Հա

Հասարակական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 09:50

«BBC»-ի անդրադարձը. «Երբ Հայաստանում տեսնում ես մարդկանց հիւրընկալութիւնը, դժւար թէ կարողանաս երբեւէ մոռանալ դա»

Բրիտանական «BBC»-ն անդրադարձել է հայերին ու Հայաստանին՝ փորձելով պարզել` որն է հայերի հիւրասիրութեան գաղտնիքը: Կայքի թղթակից Բէն Լերւիլը խոստովանում է, որ ամենասկզբից էր կանխատեսել, որ Հայաստանով ճամփորդութիւնը չափազանց հետաքրքիր է լինելու: 

«alikonline.ir» - Բրիտանական «BBC»-ն անդրադարձել է հայերին ու Հայաստանին՝ փորձելով պարզել` որն է հայերի հիւրասիրութեան գաղտնիքը: Կայքի թղթակից Բէն Լերւիլը խոստովանում է, որ ամենասկզբից էր կանխատեսել, որ Հայաստանով ճամփորդութիւնը չափազանց հետաքրքիր է լինելու: Գրում է «tert.am»-ը:

Հեղինակն անդրադարձը սկսում է իրեն շատ տպաւորած գեղատեսիլ Դիլիջանից, որտեղ նա՝ բոլորին անծանօթ ու ամէն ինչից անտեղեակ, պէտք է գիշերելու վայր գտնէր:

«Ժամանակն ապրած ուղեցոյց գրքիս մէջ գտայ մի մեկուսացւած իջեւանատան հասցէ, որով գնալուց յետոյ, տեղ հասայ: Դա բլրի վրայ միայնակ կանգնած դարպասներով տուն էր: Թակեցի, յաջորդեց երկար լռութիւն: Հաւանաբար, հիւրեր այստեղ յաճախակի չէին լինում: Փորձեցի հայերէն բառեր բղաւել՝ «բարեւ ձեզ» սկզբում կամաց, յետոյ աւելի բարձր ասացի ու վերջում ինձ հիմարի նմանեցրի: Վերջապէս ոտնաձայներ լսւեցին, ու դարպասները բացեց միջին տարիքի մի կին»,- գրում է Լերւիլը:

Հեղինակը շարունակում է՝ պատմելով, որ տանն իրեն շատ լաւ են դիմաւորել ու ի զարմանս իրեն՝ նույնիսկ հրաւիրել են իրենց հետ նշելու ընտանիքի աւագ դստեր 18-ամեակը:

«Սնունդը գալիս էր ահռելի չափաբաժիններով»,- հիացած նշում է Լերւիլը՝ մանրամասնելով, որ համտեսել է աւանդական լաւաշ, թարմ բողկ, պանիր, խոզի խորոված, սխտորով տապակած կանաչեղէն, սնկեր, ճուտ եւ այլն:

Սակայն հեղինակն առանձնակի ուշադրութիւն է դարձնում տնական օղուն:

«Կողքս նստած էին յոբելեարն ու նրա քեռին, որն իր պարտքն էր համարում բաժակիս՝ անգամ մէկ վայրկեան դատարկ չլինելուն հետեւելը: Մինչ խնջոյքը շարունակւում էր, քեռին պարտադրում էր, որ խմէինք բոլորի ու ամէն ինչի՝ Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, իրենց ընտանիքի, իմ ընտանիքի, հանգուցեալների, ապագայի, ընկերութեան կենացը: Ես շփոթւած էի, յիշում եմ միայն բաժակների չխչխկոցն ու կոկորդումս ալկոհոլի տաքութիւնը: Այնուհետեւ սկսւեցին երգերն ու բերեցին քաղցրեղէնը»,- նշում է Լերւիլը:

Ի դէպ, նրան զարմացրել է այն փաստը, որ յաջորդ առաւօտ արթնանալուց յետոյ, երբ որոշել է տանտիկնոջը գումարի տեսքով վարձահատոյց լինել երեկոյեան կերուխումի համար, արժանացել է կտրուկ մերժման՝ կարծես անձնական վիրաւորանք է հասցրել կնոջը:

«Երբ Հայաստանում տեսնում ես մարդկանց հիւրընկալութիւնը, դժւար թէ կարողանաս երբեւէ մոռանալ դա: Հայերն իրենց միւս կովկասեան հարեւանների պէս վաղուց են գովաբանւել օտարների նկատմամբ մեծ հիւրընկալութեան համար: Երկիրը գտնւում է առեւտրային Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, ինչը, իհարկէ, ազդել է մարդկանց մէջ այդ յատկանիշի զարգացմանը: Այստեղով անթիւ-անհամար վաճառականներ, զինւորներ, գաղթականներ ու թափառականներ են անցել»,- նկատում է բրիտանացի հիւրը:

Անդրադարձի վերջում Լերւիլը խօսում է հայ ժողովրդի կրած անպատմելի ցաւի ու փորձութիւնների, ինչպէս նաեւ 1.5 մլն. հայերի սպանութեան մասին՝ խուսափելով կատարւածն ուղղակիօրէն ցեղասպանութիւն որակել: Սակայն նա յիշեցնում է, որ ԱՄՆ-ի բազմաթիւ նահանգներ, ինչպէս նաեւ 29 երկիր պաշտօնապէս ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։