Հա

Հասարակական

Շաբաթ, 05 Հոկտեմբերի 2013 10:40

ԳՈՐԳԱՐՒԵՍՏ - Հայկական աւանդական ձեռագործ գորգերի արտադրութիւն՝ Արցախում

Շուրջ մէկ ամիս է, որ Արցախում (Շուշի եւ Ստեփանակերտ) սկսել է գործել հայկական ձեռագործ գորգերի արտադրութեան գործարանը: Հայկական մշակոյթի այս հնագոյն ճիւղի պահպանումն ու գորգարւեստի վերազարթնումը կարեւոր նշանակութիւն ունեն Արցախի եւ Արցախի երիտասարդ սերունդի համար, որն իր ապագան միախառնւած է տեսնում իր երկրի զարգացման հնարաւորութիւններին:

«Ազատ օր»-ի հարցազրոյցը՝ Արցախի «Ղարաբաղ-կարպետ» ընկերութեան գործադիր տնօրէն Սեւակ Խաչատրեանի հետ

Շուրջ մէկ ամիս է, որ Արցախում (Շուշի եւ Ստեփանակերտ) սկսել է գործել հայկական ձեռագործ գորգերի արտադրութեան գործարանը:
Հայկական մշակոյթի այս հնագոյն ճիւղի պահպանումն ու գորգարւեստի վերազարթնումը կարեւոր նշանակութիւն ունեն Արցախի եւ Արցախի երիտասարդ սերունդի համար, որն իր ապագան միախառնւած է տեսնում իր երկրի զարգացման հնարաւորութիւններին:


Հ.- Ինչպէ՞ս սկսւեց այս ծրագիրը եւ ի՞նչ նպատակներով։
Պ.- Արդէն երկու ամսից ի վեր Ղարաբաղում սկսել է գործել ձեռագործ գորգերի արտադրութեամբ զբաղւող «Ղարաբաղ-կարպետ» ընկերութիւնը։ Մենք նպատակ ունենք վերարտադրել հին արցախեան տիպիկ հայկական գորգերը, որը ցաւով ենք հաստատում, որ այսօր կործանման եզրին են կանգնած։ Այսօր շատ քիչ թւով են նման գորգեր պահպանւում ընտանիքներում, որ գործւել են տարբեր ժամանակների ընթացքում։ Շատ կարեւոր է վերականգնել այս մշակոյթը, որը մեր աւանդութեան հռչակաւոր ու իմաստալից բաժինն է կազմում՝ մանաւանդ գիտակցելով, որ Ադրբեջանը, խորհրդային տարիների ընթացքում, յատուկ ու դիտաւորեալ քաղաքականութիւն իրականացրեց, իրեն վերագրելով Արցախում գորգերի արտադրութեան աշխատանքը։
Արցախի հայութիւնը գորգը երբեք միայն որպէս առարկայ չէր տեսնում։ Գորգի արտադրութեան գործը բաւական լուրջ եւ արժէք ներկայացնող աշխատանք էր, իսկ իւրաքանչիւր ընտանիքում պահւած էր լինում ընտանեկան գորգը, տան ամենայարգի բաժնում։ Գորգագործութիւնը կատարւում էր տանը, ընտանիքի կին անդամների կողմից (աղջիկ, տատիկ, մայրիկ), որոնց մօտ ժառանգաբար փոխանցւում էր այս գործը։
Հետագայում ադրբեջանցիները իմանալով այս մշակոյթի լուրջ եւ արժէքաւոր նշանակութիւնը, ինչպէս նաեւ նիւթական արժէքը, յատուկ մշակւած քաղաքականութեամբ՝ ընտանիքների մօտից վերցրեցին գորգերը՝ մէկին դրամական գումար վճարելով, ուրիշին մի այլ գորգ տալով (որը, իհարկէ, արհեստական կամ շատ աւելի նւազ արժէքի գորգ էր եւ որեւէ ձեւով չէր փոխարինում ընտանեկան գորգին) եւ տարբեր առիթներով կարողացան ձեռք բերել Արցախի ընտանիքներում պահւած հին ձեռագործ թանկագին գորգերը։ Այդ գորգերի մեծամասնութիւնը կարելի է այսօր գտնել Բաքւի թանգարաններում, որը ներկայացւում է որպէս հին ադրբեջանցիների կողմից գործւած գորգեր...
Ցանկանում եմ շեշտե՛լ՝ աշխարհում չկայ ադրբեջանական գորգ։ Դա շատ պարզ իրականութիւն է, որը ծանօթ է պատմաբաններին եւ գորգագործութեան դաշտի քաջատեղեակ մարդկանց։
131005d03aԱյժմ մենք լուրջ հարց ունենք՝ այս հարցը դիմագրաւելու առումով։ Մանաւանդ որ՝ Ադրբեջանն այսօր եւս մոլեգնօրէն շարունակում է նոյն քաղաքականութիւնը վարել՝ փաստօրէն իր մօտ հաւաքած լինելով արցախեան գորգերի մեծագոյն պաշարը։ Նրանք իրենց գործարաններում շարունակում են պատրաստել Արցախեան հայկական աւանդական գորգերը եւ աշխարհին են ներկայացնում որպէս բուն ադրբեջանական՝ մեծ յաջողութիւն արձանագրելով համաշխարհային շուկայում, որովհետեւ դրանք գեղեցիկ են, արժէքաւոր են եւ մեր հնադարեայ աւանդութեան կարեւոր մասն են կազմում։
Պահը եկել է, որ մենք պէտք է տէր կանգնենք մեր մշակոյթին եւ աշխարհին ցոյց տանք, որ ո՛վ է այս մշակոյթի իրական տէրը։
Մեծ ուրախութեամբ եւ հպարտութեամբ եմ յայտարարում, որ Ղարաբաղում արդէն կայ ու գործում է այս ընկերութիւնը, «Ղարաբաղ-կարպետ» ձեռագործ գորգերի արտադրութեան գործարանը եւ նպատակ ունի ստեղծել ու վերարտադրել գորգերը։


Հ.- Դուք հիմա շատ արագ աշխատանքի մէջ էք՝ պատրաստելու համար մեծաքանակ գորգեր, որ առաջին հերթին կը տրամադրւեն ԼՂՀ-ի ազգային վիճակախաղին մասնակցող ժողովրդին՝ որպէս թանկագին եւ իւրայատուկ նւէրներ։
Պ.- Այո։ Ինչպէս տեղեակ էք, կարճ ժամանակ առաջ, ԼՂՀ-ի պետութեան նախաձեռնութեամբ, Արցախում կեանքի կոչւեց ԼՂՀ-ի ազգային առաջին վիճակախաղը, որի կազմակերպումը շատ կարեւոր եւ նշանակալից իմաստ ունի մեր պետութեան եւ ժողովրդի համար՝ վերաբնակեցման ծրագրին նպաստելու նպատակով։ Վիճակախաղի նւէրների մէկ մասը կը կազմեն հայկական ձեռագործ գորգերը, եւ այսօր մենք այս պատւէրն ենք իրականացում։


Հ.- Ե՞րբ սկսեց գործել գործարանը:
Պ.- Երկու ամիս առաջ սկսւեց մեր աշխատանքը՝ Շուշիում բացւած մասնաճիւղով։ Իսկ Ստեփանակերտում մօտ մէկ ամիս է, որ կանոնաւորապէս սկսել է աշխատանքը՝ արագ ընթացքով։ Մեզ մօտ աշխատում են արդէն 40 հոգի եւ նպատակ ունենք 100 հոգու հասցնել մեր աշխատաւորների թիւը՝ ըստ հնարաւորի արագ պատրաստելու համար գորգերի մեծ պահեստը։
Դուք տեսաք արդէն մեր ընկերութեան մասնաբաժինները, որտեղ հսկայ շէնքում արագօրէն են պատրաստւում յատուկ բաժինները։ Մեծ պատուհաններով, լուսաւոր եւ գեղեցկօրէն նորոգւած շէնքում տեղաւորւել են գորգագործութեան սարքերը, իսկ մօտ ապագայում արդէն պատրաստւում են յատուկ այլ բաժիններ, բուրդը ներկելու, գորգերը լւանալու եւ չորացնելու բաժիններ։
Շէնքային համալիրի մէկ այլ շատ ընդարձակ բաժնում, դերձանի արտադրութիւն է կատարւում, գառնուկների բուրդ է պատրաստւում, լւացւում եւ մշակւում է ու դերձանի է վերածւում։ Նպատակ ունենք բոլորովին ինքնաբաւ դառնալու՝ ըստ հնարաւորի արագ։


131005d03bՀ.- Ձեր աշխատողները մեծ մասամբ երիտասարդ աղջնակներ են։ Ո՞վ է վարժեցնում իրենց իւրայատուկ այս արւեստին տիրապետելն ու իրագործելը։ Հետաքրքրւե՞լ է Արցախի երիտասարդութիւնը տւեալ դաշտում աշխատանք ապահովելու իմաստով։
Պ.- Գիտէք, ես շատ ուրախ եմ այս գծով։ Ի՛րապէս երիտասարդ աղջիկներ են, որ փափագում են գորգագործութեամբ զբաղւել։ Ինչպէս նկատեցիք, աւելի հասուն տիկիններ էլ աշխատում են մեզ մօտ, որոնք կամ ժամանակին սովորել են այս արհեստը, կամ էլ՝ ընտանեկան պայմաններում։ Շատ ուրախ եմ, որ իրենց մօտ աշակերտում են երիտասարդ աղջիկները եւ մեծ հաճոյքով են սովորում գորգի արտադրութեան քայլերը։ Այս աղջիկները այնքան երիտասարդ են, որ իրենց կեանքում նման աշխատանք չեն տեսել Արցախում։ Մեծ ոգեւորութեամբ են կատարում այս գործը՝ գիտակցելով դրա ազգային արժէքը։


Հ.- Ի՞նչ հանգրւաններ է ներառում գորգի արտադրութեան աշխատանքը։
Պ.- Ստեփանակերտի մեր գործարանը ապահովում է գորգի արտադրութեան ամբողջական գործընթացը։ Բնաւ պատահական չէ դա, այլ դիտաւորեալ քաղաքականութեան շնորհիւ՝ ջանք է տարւում՝ լրիւ ապահովելու համար տւեալ մարզը։ Անցեալում միշտ աշխատանք էր տարւել, որ գորգի պատրաստութեան տարբեր հանգրւանները այլ երկրներում ամբողջանային, որպէսզի Արցախում ամբողջական արտադրութիւն չյաջողւէր եւ վաճառք էլ հնարաւոր չլինէր։
Այս անգամ, ուրեմն, գործարանային մակարդակով աշխատանք է տարւում, որպէսզի լրիւ աշխատանքը ապահովւի Արցախում։ Այսինքն՝ թելի պատրաստութիւնից մինչեւ ներկը, խնամքը, մշակումը, ապա գորգի հիւսքը, ձեւերը, սանդրի մեքենայով տրւած վերջնական տեսքը՝ ամէն ինչը մինչեւ վերջնական վաճառք՝ կազմակերպւում է մեր գործարանից։


Հ.- Եւրոպայի կամ աշխարհի որեւէ ցամաքամասից մի անհատ եթէ փափագում է իր տան մէջ ունենալ արցախեան ձեռագործ գորգ, ինչպէ՞ս կարող է դիմել ձեզ, ընտրել Ձեր բազմաթիւ ձեւերի միջից, ապսպրել եւ ստանալ իր նախընտրած գորգը։ Պատրա՞ստ էք լրիւ այս համակարգը տրամադրելու։
Պ.- Այդ առումով՝ մենք շատ լուրջ աշխատանք ունենք դեռ անելիք, որովհետեւ ցանկանում ենք նախապէս մեր տրամադրութեան տակ ունենալ այն պաշարը, որ ներկայանալի եւ լրիւ ամբողջականութիւն կազմող գորգերի հաւաքածոյ կը տրամադրի հետաքրքրւող անձերին։ Մեր նպատակն է համաշխարհային շուկայ դուրս գալ հարուստ ու պատշաճ պաշարով եւ աւելի գրագէտ ձեւով։
Գրեթէ ամբողջացել է մեր գործարանի կայքէջը, որը բաւական որակեալ եւ լրիւ է, բազմաթիւ լեզուներով՝ եւ հետաքրքրւողներին հնարաւորութիւն կը տայ՝ ծանօթանալու մեր աշխատանքին։ Շատ կարեւոր ենք համարում տեսնել նաեւ արտադրանքի լրիւ գործընթացը՝ իր որակով եւ խնամւած պատրաստութեամբ։ Կայքէջի միջոցով կը տրւի այս հնարաւորութիւնը։ Պատւիրատուն հնարաւորութիւնը կունենայ՝ տեսնելու գորգի արտադրութեան լրիւ աշխատանքը, հիանալի մաքուր պայմաններում դրա մշակումը՝ թելից սկսած մինչեւ վերջնական գեղեցիկ ու թանկագին գորգի ապահովումը։


131005d03cՀ.- Հնարաւորութիւն կը տրւի՞ յատուկ ապսպրանքներ կատարելու։
Պ.- Այո, լրիւ։ Որեւէ պատւիրատու կարող է ընտրել իր ցանկացած ձեւը, իր ցանկացած գոյները, իր ցանկացած չափերը, իր ցանկացած որակը եւ նախշերը ու իր համար յատկապէս պատրաստւած՝ գորգ պատւիրել։ Կարող է նոյնիսկ իր ցանկացած ձեւը մեզ առաջարկել. մենք լրիւ հնարաւորութիւնն ունենք դա իրագործելու։


Հ.- Մեր մշակոյթում ինչպիսի՞ դեր է խաղացել ձեռագործ գորգը։
Պ.- Շատ պատմագէտներ հաստատում են, որ հայկական գորգի պատմութիւնը շաղկապւած է հայ ազգի գոյութեան հետ։ Գորգագործութիւնը եւ գորգը միշտ ուղեկից են դարձել մեր ազգին՝ տարիների ընթացքում։ Գորգը անբաժան է եղել հայ ընտանիքից ե՛ւ ինքը գորգագործութիւնը, որպէս արհեստ, ե՛ւ գորգը որպէս հայի պաշտամունք եւ արարողակարգ՝ եղել է ամէն հայ ընտանիքի կարեւոր մէկ գանձը։
Արցախը միշտ հանդիսացել է ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլ ընդհանրապէս ամբողջ աշխարհում հին գորգագործական կենտրոններից մէկը։
Ասեմ, անշուշտ, որ հին աշխարհում շատ էլ չէին գորգագործական կենտրոնները։ Այս առումով՝ պատմական Հայաստանը ծանօթ էր որպէս գորգագործութեան կենտրոն, իսկ Արցախը իւրայատուկ դեր ունէր այս բնագաւառում՝ իր առանձին կենտրոններով։ Գորգը տարբեր ժամանակների ընթացքում ունեցել է ծիսա-պաշտամունքային նշանակութիւն եւ արժէք։ Հնուց մինչ այսօր գորգն օգտագործւում է եկեղեցիներում, տարբեր արարողութիւնների ժամանակ, երբ որ միւռոնի պատրաստութիւն կայ՝ պարտադիր կը կատարւի գորգի վրայ։ Այսօր հայկական աւանդական հարսանիքները անպայմանօրէն չեն կատարւում գորգի վրայ, բայց շատ գիւղերում, որտեղ աւանդական հարսանիք է կատարւում՝ գորգը տեղադրւած է լինում հարսի եւ փեսայի թիկունքին։ Երբ հարսին առաջին անգամ տուն են բերում, պէտք է գորգը անպայմանօրէն փռւած լինի դռան առջեւ եւ հարսը այնտեղ ոտք դնելով անցնի։
Քիչ խօսքով՝ ընտանիքի ամենակարեւոր հանգրւաններում՝ հարսանիք, ծնունդ, կնունք կամ մահ, գորգը կարեւոր եւ խորհրդանշական ներկայութիւն ունի։

131005d03d

Հ.- Ի՞նչ են նշանակում գորգի վրայ պատկերւած նախշերը, խորհրդանիշ-սիմւոլները եւ ինչպէ՞ս էք ընտրում Ձեր պատրաստած գորգերի ձեւերը:
Պ.- Մեր արցախեան գորգերում շատ յայտնի են՝ արծւագորգերը, վիշապագորգերը, արեւագորգերը, տարբեր տիպի արցախեան գորգերը, որոնց նախշերում արտացոլւում է մեր պատմական ազգային կերպարը եւ մեր պաշտպամունքն ու հաւատքը։ Օրինակի համար՝ ասենք, որ մինչ քրիստոնէութեան ընդունումը՝ գորգերի վրայ պատկերւած էր արեւը։ Հայերը պաշտում էին արեւը որպէս կեանքի եւ յաւերժութեան նշան։ Այլ ձեւերում պատկերւած էր վիշապը՝ որպէս պաշտպանութեան խորհրդանիշ։ Վիշապը այլ ազգերի մօտ չարի խորհրդանիշ կարող է համարւել, բայց մեզ մօտ ուժն ու բարին եւ ընտանիքի պաշտպանութիւնն է, որ խորհրդանիշ է։
Այլ նախշերով է պատկերւած Հայկական աշխարհի բուսակենդանական աշխարհը։ Մենք ապրում ենք գեղեցիկ լեռնաշխարհում եւ հայ գորգագործները գորգերի նախշերում անպայման ներառած են լինում իրենց սիրած գեղեցիկ բնութիւնը եւ շրջակայ աշխարհը, ինչ որ բացայայտօրէն նշում է հայի կապը իր ապրած հողի հետ։ Գորգի վրայ պատկերւած է՝ լեռը, արեւը, աստղը, ծաղիկը, կենդանին, ամէն ինչը, որ կապ է ունեցել հայի առօրեայ կեանքի հետ։
Ձեւերն ընտրում ենք մեր պատմական մատեանների միջից:
Հայութեան համար մեծ նշանակութիւն ունի «կենաց ծառը» (կեանքի ծառը), որը միշտ պատկերւել է գորգերի վրայ՝ որպէս յաւերժութեան ու կեանքի նշան, որը վերածնունդի իմաստն է ընդգրկում իր մէջ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։