Հա

Հասարակական

08/02/2014 - 11:40

Հրայր Բազէի նոր ալբոմի ներկայացումը՝ Նիւ Եօրքում

Ազգագրական անփոխարինելի մի նախաձեռնութեան մէկ ուրիշ փառաւոր աշխատասիրութիւնն է Հրայր Բազէի (Խաչերեան) վերջերս լոյս ընծայած «Մէկ ազգ, մէկ եկեղեցի» հրաշագեղ ալբոմը, որը ներկայացւեց Նիւ Ջերսիի «Թեքէեան» սրահում Մեծագոյն Նիւ Եօրքի «Թեքէեան» Մշակութային միութեան (Թ.Մ.Մ.) կողմից:

Ազգագրական անփոխարինելի մի նախաձեռնութեան մէկ ուրիշ փառաւոր աշխատասիրութիւնն է Հրայր Բազէի (Խաչերեան) վերջերս լոյս ընծայած «Մէկ ազգ, մէկ եկեղեցի» հրաշագեղ ալբոմը, որը ներկայացւեց Նիւ Ջերսիի «Թեքէեան» սրահում Մեծագոյն Նիւ Եօրքի «Թեքէեան» Մշակութային միութեան (Թ.Մ.Մ.) կողմից:
Հակառակ տեղացող ձեան ստեղծած երթեւեկութեան արգելքներին՝ սրահ էին շտապել մի մշակութասէր հասարակութիւն եւ գնահատելի թւով երիտասարդներ:
Հակառակ նրան, որ շրջանակի համար ծանօթ մէկն էր Բազէն, սակայն Թ.Մ.Մ. վարչութեան պատասխանատուներից դոկտ. Վաղինակ Դարբինեանը հետաքրքրական կերպով իր ողջոյնի խօսքում ներկայացրեց մոնրէալաբնակ արւեստագէտ ու լուսանկարիչ Հրայրին:
Աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ նա լուսարձակի տակ առաւ իր այս ալբոմը, որը նւիրւած է պատմական ու անկախացած Հայաստանից սկսած մինչեւ Միջին Արեւելքի մայր համայնքների, Պոլսից մինչեւ Հեռաւոր Արեւելքի նօսրացած ու երբեմն միայն մէկ հայ ապրող երբեմնի առոյգ հայկական համայնքների, նախկին Խորհրդային Միութեան ու Ամերիկաների տարածքում թէ Եւրոպայում փլատակ, կանգուն թէ աւելի նոր կառուցւած աղօթատեղիներին, մատուռներին, եկեղեցիներին ու տաճարներին: Դրանք բոլորը տողանցում էին այս ալբոմի էջերի ընդմիջից:
Ու մտովի լինել ու քայլել իր հետ այդ հեռաւոր ու երբեմն անմարդաբնակ մեր սարերի ու լանջերի՝ Վասպուրական աշխարհի Կտուցի ճգնարանն ու Վանայ լճի Սուրբ Թովմասի լքւած մեր սրբավայրերը կամ այրիացած մեր Անիի Ս. Աստւածածին մայր եկեղեցին ու Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցին, ցասումով վայելել Բանգլադեշի ու Սինգապուրի, Խարթումի մեր Աստծու տները: Գնալ Արցախ ու անցնել Նոր Ջուղա ու Աբադան: Գնալ Անթիլիասի մայրավանք Սիսի Աթոռ ու Զմմառի Հայ կաթողիկէ մայրավանքը... գնալ մեր ծննդավայրերը՝ Բէյրութ, Այնճար, Դամասկոս ու Հալէպ ու անցնել Դեր Զորից, ուր սիրիական վերջին իրադարձութիւնների ընթացքում ոճրագործ ձեռքեր ջանացին ռմբահարել մեր սուրբ նահատակների մատուռ-յուշարձանը:
Այցելել Նոր Աշխարհ, ուր ամէն հայահոծ աւանում կանգնեցրել ենք մի եկեղեցի. Կորդոբայից մինչեւ Կարակաս, Ֆիլադելֆիայից մինչեւ Հոլիվուդ ու Տորոնտօ... Երկա՜ր է շարքը: Հայաստանի անկախացումից յետոյ՝ Երեւանի եւ Մոսկւայի մեր մայր տաճարները, ու զմայլւել Սուրբ Էջմիածնով, իր նո՜ր ու հին ամրակուռ կոթողներով, թանգարաններով ու վերանորոգւած շրջակայ մատուռներով: Վերջապէս, Պոլսի մեր ազգային եկեղեցիներին է միանում Սուրբ քաղաքը՝ Երուսաղէմ, ուր Հրայրը ցոյց է տալիս Սրբոց Յակոբեանց միաբանութեան ունեցած ազգային-եկեղեցական հարստութիւնները: Ե՛ւ Հայ Առաքելական, ե՛ւ Հայ Կաթողիկէ ու Աւետարանական, ե՛ւ Էջմիածնական կամ Անթիլիասական եկեղեցիները, կողք-կողքի դրւած մի գեղեցիկ համադրութիւն են կազմում՝ այս շքեղ տպագրւած ալբոմի էջերում:
Որպէս Նոր տարւայ լաւագոյն նւէր՝ այդ օրը շուտով սպառւեցին սոյն ալբոմները: Այս աշխատանքի համար կազմւած յանձնախմբի ժրաջան նախագահուհին՝ Հիլդա Յարութիւնեանը, ջանք չէր խնայել թեքէեանավայել մակարդակով կազմակերպել ձեռնարկն ու հիւրասիրութիւնը:
Հրայրի իսկ տողերով. «Այս գրքի ուղեւորութիւնները իրագործումն են մի ուխտի, որ կատարեցի, երբ պայքարում էի քաղցկեղի դէմ: Երկրորդ մի կեանքի պարգեւը՝ 1993-ից 2013-ը, ճամբորդեցի համայն աշխարհի տարածքը եւ նկարեցի հայոց եկեղեցիներ. ահա՛ արդիւնքը այդ բոլորի:

ՎԱՐԴԻՎԱՐԵԱՆ

Յարակից լուրեր

  • «100-1915-2015»
    «100-1915-2015»

    Այս է խորագիրը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած՝ աւելի քան 500 մեծադիր էջերից բաղկացած գրքի, որի հեղինակն է անւանի լուսանկարիչ, մեծ հայրենասէր Հրայր Բազէ Խաչերեանը։ Գիրքը, որը ձօնւել է հեղինակի տատերին եւ պապերին՝ Պետրոս Պապեան Պապիկեանին, Գիւլիզար Չոլաքեանին, Ներսէս Խաչերեանին եւ Սուլթան Մամիկոնեանին, առաջին անգամ հրատարակւել է Հրայր Բազէ Խաչերեանի նիւթական միջոցներով։

  • Արամ Խաչատրեանի 111-րդ տարեդարձին նւիրւած համերգ տեղի կունենայ Անգլիայում
    Արամ Խաչատրեանի 111-րդ տարեդարձին նւիրւած համերգ տեղի կունենայ Անգլիայում

    Հայ դասական երաժշտութեան վառ ներկայացուցիչ, հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի 111-րդ տարեդարձին նւիրւած համերգ տեղի կունենայ Անգլիայում: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը տեղի կունենայ սեպտեմբերի 6-ին «Սուրբ Յովհաննէս» (Սմիթ հրապարակ) համերգասրահում՝ «Թեքէեան» մշակութային միութեան նախձեռնութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։