Հա

Հասարակական

Երկուշաբթի, 06 Մարտի 2017 10:30

Ստամբուլում կրօնափոխ հայերի համար կազմակերպւած հայերէնի դասընթացը մեծ յաջողութիւն է ունեցել

Ստամբուլում արդէն մի քանի ամիս է, ինչ յաջողութեամբ շարունակւում է կրօնափոխ հայերի մայրենի լեզւի դասընթացը, որն նախաձեռնել էր ծնունդով Բէյրութից Օքսֆորդի շրջանաւարտ Հրակ Փափազեանը: 

«alikonline.ir» - Ստամբուլում արդէն մի քանի ամիս է, ինչ յաջողութեամբ շարունակւում է կրօնափոխ հայերի մայրենի լեզւի դասընթացը, որն նախաձեռնել էր ծնունդով Բէյրութից Օքսֆորդի շրջանաւարտ Հրակ Փափազեանը: 

Ամիսներ առաջ Հրակին յաջողւեց կազմաւորել կրօնափոխ հայերից բաղկացած մէկ այլ՝ առանձին խումբ, որտեղ կան նաեւ Մուշում, Սասունում, Ադափազարըում, Բինգեոլում մեծացած հայեր, որոնք տարիներ շարունակ հեռու են գտնւել Ստամբուլի հայկական համայնքից, եկեղեցուց եւ դպրոցներից կամ ինչ-ինչ պատճառներով աւելի ուշ են տեղեկացել իրենց ծագման մասին: 

Նշենք, որ Թուրքիայում կրօնափոխ հայերի` հայկական դպրոցներում մայրենին սովորելու հնարաւորութիւնը փաստացի անհնար է՝ առաջին հերթին հէնց երկրի օրէնքների համաձայն: Թուրքիայի Հանրապետութեան օրէնսդրութեան համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտօնապէս թուրք են համարւում, իսկ հայերը, յոյները եւ հրեաները համարւում են կրօնական փոքրամասնութիւն: 

Ըստ Լօզանի պայմանագրի երրորդ բաժնի 37-45 կէտերի`կրօնական փոքրամասնութիւն համարւելու շնորհիւ հայերն իրաւունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկւած են քրդերը, զազաները, չերքէզները, լազերը եւ առհասարակ ոչ թուրք բոլոր մահմեդականները: 

Այսպիսով` Ստամբուլում գործող համայնքային հայկական դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնեայ ընտանիքի զաւակները` ներկայացնելով նախ մկրտութեան թուղթ: 

Փաստացի այս գործընթացից դուրս են մղւում նաեւ ալեւիացած եւ մահմեդականացւած բոլոր հայերը, որոնց շրջանում հայերէն սովորելու ձգտում դրսեւորողների առաջ միակ բաց «պատուհանը» մնում են վերջին տարիներին որոշ միութիւնների կամ անհատների կողմից նախաձեռնւող բաց դասընթացները, որոնք աւելի վաղ կազմակերպվել են Տիգրանակերտում, Դերսիմում եւ Մուշում: 

Շատ յաճախ այս դասընթացները շարունակական բնոյթ չեն կրում՝ ֆինանսական աջակցութեան բացակայութեան պատճառով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։