Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 14:50

Միջուկային ֆիզիկայի հայ հայրը, կամ ինչպէս Ալիխանեանը «կանխագուշակեց» կոլայդերը

Արտեմ Ալիխանեանը ԽՍՀՄ-ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մէկն է, որի անունը կապւում է Արագածի եւ Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազօտման կայանների, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ստեղծումը։ Այս ինստիտուտը համեմատում են Հարւարդի համալսարանի հետ։

«alikonline.ir» - «armeniasputnik.am»-ի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը պատմում է ականաւոր գիտնական, ԽՍՀՄ-ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մէկի մասին։

Արտեմ Ալիխանեանը ԽՍՀՄ-ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մէկն է, որի անունը կապւում է Արագածի եւ Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազօտման կայանների, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ստեղծումը։ Այս ինստիտուտը համեմատում են Հարւարդի համալսարանի հետ։

Արտեմ Ալիխանեանը ծնւել է 1908 թւականին, իսկ 1920-ին նրա ընտանիքը հիմնաւորւել է Թիֆլիսում։ Հայրը` Իսահակ Ալիխանեանը, «աշխատաւոր մտաւորականութեան» ներկայացուցիչ էր` գնացքի մեքենավար, եւ մշտապէս ապահովւած էր աշխատանքով։ Ալիխանեանները, իհարկէ, հարուստ չէին, բայց կարիքի մէջ էլ չէին ապրում։

Արտեմը Թիֆլիսում թերթեր էր բաժանում, յետոյ մատուցող էր աշխատում ինչ-որ վայրում, որտեղ ափիոն էին ծխում։ Դրանով հանդերձ, 1925 թւականին Արտեմ Ալիխանեանն ընդունւեց Թբիլիսիի 100-րդ աշխատանքային դպրոցի 8-րդ դասարան եւ, էքստեռն յանձնելով քննութիւնները, ստացաւ աւարտական ատեստատ։ 1926-ին ընդունւեց Լենինգրադեան ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ:

Նա լաւ ուսանող էր, այլապէս բուհն աւարտելուց յետոյ 1930 թւականին նրան չէին ուղարկի լեգենդար ակադեմիկոս Աբրամ Իոֆէի թեւի տակ աշխատելու։ «Խորհրդային ֆիզիկայի հօր» անցկացրած սեմինարներից յետոյ Ալիխանեանը կողմնորոշւեց նաեւ գիտական ուղղութեան հարցում։

1930 թւականներին նա սկսեց համատեղ աշխատել եղբօր` Աբրահամի հետ։ Գիտական խմբի կազմում եղբայրները աշխարհում առաջիններից մէկն էին, որ ուսումնասիրեցին արհեստական ռադիոակտիւութիւնը։ Բաց եւ բացառիկ ուսումնասիրութիւններ շատ են եղել, բայց դրանց նկարագրութիւնը քիչ հասկանալի է նրանց համար, ովքեր մասնագէտ չեն, իսկ տասնամեայ գործունէութեան արդիւնքում Արտեմ Ալիխանեանը 1941 թւականին արժանացաւ Ստալինեան պարգեւի` պաշտպանելով երկու դիսերտացիա։

Տիեզերական ճառագայթների ուսումնասիրութիւնը ստիպում էր դիտարկումներ անցկացնել լեռնային տեղանքում։ Գիտական խումբը` Ալիխանեանի ղեկավարութեամբ, մեկնեց Էլբրուս, այնուհետեւ նախատեսում էր ուսումնասիրութիւններ կատարել Պալմիրայում, բայց պատերազմը խանգարեց իրագործել ծրագիրը։ Լենինգրադի պաշտպանութեան, ռազմական նոր տեխնիկայ եւ զէնք ստեղծելու համար ձեւաւորւեց Ռազմատեխնիկական յանձնաժողով` ակադեմիկոս Ն.Ն. Սեմեոնովի ղեկավարութեամբ, յանձնաժողովի կազմում ընդգրկւեց նաեւ Արտեմ Ալիխանեանը։

Ֆիզտեխից նա առաջիններից մէկն էր, որ կամաւոր գրւեց եւ մեկնեց ամենավտանգաւոր գօտի` Կոնշտադ, որտեղ նա պաշտպանական թեմայով գիտական աշխատանքներ անցկացնելու առաջադրանք ստացաւ։

Շուտով որոշւեց բանակից յետ բերել մասնագէտներից մի քանիսին, որոնք պէտք էին թիկունքում կարեւորագոյն աշխատանքներ անելու համար։ Նրանց թւում էր նաեւ Արտեմ Ալիխանեանը։ Նա պաշտպանական առաջադրանքները կատարելու համար Լենինգրադ էր մեկնում ռազմաճակատի գծով, եւ այդ թռիչքները չափազանց ռիսկային էին ու գործընկերներից շատերի զարմանքն էին հարուցում։

Պատերազմի պատճառով դադարեցւած հետազօտութիւնները շարունակելու համար Ալիխանեան եղբայրները դիմեցին ակադեմիկոս Ս.Վաւիլովին եւ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Լ. Օրբելուն` խնդրելով 1942 թւականին թոյլ տալ դէպի Արագած լեռ արշաւ կազմակերպելու եւ այնտեղ տիեզերական ճառագայթների ուսումնասիրութեամբ զբաղւելու համար։ Թոյլտւութիւնը տրւեց Հայաստանի ԿԿ-ի յատուկ ցուցումով` եթէ գերմանացիները ճեղքեն Կովկասի միջով, պէտք է ձուլւել պարտիզանական ջոկատներին։

Նոյն տարում սկսեցին քննարկել Երեւանում ֆիզիկայի ինստիտուտ բացելու հարցը, եւ այն գրեթէ ակնթարթօրէն կազմաւորւեց։ Տնօրէն նշանակւեց Աբրամ Ալիխանեանը, իսկ Արտեմը դարձաւ Երեւանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Ֆիզիկայի ինստիտուտի առաջին հաստիքացուցակում 8 գիտաշխատող եւ մէկ լաբորանտ կային։ Արդէն պատերազմից յետոյ` 1946 թւականին, Արտեմ Ալիխանեանը ստացաւ յատուկ առաջադրանք` մեկնել Գերմանիա եւ տեղում ընտրել ռազմաաւարային սարքաւորումները։

1956 թւականից Արտեմ Ալիխանեանի գիտական կենսագրութիւնում նոր փուլ մեկնարկեց։ Ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհրդում քննարկւեց լիցքաւորւած մասնիկների ժամանակակից արագացուցիչ ստեղծելու հարցը։ 1957 թւականին նախատեսւած էր Երեւանում կառուցել էլեկտրոնային-օղակաւոր արագացուցիչ։ Հայաստանի կառավարութիւնը տեղ հատկացրեց արագացուցիչ եւ բնակելի աւան կառուցելու համար, եւ Արտեմ Ալիխանեանը մի խումբ աշխատակիցների հետ գնաց տարածքը տեսնելու։ Կիեւեան կամրջից 400 մետր այն կողմ ճանապարհը վերջացաւ, նրանք մի կերպ հասան նշւած վայր եւ տեսան այն ամայի տարածքը, որը լի էր թռչուններով, օձերով ու կարիճներով։

Լաւատես Ալիխանեանը որոշեց. «Այն, ինչ ես անեմ, այստեղ պիտի լինի։ Ֆիզիկայի ինստիտուտ, լաբորատորիաներ։ Գետնի տակ` հզօր արագացուցիչ։ Քաղաք։ Հրապարակ։ Հիւրանոց։ Աշխատակիցների համար տներ` եռայարկ քոթեջներ։ Խանութներ։ Մանկապարտէզ։ Պոլիկլինիկա»։

Եւ Արտեմ Ալիխանեանի ղեկավարութեամբ մեկնարկեց ԽՍՀՄ-ում ամենահզօր էլեկտրոնային արագացուցիչի կառուցումը։ Բարդ սարքաւորման շինարարութիւնը դժւարագոյն փորձութիւն դարձաւ։ Գիտնականներից շատերը այն նոյնիսկ «Ալիխանեանի արկածախնդրութիւն» անւանեցին։ Ֆիզիկայի ինստիտուտն այդ ժամանակ Գիտութիւնների ակադեմիայի կազմում էր, որի համեստ բիւջէն չէր կարող իրագործել այդ հսկայական նախագիծը։ Արտեմ Ալիխանեանը շատ լաւ էր հասկանում դա, եւ 1962 թւականին ինստիտուտը տեղափոխեց ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետկոմիտեի ենթակայութեան տակ, ինչը թոյլ տւեց ստանալ անհրաժեշտ ֆինանսաւորումն ու նիւթատեխնիկական ապահովումը` արագացուցիչ կառուցելու համար։

Ալիխանեանն առաջին եւրոպացի ֆիզիկոսն էր, որ ընտրւեց Հարւարդի ինստիտուտի (ԱՄՆ) Լէյբ-պրոֆեսոր: 1973 թւականին Ալիխանեանն ազատւեց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրէնի պաշտօնից:

Ոչ միայն 20-րդ դարի, այլեւ մեր բազմադարեայ պատմութեան ականաւոր հայերից մէկը վախճանւեց 1978 թւականին Մոսկւայում թոշակի անցնելուց 5 տարի անց եւ թաղւեց Երեւանի ազգային Պանթէոնում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։