Հա

Հասարակական

17/03/2012 - 13:38

altՊոլիս, «Մարմարա» - Լրագրողներ՝ Ահմեդ Շըքը եւ Նեդիմ Շեները, որոնք ընդյատակեայ ահաբեկչական «Էրգենեքոն» կազմակերպութեան դատավարութեան ծիրում բանտարկւել էին, մարտի 12-ին ազատ արձակւեցին: Յիշեալ լրագրողները, ինչպէս նաեւ ձերբակալւած 8 լրագրողներ ու 13 վկաներ, մեղադրւում էին «Էրգենեքոն»-ի ծիրում «Օտա Թի.Վի.»-ի գործով: Վճռադատ ատեանը երկու այլ լրագրողների եւս ազատ արձակեց՝ նկատի ունենալով նրանց կալանքի տակ գտնւելու ժամկէտը եւ այն իրողութիւնը, որ նրանց նկատմամբ մեղադրանքը կարող է փոխւել:

Բանտից դուրս գալու ընթացքում Շեները, որ Հրանտ Դինքի սպանութեան մասին մի գիրք է գրել, յայտարարեց, որ իր նպատակն է թոյլ չտալ, որ Հրանտ Դինքի արիւնը գետնին թափւած մնայ: Ասացի. ««Հրանտի համար, արդարութեան համար» եւ բանտ մտայ. նոյն խօսքերը ասում եմ նաեւ բանտից դուրս գալու ժամանակ: Իմ առաջին լուրը կը լինի Հրանտ Դինքի մասին»,- յայտնել է Շեները:
Նրա հրատարակած «Դինքի սպանութիւնն ու հետախուզութեան ստերը» գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրի ներսում, եւ այդ պատճառով՝ ոստիկանութիւնը դատական հետապնդում էր բացել լրագրողի դէմ:
Շըքը եւ Շեները բանտից դուրս դիմաւորւեցին իրենց հարազատների եւ լրագրողների մեծ բազմութեան կողմից, եւ իրենց առաջին յայտարարութիւնները անելով՝ դիտել տւեցին, թէ անկատար արդարադատութիւնը չի կարող իրաւական ու ժողովրդավար կարգեր ապահովել այս երկրում: Ըստ Շըքի՝ դեռեւս 100 լրագրողներ են բանտարկւած մնում եւ խօսքի ազատութիւնը միայն լրագրողների հարցը չէ, քանի որ նոյն մեղադրանքով են բանտարկւել նաեւ 600 համալսարանականներ եւ աւելի քան 6000 քուրդամէտ գործիչներ, որոնց բանտարկութիւնը պէտք է դիտել խօսքի ազատութեան լոյսի տակ:
Շեներն ասաց, որ իրենց դէմ ծուղակ է լարւած, սակայն արդարութիւնը ի վերջոյ իրականութիւնը ի յայտ կը բերի:
Ընդդիմադիր «Հանրապետական ժողովուրդ» կուսակցութեան պետ Քեմալ Քըլըջդարօղլուն ասաց, որ սա ուշացած վճիռ էր եւ աւելացրեց, թէ մնացած ձերբակալւած լրագրողները պէտք է անյապաղ ազատ արձակւեն: «Թուրքիան պէտք է ձերբազատւի լրագրողներին ու պատգամաւորներին ձերբակալած երկիր լինելու ամօթից»,- նշել է Քըլըջդարօղլուն:
Մարտի 13-ին նա նաեւ քննադատեց Սւազում 37 ալեւիների սպանութեան հարցով նոյն օրը աւարտւած դատավարութիւնը, որտեղ ոչ ոք պատասխանատւութեան չէր ենթարկւել՝ այն որակելով «Թուրքիայի խայտառակութիւնը»: Յիշեցնենք, որ 1993 թւականին Սւազում 37 ալեւիներ էին սպանւել եւ տասնեակ ուրրիշներ վիրաւորւել, երբ ազգայնամոլները հրկիզել էին հիւրանոցը, ուր ալեւիների հաւաք էր տեղի ունենում: «Մարդասպանների մի մասը ամուսնացաւ, բանակ գնաց, երեխաներին դպրոց ուղարկեց, բայց չբացայայտւեց եւ չձերբակալւեց: Դա իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան եւ Թուրքիայի խայտառակութիւնն է», ասել է նա: Դատարանի վճռի դէմ նաեւ բողոքի ցոյց տեղի ունեցաւ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։