Հա

Հասարակական

27/10/2015 - 07:10

Տէրեան 65 հասցէում բացւեց Սօս Սարգսեանի յուշատախտակը

Սօս Սարգսեանի անւան Համազգային պետական թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանի ասութեամբ՝ իրենք հետեւում են վարպետի որդեգրած սկզբունքներին: «Սօս Արտաշէսովիչը մեզ միշտ ասում էր՝ արւեստը ճաշակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյեան առաջին անգամ, արդէն պաշտօնապէս մենք ներկայացում խաղացինք որպէս Սօս Սարգսեանի անւան պետական թատրոն»,- նշեց Վարդան Մկրտչեանը:

«armenpress.am» - Հայ ճանաչւած ու սիրւած դերասան Սօս Սարգսեանի ծննդեան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տէրեան 65 հասցէում բացւեց նրա յուշատախտակը։ «Այս տանն ապրել է ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանը» նշւած է վարպետին նւիրւած յուշատախտակի վրայ: «Երբ անում էի այս գործը, մտածում էի, որ նա շատ լաւ մարդ էր: Սօս Սարգսեանը շատ մեծ սիրոյ պաշար ունէր, որը շռայլում էր բոլորին: Նա երբեք չէր ստում. սա շատ կարեւոր յատկանիշ է: Ես սիրով էի ստեղծում այս յուշատախտակը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց յուշատախտակի հեղինակ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Լեւոն Իգիթեանը:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Դաւիթ Մուրադեանը վստահ է՝ սերունդները մշտապէս սնւելու են Սօս Սարգսեանի ստեղծագործական եւ բարոյական ժառանգութիւնից: «Այսօր ոչ միայն յիշատակի ու խոնարհումի, այլեւ հպարտութեան օր է, որովհետեւ մենք ունեցել ենք Սօս Սարգսեանի հետ ապրելու հնարաւորութիւն: Հայ մշակոյթի սիւներից մէկը մեր աչքի առաջ է ստեղծագործել, մենք ճաշակել ենք նրա գեղեցիկ ներկայութիւնը»,- նշեց նա: Հայ գրող, հասարակական եւ քաղաքական գործիչ Զօրի Բալայեանը սիրով է վերյիշում վարպետին:
151027d04a«Սօսը մեզ հետ է, իր քաղաքում: Այս փողոցով անցնողն, ինչքան էլ շտապի, պիտի կանգ առնի եւ նայի իրեն, մի բան մտածի: Նրա բոլոր ստեղծած կերպարները յաւերժ ապրելու է, ինչպէս եւ Սօսը»,-շեշտեց նա: Վարպետի այրին՝ Նելլի Սարգսեանն նշեց, որ իր համար Սօսից յետոյ աշխարհը դատարկւել է: «Որպէս մարդ՝ նա հեքիաթային էր, զուսպ, համեստ, մեծահոգի, ազնիւ»,- ընդգծեց նա:
Սօս Սարգսեանի անւան Համազգային պետական թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանի ասութեամբ՝ իրենք հետեւում են վարպետի որդեգրած սկզբունքներին: «Սօս Արտաշէսովիչը մեզ միշտ ասում էր՝ արւեստը ճաշակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյեան առաջին անգամ, արդէն պաշտօնապէս մենք ներկայացում խաղացինք որպէս Սօս Սարգսեանի անւան պետական թատրոն»,- նշեց Վարդան Մկրտչեանը:
Նրա ասութեամբ՝ ցուցադրւեց «44 աստիճանի վրայ» ներկայացումը՝ ի նւիրում վարպետի յիշատակին։
Հայ անւանի դերասան, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանը ծնւել է 1929 թ. Ստեփանաւան քաղաքում: 1948 թ. տեղափոխւել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպէս դերասան: 1954 թ. աւարտել է Երեւանի գեղարւեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը աւարտելուց յետոյ գրեթէ չորս տասնամեակ՝ 1954-1991 թթ., աշխատել է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անւան թատրոնում: 1991 թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2000 թթ. եղել է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008 թ.՝ ՀՀ հանրային խորհրդի անդամ:
Առաջին դերը թատրոնում «Դաւիթ Կոպերֆիլդն» էր (1947 թ.), հետագայ կերտած դերերից են՝ Դոն Քիշոտը, Եագօն, Ջան եւ Լիր արքաները, «Հացաւանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը եւ այլն: Նկարահանւել է քառասունից աւելի գեղարւեստական ֆիլմերում, որոնցից են՝ «Նւագախմբի տղաները» (1960 թ.)‚ «Տէրն ու ծառան» (1962 թ.), «Եռանկիւնի» (1967 թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Խաթաբալա» (1971 թ.), «Նահապետ» (1977 թ.)‚ «Ձորի Միրօ» (1979 թ.), «Գիքոր» (1982 թ.), «Խնձորի այգին» (1985 թ.): Նրա մտաւորականի կերպարը լաւագոյնս ներկայացւած է անւանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վաւերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաեւ որպէս բեմադրիչ եւ ունի թէ՛ թատերական, թէ՛ կինոբեմադրութիւնների յաջողւած փորձեր: Վարպետը մահացել է 2013 թւականի սեպտեմբերի 26-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։