Հա

Հասարակական

Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 10:10

ՄԱԿ-ի յատուկ դեսպանորդ. «Աշխարհում շուրջ 30 մլն. երեխաներ հարկադրւած են եղել լքել իրենց տները»

Աշխարհում շուրջ 30 մլն. երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտութիւնների, ճգնաժամերի ու տարերային աղէտների պատճառով:

«alikonline.ir» - Աշխարհում շուրջ 30 մլն. երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտութիւնների, ճգնաժամերի ու տարերային աղէտների պատճառով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Նիւ Եօրքի կենտրոնակայանում լրագրողներին յայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, համաշխարհային կազմակերպութեան՝ կրթութեան հարցերով յատուկ դեսպանորդ Գորդոն Բրաունը:

Նա նշել է, որ այն անչափահասների մեծամասնութիւնը, որոնց վերաբերում է խօսքը, գտնւում Է Սիրիայում, Իրաքում, Եմէնում, Աֆղանստանում, Հարաւային Սուդանում, Ուգանդայում, Սոմալիում եւ Կենտրոնաաֆրիկեան Հանրապետութիւնում: Ընդ որում, «30 մլն. երեխաներից 10 միլիոնը հարկադրւած են եղել լքել ոչ միայն իրենց տները, այլեւ հայրենի երկրները»:

Ըստ Բրաունի գնահատումների, ընդհանուր առմամբ աշխարհում «75 մլն. երեխաներ ապրում են արտակարգ դրութեան պայմաններում եւ մարդասիրական օգնութեան կարիք ունեն»: Ինչպէս արձանագրել է ՄԱԿ-ի յատուկ դեսպանորդը, նման իրավիճակում յայտնւած անչափահասները գտնւում են առանձնակի վտանգի գօտում: Նրանք մեծ հաւանականութեամբ դառնում են շահագործման զոհեր, յայտնւում են ստրկութեան մէջ, նրանց յաճախ ստիպում են ամուսնանալ մեծահասակների հետ, զբաղւել ծանր աշխատանքով կամ մասնակցել մարտական գործողութիւնների:

Բրաունը նշել է «Կրթութիւնը չի կարող սպասել» հիմնադրամում յաւելեալ միջոցներ ներգրաւելու անհրաժեշտութիւնը, որն զբաղւում է հակամարտութիւնների կամ ճգնաժամերի պատճառով դժւարին կացութեան մէջ յայտնւած երեխաների ուսուցման նախագծերով: ՄԱԿ-ի յատուկ դեսպանորդի խօսքով՝ հիմնադրամը ներկայում կուտակել է 150 մլն. դոլար, սակայն այդ միջոցները բաւարար չեն առաջադրւած բոլոր նպատակներն իրագործելու համար:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։