Հա

Հասարակական

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 12:00

Թալիշ. Արցախի «Հիւսիսային դարպասները» վերականգնւում են

Արցախի Թալիշ գիւղը, որը ամենաշատն է տուժել 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի ծաւալած ագրեսիայից, կը վերականգնւի ու կը բնակեցւի։ 

Գիւղի վերականգնման գլխաւոր ծրագիրը հաստատւել է ու աստիճանաբար իրացւում է։ Գիւղի մուտքի մօտ հիւրերին դիմաւորում է աղբիւրը՝ հայկական գիւղերի հնամենի խորհրդանիշը։ 

«alikonline.ir» - Արցախի Թալիշ գիւղը, որը ամենաշատն է տուժել 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի ծաւալած ագրեսիայից, կը վերականգնւի ու կը բնակեցւի։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիւղի վերականգնման գլխաւոր ծրագիրը հաստատւել է ու աստիճանաբար իրացւում է։ Գիւղի մուտքի մօտ հիւրերին դիմաւորում է աղբիւրը՝ հայկական գիւղերի հնամենի խորհրդանիշը։ Այդ աղբիւրը վերջերս է կառուցւել եւ ծրագրւում է, որ ապագայում կը դառնայ վայր, որտեղ երեկոյեան կը հաւաքւեն գիւղացիները։ Գլխաւոր ճանապարհից մի փոքր հեռւում գտնւում է գիւղապետարանը։ Հարեւանութեամբ ակտիւօրէն կառուցւում է հանդիսաւոր արարողութիւնների սրահը։

Թալիշ գիւղում Արցախի Հանրապետութեան կառավարութեան լիազօր ներկայացուցիչ Լեւոն Ապրեսեանի խօսքով՝ գլխաւոր ծրագրի համապատասխան ծրագրւում է ժամանակակից բնակարանների կառուցումը մօտ 120 ընտանիքների համար՝ ապաստանների առկայութեամբ։ Ըստ պահանջարկի աճի՝ բնակարանների քանակը կը մեծանան։ Տների կառուցումը նախատեսւում է սկսել մօտ ապագայում։

«Թալիշի բնակչութիւնը ստիպւած է եղել շատ բաների միջով անցնել, գոյք կորցնել։ Նրանք պէտք է պետութեան հոգատարութիւնը զգան»,- նշել է Ապրեսեանը։

Գիւղի տներում էլեկտրականութիւն կայ, ճանապարհի շինարարութիւն է ընթանում։ Լուծւում է տների ջրամատակարարման հարցը։

«Մարդիկ չեն լքել տները։ Ճիշտ է, մեծամասամբ կանայք ու երեխաները մշտապէս գիւղում չեն ապրում, սակայն պարբերաբար գալիս են, հետեւում տնամերձ հողամասերին»,- ասել է Լեւոն Ապրեսեանը։ Նախկինում գիւղացիները զբաղւում էին անասնաբուծութեամբ, պահում էին ոչխարներ ու խոշոր եղջերաւոր անասուններ, ցորեն էին աճեցնում։

Սակայն այստեղ, ինչպէս սահմանամերձ գիւղերի մեծ մասում, հողի մշակման խնդիր է ծագում՝ հակառակորդի պարբերաբար գնդակոծութիւնների պատճառով։ «Ստացւում է, որ մօտաւորապէս մօտ 1.5 հազար հա. ոռոգելի հողատարածքից գիւղացիները կարող են օգտագործել մէկ երրորդը»,- նշել է Ապրեսեանը։

Մինչ ապրիլեան իրադարձութիւնները գիւղում մօտ 140 ընտանիք էր բնակւում։

«Թալիշը մեր «հիւսիսային դարպասն» է, եւ մենք պատրաստւում ենք լիարժէքօրէն վերականգնել այն։ Մտադիր ենք աւելի շատ բնակիչների ներգրաւել։ Ծրագրերում կայ նաեւ ֆաբրիկայի կառուցում, գիւղատնտեսական տարբեր ոլորտների զարգացում»,- նշել է Արցախի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։