Հա

Հասարակական

30/05/2016

ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

Արցախի թեմի առաջնորդ՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի զրոյցը՝ «Ալիք» օրաթերթի լրագրողի հետ

ՀԱՏԻՍ


«ԱԼԻՔ», Ստեփանակերտ, Թեհրան - Մայիսեան յաղթանակների շուքն այս գլորւող տարում անցնում է նաեւ Արցախեան ազատագրական դեռ շարունակւող պայքարի փայլը կրելով:
«Քառօրեայով» ճանաչւող, բայց դեռ խախտւող հրադադարի այս շրջանում, երբ ամէն բան նոյն աւիրւելու արագութեամբ կառուցւելու եւ կազմակերպւածութեան երանգ ստացաւ, փաստացիօրէն լսելի դարձրեց ազատատենչ արցախցու կամքի դրսեւորումները: Այդ նոյն ժամանակահատւածում էր, երբ առիթն ունեցայ՝ արդէն մօտկից շօշափելու մինչ այդ միայն գրանցւած լուսանկարներով տեսածս դէմքերի մասին տրամադրութիւնը:
Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:
Զրոյցն անցաւ արցախցուն յարիր հիւրասիրութեան ոգով, որտեղ իրաւունք չունէք մերժելու ձեզ մատուցւող բերք ու բարիքը՝ «Հարիւր տարի» կեանք պարգեւող թթահամ հիւթն ու դրան յաջորդող զրոյցը... Եւ այսպէս անցանք լուսանկարներից՝ ներս...


160530d04a- Ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, ում համար ժամանակին արցախեան ազատագրական պայքարը պատկերագրւում էր լուսանկարիչ՝ Մանգասարեանի կամ նրա նմանների մեկնաբանութեամբ ու նկարագրած երանգներով: Նոյն այդ լուսանկարներում էր, որ առաջին անգամ մարմնաւորւեց պատերազմական ժամանակշրջանում հայ հոգեւորականի կերպարը: Դուք էիք պատկերւած ամենուր, որտեղ ժողովրդին ոտքի հանելով հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու էիք կոչում: Լուսանկարիչն էլ ինքը՝ Ռուբէն Մանգասարեանն էր: Եւ այսպէս մի քանի էռնեկ՝ մի տողում... Իսկ այսօր, քսանքանի տարի անց, երբ հակառակորդը փորձում է վառօդի հետ խաղ անել՝ դարձեալ հրապարակւեցին լուսանկարներ, որտեղ երիտասարդ հոգեւորականութիւնը զէնքն ուսին դիրքեր է մեկնել հոգեւորականի զգեստով: Ինչ էք զգում այժմ: Ժամանակ հասկացութիւնը ինչպիսի ազդեցութիւն է գործել:
Պարգեւ արք. Սրբազան - 27 տարի առաջ Վեհափառ Հայրապետի՝ Վազգէն կաթողիկոսի հրամանով որպէս՝ Արցախի թեմակալ առաջնորդ գործուղւեցի վերաբացելու՝ Արցախի թեմը: Ինձ հետ էին ընդամենը չորս հոգեւորականներ... Նպատակը պարզ է, վերադարձնել ժողովրդի հոգեւոր եւ պատմական ժառանգութիւնն ու արժէքները, որից անօրէն կերպով աւելի քան 60 տարի զրկւած էր արցախցին: Իսկ պաշտպանութեան ու մարտական ոգու ջերմացնելը մեր առաքելութիւնն ու պարտքն է, քանի որ մեր յետեւում մայր Հայաստանի անվտանգութեան խնդիրը կայ: Դատապարտւած ենք զօրեղ լինելու, որ անվնաս մնայ Հայաստանը: Արցախը պիտի ապրի, որ զօրեղացւի Հայաստանը, ապրելով, նահատակւելով, ու հերոսավայել յաղթանակելով... իսկ արցախցին այդ կատարում է գիտակցաբար: Այսպիսով է, որ կարող է Նախիջեւանն էլ լուսբաց ունենալ, կամ նոյնիսկ Կարսը... Իսկ լուսահոգի Ռուբէնի, Մանգասարեանի հետ մենք եղել ենք պատանեկան շրջանի ընկերներ ու մտերիմներ: Լաւ է, որ պատմութիւնը այնպէս՝ ինչպիսին կայ գրանցւում է: Հրապարակւող լուսանկարներում հայը մի մասն է այն ոգեղէն հայրենի հողից, որ պատկերւում է պատկերներում: Դա քսանքանի տարիների ընթացքում ոչ միայն չի նւազել, այլ նաեւ զօրեղացել ծաղկել, եւ կազմակերպւած տեսք է ստացել... Պէտք է լինել դիրքերում եւ մօտկից տեսնել մեր երիտասարդներին ու հասկանալ, թէ ինչ կարգի ՍՈՒՊԵՐ ՍԵՐՈՒՆԴ է մեծացել:


- Իսկ որն է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու յստակ մօտեցումը այս կապակցութեամբ:
Սրբազան Հայր - Շատ յստակ: Աստւածաշնչեան մօտեցում. Քրիստոս ասում է. «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնի՛ր...»-, կեանքդ, ընտանիքդ, ընտանիքիդ պատիւը, հայրենիքդ՝ պահելու պաշտպանելու համար... Մէկ այլ խօսք էլ՝ «Երանի նրան, ով կեանքը կը տայ ընկերոջ, ազգի, հայրենիքի, եւ ազատութեան համար»: Եւ մենք, մեր եկեղեցով մէկ, հայրենիքի համար զոհւածներին համարում ենք կատարեալ սուրբ նահատակներ: Այո, մարդ կարող է որեւէ վանքում իր կեանքը նւիրի Աստծուն եւ ճգնի՝ աւելի քան 90 տարի, սակայն նահատակի կատարած գործն է, որ իրական սրբութիւն կը համարես... Իսկ այսօրւայ մեր երիտասարդները, ովքեր իրենց կեանքը նւիրեցին հայրենիքին, նրանք են մեր նահատակները... Եւ սա զուտ քրիստոնէական մօտեցում է:


- Փաստօրէն սա Գարսիա Մարկէզի բնորոշածն է յիշեցնում «Խելօք խելառները ապագան մօտեցնում են»...
Սրբազան Հայր - Ես չէի ասի խելառ: Մարկէզը եթէ հայերէն գիտենար խելառի փոխարէն հաստատ կասէր՝ «խենթերը»: Լաւ իմաստով խենթը շատ գեղեցիկ էութեան մասին է խօսում: Մենք այսօր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ Սփիւռքում այդպիսին պէտք է լինենք, եթէ կամենում ենք կատարեալ յաղթանակ, ապահով Հայաստան ունենալ: Դա աստւածատուր ոգի է... Ասեմ նաեւ, որ պատմական Արցախում կար 5000-ի հասնող գործող եկեղեցի ու վանական համալիր, հազարաւոր ձեռագիր մատեաններ, Գանձասարի կաթողիկոսութիւնը, եւ մեծագոյն հոգեւոր դէմքեր: Մենք վերականգնելու ենք մեր Արցախը մետր առ մետր: Այո այժմ գտնւում ենք պատերազմական վիճակում ու շրջափակման մէջ ենք: Իսկ հէնց այս ժամանակահատւածում շուրջ 70 մատուռ ու վանք կայ վերանորոգւած: Քիչ չէ, բայց այն եղածի համեմատ, որը ոչնչացւել է հակառակորդի ձեռամբ դեռ զրոյական թիւ է կազմում: Արցախի թեմի միջոցներով դեռ 90-ականներից սկսած հրատարակւել են 80-ից աւելի հատորներ՝ Աստւածաբանական ու Հայ Եկեղեցու թեմաներով: Նոյն այդ ժառանգութիւնը վերականգնելու արդիւնքում էր, որ Արցախում բոլորս մէկ ենք դարձել սկսած՝ նախագահից մինչեւ՝ տատիկ-պապիկ, աշխարհականից՝ մինչեւ հոգեւորական...


- Ժամանակին այցելեցիք նաեւ Իրան եւ եղաք իրանահայ համայնքներում: Խօսենք Ձեր ունեցած տպաւորութիւնների մասին:
Սրբազան Հայր - Այցելել մի այնպիսի համայնքի, որն իր ձեռքով ստեղծել է հնարաւորութիւններով ու մշակութային օջախներով օրինակելի մի հայկական հարթակ՝ անասելի ուրախութեան առիթը դարձաւ ինձ համար: Հպարտ լինելու հիանալի առիթ էր այն: Այնտեղ նաեւ պատարագներ եմ մատուցել: Նայել՝ ժողովրդի աչքերին ու տեսել եմ վառ կարօտը հայրենիքի նկատմամբ: Իրանահայութիւնը փառաւոր, բարեպաշտ, հայրենասէր համայնք է, որը մեզ ոգեւորում եւ ուժ է հաղորդում իր էութեամբ: Էութիւն, որը գտնւելով Հայաստանին ու Հայրենի Արցախին շատ մօտ կրկնակի կարեւորութիւն է ստանում:


- Որպէս իր անկախութեան ու կամքի ազատութեան համար մարտնչող Արցախի թեմի առաջնորդ, ինչով էք դիմելու Ադրբեջանի հոգեւորականութեանը:
Սրբազան Հայր - Նրանք նոյնպէս հոգեւոր ծնողներ են: Նրանք նոյնպէս չեն ցանկանում, որ իրենց հոգեւոր զաւակները պատերազմի կրակին զոհ գնան: Ես նրանց կրօնական առումներով շատ լաւ եմ հասկանում: Հասկանում եմ նաեւ, որ նրանք չունեն պատերազմը կասեցնելու կարողականութիւն: Հասկանում եմ նաեւ ադրբեջանցի ծնողներին, նրանք եւս չեն կամենում երիտասարդ կորցնել: Նոյնն ինչ մենք: Մենք չենք կամենում, որ Աստծոյ արարածը, անկախ ազգութիւնից, պատերազմի զոհ գնայ: Մանաւանդ մենք՝ հայերս, քանի որ շատ լաւ գիտակցում ենք պատերազմի գինը: Ժողովուրդները՝ բոլորն էլ լաւն են: Ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ցանկանում: Սա կախւած է քաղաքական գործիչներից, մենք ցաւում ենք, որ Ադրբեջանի իշխանութիւնները պատերազմատենչ քարոզչութիւն են տարածում, հայատեացութիւն: Եւ իհարկէ, որ նրանք հաշւի չեն առնում թէ քանի հազար ադրբեջանցի երիտասարդ է զոհ գնալու: Ցաւալի է դա: Մեծագոյն վիշտն է երիտասարդ զաւակ կորցնելը: Մենք չենք կամենում վիշտ տարածել որեւէ մէկի հանդէպ: Մենք դրացի ժողովուրդներ ենք, ուշ թէ շուտ պէտք է խաղաղութիւն կնքենք: Օր առաջ պէտք է աւարտը գայ այս վիճակի եւ ոչ մի երիտասրդ մե՛ր կամ նրանց կողմից չպէտք է զոհւի... սա կը լինէր իմ պատգամը: Սա է մեր աղօթքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։