Հա

Հասարակական

Շաբաթ, 11 Փետրւարի 2017 14:10

Վալենտին թէ Սուրբ Սարգիս. Ո՞րն է աւելի հոգեհարազատ հային

Փետրւարի 11-ին, առաջաւորաց պահքից յետոյ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդները նշում են Սուրբ Սարգիս զօրավարի՝ հայ եկեզեցու եւ հայ ժողովրդի կողմից ընդունւած արագահաս սրբի տօնը, իսկ մի շարք երկրներում փետրւարի 14-ին ընդունւած է տօնել Վալենտինի կամ սիրահարների օրը, որը, յատկապէս վերջին տարիներին, Հայաստանում էլ է տարածում գտել: 

Փետրւարի 11-ին, առաջաւորաց պահքից յետոյ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդները նշում են Սուրբ Սարգիս զօրավարի՝ հայ եկեզեցու եւ հայ ժողովրդի կողմից ընդունւած արագահաս սրբի տօնը, իսկ մի շարք երկրներում փետրւարի 14-ին ընդունւած է տօնել Վալենտինի կամ սիրահարների օրը, որը, յատկապէս վերջին տարիներին, Հայաստանում էլ է տարածում գտել: 

Ի՞նչ անել՝ աղի բլիթներ թխել ու երազներին հաւատալ, թէ՞ կարմիր սրտիկներ գնել, գեղեցիկ փաթեթաւորել ու սիրային քառեակներով սիրելիին նւիրել: 

Եթէ ոմանք Վալենտինի տօնը պարզապէս սրտիկների ու գեղեցիկ փաթեթաւորման հրապուրանք են ընդունում եւ ոչ որպէս եկեղեցական տօն, ապա շատ հայ քրիտոնեաների համար սա մտահոգիչ երեւոյթ է՝ ազգայինը կորցնելու վտանգ: 

Այս պարագայում մեր ազգային տօնը ընդունողները խորհուրդ են տալիս նժարի վրայ դնել ո՞վ է Սուրբ Սարգիսը եւ ո՞վ Վալենտինը հարցերի պատասխանները: Ս. Սարգիս զօրավարն ամենասիրւած սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակւել է յանուն քրիստոնեական հաւատքի: Ս. Սարգսի տօնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազայայտնութիւնը: 

Այդ օրը յիշատակելի սովորոյթններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին եւ սպասել Ս. Սարգիս զօրավարի ձիու պայտի հետքին: Վալենտինի օրը, որպէս սիրոյ տօն, նշւում է փետրւարի 14-ին: Քրիստոնեայ Վալենտինի կեանքի մասին համարեայ ոչինչ յայտնի չէ: Լեգենդը պատմում է, որ Տէրնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, յատուկ մօտեցում էր ցուցաբերում երիտասարդ սիրահարներին, օգնում էր գրել նամակներ` սիրոյ խոստովանութեամբ, հաշտեցնում էր խռովածներին, տալիս էր ծաղիկներ երիտասարդ հարսնացուներին: Բայց այդ ժամանակ հռոմէական կայսրը արգելում էր կայսերական զինւորներին սիրահարւել եւ ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի պսակադրում էր զինւորներին: Ամէն դէպքում, Վալենտինը սրբացւած չէ՝ երկրպագւելու համար, ու ամբողջ աշխարհում այս տօնը նշւում է որպէս սիրոյ համար խելայեղ քայլեր կատարելու տօն: 

Հաւանաբար, հէնց սէրն արտայայտելու իւրայատուկ տարբերակն է պատճառը, որ Վալենտինն աւելի շատ ընտրում են երիտասարդները:

Այն, որ տօնը կը մնայ ազգային, եթէ դա ժողովրդական տարածում ունենայ, նշել է հոգեբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, ազգագրագէտ Կարինէ Սահակեանը՝ Սուրբ Սարգսի տօնը անւանելով դարերի փորձութիւն բռնած տօն: 

«Խնդիրն այն է, թէ մենք ինչքանով ենք իրազեկ Սուրբ Սարգսի տօնի մասին, Սուրբ Սարգսին առնչւող ժողովրդական աւանդոյթները, հաւատալիքները ծիսական ու դիացաբանական կերպարները ինչքանո՞վ է ամրագրւած մեր մէջ: Պէտք է ասեմ, որ Հայաստանի Շիրակի մարզում այս աւանդական տօներն աւելի ամրագրւած են, քան Հայաստանի միւս մարզերում, քանի որ Գիւմրին աւանդապահ ու աւանդոյթները յարգող քաղաք է: 

Այդ առումով էական չէ՝ մեզանից քանի տոկոսն է Վալենտինը նշում, քանիսը՝ Ս. Սարգսի տօնը: Սուրբ Սարգիսը մեր ենթագիտակցման մէջ մտած տօնն է եւ աւելի հոգեհարազատ է մեզ, այն մեր գենետիկայի մէջ է»,- նշել է Կարինէ Սահակեանը՝ մէջբերելով տօնի հաւատալիքներից մէկը՝ նախատօնակին պէտք է կտրել մազերց մի փունջ ու յանձնել քամուն՝ ասելով՝ Թող Ս. Սարգիսը տանի մեր բոլորի ցաւերը եւ կատարի մեր բոլոր երազանքները: Այդ օրը պէտք է տան դուռը բաց թողնել, չի կարելի մազ սանրել՝ Ս. Սարգսի ձիու ոտքին թնջուկ կլինի: 

Շատ էական են նաեւ սրբի հետ կապւած երազները: «Բնական է, որ մենք շատ աւելի տեղեկացւած ենք Ս. Սարգիս զօրավարի մասին, քան Վալենտինի, մինչեւ վերջ էլ պարզ չէ, ով է Վալենտինը, նա ընդամենը սրբացւել է 5-րդ դարում, իսկ 1969 թւականին կաթոլիկ եկեղեցին Վալենտինին հանեց իր սրբերի շարքից: 

Այստեղ՝ Վալենտինի պարագայում, մենք գործ չունենք պաշտանմունքի հետ, մինչդեռ Ս. Սարգսի դէպքում հէնց պաշտանմունքի հետ գործ ունենք: Վալենտինի պարագայում մենք գործ ունենք կոմերցիոն կողմի հետ, երբ պէտք է վաճառել կարմիր վարդ կամ սրտիկ եւ ստանալ գերշահոյթ եւ սա ընդամենը բիզնես է եւ դրա համար հակադրել այս երկու տօները պէտք չէ»,- նշում է պատմաբան Լիլիթ Ասոյեանը: Ամէն դէպքում, նոյնիսկ նրանք, ովքեր կողմ են Վալենտինի տօնին սրտիկներ ու ծաղիկներ նւիրելուն, հաւատացնում են՝ Ս. Սարգսի օրը եկեղեցի են այցելում եւ դիմում են զօրավարի բարեխօսութեանը: Իսկ ծաղիկ ստանալ ու սիրոյ խոստովանութիւն լսել յաճելի է տարւայ բոլոր օրերին: 

Աղբիւրը՝ «armeniasputnik.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։