Հա

Հասարակական

Շաբաթ, 09 Յունիսի 2012 11:30

ԱՐՑԱԽ - Բացւեցին Վաղուհաս գիւղի նորակառոյց դպրոցը եւ Ստեփանակերտի խմելու ջրի ցանցը

Երեւան - Մայիսի 23-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատւիրակութիւնը, գործադիր տնօրէն Արա Վարդանեանի գլխաւորութեամբ եւ Հոգաբարձուների խորհրդի անդամների, տեղական մարմինների ներկայացուցիչների, սփիւռքահայ հիւրերի կազմով, հանդիսաւոր պայմաններում բացեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գիւղի նորակառոյց դպրոցը եւ Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի վերակառուցւած ցանցը:

Հանդիսութիւնը սկսւեց Վաղուհասի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Յովհաննէս քհնյ. Յովհաննիսեանի եւ պատւիրակութեան կազմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող Տ. Ռուբէն աբղ. Զարգարեանի օրհնութեամբ:
Արարողութեանը ներկայ էր նաեւ ԼՂՀ-ի կրթութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը, որն իր ելոյթում ասաց. «Հայ ժողովուրդը գոյատեւել է իր դպրութեան շնորհիւ: Դպրոցը սրբութիւն է, որի միջոցով պէտք է շարունակենք մեր գոյատեւման հերոսական երթը: Այս հիասքանչ նորակառոյցն իր ժամանակակից պայմաններով մեծ նւէր է համայնքին»:
Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը յոյս յայտնեց, որ այս գեղեցիկ դպրոցում կրթւեն մեր ազգի ապագայ գիտնականներն ու մտաւորականները:
Դպրոցը կառուցւել է «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութեան ի դէմս գործարար Սամուէլ Ալեքսանեանի եւ ԼՂՀ-ի կառավարութեան համաֆինանսաւորմամբ: Այն զբաղեցնում է շուրջ 2140 քառ. մետր մակերես: Կենտրոնացւած ջեռուցումն ու մշտական ջրամատակարարումը, ինչպէս նաեւ ամբողջական կահաւորումը թոյլ են տալիս լիարժէք շահագործել դպրոցը: Այսօր այն ունի 140 սան, ներառեալ՝ հարեւան Խնկաւանի դպրոցականները: Կրթօջախն իր յարկի տակ կարող է ընդունել մինչեւ 240 աշակերտներ:
Դպրոցի բացման հանդիսութեանը յաջորդեց Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գօտիների բացումը: Ցանցը վերակառուցւել է Ռուսաստանի հայ համայնքի օժանդակութեամբ եւ այսօր սպասարկում է քաղաքի կենտրոնական մասը, Արմենաւան եւ Ստեփգէս թաղամասերը: Դաւիթ Բէկ փողոցի վրայ տեղադրւած աղբիւրն այսուհետեւ կը ծառայի որպէս հիմնադրամի կողմից քաղաքի այս հատւածում վերականգնւած ջրամատակարարման խորհրդանիշ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Նւիրատւութիւն կատարելու համար չկայ յստակ օր եւ ժամ՝ donate.himnadram.org

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։