Հա

Հասարակական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 10:30

ԻՒՆԻՍԵՖ-ում դպրոց չյաճախող երեխաների թւի գրեթէ զրոյական ցուցանիշ

Դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: ԻՒՆԻՍԵՖ-ի այսօրւայ յայտարարութեան համաձայն՝ տւեալ ցուցանիշը 2007 թ.-ի դպրոց չյաճախող երեխաների 12.8 տոկոսի կամ 135 միլիոնի հետ համեմատելիս՝ հասկանալի է դառնում, որ դպրոց չյաճախող 6-15 տարեկան երեխաների տոկոսի գրեթէ զրոյական նւազում է գրանցւել: 

«alikonline.ir» - Դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: ԻՒՆԻՍԵՖ-ի այսօրւայ յայտարարութեան համաձայն՝ տւեալ ցուցանիշը 2007 թ.-ի դպրոց չյաճախող երեխաների 12.8 տոկոսի կամ 135 միլիոնի հետ համեմատելիս՝ հասկանալի է դառնում, որ դպրոց չյաճախող 6-15 տարեկան երեխաների տոկոսի գրեթէ զրոյական նւազում է գրանցւել: Գրում է «panorama.am»-ը:

ԻՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ համատարած աղքատութեան, երկարատեւ հակամարտութիւնների եւ մարդասիրական ճգնաժամերի հետեւանքով դպրոց չյաճախող երեխաների ցուցանիշը զգալիօրէն աճել է՝ միեւնոյն ժամանակ կոչ անելով ներդնել խոցելի երեխաներին դպրոցից դուրս մղող պատճառների լուծմանն ուղղւած խոշոր ներդրումների օգտին:

«Բնակչութեան աճին զուգահեռ դպրոցների եւ ուսուցիչների թւաքանակի աւելացմանն ուղղւած ներդրումները բաւարար չեն: Ներկայ մօտեցումը չի նպաստի առաւել խոցելի երեխաների դպրոց յաճախելուն եւ իրենց ողջ ներուժին հասնելուն, քանի դեռ նրանք շարունակում են ապրել աղքատութեան, զրկանքների եւ ոչ անվտանգ միջավայրում»,- նշել է ԻՒՆԻՍԵՖ-ի կրթութեան բաժնի ղեկավար Ջօ Բուրնէն:

Աշխարհի ամենաաղքատ երկրներում եւ հակամարտութեան գօտիներում ապրող երեխաներն առաւել շատ են տուժում: Դպրոց չյաճախող 123 միլիոն երեխաների 40 տոկոսը բնակւում են պակաս զարգացած երկրներում, իսկ 20 տոկոսը՝ հակամարտութեան գօտիներում:

ԻՒՆԻՍԵՖ-ի հայաստանեան գրասենեակից ներկայացնում են նաեւ Հայաստանի իրավիճակը։

2014 թ.-ին ԻՒՆԻՍԵՖ-ը Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ Լոռու մարզում փորձնական ծրագիր է իրականացրել, որի արդիւնքում միայն այս մարզում բացայայտւել էր դպրոց չյաճախող 228 երեխայ: Ամենամեծ խումբը կազմում էին 6-ից 8 տարեկան երեխաները, որոնք դեռեւս չէին ընդունւել առաջին դասարան: Եւս 16 երեխա՝ 9-ից 16 տարիքային խմբում նոյնպէս չէին ընդունւել եւ չէին յաճախում դպրոց:

Այս փորձնական ծրագրի արդիւնքում յաջողւել էր բացայայտել, որ երեխաների որոշ մասը կրթութիւն չի ստանում մի շարք համալիր եւ մասնակի համընկնող գործօնների պատճառով:

Հիմնւելով Լոռու մարզի փորձնական ծրագրի արդիւնքների վրայ եւ տեղական փորձագէտների խորհրդատւութեամբ, դպրոցից դուրս մնացած երեխաների կամ դուրս մնալու վտանգի տակ գտնւող երեխաների բացայայտման կամ վաղ ազդարարման համակարգ ներդնելու անհրաժեշտութիւն է առաջացել: Այդ նպատակով որոշում է կայացւել կիրառել դպրոցների տեղեկատւական բազայի հնարաւորութիւնը:

ԻՒՆԻՍԵՖ-ի փորձագէտների առաջարկով եւ միջազգային փորձի ուսումնասիրման արդիւնքում ԿՏԱԿ-ին առաջարկւել է ԻՒՆԻՍԵՖ-ի աջակցութեամբ ստեղծել դպրոց չյաճախող երեխաների յայտնաբերման եւ արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարաւորութիւն կը տայ իրականացնել բացակայութիւնների մշտադիտարկում, ժամանակին ազդարարել դպրոց չյաճախող երեխաների մասին:

Համակարգը ստեղծւել է 2016 թւականին՝ նպատակ ունենալով ոչ միայն բացայայտել այլ նաեւ ինտեգրւած եւ կայուն մօտեցմամբ արձագանքել դպրոց չյաճախող կամ դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին: 2017թ. սեպտեմբերին նախատեսւում է ծրագրի փորձարկումը Լոռւա մարզում, քանի որ մարզում ձեւաւորւել է միջոլորտային համագործակցութեան լաւ փորձ:

Զուգահեռաբար, ԿԳՆ-ն իրականացնում է տեղեկատւական միջոցառումները ամբողջ հանրապետութիւնում: Մշակման փուլում է պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների յայտնաբերման եւ ուղղորդման կարգը, որը նախատեսւում է ներկայացնել կառավարութեան հաստատամանը 2017 թ.-ի նոյեմբերին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։