Հա

Հասարակական

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 12:50

Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցութեան նոր հեռանկարներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանն ընդունել է Եւրոպական յանձնաժողովի հարեւանութեան եւ ընդլայնման բանակցութիւնների գլխաւոր տնօրինութեան հարեւանութեան հարցերով տնօրէն Լոուրենս Մերեդիթի գլխաւորած պատւիրակութեանը:

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանն ընդունել է Եւրոպական յանձնաժողովի հարեւանութեան եւ ընդլայնման բանակցութիւնների գլխաւոր տնօրինութեան հարեւանութեան հարցերով տնօրէն Լոուրենս Մերեդիթի գլխաւորած պատւիրակութեանը, որի կազմում էին` Եւրոպական յանձնաժողովի Հարեւանութեան եւ ընդլայնման հարցերով գլխաւոր տնօրինութեան Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելեան գործընկերութեան հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը եւ Ֆինանսական եւ իրաւական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Տեղեկացնում է «edu.am»-ը: 

Հանդիպմանը ներկայ է գտնւել ՀՀ-ում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Պիոտր Սւիտալսկին: 

Նախարար Լեւոն Մկրտչեանը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ-ում ԵՄ պատւիրակութեանը` Հայաստանի կրթութեան ոլորտին տրամադրւող շարունակական աջակցութեան համար: Ըստ նախարարի` Հայաստանի կրթական համակարգը կառուցւածքի առումով համադրելի է եւրոպական միասնական կրթական տարածքին, եւ ներկայումս ԵՄ-ի աջակցութիւնն է ակնկալւում` կրթութեան որակի բարելաւման ուղղութեամբ իրականացւող բարեփոխումներում, մասնաւորապէս, Կրթութեան ազգային ինստիտուտի վերափոխման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքաստեղծ կենտրոնի ստեղծման, դպրոցներում էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպէս նաեւ նոր կրթակարգի, չափորոշիչների եւ կրթական բովանդակութեան մասով: Լեւոն Մկրտչեանը նաեւ նշել է, որ Էրազմուս ծրագիրը բաւականին արդիւնաւէտ է կիրառւում ՀՀ բարձրագոյն կրթական համակարգում, եւ հայաստանեան բուհերն ակտիւ մասնակցում են այդ ծրագրին: Ըստ նախարարի` խնդիր է ուսանողների ներքին շարժունութեան ապահովման հարցը: Լեւոն Մկրտչեանը տեղեկացրել է, որ լայնածաւալ բարեփոխումներ են նախատեսւում բուհական համակարգում` ֆինանսաւորման մեխանիզմների եւ բուհերի հաւատարմագրման գործընթացների հետ կապւած: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ մշակման փուլում է գտնւում Տաւուշի մարզի ծրագիրը՝ հաշւի առնելով այդ մարզի կրթական առանձնայատկութիւնները: Ծրագրի արդիւնաւետ լինելու պարագայում` այն կը կիրառւի նաեւ ՀՀ այլ մարզերում: 

ԵՀ հարեւանութեան եւ ընդլայնման բանակցութիւնների գլխաւոր տնօրինութեան հարեւանութեան հարցերով տնօրէն Լոուրենս Մերեդիթն իր հերթին նշել է, որ կարեւորում է ԵՄ-Հայաստան համագործակցութիւնը, եւ ՀՀ կառավարութեան աջակցութեամբ մտադրութիւն կայ կրթութեան եւ գիտութեան ոլորտը բարելաւելու նպատակով կիրառել «TAIEX» եւ «TWINNING» գործիքները: Նա ողջունել է նաեւ «e-learning» համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում եւ պատրաստակամութիւն յայտնել համագործակցել ՀՀ-ում գործող միջազգային այլ կազմակերպութիւնների հետ` կրթութեան ոլորտը զարգացնելու նպատակով: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշւել է, որ մտադրութիւն կայ Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել «Թումօ»-ի ցանցը եւ ԵՄ-ի աջակցութեամբ հնարաւորութիւն ստեղծել «startup»-ների եւ նոր ծրագրերի իրականացման համար: 

Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ կրթութեան ոլորտի վերաբերեալ այլ հարցեր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։