Հա

Հասարակական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 12:50

Թուրք գրող. «Ես նրանցից չեմ, ովքեր քարկոծում էին հայերին»

Աշխարհի գրեթէ բոլոր երկրներում հայկական համայնքներ կան, որոնք այս կամ այն կերպ ինտեգրւել են այդ երկրներում, բայց հայերն ամենից վատ ապրում են Թուրքիայում, կարծում է «Յաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակում Երեւան այցելած ստամբուլցի գրող-հրապարակախօս Զէյնէլ Աբիդին Քզլէափրակը։ 

«alikonline.ir» - Աշխարհի գրեթէ բոլոր երկրներում հայկական համայնքներ կան, որոնք այս կամ այն կերպ ինտեգրւել են այդ երկրներում, բայց հայերն ամենից վատ ապրում են Թուրքիայում, կարծում է «Յաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակում Երեւան այցելած ստամբուլցի գրող-հրապարակախօս Զէյնէլ Աբիդին Քզլէափրակը։ 

Քզլէափրակը «Sputnik»-ի հետ զրոյցում պատմել է Թուրքիայում բնակւող հայերի խնդիրների մասին, խօսել է այն մասին, թէ որքան դժւար է ապրել` գիտակցելով, որ քո ժողովուրդը ցաւ է պատճառել մէկ այլ ժողովրդի։ 

 

- Ինչպէ՞ս են ապրում հայերը Թուրքիայում։ 

- Ամէն ինչ համեմատութեան մէջ է ընկալելի։ Եթէ համեմատենք հայերի 30 տարի առաջւայ եւ այսօրւայ վիճակը, ապա նրանք այսօր Թուրքիայում աւելի լաւ են ապրում։ Ես ծնւել եմ Ադիեամանում (քաղաք Թուրքիայի հարաւ-արեւելքում, Արեւմտեան Հայաստան), յաճախ եմ հարազատ վայրեր այցելում։ Այնտեղ շատ հայեր են ապրում։ Ամէն անգամ նրանց հանդիպելիս դրական փոփոխութիւններ եմ նկատում նրանց կեանքում։ Սակայն Թուրքիայում հայերն այնքան ազատ չեն, որքան թուրքերն ու քրդերը։ Թուրք հասարակութեան եւ իշխանութեան նկատմամբ ունեցած վախի պատճառով նրանք աշխատում են չարտայայտել իրենց կարծիքը։ Ցաւօք, ոչ մի ուրիշ տեղ հայերն այդքան վատ չեն ապրում, որքան Թուրքիայում։

 

- Ինչո՞ւ հայերը թուրք հասարակութեան լիիրաւ անդամ չեն դարձել։ 

- Թուրք հասարակութեանը չինտեգրւելու միակ պատճառը երկրի իշխանութիւն է։ Ցաւօք, երկրում փոքրամասնութիւնների համար պատշաճ օրէնսդրական դաշտ չկայ։ Այդ պատճառով էլ հայերի իրաւունքներն ամրագրւած չեն։ 

Տեղի համայնքային կազմակերպութիւններն ու Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանը ղեկավարւում է դեռեւս 19-րդ դարում գրւած իրաւունքներով։ Օրէնքների հեղինակը Օսմանեան կայսրութիւնում յայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ Գրիգոր Օտեանն է։ Անհասկանալի ու աբսուրդային վիճակ է։ Այդ ժամանակից աւելի քան հարիւր տարի է անցել, ժամանակները փոխւել են։ Սահմանադրութեան մէջ պէտք է փոփոխութիւններ կատարել։ 

Ես հասկանում եմ, թէ ինչու են հայերը զգուշութեամբ վերաբերւում թուրքերին, չէ՞ որ ցաւից բացի հայերն ուրիշ ոչինչ չեն տեսել նրանցից։

 

 

- Ձեր ընտանիքում խօսե՞լ են Հայոց Ցեղասպանութեան մասին, թէ՞ դուք ինքներդ էք գիտակցել մեր այդ ողբերգութիւնը։ 

- Մօրական կողմից քուրդ եմ, հայրս ասում է, որ մենք թուրք ենք։ Սակայն այդ հարցի վերաբերեալ ես որոշակի կասկածներ ունեմ։ Ի տարբերութիւն իմ հայրենակիցների` ես միշտ էլ աւելի հայամէտ եմ եղել։ Հաւանաբար դրան նպաստել է քրդական գենս։ Մօրական կողմից պապս մահմեդականների հոգեւոր առաջնորդն էր։ Նա շատ էր սիրում մարդկանց, նոյնն էլ իմ մէջ է սերմանել։ 

Մեր տան հարեւանութեամբ այգի կար, որտեղ ընկոյզի մեծ ծառ էր աճում, տեղացիներն ասում էին` «արիւնոտ» ընկուզենի։ Փոքր ժամանակ պապիս հարցրի` ինչու է «արիւնոտ» կոչւում։ Պապս նայեց ինձ եւ արցունքոտ աչքերով ասաց` այդպէս է կոչւում, որովհետեւ ծառն ու այն ամէնը, ինչ տեսնում ես շուրջդ, հայերինն է եղել։  Տարիներ անց, ես իմացայ, որ ոչ միայն ընկոյզի ծառն է հայերի արիւնով շաղախւած, այլեւ` գետերը, լեռներն ու անտառները… Ես իմացայ բոլոր սարսափների մասին, թէ ինչպէս են հայերին բռնաբարել, գլխատել, աչքերը հանել։ Ցեղասպանութեան ամբողջ սարսափը ես գիտակցեցի աւելի հասուն տարիքում։ 

Կար ժամանակ` 20-րդ դարի 70-ականներին, երբ թուրքերն իրենց երեխաներին սովորեցնում էին տեղաբնակ հայերի ուղղութեամբ քարեր նետել, յատկապէս` կանանց, երեխաների ու ծերերի։ Ես այդ երեխաների մէջ չէի։ Եւ այդ միտքը երջանկացնում է ինձ։ 

Տանը Հայոց Ցեղասպանութեան հարցը չեն բարձրացրել եւ հայերի մասին վատը չի խօսւել, ինչպէս յաճախ լինում է թուրքական ընտանիքներում։ Հօրական պապս տարբեր արհեստների էր տիրապետում։ Արեւմտեան Հայաստանում արհեստաւորները միայն հայեր էին։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ իմ երակներում էլ կարող է հայի արիւն հոսել։

 

- Ես հասկանում եմ Ցեղասպանութիւնը վերապրած իմ ժողովրդի ցաւը։ Իսկ ի՞նչ զգացողութիւն ունի այն մարդը, որը մարդկութեան նկատմամբ սարսափելի յանցագործութիւն իրականացրած ժողովրդի սերունդն է, եւ ինչպէս է ապրում նա` գիտակցելով դա։ 

- Նրանք, ովքեր գիտակցում են հայ ժողովրդի ցաւը, ամաչում են։ Նոյնիսկ եթէ նրանք առնչութիւն չունեն այդ սարսափելի իրադարձութիւնների հետ, միեւնոյն է` իրենց մեղաւոր են համարում, քանի որ նրանց հայրերն ու պապերը լռել են այդ մասին, իսկ այսօր իրենք են լռում։ Իւրաքանչիւր թուրք քիչ թէ շատ մեղքի իր բաժինն ունի։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։