Հա

Հասարակական

Կիրակի, 16 Ապրիլի 2017 12:40

Այսօր Քրիստոսի Յարութեան տօնն է

Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կոչւում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստւած:

«alikonline.ir» - Հայաստանեան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Յարութեան տօնը: Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կոչւում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստւած: 

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղաւար տօներից մէկն է: Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից եւ մահից յետոյ` երեկոյեան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մէջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր յետոյ` կիրակի առաւօտեան, իւղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Յակոբի մայր Մարիամը եւ Սողոմէն, գնացին գերեզման՝ անուշաբոյր իւղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացւած է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում: Այստեղ չէ, այլ Յարութիւն առաւ» (Ղուկ. 24:5-6):

Յարութեան լուրը կանայք աւետեցին առաքեալներին, որից յետոյ Յիսուսը երեւաց նրանց: Քրիստոսի Յարութիւնը դարձաւ քրիստոնէական վարդապետութեան եւ հաւատի հիմքը: «Եթէ մեռելների հարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս հարութիւն չի առել: Եւ եթէ Քրիստոս Յարութիւն չի առել, իզուր է մեր քարոզութիւնը, իզուր է եւ ձեր հաւատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Յարութեան տօնի նախընթաց երեկոյեան եկեղեցիներում մատուցւում է Ճրագալոյցի Ս. Պատարագ, որով սկսւում են զատկական տօնակատարութիւնները: Առաւօտեան եկեղեցիներում կատարւում է ժամերգութիւն, Անդաստանի արարողութիւն, ապա մատուցւում տօնական Ս. Պատարագ:

Ս. Յարութեան տօնին հաւատացեալները միմեանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» աւետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տօնին հաւատացեալները ձու են ներկում: Ներկւած ձուն համարւում է Յարութեան եւ նոր կեանքի խորհրդանիշ: Կարմիր գոյնը խորհրդանշում է խաչեալ Յիսուսի կենդանարար արիւնը, որ թափւեց մարդկութեան փրկութեան համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպէս իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գոյնը խորհրդանշում է Քրիստոսի արիւնը: Եւ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մէջ առնելով` հռչակում ենք մեր փրկութիւնը»:

Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը Հայ եկեղեցին նշում է յիսուն օր շարունակ՝ մինչեւ Հոգեգալստեան տօն (Պենտեկոստէ): Այս ընթացքը կոչւում է Յինանց շրջան կամ Յինունք, որը ծագում է «Յիսունք» բառից:

Յինանց շրջանի քառասուն օրերը Հարուցեալ Քրիստոսի՝ աշակերտներին երեւալու եւ Աստծոյ արքայութեան մասին վկայութիւններ տալու յիշատակութիւնն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նւիրւած են Քրիստոսի Համբարձմանը:

Յինանց շրջանը աւարտւում է Հոգեգալստեան տօնով: Համբարձումից տասն օր յետոյ, ըստ Քրիստոսի խոստման, առաքեալների վրայ իջաւ Աստծոյ Ս. Հոգին, եւ զօրացած առաքեալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Նիւթը` «panorama.am»-ի

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։