Հա

Հասարակական

06/02/2016 - 10:20

Հրամանատարը

Նոյն ամենալաւը կարողանում էր կարտոֆիլ տապակել, ինքն ասում էր՝ «կարտոշկի ժարիտ»: Իրեն էլ ասում էինք՝ Նոյ, անունն Արշակ էր, Նոյեմբերեանից էր: Նոյը մեր մարտական յենակէտի խոհարարն էր, տղերքից, ով կարդացել էր «Տասնհինգամեայ նաւապետը», Նոյին ասում էինք նաեւ «կոկ», իսկ ով չէր կարդացել, հարցնում էր, թէ «կոկ»-ն ինչ է:

Բանակի օրւայ առթիւ


Նոյն ամենալաւը կարողանում էր կարտոֆիլ տապակել, ինքն ասում էր՝ «կարտոշկի ժարիտ»: Իրեն էլ ասում էինք՝ Նոյ, անունն Արշակ էր, Նոյեմբերեանից էր: Նոյը մեր մարտական յենակէտի խոհարարն էր, տղերքից, ով կարդացել էր «Տասնհինգամեայ նաւապետը», Նոյին ասում էինք նաեւ «կոկ», իսկ ով չէր կարդացել, հարցնում էր, թէ «կոկ»-ն ինչ է: Վեց հոգով էինք, ոչ մի սպայ, հակառակորդը՝ մի քանի մետր հեռաւորութեան վրայ՝ բարձունքում, մենք՝ ձորի մէջ, համատարած անտառների մէջ: Մեր ու հակառակորդի մէջտեղում անտառը՝ կուսական, մարդու ոտք չդիպած. ո՞վ է գժւել գնայ մեր ու հակառակորդի մէջ: Մեզանից ոչ ոք մեդալ չստացաւ, ոչ էլ շնորհակալագիր, պէտք էլ չէր, ի՞նչ էինք անում որ, սահման էինք պահում, «ժարիտ» էինք ուտում... «ժարիտ» էինք ուտում, սահման էինք պահում, ռադիօ էինք լսում, ադրբեջանական, քանի որ հայկականներից ոչ մէկը այդ տեղում չէր բռնում: Մենք Հայաստանի Հանրապետութիւնում էինք: Նոյի հօրը ադրբեջանցիները սպանել էին՝ հէնց որդու աչքերի առջեւ: Իրենց գիւղում դաշտը հնձելիս են եղել, մէկ էլ՝ կրակոց, Նոյը թեքւել է ու տեսել, որ հայրը ընկաւ: Հայրն անգամ ղարաբաղեան պատերազմի ժամանակ չէր ընկել, վիրաւորւել էր՝ ձեռքից, բայց չէր ընկել, բայց մի մեդալ անգամ չէր ստացել, ոչ էլ՝ շնորհակալագիր: Նոյը չէր սիրում այդ օրւայ մասին խօսել, փոխարէնը ծառայութեան երկու տարւայ մէջ ամառային այդ օրը, երբ նրա հայրն ընկել էր, նա վերցնում էր իրեն կցւած զէնքն ու կրակում թշնամու ուղղութեամբ, միայն՝ մի կրակոց: Դէ խախտում էր հրադադարի ռեժիմը, ինչպէս կասէր Մինսկի խումբը՝ առանց հասկանալու, թէ ինչու: Մենք հասկանում էինք...
Այդ օրը Նոյը սովորականի պէս ակտիւ չէր: Վաղ առաւօտեան, կրակի մօտ նստած խառնում էր այն, կրակի վրայ ոչինչ չէր եփւում: Պարզւեց՝ կարտոֆիլ չունենք: Որոշեցինք իջնել գիւղ եւ գիւղացիներից կարտոֆիլ խնդրել՝ «ժարիտ»-ի համար: Հերթափոխից ազատներս գնացինք գիւղ եւ առաջին իսկ պատահած դուռը ծեծեցինք... Յետդարձի ճանապարհը դժւար էր, ծանր, բացի կարտոֆիլից բերում էինք մեղր, կաթ, մածուն, անգամ վարունգ ու պոմիդոր: Կարտոֆիլը բոլորով մաքրեցինք, տղերքից մէկը՝ սալաթի գործը վերցրեց իր վրայ, Նոյը «ժարիտ»-ը դրեց կրակին, երբ հերթապահող տղերքից մէկը բղաւեց՝ «Տղերք, մարդ ա գալիս, ոնց որ աֆիցեր ա...»:
Կաթ-մածունը հաւաքեցինք, «ժարիտ»-ը չհասցրեցինք, վարունգ-պոմիդորն էլ: Պարզւեց՝ եկողը մեր դասակի հրամանատարն է, մեզանից շատերից (ովքեր բարձրագոյն աւարտ էին) փոքր, լէյտենանտ, անունը չեմ տայ, անունը չեմ յիշում, անունը մոռացել եմ՝ իր օգտի համար: Միայն «ժարիտ»-ը թողեց, պոմիդոր-վարունգը համարեց հակաբանակային, կանոնակարգին հակասող եւ դէն նետեց, կաթ-մածունը գտաւ եւ թափեց: Ու խօսում էր, չէր հայհոյում չէ, բանակում չեն հայհոյում՝ ըստ կանոնակարգի, ինչպէս վարունգ-պոմիդոր չեն ուտում, այնպէս էլ չեն հայհոյում... «Մի բաժակ կոֆէ դիր, արա»,- դիմելով Նոյին՝ ասաց մեր դասակի հրամանատարը: Նոյը դրեց, դիտմամբ շատ քաղցր, չնայած բոլորս էլ գիտէինք, որ դասակի հրամանատարը սուրճը դառն է խմում: «Էս ինչ կոֆէ ա, արա», «Քաղցր, պարոն լէյտենանտ, քաղցրութիւնը բոլորիս էլ պէտք ա», ասաց Նոյը՝ մենք այդ պահին դեռ չէինք հասկանում, թէ ինչու այդքան տխուր հայեացքով եւ արցունքոտ աչքերով: «Բախտդ բերեց, ուշանում եմ, թէ չէ կաշիդ կը քերթէի»,- ասաց մեր անմիջական հրամանատարը:
Կանոնակարգով կաշի քերթել, իհարկէ, կարելի է, բայց թշնամու կաշին: Գնաց, դա լաւ իրադարձութիւնն էր, բայց «ժարիտ»-ը կրակին վառւեց, դա էլ վատ իրադարձութիւնն էր: Բոլորս ասացինք, որ բոլորս էլ վառած «ժարիտ» սիրում ենք. ոչ ոք վառած «ժարիտ» չէր սիրում, բոլորս էլ սիրում էինք Նոյին, իսկ նա թաքուն արտասւում էր:
«Ի՞նչ ա եղել, Նոյ». չէր ասում:
Մթնեց, մեզ այդ օրն էլ ոչ ոք հերոսի կոչում, մեդալ, շնորհակալագիր չտւեց, ու պէտք էլ չէր, ինչի՞ համար, «ժարիտ» անելո՞ւ, աւելի ճիշտ՝ «ժարիտ»-ը վառելո՞ւ, թէ՞ կանոնակարգին հակասող վարունգ-պոմիդոր ուտելու, աւելի ճիշտ՝ դրա փորձի, ես կասէի՝ յանդգնութեան:
Հիմք չկար մեզանից որեւէ մէկին պարգեւատրելու, հասկանում էք, իսկ զինւորին պարգեւատրելու համար հիմք է պէտք: Աւելի շատ մթնեց, օրն էլ, Նոյի դէմքն էլ, «ժարիտ»-ը կերանք, իհարկէ, անգամ նրանք, ովքեր «ժարիտ»-ը միայն կէտչուպով են ուտում, քանի որ բանակում նման մարդ չկայ, ով «ժարիտ»-ը միայն կէտչուպով ուտի: Հերթափոխից ազատներով կրակի դիմաց նստած հարցուփորձ էինք անում Նոյին, թէ՝ ախպէր, բայց ի՞նչ ա եղել, ինչի՞ ես նեղւած: Նոյը լուռ էր:
Յանկարծ հերթապահող տղերքից մէկը այդ օրը երկրորդ անգամ բղաւեց՝ «Տղերք, մարդա գալիս, ոնց որ Ջանւելեանն ա»: Ջանւելեանն աւելի լուրջ էր, Ջանւելեանը մեր վաշտի հրամանատարն էր, այսինքն ե՛ւ մեր հրամանատարն էր, ե՛ւ մեր դասակի հրամանատարի հրամանատարն էր, կապիտան: Զգաստ կանգնել էինք, Ջանւելեանի ձեռքին մի բան կար, մթութեան մէջ դեռ լաւ չէր երեւում, թէ ինչ: Հերթով բարեւեց բոլորիս, հետաքրքրւեց իրավիճակից, թշնամու ակտիւութեան մակարդակից, հարցրեց, թէ ովքեր են այս պահին հերթափոխի, բոլորս ապշած պատասխանում էինք, ապշած, քանի որ Ջանւելեանի ձեռքում գիթառ էր, մենք գիթառին էինք նայում: Մօտեցաւ Նոյին, գրկեց նրան...
Այդ օրը Նոյի՝ մեր ընկերոջ ծննդեան օրն էր, ոչ մէկս չգիտէինք, ո՞ւմ մտքով կանցնի թշնամուց մի քանի մետր հեռաւորութեան վրայ ընկերոջից հարցնել, թէ երբ է ծնւել. ո՞ւմ է դա պէտք... Ջանւելեանն իմացել էր, չնայած, աւելի ճիշտ կը լինի ասել՝ չէր մոռացել, նա մոռանալ չունէր՝ ո՛չ վատը, ո՛չ լաւը: Հրամայեց նստենք, բայց այնպիսի ձայնով, որ ասես խնդրելուց լինէր: Եւ սկսեց երգել, գիթառով նւագել եւ երգել, Նոյի համար, իր զինւորի համար, մեզ համար, իր զինւորների համար, թշնամու քթի տակ, թշնամու «ինադու»:
Մենք երբեք մեր հրամանատարին երգելուց եւ նւագելուց չէինք տեսել, մենք առհասարակ երգող եւ նւագող հրամանատար չէինք տեսել: Նա հայրենասիրական երգ չէր երգում, անգամ հանրայայտ «Մարտիկի երգը» չէր երգում, նա երգում էր հայերէն մեզ անծանօթ մի երգ, որից Նոյը ոչ թէ արտասւում էր, այլ բարձրաձայն լալիս էր: Նա չէր դադարում...
Յետոյ մենք իմացանք, որ այդ երգը Նոյի հօր սիրելի երգն է եղել, յետոյ եւ մինչեւ հիմա մենք չիմացանք, թէ Ջանւելեանը որտեղի՞ց է իմացել, որ հէնց այդ երգն էր Նոյի հօր սիրելի երգը եղել, որտեղի՞ց է իմացել, որ ամէն տարի Նոյի ծննդեան օրը, հայրը հէնց այդ երգն է երգել՝ որդու համար... Երգելուց յետոյ, Ջանւելեանը տղերքից մէկին խնդրեց, որ իր ուսապարկը բերի: Բացեց եւ սեղանին դրեց մի երկու կիլոգրամի չափ պոմիդոր եւ վարունգ, ինչպէս նաեւ կաթ ու մածուն. «Տնից եմ բերել, եկէք հաց ուտենք»:
Յետոյ հերթափոխից եկած տղերքը հաց կերան, Ջանւելեանն այդ գիշեր մնաց մեզ հետ, մէկ ժամ քնեց տախտակի վրայ, ինչպէս բոլորս եւ երբ նա քնած էր, բոլորս լուռ էինք: Առաւօտեան ժպտերես Նոյը քաղցր սուրճ պատրաստեց Ջանւելեանի համար, բոլորս էլ գիտէինք, որ նա սուրճը քաղցր է սիրում:
... Ջանւելեանին հերոսի կոչում չեն տւել, ոչ էլ մեդալ, ոչ էլ շնորհակալագիր, պէտք էլ չէ, ինչի՞ համար: Հօ զինւորի ծնունդը յիշելու, զինւորին պոմիդոր-վարունգ բերելու, նրա հօր սիրած երգը նրա համար երգելու, գիթառ նւագելու համար սպային մեդալ չեն տալիս:
Իսկ հայոց բանակում քանի՞ Ջանւելեան կայ, քանի՞ հոգի կայ, որ կռւել է, բայց դեռ պիտի ապացուցի, որ կռւել է, քանի՞սը կան, որ չեն կռւել, բայց ապացուցւած է, որ կռւել են, քանի մեդալ չստացած, անշնորհակալագիր տղերք կան, որոնք պատերազմ են տեսել, դրա համար էլ պատերազմի մասին չեն խօսում եւ քանի՞սը կան, որ պատերազմ չեն տեսել, դրա համար էլ ամէն օր պատերազմում են, իրենց սեփական քաղաքներում, իրենց սեփական ժողովրդի դէմ...
Ո՞ւմ մասին ենք մենք այսօր խօսում, ո՞ւմ հետ ենք հարցազրոյցներ անում, իսկ ո՞ւմ ենք մենք մոռանում, եւ ինչե՞ր ենք մոռանում...
Բայց զինւորը մեզ հարցազրոյց չի տայ, զինւորը մեզ իր հոգսերն ու խնդիրները չի պատմի... Եբրայերէնում մի սիրուն բառ կայ՝ «լեհախառիշ», նշանակում է՝ լռելու ժամանակը: Զինւորի համար միշտ «լեհախառիշ» է, իսկ ով զինւոր չէ՝ բանակի հետ կապ չունի, իսկ ով զինւոր է՝ շնորհաւոր եւ... շնորհակալութիւն:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։