Հա

Հասարակական

Կիրակի, 12 Փետրւարի 2017 09:50

19 տարի Կանադայում ապրող իրանահայ Արազ Պօղոսեանը համարում է, որ ինքը խոպան է գնացել

Կանադայի Տորոնտօ քաղաքում բնակւող Արազ Պօղոսեանի հետ զրուցելիս դժւարանում ես նրա բարբառը տարբերել հայաստանցու բարբառից: Տպաւորութիւնն այնպիսին է, թէ 32-ամեայ Արազը վերջերս է Հայաստանից տեղափոխւել Կանադա:

Տորոնտօ (Նորանոր) - Կանադայի Տորոնտօ քաղաքում բնակւող Արազ Պօղոսեանի հետ զրուցելիս դժւարանում ես նրա բարբառը տարբերել հայաստանցու բարբառից: Տպաւորութիւնն այնպիսին է, թէ 32-ամեայ Արազը վերջերս է Հայաստանից տեղափոխւել Կանադա: Այնինչ նա ծնւել է Թեհրանում, ընտանիքն էլ 19 տարի առաջ է տեղափոխւել այս երկիր: Ներկայացնում ենք «noranor.ca» կայքի հարցազրոյցը, որը ունեցել է իրանահայի երիտասարդի հետ: 

Արազ Պօղոսեանը տարեկան առնւազն մէկ անգամ լինում է Հայաստանում: Եթէ նախկինում այցելութիւնները ծանօթութիւններ հաստատելու, արշաւների մասնակցելու ու հայրենիքի կարօտն առնելու նպատակով էին, ապա վերջին երեք տարիներին Արազը նաեւ բարեգործական նախաձեռնութեամբ է հանդէս գալիս, եւ, ի տարբերութիւն շատերի, ովքեր իրենց օգնութիւնն ուղղում են հիմնականում Արցախ, նախկին իրանահայի ուշադրութեան կենտրոնում Հայաստանի մարզերն են: 

«Ինձ համար Արցախը մտնում է Հայաստանի մէջ, տարբերութիւն չեմ դնում, Տաւուշն էլ է պատերազմական գօտի, ամբողջը մի մարմին է, եւ եթէ մարդու մի աչքն է ցաւում, գլուխն էլ, մարմնի միւս անդամներն էլ անհանգիստ կը լինեն: Մենք նպատակ ունենք ամբողջ Հայաստանին օգնել, բոլոր մարզերին ու Արցախին՝ կախւած գումարից»,- նշում է Արազը: 

Արազ Պօղոսեանը, ապրելով Կանադայում, ստացել է ինժեներական կրթութիւն, դրան զուգահեռ աւելի քան 25 տարի է՝ կլասիկ կիթառ է նւագում, երաժշտական մշակումներ կատարում, մասնակցել է նաեւ մի շարք համերգների: Երիտասարդին հոգեհարազատ է նաեւ լուսանկարչութիւնը, որով նախկինում աւելի յաճախ է զբաղւել, իսկ այժմ իր սիրած զբաղմունքներին աւելի քիչ ժամանակ է տրամադրում՝ այն նւիրելով բարեգործական աշխատանքին, որով որոշել էր զբաղւել դեռ համալսարանում սովորելու տարիներին: 

Գրենական պիտոյքներ, խաղալիքներ, սպորտային պարագաներ՝ բարձրորակ շախմատներ ու ֆուտբոլի գնդակներ՝ նախատեսւած ուսումնական հաստատութիւնների, Գիւմրիի «Տիրամայր Հայաստան» կուսաստանի, պարզապէս գիւղերի երեխաների համար։ Անցեալ տարի հոգացել են մօտ 40 երեխաների ակնաբուժական ծախսերը: 

«2012-ին «Դէպի Հայք» կազմակերպութեան միջոցով չորսուկէս ամսով մեկնեցինք Հայաստան, այնտեղ ծանօթացայ ինձ նման մտածող լիքը ընկերների հետ, որոնց հետ որոշեցինք կոնկրետ ծրագրեր կազմել: 

Աշխատանքի մի փոքր մասը գնում է Գիւմրիի «Տիրամայր Հայաստան» կուսաստան՝ մատիտներ, ռետիններ, սրիչներ, ֆուտբոլի գնդակ եմ տանում՝ մօտ 3 տարի է, երեխաները սիրում են, խաղում են, Տաւուշի մարզում Չինչին գիւղ ենք գնում, սեպտեմբերին դպրոցական իրերով հովանաւորեցինք»,- ներկայացրել է նախաձեռնութեան հեղինակը: 

Ընդհանուր առմամբ 1,000-1,500 կանադական դոլարի սահմաններում իրականացւող օժանդակութիւնը գոյանում է Արազ Պօղոսեանի ջանքերի շնորհիւ: Հանգանակութեանը ներդրում են ունենում ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: Նպատակ ունեն արդէն իսկ այս տարի ընդլայնել ծաւալները, կըսկսեն հարկային ծառայութիւնում գրանցելուց ու բոլորին՝ հայերին ու կանադացիներին համախմբելուց: 

«Լաւ խօսք է ասել Ազնաւուրը․ «Եթէ մենք՝ բոլոր հայերս, 5 դոլար նւիրենք Հայաստանին, մեծ օգնութիւն կը լինի»: Եթէ ամէն մարդ ամսական այդքան գումար նւիրի, մենք կարող ենք տուն առնել Գիւմրիում ապրող եւ տուն չունեցող մարդկանց համար, կարող ենք օգնել, որ երեխաները կրթութիւն ստանան արտասահմանում: Կան մարդիկ, որ ուզում են աշխարհը փոխել, իրենք էլ կարող են միանալ մեզ, որ Հայաստանը փոխենք»,- նպատակներն է ներկայացնում երիտասարդը:

Հայաստանը փոխելու Արազի հեռանկարներն այսքանով չեն սահմանափակւում: Նա մտադիր է տեղափոխւել ու ապրել Հայաստանում, նշում է. «Հայը Հայաստանից դուրս հայ չի մնայ, դա ժամանակը ցոյց է տալիս: 

Ֆինանսական ապահովութիւն եւ անհրաժեշտ գիտելիքների պաշար ձեռք բերելուց յետոյ հայաստանցի տիկնոջ հետ կը վերադառնայ: Նոյնը խորհուրդ է տալիս միւս սփիւռքահայերին, չի կարծում, թէ օտար երկրներում բարեկեցութիւն փնտրելը սխալ է, բայց դա պէտք է անել՝ Հայաստան վերադառնալու ձգտումը չկորցնելով»: 

«Եթէ գումար չկայ Հայաստանում, դժւար կարողանայ մարդ իր երեխաների ապագան ապահովել։ Հէնց նոյն պատճառներով էլ մենք լքեցինք Պարսկաստանը։ Ես հասկանում եմ իրանց ու ասում եմ՝ թող դուրս գան Սփիւռք, աշխատեն, վաստակեն, բայց թող վերադառնան: Բայց թողնում են երկիրը ու ատելով են գնում. ես թերութիւնն իրենց մէջ եմ տեսնում, իրենք են տկար, իրենք ուժեղ չեն, որ պայքարեն այդ ամէնի դէմ, ուղղակի պատճառ են ման գալիս, որ իրենց լքելը արդարացնեն»,- նկատել է նախկին իրանահայը, ով կարծում է, որ Հայաստանի բուժման դեղամիջոցը հայ ժողովրդի ձեռքերում է։ Բնութագրում է այսպէս. «Մեր երկիրը ճիշտ կարծես լինի հիւանդ երեխայ, որ մեր կարիքն ունի»: 

Արազը երազում է Հայաստանում իր սեփական տունն ունենալ, իր այգին, հայկական միջավայրը, որտեղ կը մեծանան զաւակները, բայց դեռ անելիքներ ունի Կանադայում: 

«Իմ նպատակն այն է, որ ես Հայաստան պիտի տեղափոխւեմ իմ ընտանիքի հետ, դրա համար ես Կանադան ինձ համար համարում եմ խոպան, եկել եմ խոպան՝ աշխատելու: Դատարկ ձեռքով գնամ Հայաստան, ի՞նչ պիտի անեմ, ո՞ւմ հաշւին ապրեմ, պիտի գնամ գործի, ուրիշի գործը ձեռքից առնեմ, չէ՞։ Ես կուզեմ գնալ Հայաստան, փոքր բիզնես բացել, մարդ վերցնել աշխատանքի»,- նշում է տորոնտոհայը, ում բոլոր ընկերները Հայաստանում են ապրում։ Նոյնպիսի ընկերութիւն ձեռք բերել Կանադայի իր հարիւրաւոր ծանօթների միջավայրից չի յաջողւել: 

«Ես այստեղ շատ մարդ եմ ճանաչում, բայց հայերիս մշակոյթը տարբեր է, ու այդպիսին չես կարող սպասել կանադացուց կամ կանադահայից, որ իրեն աւելի շատ կանադացի է համարում, քան՝ հայ: Ընկերներ ունեմ, որ 2 տարեկանից ստեղ են, ու հիմա արդէն 40 տարեկան են, իրենց հետ կարող եմ շփւել, բայց մեծամասամբ Սփիւռքի հայերի երեխեքը աւելի շատ Սփիւռքն են ճանաչում որպէս տուն, ես նրանց չեմ հասկանում, սպասելիքները, ապագայի ծրագրերը, մտածելակերպը տարբեր են»,- համոզւել է ապագայ հայաստանցին: 

Արազը մտադիր է հայկական մշակոյթը տարածել նաեւ երաժշտութեան միջոցով: Թէեւ հիմա աւելի քիչ ժամանակ է կարողանում յատկացնել կիթառին, բայց նոր մշակումներ է փորձում անել: 

«Հայկական երաժշտութիւնն եմ ուզում փոխանցել կիթառի վրայ, որովհետեւ լաւ մշակում չկայ կիթառի վրայ: Գրում են, բայց ճիշտ ձեւով չեն անում՝ կամ շատ հասարակ է, կամ տարօրինակ ձեւով բարդացւած: Հիմա ինքս աշխատում եմ «Չինար ես» երգից հետաքրքիր մի բան ստանալ եւ ուզում եմ նոտաները տարածել, որ բոլորը նւագեն»,- նշում է երաժիշտը: 

Այս միտքը նրա մօտ յղացել է ջութակահար Սերգէյ Խաչատրեանի համերգն ունկնդրելուց յետոյ։ Որոշել է ինքն էլ կիթառի միջոցով հայկական երաժշտութիւնը տարածել, իսկ մինչ այդ երաժշտութիւնը նրա համար ինքնամփոփւելու միջոց էր: Վստահեցնում է, որ անկախ կենսապայմաններից՝ կը շարունակի իր գործունեութիւնը նաեւ այս բնագավառում, քանի որ, նրա իսկ բնորոշմամբ, յետ սահել չի ուզում. «Պատկերացրէք երաժշտութիւնը մի սար է, որի շուրջբոլորը սառոյց է, եթէ առաջ չգնաս, կը սահես հետ»:

Որոշակի յապաւումներով

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։