Հա

Հասարակական

Հինգշաբթի, 06 Փետրւարի 2014 10:20

Բարեկամնե՞ր թէ՝ թշնամիներ

Ժամանակին՝ Միջնադարում, երբ դեռ չկային մեր օրերին յատուկ բնապահպանական խնդիրներն ու մտահոգութիւնները, չինացի մի իմաստուն մարդ, ով, ի դէպ, համարւել է կունգ-ֆու մարտարւեստի մեծագոյն վարպետներից, մարդու եւ բնութեան փոխադարձ կապի՝աւելի որոշակի, մարդու բնութեան հետ ներդաշնակութեան մասին ասել է.

ՄԱՐԴՈՒ ԵՒ ԲՆՈՒԹԵԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ժամանակին՝ Միջնադարում, երբ դեռ չկային մեր օրերին յատուկ բնապահպանական խնդիրներն ու մտահոգութիւնները, չինացի մի իմաստուն մարդ, ով, ի դէպ, համարւել է կունգ-ֆու մարտարւեստի մեծագոյն վարպետներից, մարդու եւ բնութեան փոխադարձ կապի՝աւելի որոշակի, մարդու բնութեան հետ ներդաշնակութեան մասին ասել է. «Մարդը բնութեան այն անբաժան մասն է, որն իր մէջ ամբողջացնում է շատ ու շատ երեւոյթներ, որոնք կան նաեւ բնութեան մէջ եւ հակառակը: Այսինքն՝ մարդ-բնութիւն կապն անքակտելի է. եւ որքան այդ կապը ներդաշնակութեան մէջ է՝ այնքան երկուստեք էներգետիկ առողջ միջավայր է ստեղծւում: Միաձուլւելով մայր բնութեանը՝ մարդու միտքը դառնում է առաւել յստակ, նպատակային:
Զգալով բնութեան շունչը այնպէս, ինչպէս մարդը զգում է իր մարմինն ու կառավարում է միտքը, մարդը դառնում է ներդաշնակ ինքն իր քայլերի մէջ, յստակ՝ իր որոշումներում, նպատակային՝ ֆիզիկական գործողութիւնների մէջ»:
Իրօք՝ դա այդպէս է, մարդու եւ մայր բնութեան կապն անքակտելի է: Դեռեւս անյիշելի ժամանակներից՝ նախապատմական դարաշրջանից մարդը սովորել է օգտւել բնութեան բարիքներից: Փորձել է բացայայտել եւ հասկանալ բնութեան անսահման ուժը՝ դա օգտագործելով իր բարօրութեան եւ զարգացման համար: Հէնց դա է եղել պատճառը, որ մարդ արարածը երբեք չի պատկերացրել իր կեանքը՝ առանց բնութեան:
Պատահական չէ, որ գիտական հասկացութեամբ մարդկային պատմութեան առաջին իսկ օրերից, երբ նոր-նոր սկսել է ձեւաւորւել եւ ծիլ արձակել քաղաքակրթութիւնը, մարդը որպէս պաշտամունքի առարկայ՝ ընտրել է տոտեմները, որոնք հիմնականում մարմնաւորւել են բնութեան արարման չորս գլխաւոր բաղադրիչների՝ հողի, ջրի, քամու եւ հուրի, ինչպէս նաեւ դրանց մարմնաւորումը համարւող բնական տարբեր երեւոյթների տեսքով:
Անկասկած, տրամաբանական կը լինէր, եթէ քաղաքակրթութեան զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ՝ մարդ արարածը կարողանար զգալ, թէ ինչն է բարերար կերպով, իսկ ինչը կործանարար ազդում իր գոյութիւնն ապահովող մայր բնութեան վրայ, չէ՞ որ միայն մարդն է օժտւած իր աշխարհը՝ կենսոլորտը փոխելու ունակութեամբ:
140206c01aԲայց, տեղի ունեցաւ տրամագծօրէն հակառակը: Մարդն սկսեց անխնայ սպառել եւ ոչնչացնել բնութիւնը:
Բնութեան նկատմամբ մարդու անհեռատես, սպառողական վերաբերմունքի հետեւանքներն սկսեցին առաւել ցայտուն դրսեւորւել 19-րդ դարի երկրորդ կէսին, աւելի որոշակի՝ ճարտարարւեստական յեղափոխութիւնից յետոյ, երբ մարդկութիւնը թեւակոխեց մոդեռնիզմի դարաշրջան:
Արդէն այդ օրերից սկսած՝ խելայեղ տեմպերով ոչնչացան կենդանական աշխարհի ամենատարբեր տեսակները, գլխատւեցին անտառածածկ տարածքները, անփոյթ հողագործութեան պատճառով՝ բարեբեր դաշտերը վերածւեցին անպտուղ տափաստանների ու անապատների, իսկ աւելի ուշ՝ 20-րդ դարի երկրորդ կէսից, այս տհաճ գործընթացներին համալրելու եկաւ օդի ու ջրի լայնամասշտաբ աղտոտումը:
Թէպէտ զարգացած երկրները շատ արագ հասկացան վիճակի լրջութիւնը եւ նախորդ դարի վերջին 20-ամեակից սկսեալ՝ աստիճանաբար ընդունեցին օրէնքներ, որոնք կարգաւորում ու խստիւ սահմանափակում են էկոհամակարգի ապականումն ու ոչնչացումը, այդուհանդերձ՝ վիճակը դեռեւս մնում է օրհասական՝ յատկապէս այսպէս կոչւած զարգացող կամ թերզարգացած երկրներում:
Աշխարհի թոքերը համարւող Բրազիլիայի եւ Ինդոնեզիայի ջունգլիները բառի բուն իմաստով ենթարկւում են ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ, Հնդկաստանում եւ աֆրիկեան երկրներում նոյնպէս բնակչութեան չկարգաւորւող աճի պատճառով՝ վերանում են անտառները՝ վերածւելով ցանքատարածութիւնների, իսկ դրանք իրենց հերթին ոչ-գիտական եւ անխնայ օգտագործման արդիւնքում՝ շատ արագ անապատեցւում են: Բացարձակ անապատեցման վտանգ է սպառնում կիսանապատային կլիմայական գօտում գտնւող երկրներին, այդ թւում նաեւ՝ Իրանին ու Հայաստանին:
Տնտեսական զարգացման պատրւակով բնական հարստութիւններն անխնայ օգտագործող բազմաթիւ երկրներ վերածւել են ՀՈՒՄՔԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ: Այդ երկրներում ցանկացած գնով հանքարդիւնաբերութեան այսպէս կոչւած զարգացման արդիւնքում առաջացած խիստ թունաւոր թափօնները եւ գազային արտանետումներն ապականում են երկրի մակերեսի եւ ստորգետնեայ ջրային պաշարները եւ կործանարար հետեւանքներ են թողնում երկրագնդի օդային թաղանթի վրայ:

140206c01b

Իսկ այս բոլորի անմիջական հետեւանքները բոլորս զգում ենք մեր մաշկի վրայ: Մոլորակի օզոնային վահանի քայքայում, կլիմայի գլոբալ տաքացում, թթւային տեղումներ, թթւածնային քաղց, սիրտ-անօթային, քաղցկեղային եւ շնչառական հիւանդութիւնների մակարդակի աճ, գենետիկ շեղումների յաճախակիացում, տարաբնոյթ բացիլների, վիրուսների եւ յարուցիչների մուտանտացում ...

* * *

Թւում է, թէ բոլորս արդէն գիտակցում ենք, որ համընդհանուր էկոլոգիական աղէտը կանխելու նպատակով՝ հարկաւոր է անյապաղ փոխել իրավիճակը, արմատական միջոցներ ձեռք առնել՝ պահպանելու համար կուսական բնութեան վերջին պատառիկները եւ հնարաւորինս վերացնել բնութեան վրայ մարդու աւերիչ ներգործման արդիւնքները:
Յամենայնդէպս՝ այդ մասին են վկայում աշխարհի չորս ծայրերում տարին մի քանի անգամ կազմակերպւող տարբեր գիտաժողովներն ու կոնֆերանսները, ինչպէս նաեւ աշխարհի ջոջերի եւ քաղաքական գործիչների վերամբարձ յայտարարութիւններն ու հաւաստիացումները:
Սակայն, մեր շրջապատում բնապահպանական խնդիրների հետ ուղղակի կամ անուղղակի առնչւող իրադարձութիւնները մեղմ ասած՝ հակառակն են ապացուցում: Առնւազն այդպէս Իրանում եւ Հայաստանում, որոնց էկովիճակը կարծում եմ, թէ հետաքրքրում է բոլորիս:
Եթէ հետեւում էք իրանական մեդիադաշտի էկոլրահոսին, ապա, վստահաբար, սրտի կսկիծով եւ անզօրութեան դառը զգացումով էք կարդում կարմիր գրքում յայտնւած կենդանական աշխարհի ամենաեզակի նմուշների արդէն սովորական դարձած սպանդի մասին լուրերը: Յովազ, ընձառիւծ, բորենի...
Բնութեան զարդեր, որոնցից իւրաքանչիւրի վերացումը կարող է խախտել հսկայական մի տարածաշրջանի խիստ զգայուն ու փխրուն էկոշղթան: Էլ չեմ խօսում չորացած գետերի, ոչնչացող ազգային արգելոցների եւ պաշտպանւած տարածքների մասին հնչող յաճախակի ահազանգերի մասին:
Վիճակը ոչ պակաս անմխիթար է նաեւ Հայաստանում, որտեղ վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Վայոց Ձորի եզակի քարանձաւներից մէկի՝ Մագիլի քարանձաւի ճակատագիրը:
Եթէ համացանցում որոնէք Մագիլի քարանձաւի մասին տեղեկութիւններ, ապա կը հանդիպէք նման բնութագրի. «Մագիլի քարանձաւը Հայաստանում ամենամեծերից է: Քարտէզագրւած տարածքը 1,7 կմ. խորութիւն ունի, սակայն դեռեւս կան ամբողջականութեամբ չհետազօտւած աւելի փոքր հատւածներ:
Քարանձաւը բնակեցւած է եղել նէոլիթեան ժամանակաշրջանից: Այստեղ համեմատաբար աւելի նոր շրջանի՝ IX դ. գտածոներից բացի՝ յայտնաբերւել են նաեւ քարէդարեան ոսկորներ, քարէ գործիքներ եւ այլ պարագաներ: Քարանձաւի հեռաւոր դիրքը եւ դժւարամատչելի մուտքը այն դարձրել էին յուսալի ապաստարան՝ յարձակումներից թաքնւելու համար:

140206c01c

Խորութեան պատճառով՝ քարայրում հաստատուն ջերմաստիճան է պահպանւում՝ 14՛C (58՛F): Մուտքի սկզբնամասը այնքան նեղ է, որ հազիւ մի մարդ կարող է ներս սողոսկել: Անցուղին իր տարբեր հատւածներում նեղանում եւ ընդարձակւում է, որոշ մասերում, նոյնիսկ, հասնելով 10-15 մետր լայնութեան: Ներսում կան քիչ քանակութեամբ շթաքարեր եւ պտկաքարեր:
Մագիլի քարանձաւը նաեւ հազւագիւտ ստորգետնեայ էկոհամակարգ է՝ հազարաւոր չղջիկների բնակավայր: Չղջիկները կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը եւ դրա կայունութեան պահպանման հարցում առանցքային նշանակութիւն ունեն:
Քարանձաւը ամբողջութեամբ քարտէզագրւած չէ: Որոշ հատւածներում կան կտրուկ վայրէջքներ եւ փոսեր:
Քարանձաւը փակ է, եւ այն կարելի է այցելել միայն յատուկ մասնագէտների ուղեկցութեամբ»:
Եւ ահա, չգիտես ինչու, ՀՀ մշակոյթի նախարարութեան «իմաստունները» զբօսաշրջիկութիւնը «զարգացնելու» նպատակով՝ որոշել են կուսական բնութեան այս գողտրիկ անկիւնը, յանձնել վարձակալութեան: Նմանատիպ բոլոր դէպքերի պէս, այս պարագայում եւս յայտնւել է մի ինչ-որ գաւառական փերեզակ, ով հպարտութեամբ ներկայացրել է իր այսպէս կոչւած բիզնես պլանը, որում պատկերացրէք նախատեսւած ոչ աւել, ոչ պակաս յատակի բետոնապատում, էլեկտրական լուսաւորութեան միացում եւ ... Մնացածի մասին եկէք լռենք:
Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, թէ բառի բուն իմաստով այս հրէշաւոր նախագծի իրագործման դէպքում ինչ դառը ճակատագիր է սպասւում Մարգիլում ապաստանած չղջիկներին, եւ հետեւաբար՝ ինչ էկոլոգիական աղէտ է սպասւում տարածաշրջանին: Չէ՞ որ այս չղջիկներն են, որ կարգաւորում են վնասակար միջատների կոլոնիների թւաքանակը՝ այդ տարածքում:
Կայ եւս մի հարց: Տրամաբանօրէն Մարգիլի քարանձաւը պէտք է որ հետաքրքրի էկոտուրիզմով զբաղւողներին: Ասացէք խնդրեմ՝ այդ որ էկոտուրիստը կը հասնի Վայոց Ձոր՝ այցելելու մի քարանձաւ, որի յատակը «կոմֆորտ» բետոնապատւած է, տարածքը «գեղեցկացւած» է էլեկտրական լուսաւորութեամբ եւ վերացւած է դրա էկոհամակարգը: Պատասխանը պարզ է ...
Բոլոր հետեւութիւնները թողնում եմ քեզ, սիրելի ընթերցող, միայն թէ վերջում մէջբերում եմ հայ բնապահպաններից մէկի կոչը, որը հրապարակւել է նրա բլոգում. «Քեզ եմ դիմում, մարդ, դու էլ բնութեան մի մասնիկն ես, մի սպանիր կենդանիներին, մի ոչնչացրու անտառները, մի աղտոտիր ջրային տարածքները. եթէ նոյնիսկ այսօր քո կեանքն ապահովում ես՝ վնասելով բնութիւնը, վաղը դու կը կանգնես դատարկ տաշտակի առջեւ: Ես կոչ եմ անում բոլորին՝ պահպանենք մեր այդ մասնիկը, քանի որ առանց նրա՝ մենք ոչինչ ենք: Սիրենք, պահպանենք, սնենք բնութիւնը, եւ նա կը սիրի, կը պահպանի ու կը սնի մեզ: Երանի այս բոլոր կոչերը լսելի դառնային այն մարդկանց, ովքեր ապականում են մթնոլորտը, վերացնում են էկոհամակարգը, տանջելով՝ սպանում են կենդանիներին՝ թանկարժէք մորթու համար, հատում են հազարաւոր ծառեր՝ առանց մտածելու հետեւանքների մասին»:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

________________________________________________

Յ. Գ.
Այս նիւթը պատրաստելիս՝ բնապահպանական մի կայքում հանդիպեցի մի գայլի եւ նրա ձագուկների սքանչելի լուսանկարի: Նրանք վախւորած աչքերով նայում էին տեսախցիկին, իսկ լուսանկարի տակ տեղադրւած էր այս գրութիւնը. «Ես էլ եմ ուզում ապրել, ես էլ ունեմ նպատակներ եւ ունեմ իմ դերը՝ այս կեանքում: Ես էլ պէտք է պահեմ ու խնամեմ իմ ձագուկներին: Իսկ դու ոչնչացնում ես բոլոր միջոցները, ոչնչացնում ես ինձ եւ չգիտես, որ ոչնչացնում ես նաեւ քեզ: Եթէ ես քեզ վնասում եմ, ապա միայն վախից՝ ինքնապաշտպանութեան համար: Իսկ դո՞ւ: Դու ոչնչացնում ես ինձ, որովհետեւ ագահ ես, անկուշտ, դու շատ փող ես ուզում աշխատել, ուզում ես հարուստ լինել: Իսկ ես ապրել եմ ուզում»:

Related items

  • Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ
    Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

  • Համաձայնագրից մէկ տարի անց
    Համաձայնագրից մէկ տարի անց

    Միջուկային համապարփակ համաձայնագիրը բոլորեց իր մէկ տարին: Այս մէկ տարւայ ընթացքում շատ է գրւել եւ խօսւել այս փաստաթղթի մասին:

  • Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը
    Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը

    Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

  • Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել
    Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել

    «Iran Air»-ի նաւատորմը համալրւեց նոր ինքնաթիռով:

    «Airbus» ընկերութիւնից գնւած «Airbus 321-211»-ը առաջին նոր ինքնաթիռն է, որ վերջին 38 տարիների ընթացքում միանում է  «Iran Air»-ի ընտանիքին:

  • Եւ ահա մենք
    Եւ ահա մենք

    Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

    Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։