Հա

Հասարակական

17/05/2012 - 12:14

Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9-ից սկսած ընթացք առան Ուրուգւայի հայ համայնքի ոգեկոչման ձեռնարկները՝ ազգային «Ներսիսեան» դպրոցի աշակերտների յատուկ յարգանքի ծրագրով, ապա ՀԲԸՄ-ի «Նուպարեան» դպրոցի աշակերտների հետ միացան եւ Մեծ Եղեռնի յուշարձանի մօտ գործադրւեց ոգեկոչման ծրագիր, որին հրաւիրւած էին առաջին անգամը լինելով՝ շրջանում գործող չորս տեղական դպրոցների աշակերտները:

Ժամը 11-ին Ուրուգւայի Ազգային գրադարանում կայացաւ իւրայատուկ ձեռնարկ՝ նախաձեռնութեամբ ուրուգւահայ համայնքի բոլոր կազմակերպութիւնների: Ազգային գրադարանի պաշտօնական հաւաքի ընթացքում, ուր արտայայտւեցին՝ Ուրուգւայում ՀՀ պատւոյ հիւպատոսը եւ այդ հաստատութեան տնօրէնը, գրադարանին նւիրեցին հայերէն նիւթերով եւ իսպաներէնի թարգմանւած բազմաթիւ գրքերի օրինակներ, ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան առիթով, այլեւ նկատի ունենալով, որ ԻՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակեց 2012 թւականի ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔ:
Ժամը 11-ին Հայոց Ցեղասպանութեան հրապարակի յուշաքարի մօտ ծաղկեպսակ տեղադրւեց եւ աղօթք կատարւեց:
Ժամը 19-ին Ուրուգւայի սենատի նախասրահում կայացաւ կենտրոնական ոգեկոչման ձեռնարկ, որը կազմակերպել էին խորհրդարանի նախագահութիւնը եւ ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը: Առաջին արտայայտւողը հանդիսացաւ Ուրուգւայի փոխնախագահ եւ սենատի նախագահ Դանիլօ Աստորին, որն ի միջի այլոց ասաց. «Մենք երախտապարտ ենք, որ մեր մէջ ունենք հայեր, որոնք մեր երկրի բոլոր ոլորտներում ներգրաււած են եւ իրենց աշխատանքով պատիւ են մեր հասարակութեան համար. ճիշտ դա նկատի ունենալով է, որ ես պատիւ եմ զգում ձեզ հետ լինելով նման յատկանշական օրը, Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցին բաժնեկիցը զգալով նաեւ ձեր յաջողութեանը եւ բարորութեանը»,- ասաց Դանիլօ Աստօրին:
Խորհրդարանի նախագահ Խորխէ Օրրիկօն խօսելով ցեղասպանութեան մասին՝ ասաց. «Այսօր ցեղասպանութիւնը իրաւական գետնի վրայ ոչ միայն հայերի համար է, այլեւ՝ համայն մադկութեան, քանի որ հայերի դէմ եղածը համամարդկային է : Աբդուլհամիդը իր ժամանակին ասել էր թէ՝ Հայկական Հարցին վերջ դնելու ձեւը հայերին ոչնչացնելն է, իսկ նրանից յետոյ եկած Երիտթուրքերի մի ուրիշ դահիճ՝ Թալէաթ փաշան եւս ասել էր՝ այս ամբողջ եղածից յետոյ՝ 50 տարի ոչ ոք չպէտք է խօսի Հայկական Հարցի մասին: Այսօր այստեղ կանգնած բոլորս այդ պարոններին ասում ենք, թէ իրենք որքան հեռու են իրականութիւնից»,- եզրակացրեց Խորխէ Օրրիկօն:
Րաֆֆի Յունանեանն ասաց. «Հայ ազգը ներդրումներ կատարելու մեծ դրամագլուխ չունի, նաւթ եւ գազ չունի, սակայն իր աշխարհագրական ռազմավարական դիրքով կարող է վերածւել առեւտրի մուտքի դռան՝ Կովկասում՝ ներառելով փոքրիկ տնտեսութիւններ, ինչպիսինն է՝ Ուրուգւայինը եւ տարածաշրջանի մնացած երկրներինը:
Վստահ ենք, որ Հայաստանը եւ Ուրուգւայը այս ուղղութեամբ կարող են ընթանալ՝ ուժեղացնելով իրենց կապերը՝ աշխարհով մէկ տարածւած հայութեան հետ, քանի որ երբ խօսքը գնում է Ուրուգւայի մասին, հայերը ասում են, թէ նա...ՄԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐՆ Է»:
Ձեռնարկի վերջում բոլոր ներկաներին մեծ գոհունակութիւն եւ ուրախութիւն պատճառեց Րաֆֆի Յունանեանը, երբ յայտարարեց հետեւեալը. «Մեր խօսքն աւարտելուց առաջ՝ ուզում ենք ձեզ հետ կիսել մի լուր, որը մեզ բոլորիս հպարտութիւն կը պատճառի՝ առաջիկայ օրերում շնորհիւ ՀՅԴ Ուրուգւայի Հայ Դատի յանձնախմբի անխոնջ աշխատանքի, որը տարաւ Ուրուգւայի կառավարութեան հետ, արտգործնախարար Լուիզ Ալմագրօն Հայաստան կայցելի»:

ԿԱՐՕ ՀԵՔԻՄԵԱՆ
«Կոմիտաս» ռադիոժամ
Մոնտեւիդէօ-Ուրուգւայ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։