Հա

Հասարակական

04/04/2016 - 10:10

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը - Տօները գիւղում

Քրիստոսի Ծննդեան Ճրագալոյցի երեկոն էր. ընդհանուր ուրախութեան տօն, յատկապէս մեզ՝ երեխաներիս համար, որ մի երկար ու ձիգ շաբաթ պաս պահելուց յետոյ, վերջապէս այդ օրը պիտի վայելէինք այն բոլոր բարիքները, որոնցից մի ամբողջ շաբաթ զրկւել էինք:

Գրեց՝ ՄԻՔՕ
(«Ալիք»-ի առաջին հնգամեակի աշխատակից Նոր Ջուղա)
1936 թ. Նոր Ջուղա

Ծննդեան Ճրագալոյց երեկոյ

Քրիստոսի Ծննդեան Ճրագալոյցի երեկոն էր. ընդհանուր ուրախութեան տօն, յատկապէս մեզ՝ երեխաներիս համար, որ մի երկար ու ձիգ շաբաթ պաս պահելուց յետոյ, վերջապէս այդ օրը պիտի վայելէինք այն բոլոր բարիքները, որոնցից մի ամբողջ շաբաթ զրկւել էինք:
Կէսօր էր. օրւայ այն ժամը, երբ արեգակը, յունւարեան դաժան սառնամանիքի եւ ձիւնախառն, խայթող քամու դէմ պայքարելով, իր դժւարին վերելքն էր կատարել ու հասել էր այն կէտին, ուր, կարծէք, նա մի րոպէ կանգ է առնում խոր շունչ առնելու եւ լիքը կրծքով արտաշնչելու իր այնքան ախորժ ջերմութիւնը, որին կարօտով սպասում էինք մենք՝ մանուկներս արեւոտ անկիւններում՝ ցրտից կապտած ու խաղից յոգնած, մեր անհանգիստ անդամներին նոր կեանք ու աշխոյժ ներարկելու: Ահա օրւայ այդ ժամին հնչեցին եկեղեցիների զանգակները: «Խոստովանանքի զանգ»-ն էր եւ միեւնոյն ժամանակ ազդանշան տանտիկինների համար:
160404c04bԶանգերի մեղմ ղօղանջների հետ միասին, ժրաջան տանտիկինները կաթսան դրին թոնրի վրայ, որպէսզի ըստ կարելւոյն փլաւը շուտ եփէին եւ իրենք էլ կարողանային ժամերգութեան ներկայ գտնւել: Քառորդ ժամ չանցած, ճրթճրթալով բորբոքւեց կրակը, թանձր ծուխը քուլա-քուլա դուրս խուժեց երդիկից եւ ձգւեց դէպի վեր, բարձր, շատ բարձր եւ գնաց միախառնւելու երկնքի կապուտակութեան մէջ լողացող խոշոր ամպակոյտերին: Առաջին երդիկին յաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը... Մինչեւ անգամ չոբանի տանիքից էլ ծուխ էր ելնում եւ օձապտոյտ գալարումներով սողում դէպի վեր՝ ձուլւելու իր քոյր քուլաներին: Մի ժամ եւս, եւ գիւղը ամբողջապէս կորած էր ծուխի մէջ: Եթէ այդ ժամին մի անծանօթ այցելու պատահէր, անկասկած պիտի կարծէր, թէ ամբողջ գիւղը կրակի է մատնւած...
Մենք՝ երեխաներս էլ, թէեւ մի-մի ներկած ձու գրպաններս դրած թռչկոտում, խաղում ու զւարճանում էինք, բայց վա՜յ էն խաղին. քաղցած փորին ի՞նչ խաղ: Կարմիր ձւի գեղեցիկ տեսքը, տաք-տաք փլաւի անուշ հոտը գրգռում էին մեր մանկական անհամբեր ու սուր ախորժակները եւ դատարկ փորում մաղձն իրար խառնում: Դեռ հերիք չէր, որ մի ամբողջ շաբաթ պաս էինք պահել, այդ օրը ծոմ էլ պէտք էր պահել, որպէսզի արժանի լինէինք սուրբ հաղորդութեան:
Եթէ պատահում էր, որ օրէնքը խախտում էինք ու ծոմ չէինք պահում, հօ էս հէր օրհնած տէրտէրի ձեռքից չէինք պրծնում. հէնց մօտենում, բերաններս բաց էինք անում թէ չէ, իսկոյն հասկանում էր ու հարցնում՝ «Հաց ես կերել»: Սուտ ասել էլ հօ չէր լինում. միթէ կարելի է սուտ խօսել ու ճաշակւել, դա մահացու մեղք է. թէ չէինք ստում հօմ չէր հաղորդում. մարդ կրակն էր ընկած էդ պասի ու ծոմի ձեռքից: Եւ որ գլխաւորն էր այդ օրը էս անպիտան ժամկոչն էլ մեր վիճակը հասկանալով, կամենում էր խաղ խաղալ մեր գլխին եւ կարծէք դիտմամբ ուշացնում էր եկեղեցու զանգակները, որպէսզի քահանան բարեհաճէր ժամերգութիւնն սկսել: Չգիտեմ, թերեւս խեղճ ժամկոչը սովորականից շատ աւելի շուտ էր զանգը զարկում, սակայն մեզ՝ անհամբեր մանուկներիս համար այդ օրը՝ մինչեւ զանգի զարկւելը աւելի երկար էր թւում, քան պասի ամբողջ շաբաթը...
Վերջապէս հնչեց եւ զանգը. նրա կանչը լսելուն պէս ամէն կողմից միմեանց հրելով ներս խուժեցինք եկեղեցի: Քահանան էլ, խոստովանանքը վերջացրած լինելով, օրօրւելով եւ մօրուքը մատներով սանրելով ու «Տէր, ողորմեայ» մրմնջալով մօտեցաւ սեղանին, շուրջառը հագաւ եւ ժամերգութիւնը սկսեց: Եկեղեցին լցւեց ուրախ, բայց վերին աստիճանի երկիւղած ու ջերմեռանդ հաւատացեալներով: Սկսւեց ժամասացութիւնը, իր ելեւէջների հետ համընթաց տարուբերելով նաեւ գեղջուկ զգայուն սրտերը:
Բայց սրանով չվերջացաւ պասը. մեզ՝ մանուկներիս զբաղեցնող միտքը պասից ազատւելն էր: Ու աչքներս չորս արած, քահանայի բերանին յառած, անհամբեր սպասում էինք, թէ երբ կը հաճի «Առէք, կերէք»-ը ասելու, որպէսզի մենք մեր հաւկիթները, որ արդէն կճպել, պատրաստել էինք, որկորներս նետէինք ու պաս ասածը սրտներիցս հանէինք:
Պաղ ձիւնը սպիտակ սաւանով ծածկել էր գետինը, երբ ժամւորները դուրս եկան եկեղեցուց ու միմեանց Քրիստոսի Ծնունդը շնորհաւորելով, իրար հրաւիրում էին իրենց տները: Սակայն եւ ոչ մէկը տեղի տւող չէր. այդ գիշեր իւրաքանչիւրն անպայման իր յարկի տակ պիտի վայելէր եղածը եւ ուրախանար աշխարհի Փրկչի ծնունդով:
Տուն եկան մերոնք էլ. տուն հասաւ եւ տատս: Հօրեղբայրս դպիր լինելով՝ միշտ կուշանար. նա պէտք է ոտքը քահանայի հետ դուրս դնէր եկեղեցուց: Ուստի մինչեւ նրա գալը, տատս պատրաստւած կերակրից մի քանի պնակ բաժին հանելով գիւղի չքաւորներին, նրանց տները ղրկեց, որպէսզի «մեր կերածն էլ հալալ ըլնի»: Մինչեւ նրանց վերադարձը հօրեղբայրս արդէն տուն հասաւ: Խմբւեցին սեղանի շուրջ՝ կանայք առանձին, տղամարդիկ առանձին: Մի-մի կարմիր ձւով բոլորս էլ մեր «պասը կոտրել»-ով, առօք-փառօք ընթրեցինք: Ապա պապիս եւ տատիս սրտաբուխ օրհնանքներն ու բարեմաղթութիւններն ստանալուց յետոյ, հասակաւորները գնացին նորափեսայ ու նորահարս ունեցողների տները՝ ձու խաղալու, զւարճանալու, իսկ մենք՝ մանուկներս, ցերեկւայ խնդումներից ու խաղերից իսպառ յոգնած, անկողին մտանք ու մուշ-մուշ քնեցինք:
Յաջորդ առաւօտ, արեւի առաջին ճառագայթների հետ, մենք՝ երեխաներս արդէն ոտքի էինք, այսօր աւելի զւարթ, աւելի կենսունակ: Գրպաններս ձւով լի, կտուրից-կտուր, տնից-տուն ենք անցնում, ձու խաղում, միմեանց շնորհաւորում, զւարճանում: Հարս ու աղջիկներն էլ շտապ-շտապ տան բանն իրար գլխի տալով, որը մի գաւաթ, որը մի ջամ, մէկը մի աման, միւսը մի բաժակ առած, եկեղեցի են շտապում՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹԵԱՆԸ ներկայ գտնւելու եւ այդ օրհնած ջրից մի-մի աման տուն բերելու: Եկեղեցին լցւում է ամէն հասակի ու սեռի ջերմեռանդ հաւատացեալներով: Սկսւում է մկրտութեան արարողութիւնը: Եկեղեցին մէկէն ի մէկ նոր կեանք է առնում... Միւռոնի իւրաքանչիւր կաթիլի հետ, որ ընկնում է ջրով լի կոնքի մէջ, աղօթողների ջերմեռանդութիւնը հասնում էր իր գագաթնակէտին:
Վերջապէս խաչը հանւեց օրհնւած ջրից: Հասարակութիւնը յարձակւում է սուրբ ջրով լի կոնքի վրայ, աշխատելով գոնէ մի բաժակ այդ օրհնւած ջրից առնելու, մի պուտով գոնէ շուրթերը թրջելու: Իսկ ում յաջողւեց շատ ջուր առնել, տարաւ տուն, ընտանիքի անդամներին մի-մի կաթիլ խմեցրեց, մնացածի մի մասն ածեց ջրհորը, միւս կիսով էլ սպիտակ հողից շաղախ պատրաստելով չորացրեց, որ եթէ մէկ օրից մէկ օր ձեռները կամ որեւէ բան պղծում են, այդ «միւռոնահողով» ախտահանեն:
Ամբողջ մի շաբաթ գիւղը զւարճութիւններով, խնդումներով եւ միմեանց Քրիստոսի Ծնունդն ու Մկրտութիւնը շնորհաւորելով էր զբաղւած: Բոլորի դէմքին արտակարգ սէր, համակրանք ու ծայր աստիճանի բարեացակամութիւն էր գծագրւած: Քրիստոսի քարոզած սէր-եղբայրութիւնը, կարծէք, մի պահ աւետարանական խօսքերից կենդանի գործի էր վերածւել: Տարօրինակ քնքշութիւն էր տիրում ընտանիքի անդամների մէջ՝ իրար հանդէպ. բոլորն էլ միմեանց ջան էին ասում, ջան լսում: Ու մանուկներիս համար այս երջանիկ օրերը երազի նման եկան ու անցան, առանց սակայն կիսով չափ գոնէ յագեցնելու մեր մանկական անսպառ սէրը՝ դէպի ուրախութիւնն ու խաղերը:

160404c04a

Յարակից լուրեր

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    «alikonline.ir»-ի սիրելի ընթերցողներ՝

  • 23000-րդ «Ալիք»-ը...
    23000-րդ «Ալիք»-ը...

    Թանկագին ընթերցող-բարեկամ. այսօրւայ թւագրւած համարով «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով այցելում է Ձեզ…

    Այլ խօսքով՝ իրանահայ հինաւուրց գաղթօջախի ամենաերկարակեաց ու անընդմէջ հրատարակւող թերթն, ահա, թեւակոխել է իր կենսագրութեան 88-րդ հանգրւան:

  • «Ալիք»-ը ձեռք է բերել նոր օֆսեթ մամլիչ մեքենայ
    «Ալիք»-ը ձեռք է բերել նոր օֆսեթ մամլիչ մեքենայ

    Սպասողական երկար-բարակ վիճակը չի փոխւում տհաճութեան միայն այն ժամանակ, երբ գործի մեկնարկին հարկաւոր յամառութիւն ու կամք ես դրսեւորում:

  • Երբ ստւերն անգամ ջերմացնում է հոգիդ
    Երբ ստւերն անգամ ջերմացնում է հոգիդ

    Խօսքը՝ Ժորժի եւ Արմէնի մասին է-, «Ալիք»-ի վերջին 30-40 տարիներին ստւերի մէջ տքնող խոնարհ հերոսների, որոնց մերօրեայ դիտանկիւնից նայելով, կարելի  է հիմնասիւներ անւանել:

    Արմէն Դաւթեանը՝ «Ալիք»-ի անխոնջ ու նւիրւած ոճաբան-սրբագրիչը երեք տարի առաջ անժամանակ մեզանից հեռացաւ ճիշտ այսօր՝ հոկտեմբերի 22-ին: 

  • Եւ ահա մենք
    Եւ ահա մենք

    Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

    Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։