Հա

Հասարակական

Կիրակի, 31 Յուլիսի 2016 09:40

Աղդամն ու Խրամորթը. մեր եւ հոլանդացիների աչքերով

1996 թւականին Հայաստան էին եկել հոլանդացի լրագրողներ՝ թղթակից Սաշա Մալկօն եւ լուսանկարիչ Լէօ Էրկէնը: Մի քանի օր Երեւանում աշխատեցինք, յետոյ խնդրեցին իրենց Ղարաբաղ ուղեկցել: Ես էլ դիմեցի աւագ գործընկերոջս՝ Ալվարդ Բարխուդարեանին, որ գայ մեզ հետ, որպէսզի արտասահմանցիների համար «կանաչ լոյս» ապահովի:

1996 թւականին Հայաստան էին եկել հոլանդացի լրագրողներ՝ թղթակից Սաշա Մալկօն եւ լուսանկարիչ Լէօ Էրկէնը: Մի քանի օր Երեւանում աշխատեցինք, յետոյ խնդրեցին իրենց Ղարաբաղ ուղեկցել: Ես էլ դիմեցի աւագ գործընկերոջս՝ Ալվարդ Բարխուդարեանին, որ գայ մեզ հետ, որպէսզի արտասահմանցիների համար «կանաչ լոյս» ապահովի:
Վերջերս Լէօ Էրկէնին (երբեմն շփւում ենք «ֆէյսբուք»-ով) խնդրեցի «փորփրել» ու այդ այցելութիւնից որոշ լուսանկարներ գտնել: Լէօն երկար ման եկաւ, բայց ի վերջոյ գտաւ: Ես էլ նկարները ուղարկեցի Ալվարդին ու խնդրեցի վերյիշել այդ այցելութիւնը: Ու ստացւեց այնպէս, որ 19 տարի անց Ալվարդը ու Լէօն համատեղ յօդւած ունեցան:

ԱՐԱ ԹԱԴԷՈՍԵԱՆ
«Մեդիամաքս»-ի տնօրէն


160731e01aԵթէ այսօր հանդիպեմ նրանց, դժւար թէ ճանաչեմ, բայց յիշողութեանս խորքերում նրանք իրենց անկիւնն ունեն՝ ռուսաստանցի հեռուստալրագրողուհի Ինգան՝ «Վեստի» ծրագրից, անգլիացի բարալիկ մի աղջիկ, ռուսական Վանիա անունով, գերմանացի լրագրողներ, որոնց ծանր վիրաւորներով մեր ուղղաթիռը գրեթէ երկու ժամ սպասեց թռիչքադաշտում (1993-ին այն դեռ «Տատ ու Պապ» յուշարձանի շրջակայքում էր): Երբ Արիկն ասաց, որ ինձ ուղարկել է հոլանդացի լրագրողների լուսանկարները, որոնց թերեւս պիտի յիշեմ, նրանք իսկոյն աչքիս առաջ եկան՝ Սաշա Մալկօն ու Լէօ Էրկէնը:
Արա Թադէոսեանի՝ մեր Արիկի ու իր հիւրերի հետ 1996-ի գարնանը Ղարաբաղ գնացինք. հոլանդացի լրագրողներն ուզում էին մեր երկիրը տեսնել, ռուս գեներալ Անատոլի Չինեւիչի հետ ծանօթանալ ու անպայման «գրաւեալ տարածքները» լուսանկարել: Պատերազմի տարիներին նւաստս, առանց կեղծ համեստութեան խոստովանեմ, «persona grata» էի Ղարաբաղի թէ՛ պետական, թէ՛ ռազմական վերնախաւի համար: Մի քանի տարի առաջ Շուշիի յաղթանակի օրերին Արիկը մի յուզիչ յօդւած գրեց տողերիս հեղինակի հեռաւոր անցեալի մասին, որն այսօրւայ իրականութեան հետ կարծես կապ չունի, ահա դրանք.
160731e01b«1996 թւականին Հոլանդիայից երկու լրագրող էին ժամանել Հայաստան: Երեւանում նրանց ես էի «տիրութիւն անում», իսկ երբ Ղարաբաղ գնալու ցանկութիւն յայտնեցին, խնդրեցի Ալվարդին, որպէսզի ուղեկցի մեզ: Երբ եկանք Արցախ, հասկացայ, թէ ինչ յարգանք ու պատիւ է վայելում Ալվարդն այնտեղ: Մեզ համար փակ դռներ չկային՝ իմանալով, որ Ալվարդը մեզ հետ է, բոլորը, անգամ լրագրողներին սովորաբար խուսափող զինւորականները, միանգամից աւելի պատրաստակամ էին դառնում»:
Արիկի այս տողերը, հոլանդացի լրագրողների գրեթէ 20 տարի առաջ Ղարաբաղում արւած լուսանկարները արթնացրին յիշողութիւնս, թէեւ շատ դրւագներ այլեւս չեմ յիշում…
Գրեթէ 20 տարի է անցել, բայց աչքիս առաջ է լուսահոգի Անատոլի Զինեւիչի համեստ առանձնասենեակը ԼՂՀ-ի բանակի շտաբում՝ պատին փակցւած Մոնթէի լուսանկարով ու Ղարաբաղ-Հայաստան քարտէզով հսկայական սեղանի վրայ: Յիշում եմ հոլանդացիների հետ զրոյցից որոշ բեկորներ: Անատոլի Վլադիմիրովիչին զայրացրել էր յատկապէս «վարձկան» արտայայտութիւնը՝ «Ես իմ հողի վրայ եմ ապրում եւ պաշտպանում եմ իմ, այո, իմ ժողովուրդը»,- պատասխանել էր գեներալը Սաշայի հարցին:
160731e01cՇատ մանրամասներ, անշուշտ խամրել են, բայց երկու դրւագ ուզում եմ վերյիշել՝ Աղդամ քաղաքը եւ Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղը, ուր տարել էինք եւրոպացի մեր հիւրերին:
Աղդամ գնալու համար Ղարաբաղի զինւորական բարձրագոյն ղեկավարութեան թոյլտւութիւնը պիտի ստանայինք: Ստացանք եւ բանակի սպաներից մէկի ուղեկցութեամբ հին ճանապարհով՝ Ասկերանով ուղեւորւեցինք Աղդամ:
Յաջորդ թոյլտւութիւնը պիտի ստանայինք Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանեանից: Դեռ Ստեփանակերտում Անատոլի Վլադիմիրովիչն ասաց.
- Գնացէք Աղդամ, եթէ Վիտօն (Վ. Բալասանեան) ձեզ իրաւունք տայ:
Հրամանատարի առանձնասենեակում կայացած մեր զրոյցից շատ բան չեմ յիշում:
Վիտօն կոշտ արձագանգեց լրագրողների «գրաւեալ տարածքներին» վերաբերող մտահոգութիւններին: Նա աստւածաշնչեան «ակն ընդ ական»-ը մէջբերեց, Հայոց Ցեղասպանութեանն անդրադարձաւ եւ կարճ կապեց, ասելով որ այլեւս նման բան հայոց պատմութեան մէջ չի լինի:
Հրաժեշտ տւեցինք հրամանատարին ու Աղդամ շարժւեցինք: Աղդամ… թուրքի այս քաղաքի մասին բազմիցս գրել եմ 1993-ի յուլիսից սկսած, երբ առաջին անգամ էի ոտք դրել «գրաւեալ տարածք»: Բայց, այսօր էլ սարսուռ է անցնում մարմնովս, երբ յիշում եմ նրա փողոցները, այն ժամանակ դեռ կանգուն տները, իրար վրայ դարսւած կահոյքը փողոցներում: 1993 թւականի ամռանը «Հայք» թերթում գրել էի.
«Առաջին անգամ էի Ղարաբաղի սահմանն անցնում ու «զաւթած տարածք» ոտք դնում՝ Աղդամ: Ասկերանի բերդը անցնելուն պէս ճամբեզրին խփւած տանկ նկատեցի՝ վրան թարմ ծաղիկներ: Մերն է: Յետոյ՝ ճանապարհի երկու կողմը այրւած խոտ, մոխրացած ծառեր, աւերւած շէնքեր, մզկիթ, ալրաղացի կոմբինատ, բակում թափւած ցորեն, ցորենին սպասող ժողովուրդ:

160731e01d

...Անցեալ տարի նոյեմբերին (1992 թ.- Ա.Բ.) տնից դուրս գալիս բարեկամներս զգուշացնում էին՝ ուշադիր կը լինես, Աղդամից կրակում են... Դա յիշեցի Աղդամի փողոցներում, որտեղից, յուսով եմ, այլեւս չեն կրակի...
ԼՂՀ-ի նախարարների խորհրդի Ֆինանսների բաժնի վարիչ Կարէն Ներսիսեանը, վարորդ Շուրիկը, ԼՂՀ-ի ժողովրդական ճակատի ներկայացուցիչ Ռաֆիկը իրենց գործով էին զբաղւած՝ ցորենը պէտք է տեղափոխւէր Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ հացին կարօտ Ղարաբաղի շրջաններ: Պատերազմի օրէնքն է աւարը: Մարտակերտում ու Շահումեանում, Գետաշէնում էլ էր այդպէս...
160731e01e«Ագրեսորներից» մէկի՝ Գագիկի հետ մտնում ենք աւերւած մի տուն: Այգում նռան ու թզենու ծառեր, սենեակներում՝ այրւած շորեր, բակում՝ գետնին կաթսայ, թաւայ: Ծառերից օրօրոց է կախւած: «Մի լաց, - Գագիկի ձայնն է,- Մարտակերտը յիշիր, Սումգայիթը: Ակն ընդ ական (չգիտես, որտեղից գիտէր գրաբարեան այդ խօսքը Գագիկը): Մի լաց»:
Աղդամից, յուսով եմ, այլեւս չեն կրակի»:
…Հոլանդացի լրագրողներին Աղդամի աւերածութիւնները ցնցել էին, գլուխները հա տանում ու բերում էին՝ խիստ էին տպաւորւած տեսածով: Երկրորդ Համաշխարհային պատերազմի յուշարձանին, յիշում եմ, մօտեցանք, նկարահանում էին չորս կողմից, շատ բան, անշուշտ, թոյլ չտւեցին լուսանկարել՝ խոստացել էինք հրամանատարութեանը:
Պատմում էի նրանց խորհրդային Աղդամի համբաւի մասին, երբ նրա շուկայում ազատ կարելի էր «կալաշնիկով» աւտոմատն իր փամփուշտներով գնել, պատերազմից էի պատմում, այս քաղաքից Ասկերանին, Ստեփանակերտին հասցւող ռմբակոծութիւնների մասին:
«Հիմա գնանք, Խրամորթը տեսէք»,- առաջարկեցի Սաշային ու Լէոյին: Ասկերանի շրջանի ծաղկուն, շատ գեղեցիկ այս գիւղը ադրբեջանցիները հիմնովի աւերել էին՝ դեռ կար Աղդամը: Գարուն էր, ու գարնանային այս կանաչ բոյս ու ծաղկի մէջ մոխրակոյտ ու մետաղակոյտ դարձած, լեռներում ծւարած մեր այս չքնաղ գիւղը Աղդամից յետոյ էլ աւելի էր սարսռեցնել հոլանդացիներին: Երեւի, հասկացան ի վերջոյ, թէ ինչ էր նշանակում Աղդամը ոչնչացնելու մեր «յանդգնութիւնն ու բարբարոսութիւնը»:

160731e01f

Առաջարկեցի կիսաւեր մի տուն մտնել: Սենեակում մի մահճակալ կար, սեղան, մէկերկու աթոռ, պատին կախւած ձեռքի ժամացոյց կար… Ընտանիքի զաւակները «պոստում» էին: Տան տէրերը՝ ամուսիններն ու հարսները խառնւել էին իրար՝ հիւրերին չգիտէին ինչով հիւրասիրեն: Տանը հաց չկար, բայց պանիր, «աղ տերեած», այն է՝ թթու ունէին: Ունեցածը սեղանին դրեցին ու հա դարդ էր անում տան տիկինը, որ հաց չունէին: Չդիմացայ, արտասուքն աչքերիս դուրս եկայ տնից… Սաշա Մալկօն էլ էր յուզւել… դուրս եկաւ, սկսեց մխիթարել ինձ… Յիշում եմ նրա խօսքերը. «Մի լաց, պատերազմը վերջացել է, տարիներ կանցնեն, գիւղը կը շէնանայ, հիւրանոցներ կը կառուցւեն, զբօսաշրջիկներ կը գան այստեղ, ախր շատ գեղեցիկ տեղ է, դէ մի լաց…»:
Երբ Ստեփանակերտ վերադարձանք, ասացի Սաշային. «Եթէ գրես Ղարաբաղի մասին, Աղդամի մասին, նախ Խրամորթի աւերակների լուսանկարները կը դնես, յետոյ Աղդամինը ու կը գրես. «Խրամորտից յետոյ հայերը Աղդամի հետ աւելի դաժան վարւեցին»: Չգիտեմ, արել էին այդպէս հոլանդացի լրագրողները, թէ ոչ. այսօր դա թերեւս նշանակութիւն չունի: Յուշ է այլեւս Աղդամը, Սաշա Մալկօն ու Լէօ Էրկէնը… Բայց, եւրոպացիները չէին սխալւել՝ կանգուն է Ասկերանի շրջանի չքնաղ մեր գիւղը եւ օրէցօր աւելանում են Ղարաբաղում հիւրանոցները…

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐԵԱՆ
Լուսանկարները՝ ԼԷՕ ԷՐԿԷՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։