Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 12:00

«Աւրորա» մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում. չկրկնւող թեկնածուների թիւն աճել է 100 տոկոսով

2018 թւականի «Աւրորա» մարդասիրական մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնւող թեկնածութիւններ:

Առաջադրման փուլի ընթացքում (2017 թւականի մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) յայտեր են ուղարկւել 12 լեզւով՝ 115 երկրից, այդ թւում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացեալ Թագաւորութիւնից, Պակիստանից, Ուկրայինայից եւ Քենիայից: 

«alikonline.ir» - 2018 թւականի «Աւրորա» մարդասիրական մրցանակի համար կատարւել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնւող թեկնածութիւններ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Առաջադրման փուլի ընթացքում (2017 թւականի մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) յայտեր են ուղարկւել 12 լեզւով՝ 115 երկրից, այդ թւում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացեալ Թագաւորութիւնից, Պակիստանից, Ուկրայինայից եւ Քենիայից: Առաջադրւած թեկնածուների թիւն աճել է 100 տոկոսով նախորդ տարւայ համեմատութեամբ, երբ առաջադրւել էին 254 թեկնածու՝ 13 լեզւով, 66 երկրից:

«Այն, որ 750 հոգի ժամանակ է տրամադրել եւ պատրաստել ու ներկայացրել հումանիտար ոլորտում գործող 509 անհատների, շատ հուզիչ է եւ ոգեշնչող: Դա վերահաստատում է մեր հաւատն առ այն, որ իսկապէս մեծարման են արժանի այն բացառիկ անհատների ուժն ու ոգին, որոնք մեր անունից, երբեմն մեր փոխարէն իրենց գործողութիւններով վերահաստատում եւ պաշտպանում են մեր ընդհանուր մարդկայնութիւնը: «Աւրորա» մրցանակը երախտագիտութիւնը գործով արտայայտելու ուղի է՝ շնորհակալութիւն յայտնելով այն անձնազոհ հերոսներին, որոնք այլոց ապրելու հնարաւորութիւն են տալիս: Մենք նպատակ ունենք «Աւրորա»-ի միջոցով ճանաչման արժանացնել մերօրեայ հերոսներին»,- ասել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէեանը:

2018 թւականի «Աւրորա» մրցանակի թեկնածութիւնները կուղարկւեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները եւ կգնահատեն դրանք՝ հաշւի առնելով, թէ որքանով են համապատասխանում «Աւրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերւած խիզախութիւն, նւիրւածութիւն եւ ազդեցութիւն: Ընտրւած թեկնածուների հակիրճ ցանկը կներկայացւի Ընտրող յանձնաժողովին, որը գլխաւորում է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Համաշխարհային հրատապ հումանիտար ճգնաժամերի ժամանակաշրջանում կարեւոր է, որ մենք հնարաւորութիւն ունենք ճանաչելու եւ շնորհակալութիւն յայտնելու այն անհատներին, որոնք բարի գործեր են անում՝ հէնց բարիք գործելու մտադրութեամբ: «Աւրորա»-ի ամէն տարւայ յաւակնորդները ոգեշնչել են մեզ իրենց աշխատանքով եւ իրենց խօսքով: Մենք անհամբերութեամբ սպասում ենք ամբողջ աշխարհից նոր հերոսների պատմութիւններին ծանօթանալուն»,- ասել է «Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով նախկին յանձնակատար Մերի Ռոբինսոնը:

«Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովի անդամներն են Նոբէլեան դափնեկիրներ Օսկար Արեասը, Շիրին Էբադին եւ Լէյմա Գբովէն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրաւունքների ակտիւիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Աւստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարէթ Էւանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստօ Սէդիլէոն, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն, պրոֆեսոր Լորդ Դարզին, Նիւ Եօրքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորեանը: 

2017 թւականի. «Աւրորա» մրցանակը շնորհւեց բժիշկ Թոմ Քաթինային, որը կաթոլիկ միսիոներ է ԱՄՆ Նիւ Եօրք նահանգի Ամստերդամ քաղաքից: Նա հազարաւոր մարդկանց կեանք է փրկել՝ լինելով Սուդանի Նուբայի լեռների տարածաշրջանի միակ մշտապէս գործող վիրաբոյժը: Այդ տարածաշրջանում պատերազմական գործողութիւնները շարունակւում են, իսկ մարդասիրական օգնութեան մուտքը սահմանափակ է: 2016 թւականի «Աւրորա» մրցանակը շնորհւել է Մարգարիտ Բարանկիցեին՝ երեխաների արժանապատւութեան ու յոյսի վերականգնման գործում իր անկոտրում նւիրւածութեան համար: Մարգարիտը Բուրունդիում «Խաղաղութեան տան» (Maison Shalom) եւ «REMA» հիւանդանոցի հիմնադիրն է: 

2018 թւականի «Աւրորա» մրցանակի յաւակնորդների անունները կը հրապարակւեն 2018 թւականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի օրը: 1 միլիոն դոլարի «Աւրորա» մրցանակը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների, երրորդ անգամ կը շնորհւի 2018 թւականի յունիսի 10-ին Հայաստանում: Դափնեկիրը մէկ միլիոն դոլարը նւիրաբերելու է այն կազմակերպութիւններին, որոնք ոգեշնչել են իր գործունէութեան ընթացքում: Մրցանակի յանձնման արարողութիւնը կամփոփի յատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018 թւականի յունիսի 8-10-ը: Այսօրւայ ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրութիւնը փառաբանելու համար Հայաստանում կը հաւաքւեն հումանիտար ոլորտի հեղինակաւոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրաւունքների պաշտպաններ, կառավարութիւնների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։