ է բնութագրել Երեւանի Մնջախաղի թատրոնի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանը:
«Վատն էր, շատ վատ տարի էր. ես երբեք չէի տեսել, որ մի տարւայ մէջ այսքան մարդիկ սրբէր-տանէր: Ոգին ընկած է մեր ժողովրդի, իսկ ազգի ոգին ապահովողը մտաւորականն է: Ո՞վ պէտք է մարդկանց տանի իր յետեւից. կարծում եմ՝ ոչ քաղաքական գործիչները, այն էլ՝ ընդդիմադիր համարւող, քանի որ այդ ֆոկուսը՝ ընդդմադիր, իշխանամէտ, էլ չի գործում: Միտքը պէտք է առաջնորդի, ոչ թէ այն մարդը, որը վատ թատրոն է խաղում՝ քաղաքականութիւն կոչւող թատրոն»,- ասաց Դադասեանը:
Ըստ նրա՝ անիմաստ, անհասկանալի, անսպասելի զոհեր ունեցանք 2013-ին, ինչի համար էլ Դադասեանն ուզում է, որ տարւայ «իզն ու թոզը» շուտ վերջանայ, եւ նոր տարին շուտ մտնի հունի մէջ եւ այն կարգին տարի լինի:
Ժիրայր Դադասեանի հետ չհամաձայնւել չի կարելի: Եթէ թւարկենք 2013 թւականին մեզանից ընդմիշտ հեռացած մտաւորականների անունները, ապա պարզ կը դառնայ, որ ԺԱՆՏԱԽՏ-ի այս տարին ինչքանով աղքատացրեց առանց այն էլ աղքատ մեր իրականութիւնը:
Բայց ո՞վ էր կարող պատկերացնել, որ ժանտախտի տարւայ 10-րդ ամսւայ վերջին տասնօրեակին տեղի կունենայ անհեթեթ մի ողբերգութիւն, որը երկու դեռահասների այլեւս կը զրկի կեանքը վայելելու, յուզւելու, ուրախանալու կամ տխրելու, ժպտալու կամ արտասւելու, սիրելու եւ սիրւելու հնարաւորութիւնից, իսկ մեծատաղանդ մի արւեստագէտի՝Վարդան Պետրոսեանին կը հասցնի մահւան դուռն ու կը փակի ճաղերից այն կողմ, կալանավայրում, ու մինչ օրս ոչ ոք չի հասկացել թէ իրականում ինչ է պատահել եւ ով է իրական մեղաւորը:
Կարծում եմ գուշակեցիք, որ մեր այսօրւայ թեման Վարդան Պետրոսեանն է: Ընդհանրապէս, դժւար է գրել կամ խօսել եզակի անհատականութիւնների մասին: Մանաւանդ, եթէ դու վստահ ես, որ քո սահմանափակ կարողութիւններով անկարող ես մինչեւ վերջ բացայայտել եւ արժանին մատուցել նրան:
Հէնց այդպիսի եզակի անհատականութիւններից է արւեստագէտ Վարդան Պետրոսեանը: Շատերի պէս, ես եւս խուսափում եմ դերասան կոչումը նրա պարագայում օգտագործել, քանի որ, ինչպէս գործից իմացողներն են ասում. «Վարդան Պետրոսեան անհատի դէպքում արւեստը դրսեւորւում է ամենալայն դիապազոնով՝ իր տարբեր ճիւղերի տեսքով»:

140109c01a

Իմ ծանօթութիւնը Վարդան Պետրոսեանի հետ

Վարդան Պետրոսեանի հետ ծանօթացայ 2000 թւականին, երբ առաջին անգամ ներկայ գտնւեցի նրա ներկայացմանը: Ես բացայայտեցի մեր օրերի համար հազւադէպ հանդիպող, այնքան գնահատելի մարդկային ազնւագոյն տեսակի առկայութիւնն այս կեանքում, եւ անմիջապէս հասկացայ, որ գործ ունեմ մի լուսաւոր մարդու հետ, որը մեծ մտքի եւ տաղանդի տէր է, անկեղծ է, անմիջական: Ծռմռւող, յարմարւող, հանգստաւէտ՝ տաքուկ անկիւն ման եկող տեսակից չէ: Կարողանում է նայել իրականութեան աչքերին, գնահատել այն, ինչպէս որ կայ իրականում եւ նոյնութեամբ հրամցնել հանդիսատեսին:
Մեր այդ հանդիպումից անցել են տարիներ, իսկ իմ առաջին տպաւորութիւնն ու գնահատականը մնացել են անփոփոխ: Երիցս համոզւեցի, որ դրանք իրաւացի են, երբ Ամանորի նախօրէին կարդացի Վարդան Պետրոսեանի վերջին հարցազրոյցը. «... Վթարից ճիշտ կը լինէր ես մահանայի, ոչ թէ այն երկու պատանիները, բայց եթէ Աստւած պահպանեց իմ կեանքը, պարտաւոր եմ ապրել այլ կերպ՝ աւելի՝ հոգեւոր կեանքով: Այս դէպքը իմ հոգեւոր կեանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնայ ե՛ւ իմ մասնագիտական, ե՛ւ հասարակական կեանքում: Այդ բեկումն արդէն եղել է... Ինձ համար այդ երեխաները կենդանի են, եւ ես նրանց հետ գնալու եմ դէպի ապագայ... մինչեւ վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծոյ առաջ, եւ ես իմ բաժին պատասխանը տամ... Այս ամբողջ նախաքննութիւնը տանում է ինչ-որ մի դատավարութեան, որը նախատեսում է 4-10 տարւայ ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթէ ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամէնը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճւում ենք դրանով, միգուցէ կան մարդիկ, որ իսկապէս հրճւում են: Ոչինչ է դա ինձ համար...» ... եւ իմ բացայայտած մարդկային այս որակը ուղեկցում է ինձ մինչ օրս:

Վարդան Պետրոսեանի բնութագիրը

Իր հերթական հարցազրոյցներից մէկում Վարդան Պետրոսեանն ասել է. «Տղաները 6 տարեկանից յետոյ մինչեւ կեանքի վերջը չեն մեծանում, նրանք այդպէս էլ մնում են 6-7 տարեկան: Բացառիկ տղամարդիկ կան, որոնք ծնւում են 80 տարեկան: Բոլոր տղամարդիկ էլ փոքր են, տարիների ընթացքում սպիտակում են մազերը, եւ նրանք փորձում են իրենց շատ լուրջ պահել, բայց միեւնոյնն է նրանք փոքր են...»:
Վարդան Պետրոսեանն իր մատնանշած 6-7 տարեկան փոքրիկ տղան է մնացել, որն այդ տարիքին յատուկ համարձակութեամբ կարողանում է ամբոխի արանքում իր համար տեղ բացել, կանգնել, եւ ամենայն անկեղծութեամբ բարձրաձայնել. «Հէ՜յյյյյ ժողովո՜ւրդ, տեսէք արքան մերկ է ... »:
Նա հէնց այդպէս էլ ստեղծագործում է: Ինչպէս ինքն է սիրում ասել, երբեք չի փնտրում թեմաներ. «...Դրանք իրենք իրենց գալիս են, գալիս են սրտից: Երբ ինքդ ապրում ես ու զգում, երբ շնչում ես ու հասկանում, երբ ականջ ես դնում սրտիդ ձայնին, հասկանում ես, որ դա այն է, ինչ մտահոգում է շատերին: Ես ինքս լիքն եմ այդ ամէն ինչով»: Նա անդրադառնում է մարդկային տարբեր տեսակներին, տարբեր դէպքերի ու դէմքերի, նրանց ապրելակերպին:
Եւ հէնց դա է պատճառը, որ նրա հերթական ներկայացումը դեռ չաւարտւած՝ հանդիսատեսն անհամբերութեամբ սպասում է նորին: Եւ նրան թոյլատրում է այն, ինչ ուրիշ շատերին երբեք չի թոյլատրում:

Մեր հաւաքական խղճի հայելին

Վարդան Պետրոսեանը մեր հաւաքական խղճի հայելին է: Նա ճիշտ ու ճիշտ արտացոլում է մեր գորշ իրականութիւնը՝ առանց տձեւութիւնը, գռեհիկութիւնը, խեղւածութիւնը քողարկող շպարանքի:
Հաստատապէս նա տրորել, շա՜տ ամուր է տրորել ոմանց ոտքի կոշտուկները, եւ հիմա նոյն այդ ոմանք այսպէս դաժանօրէն հաշւեյարդար են տեսնում նրա հետ: Այո՛, տեղի է ունեցել ողբերգութիւն՝անդառնալի ողբերգութիւն, որն արժեցել է մարդկային կեանքեր, որի համար մեղաւորը պէտք է պատասխան տայ արդարադատութեան առջեւ: Դա ճշմարտութիւն է՝ բացարձակ ճշմարտութիւն, որից ոչ մէկը, առաջին հերթին հէնց ինքը՝ Վարդան Պետրոսեանը չի փորձում խուսափել:
Բայց, կայ այսպէս կոչւած մի-երկու «մանրուք», որոնք շրջանցել կամ անտեսել չի կարելի:
Առաջին՝ այդ երբ եւ որ դատարանն է ապացուցել Վարդան Պետրոսեանի մեղաւորութիւնը: Միթէ յանձինս նրա՝ գործ ունենք շարքային յանցագործի՞ հետ, որին անհրաժեշտ է մեկուսացնել հասարակութիւնից:
Երկրորդ՝ այդ ինչպէս է, որ մեր հայրենի արդարադատութիւնը նոյն այդ խստութեամբ եւ անաչառութեամբ չի գործում, երբ խօսքը գնում է մի ինչ-որ գողական պաշտօնեայի կամ օլիգարխի անմիջական հարազատի կամ մերձաւորի յանցագործութեան մասին:
Հէնց այս անպատասխան մնացած հարցերն են, որ մեզ ստիպել են տալիս կասկածելու, որ փորձ է արւում մրոտել, խամրել մեր հաւաքական խղճի հայելին, լռեցնել Վարդան Պետրոսեանի ձայնը:

140109c01b

Անկեղծ ասած՝ այս վերջին հանգամանքն ինձ այնքան էլ չի մտահոգում, որովհետեւ վստահ եմ, որ վաղը, միւս օրը, մէկ տարի, չորս տարի կամ տասը տարի յետոյ, երբ Վարդան Պետրոսեանը կրկին յայտնւի ազատութեան մէջ, «Նա յետ պիտի վերադառնայ ու պիտի բարձրանայ բեմ: Անպայմա՛ն: Նա խօսք ունի ասելու: Եւ նրա խոսքը կը լինի շատ աւելի իմաստուն, շատ աւելի կտրուկ, կեանք տեսած, խոհեմ, խելօք, խոր» (չակերտւած, անուղղակի մէջբերումը նրա վերջին հարցազրոյցից է):
Ինձ հիմնականում մտահոգում է մեր վիճակը, երբ ամէն ինչ խաղաղւի: Ի՞նչ ենք անելու, ինչպէ՞ս ենք վարւելու, ո՞նց ենք սրբելու ամօթի այս մուրը մեր դէմքերից: Չէ՞ որ նա մեր հաւաքական խղճի հայելին է, որին փորձում ենք այսպէս մրոտել: Չէ՞ որ նա իմ Վարդանն է, քո Վարդանն է, մեր բոլորիս սիրելի Վարդանն է:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

__________________________________________
Յ. Գ.- «Հանրաճանաչ մարդու համար երեւի սա անհրաժեշտ փորձութիւն է, նրան նւաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնայ հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետեւ երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ»:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Related items

  • Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ
    Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

  • Համաձայնագրից մէկ տարի անց
    Համաձայնագրից մէկ տարի անց

    Միջուկային համապարփակ համաձայնագիրը բոլորեց իր մէկ տարին: Այս մէկ տարւայ ընթացքում շատ է գրւել եւ խօսւել այս փաստաթղթի մասին:

  • Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը
    Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը

    Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

  • Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել
    Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել

    «Iran Air»-ի նաւատորմը համալրւեց նոր ինքնաթիռով:

    «Airbus» ընկերութիւնից գնւած «Airbus 321-211»-ը առաջին նոր ինքնաթիռն է, որ վերջին 38 տարիների ընթացքում միանում է  «Iran Air»-ի ընտանիքին:

  • Եւ ահա մենք
    Եւ ահա մենք

    Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

    Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։