Հա

Հասարակական

23/08/2017 - 14:40

Բրիտանացի գիտնականը դիաբետով տառապողների համար արդիւնաւէտ դիետա է առաջարկում

Հերթագայութեամբ սնւելը կարող է արդիւնաւէտ միջոց լինել 2-րդ տիպի դիաբետի բուժման եւ կանխարգելման համար: 

«alikonline.ir» - Հերթագայութեամբ սնւելը կարող է արդիւնաւէտ միջոց լինել 2-րդ տիպի դիաբետի բուժման եւ կանխարգելման համար: Նման պնդմամբ է հանդէս եկել Լոնդոնի համալսարանական քոլէջից նեարդակենսաբան Նիկ Լեսիցան, որի յօդւածը հրապարակւել է «The Conversation»-ում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Լեսիցան որպէս օրինակ ներկայացրել է երկու հետազօտութիւն, որոնց արդիւնքները հրապարակւել են 2017 թւականին: Առաջինում նկարագրւած է մկների վրայ փորձւած դիետա, որոնց օրգանիզմը լեպտին չի արտադրում (յագենալու զգացողութիւնը կարգաւորելուն մասնակցող հորմոն):

Կենդանիները մշտապէս չափից շատ են կերել եւ վաղ տարքիից դիաբետով են տառապել: Հերթագայութեամբ սննդակարգի հետեւելուց (7 օր սովորական սննդակարգ, 4 օր՝ ցածր ածխաջրածնային սննդակարգ) մի քանի ամիս անց կենդանիների մօտ հիւանդութեան ախտանշաններն անհետացել են, մարմնի զանգւածը նւազել է: Բացի այդ՝ կարգաւորւել է մկների ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, որը պատասխանատու է ինսուլինի արտադրութեան համար:

Երկրորդ հրապարակման մէջ նկարագրւած է հերթագայութեամբ սննդակարգի արդիւնքը, որն արձանագրւել է 100 մարդու մասնակցութեամբ հետազօտութիւնից յետոյ: 30 օր նրանք դիետայի են հետեւել, որը ներառել է 25 օր անսահմանափակ սնունդ, 5 օր՝ սահմանափակ սննդակարգ: Փորձի աւարտից յետոյ բոլոր մասնակիցների արեան մէջ շաքարի մակարդակը նւազել է:

Լեսիցան նշել է, որ նման սննդակարգի արդիւնաւէտութեան մասին միանշանակ եզրահանգումներ անելու համար աւելի մեծ թւով կամաւորների մասնակցութեամբ երկարատեւ հետազօտութիւններ են անհրաժեշտ: Միւս կողմից, ըստ նեարդակենսաբանի, արդէն գոյութիւն ունեցող տւեալները մատնանշում են առնւազն աւելորդ քաշ ունեցողների եւ դիաբետով հիւանդների համար սնւելու նման ռեժիմի արդիւնաւէտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։