Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 10:10

Գիտնականները դեպրեսիայից ազատւելու պարզ եղանակ են գտել

Շաբաթական ընդամենը մէկ ժամ լիցքային վարժութիւնները նկատելիօրէն նւազեցնում են դեպրեսիայի զարգացման հաւանականութիւնը եւ օգնում մարդկանց՝ աւելի արագ ազատւել ընկճւած վիճակից՝ անկախ նրանց սեռից ու տարիքից: 

«alikonline.ir» - Շաբաթական ընդամենը մէկ ժամ լիցքային վարժութիւնները նկատելիօրէն նւազեցնում են դեպրեսիայի զարգացման հաւանականութիւնը եւ օգնում մարդկանց՝ աւելի արագ ազատւել ընկճւած վիճակից՝ անկախ նրանց սեռից ու տարիքից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «American Journal of Psychiatry»-ում հրապարակւած յօդւածում:

«Մենք գիտէինք, որ լիցքային վարժութիւնները որոշակի դեր են խաղում դեպրեսիայի դէմ պայքարում, բայց այժմ մեզ առաջին անգամ յաջողւեց ճշգրիտ գնահատել այն, թէ որքան շատ է այն օգնում մարդուն՝ ազատւելու ճնշւած տրամադրութեան զարգացումից: Այս չափումները շատ հետաքրքրական են դարձել այն պատճառով, որ նոյնիսկ ոչ մեծ քանակութեամբ վարժութիւնները, շաբաթական ընդամենը մէկ ժամ, կարող են շատ մեծ բարերար արդիւնքներ ունենալ»,- յայտարարել է Սեմուէլ Հարւին Սիդնէյում (Աւստրալիա) Նոր Հարաւային Վսելսի համալսարանից: Քրոնիկական դեպրեսիան համարւում է առաւել տարածւած եւ բարդ հոգեկան խանգարումներից մէկը: Որպէս կանոն այն դրսեւորւում է կեանքի նկատմամբ հետաքրքութեան կորստով, ինքնագնահատականի իջեցմամբ եւ ապատիայով: Վերջին տարիներին գիտնականները մշակել են բազմաթիւ հակադեպրեսանտներ, սակայն դրանցից շատերը լուրջ կողմնակի ազդեցութիւններ ունեն, այդ թւում՝ նիւթափոխանակութեան խախտումը, ճարպակալումը եւ դեղորայքից ունեցած կախւածութիւնը:

Վերջին տարիներին գիտնականներն այն բանի բազմաթիւ վկայութիւններ են գտել, որ մշտական դեպրեսիան ազդում է ոչ միայն մարդու հոգեկանի ու վարքագծի, այլեւ առողջութեան վրայ՝ կրճատելով նրա կեանքի տեւողութիւնը: Հարւին եւ նրա գործընկերները դեպրեսիայից ազատւելու յարաբերականօրէն անվտանգ եւ պարզ միջոց գտան՝ վերլուծելով Նորւեգիայի բնակիչների առողջութեան ընդգրկուն դիտարկումների արդիւնքները, որոնք սկանդինաւեան երկրի նահանգներից մէկում իրականացւում էին 1980 եւ 1990-ական թւականների կէսերին:

Այդ նախագծին մասնակցել են մօտաւորապէս 30 հազար չափահաս նորւեգացիներ, որոնք թոյլ են տւել գիտնականներին՝ անընդմէջ հետեւել ոչ միայն իրենց առողջութեանը, այլեւ տրամադրութեանն ու ինքնազգացողութեանը: Ուսումնասիրելով այդ տւեալները՝ աւստրալացի գիտնականներն ուշադրութիւն են դարձրել հետաքրքական օրինաչափութեան վրայ. երբեք լիցքային վարժութիւններով չզբաղւած մարդիկ մօտաւորապէս 44 տոկոսով աւելի յաճախ են տառապել դեպրեսիայից եւ աւելի շատ են ենթակայ եղել ձեռք բերելու ընկճախտի ծանր ձեւեր, քան այն նորւեգացիները, որոնք շաբաթական մէկ-երկու ժամ տրամադրել են սպորտին: «Առայժմ հասկանալի չէ՝ ինչի հետ է դա կապւած, բայց մենք ենթադրում ենք, որ լիցքային վարժութիւնները ունեն ոչ միայն կենսաբանական, այլեւ սոցիալական առաւելութիւններ: Ամէն դէպքում նման կապի առկայութիւնը խօսում է այն մասին, որ լիցքային վարժութիւններն անհրաժեշտ է ներառել դեպրեսիայի դէմ պայքարի ծրագրերում: Նոյնիսկ եթէ մեզ յաջողւի միայն փոքր-ինչ բարձրացնել բնակչութեան ֆիզիկական ակտիւութեան մակարդակը, ապա դրա արդիւնքը հսկայական կը լինի»,- ընդգծել է Հարւին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։