Հա

Հասարակական

10/10/2016

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Դաշտադէմ

Երբ ամէն օր աչքիդ առաջ հազարաւոր մարդիկ են քայլում, նոր շէնքեր ու թաղամասեր կառուցւում, խանութներ ու առեւտրի կենտրոններ բացւում, արտագաղթը թւում է վիճակագիրների հաշւետւութիւնների էջերում մնացած մի տերմին, որը կիլոմետրերով հեռու է մեզնից:
Բայց հերիք է ոտքդ մայրաքաղաքային ասֆալտից դուրս դնես, ու պատկերը տրամագծօրէն փոխւում է: Արտագաղթը դառնում է սահմանում չպահանջող երեւոյթ՝ դարձած ճակատագիր հարիւր հազարաւոր ընտանիքների համար:

Հայաստանի մեռնող գիւղերը


Երբ ամէն օր աչքիդ առաջ հազարաւոր մարդիկ են քայլում, նոր շէնքեր ու թաղամասեր կառուցւում, խանութներ ու առեւտրի կենտրոններ բացւում, արտագաղթը թւում է վիճակագիրների հաշւետւութիւնների էջերում մնացած մի տերմին, որը կիլոմետրերով հեռու է մեզնից:
Բայց հերիք է ոտքդ մայրաքաղաքային ասֆալտից դուրս դնես, ու պատկերը տրամագծօրէն փոխւում է: Արտագաղթը դառնում է սահմանում չպահանջող երեւոյթ՝ դարձած ճակատագիր հարիւր հազարաւոր ընտանիքների համար:
«Մեդիամաքս»-ն անդրադարձել է ՀՀ Լոռու մարզի Դաշտադէմ համայնքին, որի բնակչութիւնն արագ նւազում է:


Գիւղի մասին

Հեռաւորութիւնը Երեւանից՝ 163 կմ.
Բնակչութիւնը՝ 120 մարդ
Դաշտադէմը Լոռու մարզի Տաշիրի (Կալինինօ) տարածաշրջանի գիւղերից է: Տաշիր քաղաքից այստեղ կարելի է հասնել կտրելով 10 կիլոմետրանոց գրունտային ճանապարհը, որը նոյնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատ չի եղել: Գիւղը սպասարկող աւտոբուս կամ միկրոաւտոբուս Դաշտադէմում վերջին անգամ տեսել են 1993 թւականին:

161010e03a

Մինչեւ 1988-ը գիւղն ունէր 1000-ից աւելի բնակիչ, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ էին: Տները փոխարինելով հայ փախստականների՝ Ադրբեջանում ունեցած յարմարաւէտ բնակարանների հետ՝ նրանք հեռացան: Ժամանակի ընթացքում գիւղը լքեցին նաեւ փախստականները՝ հեռանալով արտասահման կամ Երեւան: Այսօր տարածաշրջանի երբեմնի ամենամեծ գիւղերից մէկը փլատակների մէջ է, համայնքում երկու տասնեակ ընտանիք է մնացել:
Կապի օպերատորներից որոշների հաղորդակները չեն կարողանում պատշաճ կապ ապահովել Դաշտադէմում: Քանի որ Դաշտադէմը հայ-վրացական սահմանից այդքան էլ հեռու չէ, գիւղի տարբեր հատւածներում պարբերաբար միանում է վրացական ռոումինգը:


Արտագնայ աշխատանք կամ անասնապահութիւն

161010e03bՆախրապան Արայիկը առաջին մարդն էր, որին հանդիպեցինք գիւղ մտնելուն պէս: Երիտասարդը մի քանի տարի շարունակ աշխատել է Ռուսաստանում, ասում է՝ այս տարի չի մեկնել, մանկահասակ երեխայ ունի, մնացել է Դաշտադէմում՝ գիւղացիներից մէկի հորթերն ու նախիրն է պահում, օրւայ հաց վաստակում:
«Մեր կողմերում միակ զբաղմունքն անասնապահութիւնն է ու արտագնայ աշխատանքը: Կաթը յանձնում ենք Տաշիրի պանրի գործարանին, բայց եկամուտ ունենալու համար երկու-երեք կովի տւած կաթը բաւարար չէ, մեծ գլխաքանակ է պէտք, ինչի հնարաւորութիւնը քչերն ունեն: Տարիների ընթացքում շատերը թողեցին հեռացան՝ Տաշիր, Վանաձոր, Երեւան, Ռուսաստան, ով որտեղ կարողացաւ: Ով էլ մնացել է՝ օրւայ հացի խնդիր է լուծում»,- ձիուց չիջնելով ու կենդանիներին առաջն արած պատմում է Արայիկը:
Զրոյցից յետոյ Արայիկը հրաւիրում է տուն, սուրճ ենք խմում, ծանօթանում հօրեղբօր՝ Հայկազ Մեժլումեանի հետ, ով նոյնպէս արտագնայ աշխատանքով է ընտանիքի ծախսերը հոգում:
«Կեմերովօ, Տոմսկ, Մոսկւա, Սանկտ Պետերբուրգ. Ռուսաստանի կէսը ոտքի տակ եմ տւել, շինարարութիւն արել, մի քանի օրից էլի մի տարով գնում եմ: Կը մնայի գիւղում, գիտէք կնոջս, երեխաներիս չե՞մ կարօտում, չե՞մ ուզում մնամ, բայց դէ այլ ելք չկայ»,- պատմում է Հայկազն ու համաձայնում լուսանկարւել: Դաշտադէմի ամենաբազմամարդ ընտանիքներից է Մեժլումեաններինը, դպրոցի 14 աշակերտներից 3-ը Մեժլումեաններից են:


Խոշորացումից առաջ

Շարունակում ենք շրջել գիւղով, գիւղամիջեան ճանապարհները կարելի է յաղթահարել միայն ամենագնացով, ամենուրեք փլատակներ են եւ լքւած տներ: Գիւղացիներն ասում են՝ 20 տարւայ ընթացքում արտագաղթող մարդիկ քանդել են տներն ու որպէս շինանիւթ վաճառել, ստացւած փողով օդանաւի տոմս գնել ու անվերադարձ հեռացել:

161010e03c

Մի քանի ժամ շրջելուց յետոյ որոշում ենք այցելել գիւղապետարան, հատուկենտ պատահող անցորդները ցոյց են տալիս գիւղապետ Մարինէ Խռոյեանի տունը: Բնակելի երկու տներից մէկը համայնքի ղեկավարը դարձրել է գիւղապետարան, յատուկ վարչական շէնք Դաշտադէմում չկայ:
«Գիւղապետ դարձայ չորս տարի առաջ, խնդիրները շատ էին, ես՝ մենակ: Պետութիւնը տարեկան 7 մլն. դրամ յատկացում է տալիս, որը հերիքում է գիւղապետարանի աշխատակիցների աշխատավարձերին ու մանր-մունր ընթացիկ ծախսերին: Հազիւ կարողացել ենք ջրամատակարարման ու ճանապարհի փոսալցման հարցը լուծել: Գիւղը մանկապարտէզ չունի: Խոշորացման ծրագրով Դաշտադէմը 2017-ին կը միանայ Տաշիր քաղաքին, բիւջէն արդէն մեր ձեռքում չի լինի: Օդից կախւած կը մնայ նաեւ դպրոցի նորոգման խնդիրը, հնարաւոր է՝ փակւի»,- պատմում է Մարինէ Խռոյեանը:


Դաշտադէմի յոյսը՝ 14 աշակերտները

Դպրոցը գիւղի ամենահին ու մեծ շինութիւնն է, կառուցւել է 1929 թւականին: Այստեղ եռուզեռ ու սմարթֆոններով վազվզող երեխաներ չես տեսնի: Երկյարկանի դպրոցում ընդամենը 14 աշակերտ է սովորում՝ եռակոմպլեկտ համակարգով: Առաջին, երկրորդ ու չորրորդ դասարանցիներն, օրինակ, միասին են սովորում: Դասաժամի 45 րոպէները ուսուցիչը բաժանում է երեք մասի: Մասնագէտների պակասի պատճառով միեւնոյն ուսուցիչը միանգամից մի քանի առարկայ է դասաւանդում: Այս տարի Դաշտադէմը երկու առաջին դասարանցի ունի:

161010e03d

Դպրոցի տնօրէն Սերգէյ Աղաջանեանը չի կարողանում յիշել, թէ քանի անգամ են փորձել միջոցներ գտնել շէնքը, կամ գոնէ օգտագործւող երեք դասարանները վերանորոգելու համար: Բիւջէն բաւականացնում է միայն վառելափայտ ու դպրոցին անհրաժեշտ պարագաներ գնելու համար:
«Գիւղը լքողները շատ են, չենք կարողանում համոզել, պահել: Հիմնական պատճառներից մէկը դպրոցի վիճակն է, մարդիկ չեն ցանկանում իրենց երեխաներին նման կրթութիւն տալ: Ուսուցիչների սակաւութեան պատճառով այս տարի առաջին անգամ կիրառեցինք եռակոմպլեկտ ուսուցման համակարգը, ինչը չի կարող բաւարար կրթական մակարդակ ապահովել»,- ասում է Սերգէյ Աղաջանեանը:


Ջրից էժան կաթը

Առաւօտեան 07:30-ին Տաշիրում գործող պանրի գործարանի մեքենայով սկսում ենք շրջել գիւղում: Տաշիրցի վարորդ Արթուրը Դաշտադէմի տները մէկ առ մէկ գիտի, գիտի, թէ ով քանի կով ունի, քանի լիտր կաթ է յանձնում գործարանին ու որքան վաստակում:
161010e03e«Կաթը թէ չլինէր, Դաշտադէմում մարդիկ սովից կը մեռնէին: Սրանով գոնէ օրւայ ապրուստ են հոգում, մարդ կայ՝ 6-7 լիտրով է յանձնում, օրական՝ 700-800 դրամ գումար վաստակում»,- պատմում է Արթուրն ու տակառը լցնում Սամուէլ Ղանդիլեանի բերած կաթը: Սամուէլի նախիրն ամենամեծն է՝ 30 կով ունի: Ասում է՝ կաթի դիմաց մարդկանց չնչին փող են տալիս, վերջում չոր տանջանքն է մնում ու կենդանու միսը:
«Խանութում մի լիտր ջուրը 200 դրամ արժի, մեզնից մի լիտր կաթը 120 դրամով են ընդունում: Դուրս է գալիս՝ ջուրն անարատ կաթից թանկ է: Երկու-երեք տարի առաջ 170 դրամով էին ընդունում, յետոյ իջաւ մինչեւ 90 դրամ, հիմա՝ 120 է: Մի կով պահելու համար գիւղացին առաւօտեան 6-ից երեկոյեան 9-ը քանի ժամ է գոմում ու դաշտում աշխատում, քրտինք թափում. վերջում 7 լիտր կաթ է տալիս, ստացած գումարի մի մասն էլ ձմեռւայ խոտ ենք գնում ու վերջ»,- պատմեց Սամուէլ Ղանդիլեանը:
Դաշտադէմում անցկացրած երկու օրերը մտածելու շատ թեմաներ են տալիս: Երբ գիւղում քանդւած տներն աւելի շատ են, քան վառարաններից դուրս եկող ծխերը, իսկ դպրոցում ուսուցիչների թիւը գրեթէ հաւասար է աշակերտներին, հաւանականութիւնը, թէ լաւագոյն դէպքում 10-15 տարի յետոյ այս տեղանքում Դաշտադէմ անունով գիւղ կը լինի, համարեա զրոյանում է:

ՍՈՒՐԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Լուսանկարները՝
ԷՄԻՆ ԱՐԻՍՏԱԿԷՍԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։