Հա

Հասարակական

05/10/2013 - 10:20

ՓԱՍՏ - Պերճ Պռօշեանը նաեւ լուսանկարիչ էր ու ածխավաճառ

Հանրայայտ փաստ է, որ բազմաթիւ նշանաւոր մարդիկ ու մտածողներ, իրենց բուն զբաղմունքից բացի՝ նաեւ այլ հետաքրքրութիւններ ու զբաղմունքներ են ունեցել: Հայ ճանաչւած գրող Պերճ Պռօշեանն այս իմաստով եւս բացառութիւն չէ: Այսօր քչերը գիտեն, որ նշանաւոր վիպասանը եղել է Արեւելեան Հայաստանի առաջին լուսանկարիչներից մէկը 1860-ականներին:

«blognews.am» - Հանրայայտ փաստ է, որ բազմաթիւ նշանաւոր մարդիկ ու մտածողներ, իրենց բուն զբաղմունքից բացի՝ նաեւ այլ հետաքրքրութիւններ ու զբաղմունքներ են ունեցել:
Հայ ճանաչւած գրող Պերճ Պռօշեանն այս իմաստով եւս բացառութիւն չէ: Այսօր քչերը գիտեն, որ նշանաւոր վիպասանը եղել է Արեւելեան Հայաստանի առաջին լուսանկարիչներից մէկը 1860-ականներին: Պատմում են, որ լուսանկարելու արւեստի այբուբենը նրան սովորեցրել է մի թբիլիսցի հոգեւորական, այն մտադրութեամբ, որ կը յաջողւի երիտասարդ գրողի հետ մէկտեղ՝ լուսանկարել հայկական պատմական յուշարձաններն ու արձանագրութիւնները: Ու թէեւ նրանց մեծ ծրագիրը ձախողւում է, սակայն Պռօշեանը շարունակում է հմտանալ այդ ոլորտում՝ մտադրւելով այն գործածել «կոմերցիոն» նպատակներով: Նա նոյնիսկ լուսանկարչական սալոն է բացում՝ իր գործերի վրայ հպարտօրէն դրոշմելով «Պերճ Աշտարակեցի» ապրանքանշանը: Պռօշեանից ժառանգւած ոչ մեծ թւով լուսանկարները հիմնականում դիմանկարներ են:
Ըստ տեղեկութիւնների՝ 1870-ականների կէսերին նա մի կողմ է դնում իր թանկարժէք սարքը՝ լիովին նւիրւելով գրականութեանը: Սրա հետ մէկտեղ՝ Պռօշեանը նաեւ ուժերն է փորձել առեւտրի բնագաւառում: Մասնաւորապէս, նա զբաղւել է ածխի վաճառքով: Տեղեկութիւններ կան այն մասին, որ Երեւանի յայտնի Ղանթարի շուկայում գրողն ունեցել է իր խանութը: Սակայն, այստեղ էլ բախտը Պռօշեանին չի ժպտացել: Ասում են, որ, իբր, մի օր ինչ-որ չարագործներ նրա կրպակը հրկիզել են:
Յատկանշական է, որ 1907 թ. Յովհաննէս Թումանեանը Պերճ Պռօշեանի մահւան առիթով գրւած յօդւածում անդրադարձել է նրա այդ զբաղմունքներին՝ նշելով. «...Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապէս ամենասոսկալին. մի քանի օրով, իմիջիայլոց, ածուխի առուտուր է սկսել եւ տեսել է՝ օգուտ չի անում, թողել է: Այդ հօ չի նշանակիլ, թէ նա սոված էր կամ տկլոր: Ուրեմն՝ դուք ինչ կարծիք ունէք էն մարդկանց վրայ, որոնք մի որեւէ պաշտօն ունեն կամ մի առուտուր են անում: Ամենավատ դէպքում Պռօշեանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք: Նոյնիսկ էն ժամանակ էլ, երբ ե՛ւ «Ներսիսեան» դպրոցում ուսուցիչ էր, ե՛ւ թոշակ ունէր, ե՛ւ յոբելեանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի-երկու առուտուր փորձեց ու վնասւեց, թողեց: Այդ միթէ կը նշանակի՞, թէ նա թշւառ էր, մերկ ու քաղցած»:
Իսկ ահա Շիրւանզադէն իր յուշերում հետեւեալ դրւագն է պատմում Պռօշեան-լուսանկարչի կեանքից. «Մի ժամանակ Պռօշեանը Երեւանում ածխավաճառ էր եղել, յետոյ լուսանկարիչ, յետոյ էլ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կեանքից պատմում էին հետեւեալը: Ռուս-թուրքական պատերազմին 1876 թ. մի օր Պռօշեանի արհեստանոցն են մտնում լուսանկարւելու 10-12 շարքային զինւորներ: - Խմբովի՞ն էք ուզում նկարւել թէ՝ առանձին-առանձին,- հարցնում է Պռօշեանը: - Առանձին-առանձին: Պռօշեանը, տեսնելով, որ այդքան մարդկանց լուսանկարները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկութեան: Նա լուսանկարում է զինւորներից միայն մէկին եւ ասում է.- Առաջիկայ կիրակի եկէք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կը լինեն: Յաջորդ կիրակի զինւորները գալիս են, եւ Պռօշեանը, իւրաքանչիւրին տալով վեցական օրինակ մի հոգի զինւորի լուսանկարից, հարցնում է.- Հաւանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ: - Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամէն մէկը: Զինւորները հեռանում են գոհ սրտով: Այս անեկդոտի եղելութիւնը Պռօշեանը չէր հերքում»:
Չարենցի անւան Գրականութեան եւ արւեստի թանգարանը «Հրապարակ»-ին է տրամադրել Պերճ Պռօշեանի լուսանկարչական աշխատանքները, որոնցից մէկը ներկայացնում ենք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։