Հա

Հասարակական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 15:00

Անգինէ Մարգարեան. «Նրանք կը յաղթահարեն մեր ճիշտ դաստիարակութեամբ»

Մարմնամտային խանգարումներով անձանց խնդիրների ընթացքը մեղմելու լաւագոյն տարբերակն՝ նրանցից իւրաքանչիւրին մասնագիտական եւ անհատական ճիշտ մօտեցում ցուցաբերելն է: Այդ իսկ նպատակով էլ շուրջ 19 տարի առաջ հիմնւեց «Ակունք» կենտրոնը: 

Արդէն 19 տարի է, ինչ «Ակունք»-ը աշխատում է որպէս մարմնամտային խանգարումներ ունեցող անձանց կենտրոն: Սկզբում կենտրոնն իր աշխարանքը սկսել է 6 ընտանիքի նախաձեռնութեամբ:

«alikonline.ir» - Համայնքում այսօրւայ դրութեամբ կան 32 անձինք, որոնք ունեն մարմնամտային խանգարումներ: Հնարաւոր է, որ համայնքում ապրում են նման խնդիր ունեցող աւելի շատ անձինք, որոնց կարգավիճակը տարբեր պատճառներով պարզ չէ: Թէեւ «Դաուն»-ի համախտանիշ ունեցող երեխաների նկատմամբ դրականօրէն փոխւում է հասարակութեան վերաբերմունքը, այդուհանդերձ դեռ պահպանւում են խնդիրները այդ երեխաների զարգացման, հասարակութիւնում ներգրաււելու եւ կրթութիւն ստանալու կապակցութեամբ: 

Մարմնամտային խանգարումներով անձանց խնդիրների ընթացքը մեղմելու լաւագոյն տարբերակն՝ նրանցից իւրաքանչիւրին մասնագիտական եւ անհատական ճիշտ մօտեցում ցուցաբերելն է: Այդ իսկ նպատակով էլ շուրջ 19 տարի առաջ հիմնւեց «Ակունք» կենտրոնը: 

Արդէն 19 տարի է, ինչ «Ակունք»-ը աշխատում է որպէս մարմնամտային խանգարումներ ունեցող անձանց կենտրոն: Սկզբում կենտրոնն իր աշխատանքը սկսել է 6 ընտանիքի նախաձեռնութեամբ: Դասընթացներն անցկացւել են տներում: 

Երեք տարի անց, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առաջարկով եւ ժամանակի Թեմական խորհրդի վաւերացմամբ, ներկայ շէնքը տրամադրւել է կենտրոնին: Աշխատանքը սկսւել է 6 աշակերտով իսկ այժմ կենտրոնին անդամակցում են 32 աշակերտներ: 

«Ակունք» կենտրոնը զբաղւում է տարբեր աշխատանքներով, արդէն 8 տարի է ինչ համագործակցում է հայկական դպրոցների հետ: «Ակունք»-ը օժանդակում է նաեւ դպրոցներում սովորող այն աշակերտներին, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում մեր զրոյց՝ մարմնամտային խանգարումներ ունեցող անձանց օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէն Անգինէ Մարգարեանի հետ։

 

-Ի՞նչ ծառայութիւններ է մատուցում կենտրոնը:

-Կենտրոնը լայնածաւալ աշխատանքներ է տանում: Աշակերտները ուսանում են ըստ բացառիկ ուսումնադաստիարակչական կենտրոնի ծրագրի: Մեզ մօտ են ժամանում նաեւ ուսումնադաստիարակչական կենտրոնի ուսուցիչները, որոնք «Ակունք»-ի դաստիարակների համար յատուկ կրթական չափորոշիչների կիրառման դասընթացներ են կազմակերպում, նաեւ ուսուցիչների վերապատրասման կուրսեր են անցկացւում: Կենտրոնը զբաղւում է երեք հիմնական գլուխներով «Լոկոպեդիա», «աշխատանքային թերապիա» (کار درمانی), «ֆիզոթերապիա»:

Կենտրոնում յատուկ ուշադրութիւն է դարձւում «արհեստանոց»-ի աշխատանքներին, որտեղ աշակերտները ըստ իրենց կարողութիւնների եւ տւեալների զբաղւում են արհեստանոցի տարբեր աշխատանքներով: Պարապում ենք նաեւ պար, երաժշտութիւն, երգ, թատրոն: Կազմակերպւում է հաճոյական զանազան ծրագրեր:

 

-Կենտրոնն ինչպէ՞ս է նպաստում ընտանիքներին յաղթահարելու խնդիրները եւ թօթափելու իրավիճակի պատճառով ստեղծւած հոգեբանական բարդոյթները:

-Բնականաբար նման զաւակ ունեցողները ունենում են տարբեր դժւարութիւններ: Հիմնականում միայն անհատը չէ, որ դժւարութեան մէջ է: Անգամ, կասէի, ընտանիքը աւելի ծանր հոգեվիճակում է: Ընտանիքները յաճախ ունենում են դեպրեսիաներ, որի համար էլ կենտրոնը առաջարկում է հարկ եղած թերապիաները եւ օգնութիւն է ցուցաբերում հնրաւորութիւնների սահմաններում:

 

-Ունէք արդեօ՞ք վիճակագրական տւեալներ, որը կը ներկայացնի համայնքում ապրող այն անձանց թւի մասին ովքեր տներում են եւ ունենալով խնդիրներ չեն անդամակցում կենտրոնին:

-Չունենք յստակ վիճագրական պատկեր: Սակայն պէտք է ընդգծեմ, որ կենտրոնը միայն ընդունում է այն աշակերտներին, որոնց հնարաւոր է օգնութիւն ցուցաբերել: Կան նաեւ ընտանիքներ, որոնք հրաժարւում են «Ակունք»-ից եւ դիմում են պարսկական կենտրոններ: Ոմանք էլ չեն ցանկանում իրենց զաւակներին հանրային կեանքի մասնակից դարձնել, եւ նրանց չեն ուղղորդում «Ակունք»: Այդ ամէնից յետոյ պէտք է ասեմ, որ վերջին ժամանակներում այս հարցով նկատելի է որոշակի դրական տեղաշարժ: Համայնքի կողմից բարի վերաբերմունքի դրսեւորում է նկատւում: Ծնողներն էլ, գիտակցում են որ վանող մօտեցում չկայ յատկապէս նոր սերնդի կողմից:

 

-Ըստ Ձեզ՝ ծնողները ինչպէ՞ս պէտք է վարւեն այս պարագայում:

-Ես 17 տարի է ինչ «Ակունք»-ում եմ: Սիրահարւած եմ աշխատանքիս, 20 անգամ էլ ծնւեմ նորից կընտրեմ այս մասնագիտութիւնը: Սակայն, պէտք է ասեմ, որ սա շատ դժւար հարց է: Անգամ ես չեմ կարող պատասխանել այս հարցին: Այդուհանդերձ պէտք է նշեմ, որ համայնքն է ինչ ճշտում է ծնողի վերաբերմունքը: Ծնողներին պէտք չեն խղճահարութեան զգացումներ: Մենք պէտք է ճիշտ դաստիարակւենք, որպէսզի չխանգարենք այս ընտանիքներին: Երեւի այս բոլորն էլ կօգնի ծնողներին դժւարութիւնները յաղթահարելու ուղղութեամբ:

 

-Ի՞նչ դժւարութիւնների դիմաց էք կանգնած:

-Մեր ամենակարեւոր դժւարութիւնը նիւթականի խնդիրն է: Չնայած կենտրոնի մասնաւոր լինելու հանգամանքին՝ որոշ ծառայութիւններ կատարւում են Թեմական խորհրդի միջոցով: Բարեբախտաբար տարածքի համար գումար չենք վճարում: Դա մեզ է տրամադրել Թեմական խորհուրդը: Յաճախ շինարարական աշխատանքներում մեզ օժանդակում է շինարարական յանձնախումբը: Սակայն, «Ակունք»-ի բոլոր ծախսերը ինքնաբաւ են: Մեր կազմակերպութիւնը գրանցւած չէ եւ չի սուբսիդաւորւում կառավարութեան կողմից: Ծախսերը շատ բարձր են: Հիմնականում մեզ համայնքն է օգնում:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։