Հա

Հասարակական

Երեքշաբթի, 16 Մայիսի 2017 13:10

Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերից մէկը հայուհի է

Ոսկերչական «Alex&Ani» զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Քարոլին Ռաֆայէլեանն ընդգրկւել է ամերիկեան «Working Together» ամսագիրի կողմից կազմւած «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում:

«alikonline.ir» - Ոսկերչական «Alex & Ani» զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Քարոլին Ռաֆայէլեանն ընդգրկւել է ամերիկեան «Working Together» ամսագրի կողմից կազմւած «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Վարկանիշային աղիւսակում Քարոլին Ռաֆայէլեանը 19-րդ հորիզոնականում է:

«Alex & Ani» ապրանքանիշն աշխարհում ամենայայտնի զարդերի ապրանքանիշներից է:

Քարոլին Ռաֆայէլեանը ծնւել է 1966 թւականին ԱՄՆ-ում Արեւմտեան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Քարոլինի ծնւելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերութիւն ու երկար տարիներ յաջողութեամբ զարգացրել բիզնեսը: Նա ծնւել է ոսկերչական բիզնեսի միջավայրում, սակայն ի սկզբանէ Քարոլինն աշխատել է Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Դպրոցն աւարտելուց յետոյ Քարոլինն ընդունւել է Լոս Անջելէսի լաւագոյն կոլեջներից մէկը («The American College») եւ այն աւարտելուց յետոյ լրջօրէն զբաղւել հօր բիզնեսի զարգացմամբ: 2004 թւականին նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկերութիւնը եւ այն անւանում իր աղջիկների անուններով՝ «Alex&Ani»:

Քարոլին Ռաֆայէլեանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարձել են նրա բրենդի հիմքը: Արդէն 2010 թւականին ընկերութեան զուտ եկամուտը կազմել է 2 մլն. դոլար:

2015 թւականին Քարոլինի բիզնեսի տարեկան եկամուտն արդէն կազմում էր 230 մլն. դոլար: Նա բացեց աւելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

2016 թւականին «Forbes» ամսագիրը նրան ներառեց ինքնուրոյն հարստացած կանանց վարկանշային աղիւսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն. դոլար կարողութեամբ, իսկ նրա ընկերութեան կապիտալիզացիան «Forbes» ընկերութիւնը գնահատեց 1 մլրդ. դոլար:

Քարոլին Ռաֆայէլեանն ակտիւ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար յատկացրել է աւելի քան 30 մլն. դոլար: Այդ գումարների մի մասը նա նւիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

2015 թւականիցից նրա «Alex&Ani» ընկերութիւնը սկսել է վաճառել «CAMP HAIASTAN» թեւնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղւում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

«Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային աղիւսակը գլխաւորել է «Bill & Melinda Gates Foundation» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գէյթսը՝ Բիլ Գէյթսի կինը: Առաջին հնգեակում ընդգրկւել են ծագումով պաղեստինցի ամերիկացի ակտիւիստ Լինդա Սարասուրը, «Save the Children» կազմակերպութեան ղեկավար, դանիացի Հելլէ Թորնինգ-Շմիդտը, յայտնի իրաւապաշտպան Ամալ Քլունին եւ երգչուհի Ադէլը:

Ամսագիրն Ամալ Քլունիի մասին գրում է, որ նա աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութեան ամենաազդեցիկ իրաւաբաններից է: Ամալն, ազատ տիրապետելով արաբերէնին եւ ֆրանսերէնին, իր վրայ է վերցնում մարդկութեան դէմ կատարւող յանցագործութիւնները: Նա Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում ներկայացրեց Հայաստանը, եւ «CNN»-ով աջակցում էր եզդիների իրաւունքների պաշտպանութեանն ու կանանց նկատմամբ բռնութիւնների պատժմանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։