Հա

Հասարակական

Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 11:30

Յիսուսի ազգատոհմը

«Այս է Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու ազգաբանութիւնը» (Մտ. 1:1)։
Ինչքա՜ն գեղեցիկ է եւ նպատակայարմար մեր Հայաստանեայց Եկեղեցու օրացոյցը, ըստ որի, հազիւ Նոր տարի թեւակոխած, առաջին իսկ օրերին, հաւատացեալն սկսում է մտածել իր Փրկչի առաջին ու մեծագոյն խորհրդի մասին, որն է՝ մարդեղացեալ ու մանկացեալ Յիսուսի Ծննդեան խորհուրդը։

Տ. ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆ
Կաթողիկոսական փոխանորդ
Սպահանի հայոց թեմի


«Այս է Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու ազգաբանութիւնը» (Մտ. 1:1)։
Ինչքա՜ն գեղեցիկ է եւ նպատակայարմար մեր Հայաստանեայց Եկեղեցու օրացոյցը, ըստ որի, հազիւ Նոր տարի թեւակոխած, առաջին իսկ օրերին, հաւատացեալն սկսում է մտածել իր Փրկչի առաջին ու մեծագոյն խորհրդի մասին, որն է՝ մարդեղացեալ ու մանկացեալ Յիսուսի Ծննդեան խորհուրդը։
Աւետարանների դասաւորման մէջ Մատթէոսի Աւետարանն առաջինն է, եւ հետեւաբար Մատթէոս աւետարանիչն առաջին աւետողն է, ով պատմում է Յիսուս Քրիստոսի Ծննդեան մասին։ Մատթէոսն իր Աւետարանը գրել է ժամանակագրական կարգով, եւ հետաքրքրական է, որ նա Ծննդեան դրւագն սկսում է Յիսուս Քրիստոսի ազգաբանութեամբ։ Ժամանակի յետ-առաջութիւն կայ իր ներկայացման մէջ. սկսում է Յիսուս Քրիստոսի մեկնարկումով դէպի անցեալ, երկու ոստումով հասնում է Աբրահամին, յիշելով միայն Դաւիթ թագաւորին, եւ ապա Աբրահամից սկսեալ մանրամասնօրէն իջնում է մինչեւ նորածին Յիսուսը, ցոյց տալով Յիսուսի ազգաբանութեան սերնդական շառաւիղը։
Գուցէ հարց տանք թէ ի՞նչ նշանակութիւն ունի արդեօք ազգատոհմի կամ ազգաբանութեան ներկայացումը Քրիստոսի Ծննդեան դրւագի հետ։ Նպատակը յստակ է. առաջին հերթին պայման է իմանալ, որ Քրիստոսը Աբրահամի որդին է, իսկ երկրորդ հերթին՝ թէ Նա սերում է Իսահակի շառաւիղից, եւ ո՛չ թէ Իսմայէլի։ Յիսուսը միայն հրեայ ժողովուրդի Փրկիչը չէ, այլ՝ ամբողջ մարդկութեան Փրկիչը, ուստի նաեւ մեր Փրկիչը, ինչ որ Մատթէոս Աւետարանի գլխաւորագոյն նպատակներից մէկն է։
Պօղոս Առաքեալի Հռոմէացիներին գրած նամակի 4-րդ գլխի մէջ մանրամասնօրէն բացատրւում է, թէ ինչ նշանակութիւն եւ կարեւորութիւն ունի Աբրահամի զաւակ կամ շառաւիղ լինելը, իսկ նոյն Հռոմէացիների նամակի 9-րդ գլխի 6 եւ 7 համարների մէջ աւելի ճշգրիտ եւ մեկնաբանօրէն բացատրւում է, թէ ինչո՛ւ անհրաժեշտ է շեշտել, որ Յիսուսի ազգատոհմը կամ ազգաբանութիւնը, երբ սկսում է Աբրահամից, շարունակւում է ո՛չ թէ Իսմայէլի, այլ Իսահակի շառաւիղով։
Քրիստոսի Ծնունդը մեզ մի պահ մտածել է տալիս մեր մարդկային ծննդեան, բայց մանաւանդ մեր աձնական կեանքի մասին։ Աւելի քան երկու հազարամեակներ առաջ Քրիստոսը ծնւեց մսուրի մէջ, մինչ մենք ծնւել ենք տարբեր պայմանների եւ պարագաների մէջ։ Կոչւած չենք բաղդատական կատարելու, այլ հրաւիրւած ենք խոկալու։ Եթէ մի պահ մտածենք տւեալ բացատրութիւնների հիման վրայ, ի՞նչ եզրակացութեան կը յանգենք արդեօք։ Նորածին կամ մանուկ Յիսուս Քրիստոսի շառաւիղը շարունակւո՞ւմ է եւ մինչեւ մեզ է հասնո՞ւմ արդեօք։
Վերոյիշեալ բացատրութիւնները եւ մանաւանդ նրանց մեկնաբանութիւնները գալիս են մեզ փոխանցելու մի հիմնական ճշմարտութիւն։ Մանուկ Յիսուսի շառաւիղը շարունակւում է մինչեւ մեր օրերը, սակայն հարցը կայանում է այնտեղ, որ մենք մեզ արժանի կամ հարազատ անդամ դարձնո՞ւմ ենք այդ շառաւիղին։ Մեր սկզբնական վիճակի մէջ, մեր նախահայրերից սկսեալ, մենք այդ շառաւիղից դուրս էինք, սակայն խաչելութեան ու մանաւանդ փրկութեան համար ծնւած մանկացեալ Փրկիչը այսօր եւս եկել է մեզ հրաւիրելու եւ որպէս հարազատ անդամներ արժանի դարձնելու այդ շառաւիղին։
Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնը ո՛չ միայն մեր եկեղեցու մեծագոյն տաղաւարներից մէկն է, այլ նաեւ՝ մեր կեանքի լաւագոյն առիթներից մէկը, որպէսզի նախ քննենք մեր հաւատքը, եւ ապա մեր անձերը՝ որպէս հաւատացեալ քրիստոնեաներ։ Երկնաւոր Հօր՝ Աստծու առաջին ստեղծած մարդը մեր մեղաւոր նախահայրն էր, ով կոչւեց Ադամ, եւ որ իր մեղանչումով մարդ արարածին գերեվարեց մեղքի լուծի տակ, մինչ «երկրորդ արարչութեամբ» երկրորդ «Ադամ»-ը, Ով կոչւեց Յիսուս, դարձաւ թէ՛ սրբագրիչը մեղքերի եւ թէ՛ հիմքը մեր հաւատքի։ Այո՛։ Այսօր մեր միայն Փրկիչը չծնւեց, այլ նաեւ մեր հաւատքի հիմքը ծնւեց (Կղ. 2:6-7), Ով խանձարուրի մէջ փաթաթւեց եւ մսուրի մէջ դրւեց։
Այսօր Յիսուս Քրիստոսի Ծննդեան տօնն է, ուստի եկէ՛ք մեր անձերը ինքնաքննութեան հայելիների դիմաց կանգնեցնենք եւ ուշադրութեամբ դիտենք ու զննենք մեր ներաշխարհը։ Փորձենք կաղանդի կամ Նոր տարւայ առթիւ մենք եւս նորոգւել, կատարելով հետեւեալ պարտականութիւնները, որպէս քրիստոնեաներ.
- Նախ ողորմութիւն փորձենք բաշխել մեր չորսդին, որպէսզի մեր եղբայրներին եւ քոյրերին տալիք մաքուր ու բարի սրտից բխած մեր նւէրները հասնեն ծնեալ Փրկչին։
- Երկրորդ, փորձենք մաքրել մեր անձերն ու մեր ներաշխարհը ամէն տեսակի արատներից ու մեղքերից։
- Երրորդ, փորձենք ապրել մի աստւածահաճոյ կեանք, լեցուն բարեգործութիւններով։
- Իսկ վերջինը, որ կարեւորագոյնն է, զօրացնենք մեր հաւատքը, որպէսզի հաւատքի միջոցով կարողանանք անդամագրւել եւ հարազատները դառնալ Աբրահամով սկսած, Իսահակով բաժանւած եւ Դաւիթով զօրացած մեր Տիրոջ ու Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շառաւիղին, եւ արժանանանք Երկնքի Արքայութեանը եւ Ամենասուրբ Երրորդութեան օրհնութեանն ու շնորհքներին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Յարակից Հրապարակումներ

  • Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայրապետական գրի ընթերցում՝ Ս. Յովհաննէս Կարապետի տօնի առիթով մատուցւած ս. պատարագի ընթացքում
    Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայրապետական գրի ընթերցում՝ Ս. Յովհաննէս Կարապետի տօնի առիթով մատուցւած ս. պատարագի ընթացքում

    Յունւարի 14-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, ուր նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Ամանորի գողտրիկ ձեռնարկ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների կատարմամբ
    Ամանորի գողտրիկ ձեռնարկ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների կատարմամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած Ամանորի հանդէսը, կայացաւ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում:

  • Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

    Աւելի քան 40 տարի վաստակ արձանագրած եւ բեղուն գործունէութիւն ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը 2016 թւականի իր տարեկան համերգն իրականացրեց դեկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ ղեկավարութեամբ մայեստրօ Արմէն Ամիրխանեանի։ 

  • Ս. Ստեփանոս Նախավկայի եւ հայ եկեղեցու սարկաւագների տօնը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ստեփանոս Նախավկայի եւ հայ եկեղեցու սարկաւագների տօնը՝ Նոր Ջուղայում

    2016 թ.-ի դեկտեմբերի 25-ին, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի օրը, Նոր Ջուղայի նոյնանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի: Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Արարողութեանը ներկայ էին թեմի հոգեւորականաց եւ դպրաց դասերը եւ հաւատացեալ ժողովուրդ: 

  • Քրիստոս՝ Փրկիչ աշխարհի
    Քրիստոս՝ Փրկիչ աշխարհի

    Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
    Ղուկաս աւետարանիչը գեղեցիկ կերպով պատմում է Քրիստոսի ծննդեան հետ կապւած դէպքերը։ Արդարեւ, Հռոմի Օգոստոս կայսեր հրամանագրով, ողջ կայսրութեան տարածքում գտնւող բնակիչների մարդահամար էր անցկացւելու։ Ամէն մարդ պարտ էր իր հայրենի քաղաքը գնալ արձանագրութեան համար։ Յովսէփ Դաւթի ցեղից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը եկաւ իր նշանածի՝ Մարիամի հետ, որ յղի էր։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։