Հա

Հասարակական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 10:50

ԱՄՆ-ի 5 նախկին նախագահները միաւորւել են փոթորիկներից տուժածներին օգնելու համար

Միացեալ Նահանգների 5 նախկին նախագահները՝ Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ-աւագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման, միաւորւել են՝ կոչ անելով ամերիկացիներին անել հնարաւորն այս տարւայ աւերիչ փոթորիկների հետեւանքով տուժածներին օգնելու համար: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների 5 նախկին նախագահները՝ Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ-աւագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման, միաւորւել են՝ կոչ անելով ամերիկացիներին անել հնարաւորն այս տարւայ աւերիչ փոթորիկների հետեւանքով տուժածներին օգնելու համար: Գրում է «tert.am»-ը: 

Նախկին ղեկավարները ստեղծել են «One America Appeal» բարեգործական հիմնադրամը, որն աջակցելու է «Հարւի» ու «Իրմա» փոթորիկներից տուժածներին:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցութիւնն է յայտնել նախաձեռնութեանը՝ ընդգծելով, որ այս հարցում ինքը կանգնած է նախկին նախագահների կողքին:

«Մենք կը հակազդենք ցանկացած մարտահրաւէրի՝ կապ չունի, թէ որքան ուժեղ են քամիներն ու որքան բարձր են ջրերը: Ես հպարտ եմ կանգնելու նախագահների կողքին #OneAmericaAppeal»,- գրել է Թրամփը «Twitter»-ում:

Հիմնադրամի պաշտօնական կայքում նշւում է, որ հաւաքւած իւրաքանչիւր գումարն ուղղւելու է բնական տարերքից տուժածների օգնութեանը:

Նշենք, որ օգոստոսի վերջին Տեխաս նահանգը պատուհասել էր «Հարւի» փոթորիկը՝ առաջացնելով զանգւածային աւերածութիւններ, ջրհեղեղներ: Այն դարձել է 70 մարդու մահւան պատճառ: Այժմ հազարաւոր մարդիկ տարհանւած են ու չեն կարող վերադառնալ իրենց հեղեղւած տները: Տեխասի իշխանութիւնների գնահատմամբ՝ աղէտի հետեւանքները վերացնելու համար կը պահանջւի 120 մլրդ. դոլար եւ մի քանի տարւայ աշխատանք:

Մինչդեռ ԱՄՆ-ի արեւելեան ափին է մօտենում երբեւէ Ատլանտեան ովկիանոսում ձեւաւորւած ամենահզօր՝ «Իրմա» փոթորիկը, որը շարժւում է 295 կմ/ժ արագութեամբ ու իր ճանապարհին աւերել է Կարիբեան ծովում գտնւող մի շարք զբօսաշրջային կղզիներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։