Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 11:30

Յայտնի են «Աւրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի յաղթողները

Արեգ Բալայեանը եւ Մարիա Ֆերնանդա Մորենօն «Աւրորայի» մրցոյթների յաղթողներն են:

«alikonline.ir» - Արեգ Բալայեանը եւ Մարիա Ֆերնանդա Մորենօն «Աւրորայի» մրցոյթների յաղթողներն են: Տեղեկացնում է «yerkir.am»-ը: 

Մայիսի 16-ին Երեւանի «Դալան» ցուցասրահում բացւեց «Աւրորա» նախաձեռնութեան «Մարդասիրութեան աչքերով» ֆոտօ ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած են «Աւրորա» լուսանկարչական մրցոյթին մասնակցած աշխատանքներ: Ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յայտնի դարձան «Աւրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի յաղթողները:

Արցախից՝ Արեգ Բալայեանի «Վերջապէս հանգիստ» լուսանկարը ժիւրիի որոշմամբ ճանաչւել է լաւագոյնը: Լուսանկարչական մրցոյթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարեանը (Հայաստան)՝ «Առօրեայ ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագէ պատերի յետեւում» լուսանկարն է: Յատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետեանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի եւ Աննա Կարոլին դէ Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:

«Համոզիչ, կարեկցանքով լի եւ զգայուն. առաջին «Աւրորա» լուսանկարչական մրցոյթին ներկայացւած պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիւ մրցոյթներ, եւ այս մրցոյթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորութեամբ եւ կատարման որակով: Մրցոյթը մեր բոլորի ուշադրութիւնն է հրաւիրում աշխարհում խիստ կարեւոր խնդիրների վրայ»,- ասաց մրցոյթի ժիւրիի նախագահ Ջոն Սթենմայէրը:

Յաղթող լուսանկարի հեղինակին «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ:

«Աւրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթում լաւագոյն է ճանաչւել Մարիա Ֆերնանդա Մորենօ Բելտրանի «Ցանկութիւն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրէասեանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եւգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրայինա): Յատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբէյեանը՝ «Տօնածառ» ֆիլմի (Հայաստան) եւ Սանտեագօ Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկւադոր) համար:

«Այս մրցոյթներն «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան սկսած մարդասիրական շարժումն աւելի ընդգրկուն դարձրին: Մեզ միացան աշխարհի 50-ից աւելի երկրների հազարավւոր տաղանդաւոր երիտասարդներ՝ ներկայացնելով մարդասիրութեան եւ երախտագիտութեան գաղափարների շուրջ սեփական պատկերացումները,- ասաց մրցոյթների ժիւրիների անդամ եւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործադիր տնօրէն Արման Ջիլաւեանը, - շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր 2017 թւականի «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան նախօրէին օգնեցին մեզ առաւել պատկերաւոր դարձնել մեր գաղափարախօսութիւնը»:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յաղթող ֆիլմի հեղինակին պարգեւատրում է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի մրցանակով: Երկու մրցոյթների 10 մրցանակակիրներն ստացել են բացառիկ հնարաւորութիւն՝ ներկայ գտնւելու 2017 թւականի «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեանը՝մայիսի 28-ին, Երեւանում:

«Աւրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթները մեկնարկել էին 2016 թւականի դեկտեմբերին: Մրցոյթներին ներկայացւել է 1237 լուսանկար՝ 48 երկրից եւ 184 ֆիլմ՝ 27 երկրից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։