Հա

Հասարակական

Հինգշաբթի, 30 Յունւարի 2014 10:00

Եւրամայդան՝ ժամանակակից յեղափոխութեան դասական օրինակ

Ուկրայինայում ծաւալւող իրադարձութիւններն իրապէս աննախադէպ են եւրոպական տարածքի համար: Դրանք տեւական ժամանակ է, ինչ յայտնւել են լրահոսի կիզակէտում: Մեդիադաշտը եւ սոցցանցերը հեղեղւած են Ուկրայինային վերաբերող յօդւածներով, վերլուծականներով, քննարկումներով, լուսանկարներով եւ վիդէոնիւթերով:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ուկրայինայում ծաւալւող իրադարձութիւններն իրապէս աննախադէպ են եւրոպական տարածքի համար: Դրանք տեւական ժամանակ է, ինչ յայտնւել են լրահոսի կիզակէտում: Մեդիադաշտը եւ սոցցանցերը հեղեղւած են Ուկրայինային վերաբերող յօդւածներով, վերլուծականներով, քննարկումներով, լուսանկարներով եւ վիդէոնիւթերով:
Նման ուշադրութիւնը պատահական չէ: Եւրամայդանի (որը վերածւել է Ուկրայինան մարմնաւորող իւրայատուկ խորհրդանշի) իրադարձութիւններն ունեն ոչ միայն ներուկրայնական նշանակութիւն: Դրանք նախկին խորհրդային տարածքի ազգերի եւ ժողովուրդների ինքնիշխանութեան համար տարւող պայքարի մի մասն են:

Պատմական էքսկուրսիա-նարնջագոյն հետքերով՝ տարբերւող բնոյթով

Ամէն ինչ սկսւեց այն պահին, երբ վրայ հասաւ 2013 թւականի նոյեմբերը՝ Եւրոմիութեան կամ Մաքսային միութեան միջեւ ճակատագրական ընտրութեան պահը, լեգիտիմութեան պաշարը սպառած եւ ժողովրդական յենարանից հիմնականում զրկւած նախագահ Վիկտոր Եանուկովիչը նախընտրեց ընկնել Մոսկւայի գիրկը:
Հէնց այսպէս էլ սկիզբ առաւ Եւրամայդանի քաղաքացիական անհնազանդութեան հզօր շարժումը: Թւում էր, թէ Կրեմլի խոստացած ՔԱՂՑՐԱՒԵՆԻՔԸ՝ 15 մլրդ. դոլարի օգնութիւնն ու մատակարարւող գազի գնի կտրուկ իջեցումը կարող են աստիճանաբար հանդարտեցնել շիկացած կրքերը:
Սակայն, հաշւարկը ճիշտ չէր, խաղադրոյքը սխալ էր կատարւել: Թէեւ շատերն սկզբում փորձում էին Եւրամայդանի շարժումը համեմատել 2004 թւականի նարնջագոյն շարժման հետ, այդուհանդերձ՝ դրանք իրենց բնոյթով էականօրէն միմեանցից տարբերւող երեւոյթներ էին:
«Յեղափոխութիւն կոչւող օրանժիստական շարժումն իրականում լոկ իշխանափոխութիւն էր: 140130c01aՔաղաքական դաշտում այպէս կոչւած ունեցւածքի վերաբաժանում՝ անփոփոխ հանգամանքներում: Մինչդեռ, Եւրամայդանի շարժումը դասական յեղափոխութեան օրինակ է, որը ենթադրում է համակարգի արմատական փոփոխութիւն, քաղաքական արտաքին կողմնորոշումների վերանայում, հանրային վերահսկողութեան հաստատում»: Անկասկած, նման գնահատականի արժանացած շարժմանն անհնար էր կաշառելով լռեցնել:
Ուկրայինայի իշխանութիւնները հերթական սխալը թոյլ տւեցին այն պահին, երբ Վիկտոր Եանուկովիչը ստորագրեց Ռադայի ընդունած կոշտ օրէնքների փաթեթը, որոնք խիստ սահմանափակում են խաղաղ բողոքի եւ խօսքի ազատութեան իրաւունքը, ճնշման են ենթարկում ազատ մեդիային եւ խոչընդոտում են հասարակական կազմակերպութիւնների աշխատանքը: Սա արդէն մարդու հիմնարար իրաւունքների կոպիտ խախտում էր, ինչը ոտքի հանեց անգամ այն քաղաքացիներին, ովքեր ինչ-որ տեղ չէին կիսում ընդդիմութեան եւրոպական կողմնորոշումը:

Իրականում ինչ է կատարւում այսօր Ուկրայինայում

Ուկրայինայում, ներկայում փաստացի տեղի է ունենում ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլը: Սա արդէն ոչ թէ արտաքին կողմնորոշման պայքար է (ինչպէս փորձում են այն նենգափոխել ուկրայնական իշխանութիւնները՝ Կրեմլի քաղաքական տեխնոլոգների օգնութեամբ), այլ ուկրայնացիների ազգային անկախութեան ու ազատութեան շարժում: Պարզ ասած՝ ուկրայնացիները չեն ցանկանում լինել որեւէ մէկի վասալը կամ գաղութը:
Ես կիսում եմ նաեւ այն տեսակէտը, որ «...Սեփական երկրի ինքնիշխանութիւնը պահպանելու փորձին զուգահեռ՝ Եւրամայդանի յեղափոխութիւնը հասարակութեան ազատ կամարտայայտման իրաւունքը վերջնականապէս ապահովագրելու պայքար է նաեւ:
Եւրամայդանը հետեւողականօրէն ոչնչացնում է ժողովրդի ապուշացման աճպարարական մեխանիզմները, կործանում ուժի ամենազօրութեան եւ կուլիսային դաւադրութեան միֆերը, որոնք նոյն սցենարով մինչեւ այժմ ղեկավարում են յետսովետական տարածքները: Մայդանը որոշման իրաւունքը յանձնում է քաղաքացուն յեղափոխական ճանապարհով, եւ քաղաքացին պատրաստակամ ընդունում է այդ իրաւունքը»:
Եւրամայդանը քաղաքացիական հզօր վերելքի՝ ուկրայնական հասարակութեան մօտ դրա գիտակցութեան կատարելագործման ապացոյցն է: Ուկրայնացիները, փաստօրէն, յաղթահարել են դիսկուրսներ ձեւաւորելու խնդիրը: Նրանց մօտ ամբողջովին ձեւաւորւել է յետգաղութատիրական դիսկուրսը:

Հնարաւոր զարգացումներ՝ անորոշութեան վտանգը

140130c01bԻնչպէս փորձագէտներն են յուշում, Ուկրայինայում այսօր տեղի է ունենում նոր հայեացքների, դիրքորոշումների եւ շահերի ձեւաւորման գործընթաց: Այս գործընթացների շրջանակում արտաքին քաղաքականութիւնը ենթարկեցւած է ներքաղաքական խնդիրներին:
Իրականում, Եւրամայդանի շարժումն այս պահին, դեռեւս գտնւում է որոշակի անվերահսկելիութեան զգայուն փուլում, ինչն էլ ինքնաբերաբար աւելացնում է անորոշութեան պաշարը:
Այս կապակցութեամբ քաղաքագէտ-վերլուծաբան Իգոր Մուրադեանն ասում է. «Ներկայ իրավիճակը դիտարկւում է որպէս քաղաքական ու հասարակական ուժերի նոր հաւասարակշռութեան ստեղծման ժամանակաւոր փուլ: Դա պայմանաւորում է Ուկրայինայի իրավիճակի ընկալումը որպէս ոչ-ստացիոնար, երբ հնարաւոր են դրամատիկ սպասումներ՝ կապւած արտաքին կողմնորոշման որոշակիացման հետ:
Ուկրայինայի քաղաքական դաշտը լիովին կազմաւորւած չէ: Քաղաքական դասն իրենից ներկայացնում է բազմազան խմբաւորումներ, ինչը պայմանաւորել է անորոշութեան բարձր աստիճանը»:
Հէնց սա էլ բարդացնում է խնդիրը: Որպէս ապագայ ղեկավար՝ ուկրայնացի քաղաքական գործիչներից ում կարելի է նախապատւութիւն տալ: Ո՞ր քաղաքական ուժն է կարող ապահովել ուկրայնական հասարակութեան լիարժէք անցումը՝ դէպի կատարեալ քաղաքացիական հասարակարգ:
Անշուշտ, անհնար է անտեսել ներկայ պահին ասպարէզում յայտնւած ակտուալ քաղաքական ընդդիմադիր գործիչներին՝ Արսենի Եացենիւկին, Վիտալի Կլուչկոյին, Օլեգ Տիահանիբոկին կամ Անդրէյ Պարուբիին: Սակայն, գրեթէ բոլորը համակարծիք են, որ նրանցից եւ ոչ մէկը դեռեւս լիարժէք այլընտրանքային քաղաքական առաջնորդի տպաւորութիւն չի թողնում:
Այս խմբից թերեւս կարելի է առանձնացնել գերծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիտալի Կլուչկոյին: Փորձագէտների կարծիքով՝ առաջին հայեացքից հասարակ տպաւորութիւն թողնող, բայց իրականում կիրթ եւ ինտելեկտուալ այս երիտասարդ քաղաքական գործիչն այսօր առաւել ընդունելի ու լուրջ առաջնորդ է, ով երկրի եւ իշխանութեան հարցում ընդունակ է արմատական որոշումների:

Ռուսական սադրանք՝ պառակտման վտանգ

Օրերս լրահոսում յայտնւեց մի ուշագրաւ տեղեկատւութիւն: Ռուսաստանի քաղաքական արենայի թիւ 1 խելառը՝ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադառնալով ուկրայնական իրադարձութիւններին ասել է, որ «քաղաքակիրթ սկզբունքով» Ուկրայինայի մասնատումը միայն կարող է օգնել լուծել այդ երկրի խնդիրները: «Ստալինի սխալն այն էր, որ 1945 թւականին ձեռքբերած արեւմտեան հողերը՝ Իւանօ Ֆրանկովսկը, Տերնոպոլը, Լուցկը, Ռովնոն, Լւովը՝ 5 շրջանները պէտք է դարձնէր ուկրայնական ԽՍ Հանրապետութիւն՝ Լւով քաղաքը դարձնելով դրա մայրաքաղաքը: Մնացածը՝ Դոնբասը, Օդեսան, Ղրիմը՝ Ռուսաստանին: Եւ ոչ մի խնդիր էլ չէր լինի»,- նշել է Ժիրինովսկին:
140130c01cՍա այն դէպքում, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ Մոսկւան ամէն ինչ անելու է Ուկրայինայի պառակտումը թոյլ չտալու համար: Առաջին հայեացքից թւում է, թէ առաւել հաւաստի է այն յայտարարութիւնը, որ հնչել է Ռուսաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարի շուրթերից: Սակայն, չպէտք է մոռանալ, որ Կրեմլը յաճախ իր թաքուն ցանկութիւնները հնչեցնում է հէնց պալատական ծաղրածուի համբաւ ունեցող Ժիրինվսկու միջոցով:
«Քաղաքակիրթ սկզբունքով» Ուկրայինայի մասնատման մասին Ժիրինովսկու տեսութեան մէջ կայ որոշակի տրամաբանութիւն: Անվերադարձ դէպի Արեւմուտք շարժւող Եւրամայդանի յեղափոխութեան յաղթանակի դէպքում՝ Մոսկւայի համար լաւագոյն տարբերակը կը լինի Ուկրայինայից պոկել այդ երկրի հիմնականում ռուսախօս հատւածները: Չմոռանանք, որ Սեւ ծովում է գտնւում Ռուսաստանի ռազմա-ծովային ուժերի կարեւորագոյն բազան, որը, սակայն, տեղակայւած է Ղրիմի Սեւաստոպոլ նաւահանգստում:
Ուշադրութիւն դարձրէք խնդրեմ՝« ... Մնացածը՝ Դոնբասը, Օդեսան, ՂՐԻՄԸ Ռուսաստանին ...», կարծում եմ ամէն ինչ պարզ է:

Եւրամայդանի հետեւանքները

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Կրեմլի գործողութիւններին անկախ փորձագէտների տւած գնահատականը միանշանակ է. «Դեռ սովետի կործանման տարիներին թւում էր, թէ Ռուսաստանը հասկացել էր իր յետամնացութեան, տարածքի, ազգային կազմի, տնտեսական հնարաւորութիւնների ու աշխարհաքաղաքական յաւակնութիւնների անհամապատասխանութիւնները:
Բայց, Պուտինը եկաւ վերահաստատելու, որ Ռուսաստանը դեռեւս ձեւակերպւած ժամանակակից պետականութիւն չէ, եւ իր ողջ պատմութեան ընթացքի պէս՝ 21-րդ դարում եւս շարունակում է մնալ իր առաջին դէմքերի կամակորութեան պատանդը:
Եթէ հասարակ ժողովրդի մօտ առկայ ցարական մենտալիտետն ընդամէնը իներցիոն պատկերացումներ են եւ ինչ-որ առումով ընդունելի, ապա գերտէրութեան կարգավիճակի յաւակնութիւն ունեցող երկրի ղեկավարի ցարականութիւնը ծիծաղելի մոլագարութիւն է»:
Եւ հէնց այդ մոլուցքի արդիւնքում էր, որ Պուտինը որոշեց Հայաստանի պէս ոտնատակ տալ նաեւ Ուկրայինայի պետականութիւնը՝ նւաստացնելով արիւնակից հարեւանին: Արդիւնքն անսպասելի էր: Այսօր Կրեմլը ստիպւած է Եւրամայդանում բախւել իր իսկ հեղինակած խելայեղութեան հետեւանքներին:
Քաղաքական պայքարում, անշուշտ, ամէն ինչ հնարաւոր է: Միգուցէ Եւրամայդանը ներկայ պահին չունենայ որոշակի յաջողութիւն: Բայց, շատերի պէս ես եւս հաւատացած եմ, որ այն արդէն ունի ահռելի ձեռքբերում՝ դա այլ պետութիւնների ինքնիշխանութեան դէմ գաղութատիրական ոտնձգութիւն համարւող, Ռուսաստանի դարն ապրած հնամենի ու անպէտք եւրասիականութեան կոնցեպցիայի փաստացի մահախօսականն է:
Յաջորդ կանգառը Բելոռուսիան է: Փորձագէտները վերջին շրջանում յաճախ են խօսում Բելոռուսիայի հաւանական իրադարձութիւնների մասին: Ըստ նրանց՝ Բելոռուսիան ուշ թէ շուտ՝ իսկական մղձաւանջ է դառնալու Ռուսաստանի համար:
Բելոռուսիայից յետոյ, միգուցէ դեռ աւելի առաջ հերթագրւած է նաեւ Հայաստանը: Կասկած լինել չի կարող: Այնպէս որ՝ կապրենք՝ կը տեսնենք...
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք...

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։