Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 06 Յունիսի 2012 12:03

ՀԱՅԱՍՏԱՆ - Գրողների համահայկական 6-րդ համաժողով

20-25 ապրիլի, 2012 թ.,
Երեւան

altԹւականիս ապրիլի 20-ից 25-ը Երեւանում կայացաւ Գրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցում էին 20 երկրներից 60 սփիւռքահայ գրողներ, նրանց թւում նաեւ՝ իրանահայ գրողների պատւիրակութիւնը:
Հինգշաբթի, ապրիլի 19-ին, ժամը 22-ին, «Զւարթնոց» օդանաւակայանում իրանահայ գրողների պատւիրակութեանը դիմաւորեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) պաշտօնեաները՝ ուղեկցելով նրանց Երեւանի «Շիրակ» հիւրանոց:
Ուրբաթ, ապրիլի 20-ի առաւօտեան «Էրեբունի պլազա» հիւրանոցում կայացաւ հանդիպում՝ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ:

Բարիգալստեան ու ողջոյնի խօսքերով սկսւեց հանդիպումը եւ շարունակւեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ վերջերս լոյս տեսած սփիւռքահայ հեղինակների մի շարք գրքերի ներկայացում-շնորհանդէսով, որի ընթացքում ելոյթ ունեցան մի քանի գրողներ՝ իրենց գրքերի թեմաներով:
Վերջում ընդունելութեան պահին Հրանուշ Յակոբեանը եւ ներկաները միասնաբար շեշտեցին Հայրենիքի եւ Սփիւռքի մշակութային գործընթացի առաւել սերտացման կարեւորութիւնը:
altԳրողների 6-րդ համաժողովի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ նոյն օրը՝ Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում, ժամը 12:30-ին:
Բացումը կատարւեց ՀՀ օրհներգով, որից յետոյ ընթերցւեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ողջոյնի ուղերձները, այնուհետեւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի եւ Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի բացման խօսքերից յետոյ՝ Սփիւռքի նախարարի ձեռամբ ՀՀ վարչապետի ոսկի շքանշանով գնահատւեցին սփիւռքահայ հետեւեալ անձինք.
Անուշ Նագգաշեան՝ Իսրայէլից
Համբիկ Մարտիրոսեան՝ Լիբանանից
Յովսէփ Նալբանդեան՝ ԱՄՆ-ից, հայոց լեզւի, գրականութեան ու մշակոյթի պահպանման ոլորտում տարիներ շարունակ ծառայութեան մատուցման համար:
Ողջոյնի խօսքերով հերթաբար ելոյթ ունեցան՝ Արցախի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Վրաստանի ներկայացուցիչները:
Իրանից ողջոյնի խօսքով ելոյթ ունեցաւ Իրանահայ գրողների միութեան նախագահ Թորգոմ Տէր- Յակոբեանը՝ նշելով, որ նման համաժողովները առաւել ողջունելի են նախ մասնակիցների եւ ապա՝ ճշտորոշւած օրակարգերի շնորհիւ, որոնց քննարկումներով կարելի է ծանօթանալ գաղթօջախներում արձանագրւած յաջողութիւններին ու նաեւ առկայ մտահոգութիւններին, առաւել եւս հնարաւոր է խորհրդակցաբար լուծումներ գտնել՝ մտահոգութիւնները մեղմացնելու, ստեղծելով է՛լ աւելի հետաքրքրասիրութիւն՝ հայ գրքի ու գրականութեան նկատմամբ:
Բացման հանդէսը եզրափակւեց մի շարք գեղարւեստական ելոյթներով:
Նոյն օրը ժամը 15:30-ին սփւռքահայ պատւիրակութիւններն ուղեւորւեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:
altՀայրապետական մաղթանքներից ու խորհուրդներից յետոյ՝ ներկաներն ունկնդրեցին տրւած համառօտ տեղեկատւութիւնները՝ Մայր Աթոռի ներկայ գործունէութեան վերաբերեալ, որից յետոյ կրօնական, ազգային ու կրթական մտահոգիչ խնդիրների վերաբերեալ տրւած հարցումներին պատասխանեցին՝ կաթողիկոսը եւ ներկայ պատասխանատու հոգեւոր հայրերը: Այնուհետեւ խումբը ուղեւորւեց Օշական՝ յարգանքի տուրք մատուցելու Ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:
Շաբաթ, ապրիլի 21-ին կայացաւ լիագումար նիստ՝ «Գրական հաշւետւութիւններ (2010-12) եւ հրատապ խնդիրներ» օրակարգով:
Արծարծւեցին գաղթօջախներում առկայ մի շարք մտահոգութիւններ, որոնք քննարկւեցին նիստի ժամերի սահմաններում:
Ժամը 19:30-ին մասնակիցները ներկայ գտնւեցին «Armbook EXPO» գրքի ցուցահանդէսի բացմանը՝ «Կասկադ» համալիրի «Գաֆեսճեան» կենտրոնում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի եւ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի ներկայութեամբ:
Կիրակի, ապրիլի 22-ի առաւօտեան ժամը 11-ին ՀԳՄ-ի մեծ սրահում կայացաւ հանդիպում՝ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամների հետ՝ «Հայ գրքի ճանապարհը, հիմնախնդիրներ եւ աշխարհաքաղաքական մարտահրաւէրներ» թեմայով, որի ընթացքում արծարծւեցին մի շարք մտահոգութիւններ՝ գրքերի տպաքանակի ու դրանց տարածման հնարաւորութիւնների եւ հասարակութեան մէջ գրքի նկատմամբ հետաքրքրութիւն ստեղծելու հնարաւորութիւնների գործընթացի մասին: Իրանահայ գրողների միութեան նախագահ Թորգոմ Տէր- Յակոբեանը խօսք առնելով՝ ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց հասարակութեան մէջ առկայ ցաւալի իրողութեանը, որը շարունակաբար տարածւում է հեռուստատեսութեան մի քանի կայաններից հեռարձակւող ծրագրերի, նամանաւանդ տեղական ու արտասահմանեան ցածրորակ ու հասարակ սերիալներում օգտագործւող ոչ-գրական եւ կարելի է ասել՝ փողոցներում հնչող հայերէնի տարբերակը: Բնական է, որ կը նւազի հայ երիտասարդի ու ընդհանուր առմամբ ժողովրդի մեծամասնութեան հետաքրքրութիւնը՝ գրական եւ մաքուր հայերէնով հրատարակւած գրքերի նկատմամբ: Ցաւալի է, որ տեղացի բնիկ հայը իր հայրենիքում եւ իր առօրեայում մաքուր հայերէնով հաղորդակցւելու հնարաւորութիւնից զուրկ է. ուստի՝ առաջարկում եմ ՀԳՄ-ի «Գրական թերթ»-ի ու այլ թերթերի հնարաւորութիւններն օգտագործել վերոնշեալ հայոց անաղարտ խօսակցական լեզւին անյարիր տարբերակը չէզոքացնելու մտադրութեամբ:
Նիստի աւարտից յետոյ՝ Հրանուշ Յակոբեանը հիւրերին հրաւիրեց միասնաբար հանդիպել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի հետ (ճշտւած ծրագրից դուրս), մասնակիցները հետիոտն Բաղրամեան փողոցը կտրելով՝ մուտք գործեցին նախարարութիւն, ուր նախարարը ներկաներին փոխանցեց հակիրճ տեղեկութիւններ՝ արդարադատութեան եւ Սահմանադրութեան ընդունւած օրէնքների վերաբերեալ:
Նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 5:30-ին մատենադարանի նորակառոյց կցաշէնքի սրահում կայացաւ գիտաժողով՝ «Արդի հայ գիրքը՝ աշխարհի մայրաքաղաքներում» թեմայով: Հանդիպման ընթացքում արտայայտւեցին մի քանի գրողներ, որոնք նախապէս արձանագրւել էին՝ արտայայտւելու, սակայն օրւայ դիւանի կողմից սահմանւած արտայայտւելու ժամերը չյարգւելու պատճառով՝ որոշ անձինք չկարողացան իրենց տեսակէտները ամբողջական կերպով ներկայացնել: Սոյն գիտաժողովում ելոյթ ունեցաւ պատւիրակութեանս անդամ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, որը հնարաւորութիւն չունեցաւ ամբողջական կերպով ներկայացնել այն, ինչ մանրամասնօրէն պատրաստել էր նախօրօք: Շատ կարճ ու սեղմ արտայայտւեց հայ գրքի տպագրութեան պատմութեան վերաբերեալ՝ նշելով, որ 1638 թւականին առաջին անգամ Սպահանի Նոր Ջուղայում հրատարակւել են մի քանի գրքոյկներ, այնուհետեւ 19-րդ դարում Թեհրանում, Թաւրիզում եւ Նոր Ջուղայում հիմնւել են ժամանակին համապատասխանող տպարաններ, որոնք իրենց գոյութիւնը պահպանել են մինչ օրս՝ օրը օրին արդիականացնելով տպագրական սարքաւորումները, բազմաթիւ գրքեր հրատարակելով:
Գիտաժողովի ընթացքում յայտարարւեց, որ Հայաստանի մատենադարանին շնորհւել է բազային կազմակերպութեան կարգավիճակ՝ ձեռագրերի հարուստ ժառանգութիւն պահպանելու եւ վերականգնելու դժւարին գործընթացի համար:
Նոյն օրը երեկոյեան ժամը 6:00-ին սփիւռքահայ պատւիրակութիւնները Վահան Տէրեանի արձանի շուրջ համախմբւելով՝ ունկնդրեցին երիտասարդ բանաստեղծներին, որոնք ասմունքում էին իրենց հեղինակած ստեղծագործութիւնները:
Ժամը 22:00-ին, Երեւանում, մասնաւորապէս Մաշտոցի պողոտայում եւ մատենադարանին յարակից հարթակում Ս. Մեսրոպ Մաշտոցի արձանի շուրջ եռուզեռը գագաթնակէտին էր հասել, տեղի պէտք է ունենար բազմաբովանդակ մշակութային միջոցառում, որն ընդգրկելու էր Մաշտոցի պողոտայի ողջ երկայնքը՝ մինչեւ մատենադարանի զարդարւած հարթակը: Ժողովուրդը խուռներամ համախմբւած Մաշտոցի պողոտայի երկայնքով՝ մայթերում սպասում էր, թէ երբ է սկսւելու միջոցառումը: Իսկ Մեսրոպ Մաշտոցի արձանի մօտ աստիճանաբար համախմբւում էին Հայաստանի ու արտասահմանեան բարձրաստիճան հիւրերն ու ԻՒՆԵՍԿՕ-ի պատասխանատու անձինք՝ մասնակցելու ԻՒՆԵՍԿՕ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսի 2011 թւականի գրքի մայրաքաղաք Բուէնոս Այրէսից Երեւանին հանդիսաւոր փոխանցման միջոցառման բացմանը:
Նշելի է, որ պատւաւոր հիւրերի կարգավիճակով միջոցառմանը մասնակցում էին նաեւ 2013 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակւած Բանգկոկի ներկայացուցիչները:
Միջոցառման պաշտօնական բացումից առաջ՝ մատենադարանի հարթակում տեղադրւած վիդէոսկրիններով հիւրերը առիթ ունեցան դիտելու Մաշտոցի պողոտայի ողջ երկայնքով երիտասարդ աղջիկների ու տղաների պարախմբերի ելոյթները՝ պարեղանակների զուգակցութեամբ:
Միջոցառման վերջում ցուցադրւեց գրքի պատմութեան վերաբերեալ լազերային շոու, որի աւարտից յետոյ՝ սկսւեց հրավառութիւն:
Երկուշաբթի, ապրիլի 23-ի առաւօտեան ժամը 10:30-ին Հայաստանի Գրողների միութեան սրահում հերթական նիստը բացւած յայտարարւեց «Սփիւռք-Հայաստան՝ գրական միասնական դաշտ» օրակարգով:
Մի շարք գրողներ քննարկելով ներկայացրեցին իրենց մօտեցումները եւ մտահոգութիւնները՝ ընդհանուր առմամբ:
Դադարից յետոյ՝ ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանեանը նիստը բացելով՝ արտայայտւեց. «Հայաստանի Գրողների միութիւնը երկար քննարկումներից յետոյ՝ պատմական որոշում է կայացրել՝ այնուհետեւ սփիւռքահայ գրողներին աստիճանաբար ներառելու Հայաստանի Գրողների միութեան շարքերում՝ որպէս լիիրաւ անդամներ:
Իրանահայ հետեւեալ գրողները յայտարարւեցին որպէս Հայաստանի Գրողների միութեան անդամներ՝ Թորգոմ Տէր-Յակոբեան, Անդրանիկ Սիմոնեան, Վարանդ, Արփի Ալեքսանդր, Ալմին, Վահէ Արմէն, Անդրանիկ Խեչումեան, Էլբէկ Խեչումեան:
Լեւոն Անանեանը շնորհաւորելով՝ աւելացրեց. «Ըստ տրւած բացատրութիւնների՝ աստիճանաբար ամէն տարի մի շարք սփիւռքահայ գրողներ կը գրանցւեն որպէս Հայաստանի Գրողների միութեան լիիրաւ անդամներ»:
Պատւիրակութեանս անդամ Անդրանիկ Սիմոնեանը խօսք առնելով՝ առաջարկեց, որ սփիւռքահայ գրողների անդամակցութիւնը դրական գործընթաց ունենալու մտադրութեամբ՝ պէտք է բովանդակային առումով աշխատանքային բաժանում կատարւի՝ ընդունւած որոշումը արդիւնաւէտ դարձնելու նպատակով:
Այնուհետեւ ժամը 13:00-ին տեղի ունեցաւ երկու նոր հրատարակւած գրքերի շնորհանդէս՝ հետեւեալ կարգով.
1- Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ
2- Հայոց լեզու Յովսէփ Նալբանդեան
Կէսօրից յետոյ, ժամը 3-ին կայացաւ համաժողովի ամփոփիչ նիստը, որի ընթացքում ընթերցւեց կազմւած հաղորդագրութիւնը եւ մի շարք ուղղումներից յետոյ՝ հաստատւեց:
Ամփոփիչ նիստից յետոյ, երեկոյեան ժամը 7:30-ին, «Թումանեան» ճաշարանում կազմակերպւել էր հրաժեշտի ընթրիք-երեկոյ:
Երեքշաբթի, ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին սփիւռքեան պատւիրակութիւնները հանրակառքով մեկնեցին Ծիծեռնակաբերդ՝ մասնակցելու ծաղիկների մատուցմանը՝ յարգելու համար մեր Բիւրաւոր Նահատակների յաւերժական յիշատակը:
Նոյն օրը երեկոյեան իրանահայ պատւիրակութիւնը մեկնեց Ծաղկաձոր՝ գիշերելու գրողների հանգստավայրում:
Հինգշաբթի, ապրիլի 26-ին, կէսօրից յետոյ ժամը 2-ին, պատւիրակութիւնս հրաւիրւած էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան Մշակոյթի կենտրոն, ուր հանդիպում տեղի ունեցաւ կենտրոնի վարիչ եւ մշակոյթի խորհրդական պրն. Մեհրան Շիրաւանդի եւ նրա օգնականի հետ: Մէկ ժամ տեւած տեսակցութեան ընթացքում մտքերի փոխանակում տեղի ունեցաւ Իրան-Հայաստան մշակութային տարբեր խնդիրների, նամանաւանդ Իրանի Մշակոյթի կենտրոնի Հայաստանում տարւող աշխատանքների շուրջ:
Ըստ Մեհրան Շիրաւանդի՝ Երեւանի Կապոյտ մզկիթի տարածքում գործելու է Իրանի արտասահմանեան առաջին եւ ամենամեծ պարսկական գրադարանը, որը բաց է լինելու բոլոր այցելուների համար: Գրադարանը շուտով կապ է հաստատելու մատենադարանի եւ այլ գիտական կենտրոնների հետ՝ պարսկերէն ու հայերէն գրքոյկների հրատարակումով՝ զարկ տալու երկու հարեւան ժողովուրդների միմեանց ծանօթացնելու գործընթացին: Տեղեկացանք, որ արդէն իսկ Երեւանում բացւել եւ աշխատում են 10 պարսկական դպրոցներ, ուր սովորում են հարիւրաւոր աշակերտներ:
Սերտ կապեր հաստատելու ցանկութեամբ աւարտւեց մեր հանդիպումը:
Հետաքրքիր եւ իմիջիայլոց ցաւալի երեւոյթ է, որ ըստ պրն. Շիրաւանդի՝ ներկայում Երեւանում գործում են 10 պարսկական դպրոցներ, որոնց համար պատրաստւել ու հրատարակւել են բազմաթիւ տպաքանակով դասագրքեր, մինչդեռ ստացւած լուրերի համաձայն՝ Իրանի Իսլամական Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան միակ ամբիոնը սակաւաթիւ ուսանողների պատճառով՝ դադարեցման ու փակման վտանգի է ենթարկւած:

Իրանահայ Գրողների միութեան վարչութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։