Հա

Հասարակական

06/06/2012

ՀՅԴ Մոսկւայի Հայ Դատի գրասենեակը, «Ջաւախքի զաւակներ» կազմակերպութեան հետ համագործակցաբար, մայիսի 25-ին, Մոսկւայի Գրողների տանը կազմակերպել էր երեկոյ՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան տօնին:
Երեկոյին ներկայ էին Ռուսաստանի քաղաքագիտական կենտրոնների եւ հայկական կազմակերպութիւնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Բացելով երեկոն՝ ՀՅԴ Մոսկւայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Իւրի Նաւոյեանը նշեց, որ երկարատեւ բացակայութիւնից յետոյ՝ հայկական պետականութեան վերականգնումը հնարաւոր դարձաւ ազատագրական պայքարի եւ հայութեան ներուժի համախմբման շնորհիւ: Թէեւ հանրապետութիւնը կարճատեւ կեանք ունեցաւ, բայց նրա ծնունդն ու գործունէութիւնն ապահովեցին հայկական պետականութեան շարունակականութիւնը: Այն ժամանակւանից հայութիւնը պահպանել է՝ օրհներգը, զինանշանն ու դրօշը, եւ այսօր Հայաստանում քաղաքական ուժերն ու հասարակութիւնը ձգտում են հետեւել այն քաղաքական ընթացքին, որի հիմքը դրւել է 1918 թւականի մայիսին:
Ռազմավարական հետազօտութիւնների ռուսաստանեան ինստիտուտի «Ազգային ռազմավարութեան հիմնահարցեր» ամսագրի գլխաւոր խմբագիր Աժդար Կուրտովը իր ելոյթում նշեց, որ պատերազմները շատ ազգերից խլել են նրանց գիրն ու պատմա-մշակութային վկայութիւնները: Այլ է Հայաստանի պարագան: «Անկախութեան, մասնաւորաբար Առաջին Հանրապետութեան կազմաւորման համար մղւող պայքարում հայերն աւելի են ուժեղացել: Գաղտնիք չէ, որ շատ ազգեր այսօր իրենց համար պատմութիւն են յօրինում: Հարաւային Կովկասում Հայաստանի հարեւանները ակտիւօրէն դրանով են զբաղւած: Իհարկէ, նրանք պատմութիւն են հնարում՝ ելնելով քաղաքական նպատակայարմարութիւնից: Փա՛ռք Աստծոյ, որ հայերը դրա կարիքը չունեն, քանի որ փառահեղ պատմութիւն ունեն»,- իր խօսքը եզրափակեց ճանաչւած քաղաքագէտը:
«Արարատ» միութեան նախագահ Էմմանուէլ Դոլբակեանն ընդգծեց, որ 1918 թւականին հայերը Սարդարապատում հրաշք գործեցին՝ Երեւանն ու Արեւելեան Հայաստանը փրկելով թուրքական ներխուժումից: Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան եւ ո՛չ էլ Ռուսաստանը այն ժամանակ չօգնեցին հայերին: Հայ գործիչը նշեց, որ մենք պարտաւոր ենք արժանին մատուցել Դաշնակցութեանը, որովհետեւ հէնց այդ քաղաքական ուժը ստեղծեց հայկական պետութիւնը:
Երեկոյի շրջագծում տեղի ունեցան Արթուր Գէորգեանի «Ծնւած ու կոփւած կրակներում» եւ «Հայերի Ցեղասպանութիւնը՝ Օսմանեան կայսրութիւնում: Պատմութեան փորձը դաս է ապագայի համար» գրքերի շնորհանդէսը: Առաջին գրքում հեղինակը փաստաթղթային հէնքով ներկայացնում է Հայկական նորօրեայ բանակի ծնունդն ու զարգացումը, երկրորդում՝ Հայաստանի ու Սփիւռքի ուժեղացման, հայկական արտաքին քաղաքականութեան ակտիւացման եւ Հայ Դատի լուծման շուրջ իր մօտեցումները:
Երեկոն ուղեկցւում էր գեղարւեստական կատարումներով. Ռուսաստանի վաստակաւոր արտիստ Արարատ Մկրտչեանը առաջին անգամ կատարեց իր «Պապերի կանչը» եւ «Արարատ» քայլերգերը, իսկ փողային նւագախումբը՝ հայկական ազգային-յեղափոխական ստեղծագործութիւններ:

ՀՅԴ Մոսկւայի Հայ Դատի գրասենեակ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։