Հա

Հասարակական

Հինգշաբթի, 04 Մայիսի 2017 11:20

Խոյգանցի հայուհին՝ նա Հայաստանն էր փնտրում…

Տարիներ առաջ Հայաստանն ու Արարատ լեռը տեսնելը երազանք էր նաեւ իրանահայ Քարմէն Ղուրչեանի համար: Հայուհի, ով 2015 թւականի օգոստոսի 21-ին մի խումբ հայ լեռնագնացների հետ յաղթահարեց Արարատ լեռան գագաթը: Անթաքոյց հպարտանալ կարելի է արտաքնապէս համեստ, կենսուրախ, վճռական ու մեծ աւիւնի տէր այս հայուհու կերպարով, ով բազում փորձութիւններ եւ դժւարութիւններ է յաղթահարել:

 ՄԵՐԻ ՔԵՇԻՇԵԱՆ-ՍԱՍՈՒՆԵԱՆ

 

Խոյգանցի հինգ տարեկան մի հայուհի աղջնակ՝ ամէն օր կանգնում էր բարձունքին գտնւող իրենց տան դարպասի դիմաց ու երազելով նայում հեռուները: Նա Հայաստանն էր փնտրում… Շատ էր լսել այդ խորհրդաւոր անունը: Դիմացը խնամքով մշակւած դաշտ ու բլուրներ էին, ճերմակ մշուշ, հեռուն չէր երեւում, բայց նա համառօրէն նայո՜ւմ ու նայո՜ւմ էր… Ամէն ինչ մեծ ու հեռու, անհասանելի էր թւում, իսկ նա անափ կարօտով նայում ու մտածում էր. «Հայաստանն այնտեղ է, բլուրի յետեւում…»: 

Ամէն հայ իր հոգում, սրտում եւ մտապատկերում՝ Հայրենիքի հետ նաեւ Արարատ լեռան պատկերն ունի: Այն կապոյտ եթերաշղարշով պատւած երազանքի է նման, որի երանգներով ենք հիւսում մեր ամենասուրբ եւ ամենամաքուր երազները: Ու երբ տեսնում ենք նրան` մտովի զրուցում, խորհում, տխրում ենք…: Երազում, գէթ մէկ ակնթարթ հպւել յաւերժական ձիւներով օծւած Սրբազան լեռանը, մկրտւել նրա ձիւների ու լոյսերի մէջ:

Տարիներ առաջ Հայաստանն ու Արարատ լեռը տեսնելը երազանք էր նաեւ իրանահայ Քարմէն Ղուրչեանի համար: Հայուհի, ով 2015 թւականի օգոստոսի 21-ին մի խումբ հայ լեռնագնացների հետ յաղթահարեց Արարատ լեռան գագաթը: Անթաքոյց հպարտանալ կարելի է արտաքնապէս համեստ, կենսուրախ, վճռական ու մեծ աւիւնի տէր այս հայուհու կերպարով, ով բազում փորձութիւններ եւ դժւարութիւններ է յաղթահարել: Եւ ճանաչելով նրան, մտածում ես, որ անհատականութիւններ կան մեր կողքին, որոնց պէտք է գիտենալ: Նւիրումը, սէրն առ հայրենիք ու ժողովուրդը` այն մղիչ ուժն է, որ թոյլ տւեց նրան հաստատւել Հայաստանում: Հայրենիքի հոգս ու ցաւով, նրա սիրով ու պատմութեամբ ապրող զաւակներից է:

Բարձունքին կանգնած եւ հեռուներին նայող խոյգանցի աղջնակը նա է: Գիտակից եւ հասուն տարիքում էլ, երբ Խոյգան է գնում, կրկին կանգնում է նոյն բարձունքին ու մանկութեան սովորութեան համաձայն` նայում հեռուներին: Արդէն 25 տարի ապրում է հայրենիքում՝ Երեւանում, եւ վաղուց գիտի, որ բլուրի յետեւում հարեւան գիւղն է, եւ բլուրն էլ արդէն շատ մեծ չի երեւում… 

Ծնւել է 1970 թւականին Իրանի Սպահան նահանգի Փերիա գաւառի Խոյգան հայկական գիւղում, Պօղոս Ղուրչեանի եւ Ժենեա Խաչատուրեանի բազմազաւակ ընտանիքում: 1604-05 թթ. Շահ Աբբասի Հայաստան կատարած արշաւանքների ժամանակ իրականացւած հայերի բռնագաղթի հետեւանքով` նրա Ղուկաս նախապապը, Նախիջեւանի տարածաշրջանից գաղթում է Սպահան, հաստատւում Շահբուլաղ գիւղում, յետոյ տեղափոխւում` 1604 թւականին հիմնադրւած Խոյգան գիւղ: 

Խոյգանցիների մեծ մասը հողի մշակներ ու արհեստաւորներ էին, ովքեր հայութեան միւս հատւածների նման իրենց առօրեայ կենցաղային հոգսի հետ մի կարեւոր խնդիր ունէին՝ հայապահպանութիւնը: Խոյգանը հայաբնակ եւ երկրորդ մեծ գիւղն էր նահանգում, հայոց նիստ ու կացով, հնամենի ազգային սովորոյթներով, եկեղեցուն կից դպրոցով: Հէնց գաղթի յաջորդ տարին` 1605 թւականին, գիւղում եկեղեցի է կառուցւում՝ Ս. Յովհաննէսը, որի խորանի տակ գտնւող ամենահին խաչքարերը թւագրւում են 1622 թւականով: Գիւղը բաժանւած էր երեք թաղի, իւրաքանչիւրն իր գերեզմանատնով: Ամենահին հայագիր պահպանւած տապանաքարը թւագրւում է 1622 թւականով: 

«Փոքրուց շատ էի սիրում շրջել մեր թաղի շիրմատանը, նայել շիրմաքարերի պատկերաքանդակներին, կարդալ գրերը: Կարծես ինչ-որ բան փնտրելիս լինէի, յետոյ հասկացայ՝ արմատներս էի փնտրում: Եւ մինչեւ հիմա, երբ այցելում եմ Խոյգան, նորից ու նորից նայում եմ ծանօթ տապանաքարերին, տասնեակ անգամ լուսանկարում: Ամէն անգամ կարծես մի նոր բան եմ գտնում»,- յիշում է խոյգանցի հայուհին: 

Մեծանում է մի ընտանիքում, ուր խօսքը, լեզուն եւ երգը միշտ հնչում էին մայրենիով: Հիմա էլ զարմանքով ու հետքրքրութեամբ է յիշում, որ պապերը պարսկերէն հասկանալով` չեն խօսել, այնքան սրբօրէն են պահել լեզուն եւ հաւատը: Հայրական պապը՝ Այւազ Ղուրչեանը, ով յարգւած վարժապետ էր` շրջել է հայկական գիւղերում եւ ուսուցչութիւն արել, կարդացել շարականներ, հոգեւոր դասեր տւել: Մասնաւոր կրթութիւն չունեցող, բայց ինքնուս, հայ խօսքի եւ հաւատի ուժի արժէքը գիտեցող Աստւածապաշտ մի մարդ: Ազգային ոգին եւ աւանդոյթները պահող եւ կրող այդ գերդաստանում էլ մեծանում է Քարմէնը, ով երկու փափագ ունէր՝ բարձրագոյն կրթութիւն ստանալ եւ տեսնել Հայաստանը: 

Սրտի անհուն ջերմութեամբ է յիշում մօրը, որը մշտապէս փերիացի հայուհու տարազով էր, հայ կնոջը բնորոշ իր վարք ու բարքով, շնորհքով եւ հիւրասիրութեամբ: Ամէն ինչ, որ կարող էր հայ կինն իմանալ՝ իր ձեռքի շնորհներով ու յարեհաս լինել դրացուն, ինչ բնորոշ է օջախը ստեղծելու եւ պահելու համար՝ օժտւած էր նրա Ժենեա մայրիկը: Այս գիւղի գրեթէ բոլոր կանայք տարազակիր էին, եւ զարմանալին այն է, որ այն իր մանկութեան շրջանում՝ դեռեւս պահպանւել էր նոյնութեամբ: 

Քարմէնը նշում էր, որ Խոյգանում, հաւատարիմ ազգային աւանդոյթներին, մեծ խանդավառութեամբ էին նշում կրօնական եւ ազգային տօները, յատկապէս Սուրբ Ծնունդն ու Զատիկ տօնը. դրանք յատուկ նշանակութիւն ունէին: Գիւղի եկեղեցու բակում պարբերաբար կազմակերպւում էին հայրենասիրական միջոցառումներ, որի մասնակից պատանիների թւում նաեւ ինքն էր: Առանց սպասելու որեւէ մէկի յանձնարարութեանը` յաճախ ինքնուրոյն, ձեռնամուխ էին լինում որեւէ գործի: Հայ էին մեծանում… 

Ամէն ինչից զատ, տանը մշտապէս լսելի էր ժողովրդական եւ հայրենասիրական երգը, եւ մի երազային կարօտով է յիշում, թէ ինչպէս էր հայրը տան անդամներին շուրջ բոլորը հաւաքում՝ ջանալով գտնել ռադիո ընդունիչի հայկական ալիքը, որ գոնէ լսէին «Հայաստանն է խօսում» հայերէն խօսքերը: 

«Երեկոյեան մեծերը հաւաքւում էին ու խօսում հայ ֆիդայիներից, գիւղից եւ անցեալից պատմութիւններ պատմում: Ամէն ինչ հայի ու Հայասատանի մասին էր: Գիւղի մարդիկ այնքան կապւած էին իրար, որ բոլորը կարծես միանման լինէին: Խոյգանցիները դռնբաց, սիրով եւ յարգանքով մարդիկ են: Իսկ մօրս քաղցր ձայնով լսեցի հայ ժողովրդական երգերը, սիրեցի դրանք»,- վերյիշում է Քարմէնը: 

Հայրենի Խոյգանի հետ կապւած ամէն յուշ եւ սովորոյթ՝ մեծ նշանակութիւն ունեցաւ նրա մարդկային նկարագրի ու ներաշխարհի ձեւաւորման համար: 

1979 թւականին Քարմէնն ուսումը շարունակում է Թեհրանի Սասուն թաղամասի «Թունեան» դպրոցում, յետոյ «Թովմասեան», որն էլ աւարտում է: Յաճախում է «Սիփան» մարզամշակութային միութիւն: Այդ տարիներին նրա աշխարհայեացքի վրայ ազդեցութիւն է ունենում պատանեկան հաւաքները, բանակումներն ու արշաւները, որից էլ սկսւում է սար ու լեռան, բնութեան հանդէպ անմնացորդ սէրը՝ չիմանալով, որ մի օր այդ նախասիրութիւնը նրան կը տանի դէպի Սրբազան լեառն Արարատ:           

Յիշում է. «Միշտ մտածում էի, որ Հայաստանը տեսնելու եմ, ու եթէ չյաջողւի մտադրութիւնս իրականացնել երիտասարդ ժամանակ, խորը ծերութեան տարիքում էլ լինեմ` պէ՛տք է տեսնեմ…»: Երազանքն իրականանում է աւելի վաղ. Հայաստանի անկախացման հետ, որոշում կայացրեց գալ եւ ուսանել հայրենիքում: Երկու երազանքները մէկտեղւեցին: 1992 թւականի սեպտեմբերի 29-ին, հայ ուսանողների խմբով, Կարսով՝ հասնում է Գիւմրի: Տեսնելով երկրաշարժից յետոյ կիսաւեր ու մութ քաղաքը` յիշում է ծանօթների պատմածները, թէ շատ դժւարութիւնների կը հանդիպի, բայց համառօրէն որոշել էր` ինչպէս իր հայրենակիցները, ինքն էլ կը յաղթահարի ամէն բան: 

Հետաքրքիր է հայրենիքի առաջին զգացողութիւնը, երբ մի տեղ ես մտնում, ուր չես եղել, բայց զգում ես, որ քո տուն ես եկել, ամէն ինչ հարազատ է քեզ: Օտարութեան մէջ ծնւած ու մեծացած մարդը կը հասկանայ: 

Ընդունւում է Երեւանի Պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետ, որն էլ հետագայում աւարտում է: Քարմէնի համար Հայաստանում ամենայուզիչ պատմութիւնն այն էր, երբ գտաւ Էջմիածնում բնակւող, 1946 թւականին Հայաստան ներգաղթած հօրաքրոջը, ում բնաւ տեսած չկար: Քայլերը նրան տանում ու կանգնեցնում են այն տան բակում, որի հասցէով տարիներ շարունակ նամակ էր ուղարկել: 

Աստիճանաբար մերւում է հայաստանեան իրականութեանը, դառնալով նրա անբաժան մասը, ուսանողական կեանք, նոր ընկերեներ ու բարեկամներ: Արցախեան պատերազմի տարիներն էին, բոլորի նման մութ եւ ցուրտ, եւ դժւարութիւններով լի օրերը նա էլ յաղթահարում է, բայց այդ օրերը լի էին նաեւ ջերմութեամբ եւ յաղթանակներով: Փոխարէնը՝ այսօր ունի յուշ-նշխարներով ու գեղեցիկ պատմութիւններով մի յուշաշխարհ:Յիշում է, որ տանից, հարազատներից նամակ կամ բացիկ ստանալը, որքան մեծ ուրախութիւն էր պարգեւում. «Ընկերուհիներս յաճախ էին ասում, թէ ինչո՞ւ է տառասխալով գրւած: Պատասխանում էի, որ դա շտկելի է, եւ աւելի լաւ է գրել սխալով, բայց հայերէն, միայն ո՛չ օտար լեզւով: Իհարկէ կարօտում էի ընտանիքս, գիւղս… Միչեւ հիմա էլ կարօտում եմ, ու նոյնն է, թէ կարօտեմ մանկութիւնս»: 

Հայաստանեան այցին էլ առաջին անգամ հանդիպում են Քարմէնն ու Լեռը… Սկզբնապէս այն տեսնում է հակառակ կողմից, քանզի աւտոբուսով էր ճանապարհը: Տպաւորութիւնը մի փոքր այլ էր՝ նկարներով այն դիմացից էր տեսել: 

«Բոլորս բղաւում էինք՝ Արարատը՜, Արարատը՜… Թէեւ հակառակ կողմից էր, բայց այն տեսիլիքի էր նման, ոնց մի սուրբ կը յայտնւէր առջեւդ, այնքան կարեւոր էր նրա նշանակութիւնը եւ անսովոր…»:

Երբ ուսումն աւարտում է, եւ Իրան վերադառնալու պահն էր, հասկանում է՝ հայրենիքից բաժանւելը անհնար է. «Այնքան էի կապւել Հայաստանին, որ զգացի՝ չեմ կարող գնալ: Ինքս ինձ զգում եւ ապագաս տեսնում էի այստեղ, թէեւ գիտակցում էի, որ կը լինեն դժւարութիւններ, հեռու էի լինելու հարազատներից եւ ծնողներից: Իմ ծննդավայրը՝ Իրանը, որն իմ երկրորդ հայրենիքն է, նոյնպէս սիրում եմ, կարօտում: Երբ շատերը Հայաստանում հարցնում են ծննդավայրիս, իրանահայերի կամ գաղթի պատմութեան մասին, մի հետաքրքիր զգացում է մօտս առաջանում՝ միշտ ասում եմ, որ չորս դար յետոյ, հայրենիք վերադառնալով եւ այստեղ ապրելով ես յաղթեցի Շահ Աբբասին: Վերադարձայ իմ արմատին ու ակունքին, որքան էլ խորն էր այն պոկւել ու տարւել…»: 

Հայաստանն աւելի լաւ ճանաչելու համար պէտք է տեսնէր. սկսում է պարբերաբար արշաւների գնալ: Միաժամանակ մարզւում է: Տարիների ընթացքում հասցնում է բարձրանալ Հայաստանի գրեթէ բոլոր մեծ ու փոքր լեռները: Եւ կար մի ցանկութիւն եւ երազանք՝ Արարատ բարձրանալ, որը որոշում դարձաւ: 2014 թւականի սկսում է մարզւել, կրկնակի եւ եռակի անգամ բարձրանալ այն լեռները, որոնք արդէն յաղթահարւած էին: 2015 թւականին Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, օգոստոս 21-ի լուսաբացին, Քարմէնն իրականացնում է իր որոշումը՝ հասնելով Մասիսի գագաթ (5165 մ): Ի պատիւ իր ծննդավայր Խոյգանի, պէտք է նշել, որ գոնէ մեզ յայտնի երկու խոյգանցի հայուհիներ են բարձրացել Արարատ. աւելի վաղ այն յաղթահարել է Ռոզիկ Տէր-Յովհաննէսեանը: 21 հոգանոց այդ խմբում իրանահայեր կային Աւստրալիայից (Սասուն Գրիգորեան), ԱՄՆ-ից (Մանօ Քէշիշեան), Սարինէ Մանուկեան (Իրան-Հայաստան), սիրիահայեր եւ հայաստանաբնակ հայեր: Ամենայուզիչն ու ամենաոգեւորիչը խմբի ամենատարեց անդամի՝ 77-ամեայ Վենեա Սիրունեանի ներկայութիւնն էր: Մշեցու արմատներով, պատկառելի տարիքի այդ մարդը, ով երկու անգամ սրտի բարդ վիրահատութիւն էր ունեցել, ամենայն քաջութեամբ է յաղթահարում Մասիսի գագաթը, կամքի եւ սկզբունքի օրինակ լինելով երիտասարդների համար: Քարմէնի պատմածով, է՛լ աւելի սրտառուչ էր այն տեսարանը, երբ նա գրպանից հանում է մի թուղթ, վրան ձեռագիր գրւած՝ «Մըր Էրգիր», յետոյ մի տոպրակ հող՝ Հայաստանում թաղւած իր պապերի շիրիմից, ու նրանց հոգու հանգստութեան համար այն շաղ տալիս՝ խառնելով Մասիսի ձիւներին. «Այդ հայ մարդը մեր հերոսն էր…»,- յիշում է Քարմէնը: 

Լսելով Քարմէնի խօսքը՝ նայում եմ լուսանկարները. լեռան գագաթին ձեռքին հայոց եռագոյնն է՝ 1915-2015 տարեթւով, հայոց զինանշանով, հայոց ոգով: Ու մի պահ ուզում եմ պատկերացնել, ի՞նչ է զգացել սառցէ բարձունքին գտնւելու այդ րոպէներին, որը սրբազան ակնթարթի է նմանւել, գուցէ խոստովանանքի՞… Վայր՝ ուր ամէն հայի խօսք՝ աղօթք է դառնում, անիմանալի զօրութիւն ստանում լեռան ուժից, դարերի ոգուց, ուր ուխտաւոր ես դառնում: 

«Միշտ լսել էի, որ Արարատն ինչ-որ իւրայատուկ, կախարդական զօրութիւն ունի: Գիտե՞ս, երբ արդէն Երեւանում էի, ու էստեղից էի տեսնում լեռը, մի տեսակ փոխւած էի զգում ինձ: Կարծես մի սրբատեղի ուխտի էի գնացել ու մաքրագործւած վերադարձել: Նոյնիսկ ընկերներիցս շատերը անունս փոխեցին` «Մասիսափայլ» են կանչում: Լեռը բարձրանալիս՝ մտքերիս հետ էի, ու գագաթ հասնելով, առաջինը յիշեցի մեր մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազին: Նրա ներկայութիւնը զգալով՝ ինքնաբերաբար, աղօթքի նման, բանաստեղծի խօսքերն էի շշնջում՝ «Թէ չձուլւեմ Արարատին՝ ես կմեռնեմ կարօտից»: Այն ժամանակ, երբ գագաթում ես՝ ամէն ինչ ներաշխարհումդ խառնւած է. ե՛ւ յուզւած ես, ե՛ւ հպարտ, ե՛ւ տխուր: Երբ այնտեղից նայեցի Արարատեան դաշտին, բղաւեցի՝ «Բարի լո՜յս, Հայաստան», ու երբ շրջւեցի ու նայեցի հակառակ կողմը, ուր կորցրածդ է, բայց քոնն է, ու գիտակցում ես, որ շուտով պէտք է իջնես ու դժւարութեամբ հեռանաս՝ զգացւում էր, կարծես որբանոցում թողած երեխայ ունեմ: Դառն ու ցաւալի է այդ ապրումը… յիշում եմ, որ մի պահ, մտքերիս հետ լինելու համար՝ առանձնացայ խմբից: Խորն ու ծանր էի տանում նաեւ շրջագայութիւնս Արեւմտեան Հայաստանում…»: 

Նրա խօսքերի հետ մտածում եմ, գեղեցիկ ու գեղեցկութեան մէջ ինքնատիպ, եզակի այս լեռան վրայ ի՞նչ է զգում հայ մարդը, ի՞նչ է զգացել ոգու մեծ կորով ունեցող այս հայուհին: Վստահ եմ՝ անափ կարօտով, քնքշանքով եւ յուզմունքով է լցւում մարդկային սիրտը: Հոգու թափառական կարօտը այստե՛ղ է իջնում ծունկի, յաւերժական կապոյտների եւ ծիրանագոյնով օծւած այս դարաւոր Լեռան կատարին, որի հանդէպ ունեցած մեր սիրոյ արմատը կայուն եւ ամուր է, ուժեղ, ինչը զօրութիւն եւ կամք է տալիս ձգտել դէպի իրեն, դէպի նրա յաւերժական բարձունքն ու սրբագործւել: Արարատի վերելքից մէկ տարի անց, Քարմէնը յաղթահարում է Հիւսիսային Կովկասի ամենաբարձր լեռը՝ Էլբրուսը (5642 մ), 15 օր անց՝ Կազբէկը (5033 մ), որոնք ըստ իրեն՝ յաղթահարելն անհամամետ աւելի բարդ էին, քան Արարատը: Այժմ մէկ երազանք ունի` մագլցել Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձրութեան լեռը՝ Սիփանը (4434 մ): 

Յիշատակենք, որ երկար տարիներ Ղուրչեանների ընտանեկան մասունք էր համարւում ձեռագիր Սուրբ Ծաղիկ Աւետարանը (գրւած է 1619 թւականին), որը Սպահանում նկարազարդել է նշանաւոր մանրանկարիչ, ծաղկող՝ Մեսրոպ դպիր Խիզանցին: Ընդունւած սովորութեան համաձայն, Խոյգանի՝ Միջին թաղի (Քոհնաղալա) Սուրբ Աստւածածին եկեղեցում որեւէ ծիսական արարողութեան ժամանակ, Աւետարանը տարւում էր այնտեղ: Երբ գիւղը հայաթափւում է, ձեռագիրը Ղուրչեանների հետ տեղափոխւում է Թեհրան: 1895 գրամ արծաթակշիռ կազմով այս գրքից միշտ անբաժան ընտանիքը, հօր՝ Պօղոս Ղուրչեանի նախաձեռնութեամբ, որոշում է կայացնում՝ գիրքը նւիրաբերել Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանին: Սա անքննարկելի մի որոշում էր, չնայած որ շատերն էին փորձում նրան յետ պահել այդ մտքից: Հաստատակամօրէն վճիռը կայացված էր՝ ձեռագրի տեղը Հայաստանն է, հայրենիքը՝ ուր ապրում է դուստրը. «Այս Աւետարանը մեր ժողովրդի ժառանգութիւնն է եւ իրեն էլ վերադարձնում եմ…»,- այսպիսի իմաստուն պատասխան է տւել պատկառելի տարիքի այդ մարդը:

2012 թւականի յուլիսի 27-ին Աւետարանը նւիրաբերւում է Մաշտոցի անւան Մատենադարանին, նրա երջանկայիշատակ տնօրէնի՝ Հրաչեա Թամրազեանի կողմից պարգեւատրւելով Մեսրոպ Մաշտոցի յուշամեդալով եւ շնորհակալագրով: Ղուրչեան գերդաստանում հարիւրամեակներով աչքի լոյսի պէս պահպանած ընտանեկան սուրբ մասունքը, որի վրայ անցաւոր պապերի մատնահետքերն էին ու շունչը, աւելի է կապում Քարմէնին Հայաստանին:

Հարցիս, թէ պապերից եկած որեւէ խօսք կամ խրատ կա՞յ, որ միշտ իր հետ է որպէս թալիսման, որն օգնել է կեանքում ճիշտ որոշումների կայացման համար, յիշեց. 

«Հօրս պատմելով, եղբայրներից մէկը Խոյգանից մեկնում է քաղաք աշխատելու, որ նիւթապէս օգնի ընտանիքին, նեղ օրեր էին: Խոստանում է, որ յաջորդ ամիս գումար կուղարկի, որ հայրը գիւղում հող գնի: Բայց էնպէս է ստացւում, որ ընկերները խաբում են, եւ նա առանց գումար է մնում: Մէկի միջոցով նամակ է ուղարկում տուն, գրելով. «Ներիր հայր, բայց ընկերներս ինձ խաբեցին. գումարը չկայ, որ հող առնենք…»: Հայրը պատասխանում է. «Շատ ուրախ եմ, որ ընկերներդ են քեզ խաբել, ոչ թէ դու իրենց…»: Միշտ այս խոսքը հետս է եղել ու մտածել եմ այդ մասին. դա մարդկային ազնւութեան իւրօրինակ դրսեւորում է: Իսկ հօրս խօսքերից միշտ յիշում եմ, որ ասում էր՝ «Աշխատիր միշտ խոնարհ լինել, որ մեծարւես»: Միշտ խրատում էր, որ ներողամիտ լինեմ, համբերող, չբարկանամ, որ համբերութեան արմատը դառն է, իսկ պտուղը քաղցր: Հայրական խոսքերի ուժն էր, որ հաճախ օգնեց ինձ շատ բան հաղթահարելու համար»: 

Հայաստանում Քարմէնն ապրում է այնպէս՝ ինչպէս իւրաքանչիւրս, իր աշխատանքն ունի, տան հոգսնու առօրեան, որից անբաժան են հայրենի լեռները: Ազատ ժամանակը լեռներում եւ արշաւներում է անցնում: Ազգագրական պարը նրա մէկ այլ նախասիրութիւնն է, «Պարենք հայերէն» խմբի անդամ է, որի հետ էլ շրջել է Հայաստանի եւ Արցախի տարբեր վայրերով եւ մարզերում բնակւող երեխաներին սովորեցրել ազգային պարը: Նրա ամենասիրած վայրը Արցախն է, յատկապէս Շուշին: Ասում է, որ այնտեղ է զգում ինքնիրեն, հոգին ալեկոծւում է, խաղաղւում, յուզւում, ու այնքան է սիրումու զգում, որ յաճախ է մտածել, թէ նախնիները շուշեցիներ պէտք է եղած լինեն: Սիրում է քայլել քաղաքի հին փողոցներով…: Միայն ցաւում է, որ հասուն տարիքում Խոյգանում չի ապրել, ու շատ աւելին կուզենար գիտենալ իր ծննդավայրի մասին, աւանդոյթների, որոնցից շատերը անվերադարձ կորել են գիւղի հայաթափման հետ միասին, թէեւ յուշերի գանձատուփում եղածը սրբօրէն մտապահում է:

Լսում եմ նրա պատմութիւնները ծննդավայրի ու հայաստանեան տարիների, Արարատի վերելքի մասին. հպարտութեամբ ասեմ՝ դա մի հայուհու կեանքու պայքար է, ինքնահաստատում, բերկրանք, նպատակ ու տառապանք, երջանկութիւն եւ երազանքների իրականացման ձգտում: Ինքնաճանաչման լաւագոյն դրսեւորում են նրա ապրած օրերը եւ խոր յարգանքի արժանի, որի համար քիչ են գնահատանքի խօսքերը: 

…Նա ինքը կիմանայ՝ դէպի յաւերժական ձիւնագագաթը ձգւող ճանապարհին գտա՞ւ արդեօք հայրենի հողի արմատից ծնւած լեռնային ծաղիկը, բայց գիտեմ, որ այնտեղ, նրա ձեռքերով Մասսեաց ձիւնաշերտի մէջ ամփոփւած մի փայտեայ մեդալիոն կայ՝ յաւերժութեան քանդակով ու հայոց եռագոյն ժապավենով: Չգիտեմ, կը պահպանի արդեօ՞ք ժամանակն այն ու նրա վրայի անունը, բայց վստահ եմ, որ դրանով մի Հայի երազանք իրականութիւն դարձրեց իր ձեռքերով, որում յետդարձի ճանապարհին` ստորոտից քաղւած, անմահական բուրմունք ունեցող, դաշտային ծաղիկներ էին… 

Արարատ լեռան բարձունքի կածանը թող լոյս արահետ լինի խոյգանցի հայուհու անցնելիք ու յաղթահարելիք ճանապարհին…

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։