Հա

Հասարակական

04/03/2014 - 11:00

Թուրքիայում լոյս տեսաւ «24 Ապրիլ 1915» հատորը

Պատմաբան եւ հետազօտող Նեսիմ Օւատիա Իզրայիլը հրապարակ հանեց «24 Ապրիլ 1915» խորագրով մի կոթողային ուսումնասիրութիւն, որն իր ընդհանուր գծերում նւիրւած է 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը Ստամբուլում ձերբակալւած հայ մտաւորականների ոդիսականին եւ այդ պահից յետոյ իրագործւած ոճիրներին ու մաքրագործումներին:

«Մարմարա» - Պատմաբան եւ հետազօտող Նեսիմ Օւատիա Իզրայիլը հրապարակ հանեց «24 Ապրիլ 1915» խորագրով մի կոթողային ուսումնասիրութիւն, որն իր ընդհանուր գծերում նւիրւած է 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը Ստամբուլում ձերբակալւած հայ մտաւորականների ոդիսականին եւ այդ պահից յետոյ իրագործւած ոճիրներին ու մաքրագործումներին:
Գրքի խորագիրն ունի մի ենթախորագիր եւս, որը արդէն գծում է ուսումնասիրութեան շրջագիծը: Արդարեւ, «24 Ապրիլ 1915. Պոլիս, Չանգըրը, Այաշ, Անկարա» է գրքի բուն անունը: Այս կերպով Օւատիան մինչեւ Չանգըրը ու Այաշ տանում է ապրիլի 24-ի գիշերը ձերբակալւած հայ մտաւորականներին, բայց մասնաւոր կերպով դիտել է տալիս, որ նրանք անցնում են նաեւ Անկարայից, ուր արդէն ճշտւում է նրանց ճակատագիրը:
«Մարմարա»-ն գրել է. «Պատմաբան Օւատիայի հետ առաջին անգամ ծանօթացել էինք, երբ նա պատրաստեց ու հրատարակեց Գրիգոր Զոհրապի մասին իր հետաքրքրական ուսումնասիրութիւնը: Այդ գիրքը Գրիգոր Զոհրապի ճակատագրի մասին թուրքերէնով հրատարակ ւած ցանցառ գրքերից մէկն էր: Կարող էինք կարծել, որ Գրիգոր Զոհրապի մասին գրւած այդ գրքով Օւատիան վերջ կը դնի հայկական նիւթերի նկատմամբ իր հետաքրքրութեանը: Մինչդեռ, այդպէս չէր: Նասիմ Օւատիան արդէն Գրիգոր Զոհրապից էլ առաջ էր սկսել ուսումնասիրել Ապրիլ 24-ը եւ դրանից է, որ ճանաչել էր Զոհրապի պատմութիւնը ու մի պահ միւս ուսումնասիրութիւնն ընդհատելով՝ գրել էր Զոհրապի մասին: Ապա կրկին վերադարձել էր իր բուն նիւթին, որ 24 ապրիլի գիշերն է»:
Թերթը նաեւ տեղեկացրել է, որ ներկայում հրամցւած գիրքը մօտաւորապէս 700 էջերով իսկապէս շատ կարեւոր մի հրատարակութիւն է եւ դա արդիւնք է երկար տարիներ տարբեր արխիւներում կատարւած փնտրտուքների, փաստաթղթերի հաւաքածոյի ու կենսագրական գրքերի քննարկման: Հեղինակը մասնաւորապէս օգտւել է Անտոնեանի եւ Պալաքեանի յուշերից, բայց այս գործը դուրս է պոռթկում երկուսի կենսագրութիւններից ու ընդգրկում է շատ հարուստ հաւաքածոների որոնումներ:
Գիրքը բացւում է ներքին գործոց նախարար Թալէաթ փաշայի 24 ապրիլի 1915 թւականի եւ օսմանեան բանակի հրամանատարութեանն ուղղւած մէկ հրամանագրով, որի մէջ Թալէաթ փաշան գրել է, թէ հայերը ապստամբական շարժումներ են ձեռնարկել, ուստի՝ պէտք է ձերբակալւեն բոլոր պարագլուխները, ձեռք դրւեն բոլոր փաստաթղթերի վրայ ու չարտօնւի, որ պարագլուխներից որեւէ մէկը խոյս տայ եւ այլն: Այնուհետեւ հեղինակը բացում է իր ուսումնասիրութիւնների կծիկը, որն ընթերցողին հրամցւում է կարճ պատումներով՝ որպէս առանձին դրւագներ: Խորագրերում, օրինակ, կարդում ենք՝ «Պետրի բէյ», «Դոկտ. Խաչիկ Պօղոսեանի ձերբակալութիւնը», «Դոկտ. Աւետիս Նագգաշեանի ձերբակալութիւնը», «Գրիգոր Պալաքեանը Կենտրոնական բանտ է տարւում», «Հայ ոստիկաններ», «Արամ Անտոնեան Բանկալթըի ոստիկանատան մէջ», «Կոմիտաս վարդապետի ձերբակալութիւնը» եւ այլն: Իւրաքանչիւր գլուխ երեք-չորս էջերի դրւագ է. ապրիլի 24-ի գիշերից ճանապարհ ելնելով՝ հեղինակը մէկ առ մէկ պատմում է Անկարայի շուրջ կատարւած զանգւածային սպանդների կամ Չանգըրըում ու Այաշում սպանւած մտաւորականների դրւագները՝ վերջաւորութեան ներկայացնելով նաեւ ապրիլի 24-ի զոհերի ու վերապրողների հաշւեկշիռը:
Հեղինակը իր հետաքրքրական նախաբանում պատմում է, թէ իր նպատակը 1915 թ. բոլոր պատահարների մասին գրելը չէ, ոչ էլ փնտրել՝ սա ցեղասպանութի՞ւն էր թէ չէր: Իր նպատակն է կանգ առնել մեծ ողբերգութեան միայն մէկ կողմի վրայ՝ իր պատմութիւնը սահմանափակել միայն ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալւածներով: Այսպէս՝ այնտեղ չի խօսւել Դանիէլ Վարուժանի մասին, բայց խօսւել է Գրիգոր Զոհրապի վերաբերեալ: Հեղինակը պատմում է նաեւ, որ Այաշում ու Չանգըրըում կատարւած սպանդերի մասին որեւէ տեղ որեւէ տեղեկութիւն չկայ, ոչ էլ՝ պետական արխիւներում. կարծէք թէ այնտեղ տարւածները յօդս ցնդեցին: Յայտնի է, ուրեմն, որ այս փաստաթղթերը իթթիհադականների կողմից ջնջւել ու մաքրւել են: Իր աշխատասիրութեան մէջ նա որպէս մեկնակէտ՝ ընդունել է Թէոդիկի Ապրիլ 24-ին նւիրւած գիրքը: Նա դիտել է տալիս, որ մի շարք պատմաբաններ պնդել են, որ հայերի կողմից առաջ քշւած պնդումների մէկ մասը սխալ ու կեղծ է, բայց ինքը արխիւներում ստուգել է, որ այդպէս չէ, այլ պնդումները համապատասխանում են իրականութեանը:
Նեսիմ Օւատիայի այս նոր ու յոյժ կարեւոր գիրքը հրատարակւել է «Իլեթիշիմ» հրատարակչատան կողմից: Գիրքը գրի է առնւել հասկանալի ու սահուն ոճով՝ առանց խճողւելու պատմական ու փաստագրական ճնշիչ տւեալներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։