Հա

Հասարակական

Երեքշաբթի, 09 Մայիսի 2017 13:10

«Հերոսների հետքերով». շուրջ 300 երիտասարդներ քայլարշաւ են կազմակերպել դէպի Շուշի

Արցախի Հանրապետութեան մշակոյթի ու երիտասարդութեան հարցերի եւ պաշտպանութեան նախարարութիւնների համատեղ նախաձեռնութեամբ կազմակերպւել էր աւանդական դարձած դաս-արշաւ «Հերոսների հետքերով»՝ նւիրւած Շուշիի ազատագրման եւ արցախեան բանակի կազմաւորման 25-րդ տարեդարձին:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 8-ին Արցախի Հանրապետութեան մշակոյթի ու երիտասարդութեան հարցերի եւ պաշտպանութեան նախարարութիւնների համատեղ նախաձեռնութեամբ կազմակերպւել էր աւանդական դարձած դաս-արշաւ «Հերոսների հետքերով»՝ նւիրւած Շուշիի ազատագրման եւ արցախեան բանակի կազմաւորման 25-րդ տարեդարձին: Այսա մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Արշաւը կազմակերպւել էր Ստեփանակերտից դէպի Շուշի՝ երեք ուղղութիւններով՝ արեւելեան՝ Ասկերանի շրջանի Շոշ գիւղի ուղղութեամբ, կենտրոնական՝ Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով եւ արեւմտեան՝ մայրաքաղաքի արւարձանային Կրկժան թաղամասից: Ուղղութիւններն ընտրւել էին՝ Շուշիի ազատագրման մարտերի ժամանակ հայ զինւորականների առաջխաղացման պլանից ելնելով:

Մինչ արշաւի սկսւելը Շուշիի ազատագրման արեւելեան ուղղութեան հրամանատար Արկադի Կարապետեանը արշաւի մասնակիցներին պատմեց բերդաքաղաքի ազատագրման գործողութիւնների վերաբերեալ, եւ այն ներկայացրեց ռազմագործողութիւնների սխեման պատկերող պաստառի վրայ:

Շուշի հասնելուց յետոյ արշաւի մասնակիցները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում միասին բացել են Արցախի պետական դրօշը: Եկեղեցում օրհնութիւն ստանալուց եւ մոմավառութիւնից յետոյ մասնակիցները մեկնել են «Հունոտի կիրճ» արգելոցի Կատարոտ դաշտավայր, որտեղ կազմակերպւել էր ճաշ, որին յաջորդել է աւանդական խաղեր, ազգային երգ ու պար: Արշաւը եզրափակւել է մասնակիցների՝ Շուշիի Կերպարւեստի թանգարան այցելութեամբ:

ԱՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի տեղակալ Գայիանէ Գրիգորեանն յայտնեց, որ արդէն հինգերորդ անգամն է, ինչ եռատօնին ընդառաջ՝ անցկացւում է նմանատիպ արշաւ:

«Միջոցառման խորհուրդն է յաղթանակի ոգին հաղորդել մեր երիտասարդ սերնդին, որպէսզի նրանք իմանան Շուշիի ազատագրման պատմութիւնը, եւ անցնելով այն ուղիները, որոնցով անցել են մեր մարտիկները, կարողանան ճիշտ գնահատել ազատամարտի դերն ու նշանակութիւնը: Սա մասնակիցների համար նաեւ լաւ միջոց է՝ շփւելու միմեանց հետ եւ հետաքրքիր ժամանցի համար»,- ասել է փոխնախարարը:

ԱՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան երիտասարդութեան հարցերի բաժնի պետ Դաւիթ Ղուկասեանն ասել է, որ արշաւին մասնակցել են 300-ից աւելի մասնակիցներ՝ երիտասարդական եւ ուսանողական կառոյցների ներկայացուցիչներ, պաշտպանութեան բանակի զինծառայողներ եւ այլոք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։