Հա

Հասարակական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 10:20

Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլեանը

25 տարեկան Նադեժդա Բենկլեանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» աւիաընկերութիւնում եւ ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտութեամբ աշխատել եւ ինքնաթիռ վարել նոյնքան լաւ, որքան տղամարդը։ 

«alikonline.ir» - 25 տարեկան Նադեժդա Բենկլեանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» աւիաընկերութիւնում եւ ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտութեամբ աշխատել եւ ինքնաթիռ վարել նոյնքան լաւ, որքան տղամարդը։ «Sputnik» Գրուզիային տւած հարցազրոյցում նա պատմել է, թէ ինչպէս է որոշել աւիացիա գնալ։

 

- Նադեժդա, աղջիկները սովորաբար երազում են դերասանուհի, մոդել, բժիշկ դառնալ, բայց օդաչու… Ինչպէ՞ս ծնւեց այդ գաղափարը։

- Հայրս օդաչու էր։ Մանկուց ինձ շրջապատում էր աւիացիան, ես նոյնիսկ ապրում եմ օդանաւակայանի մօտ գտնւող աւանում (Թբիլիսիի ծայրամասում)։ Ես մշտապէս տեսնում էի, թէ ինչպէս են օդ բարձրանում եւ վայրէջք կատարում ինքնաթիռները, բայց օդաչու դառնալու ցանկութիւն չունէի։ Օրինակ չունէի աչքիս առաջ։

 

- Իսկ հայրի՞կը։

- Հայրիկը, այո, բայց ես նկատի ունեմ` կնոջ օրինակ։ Ոչ մի կին օդաչու չկար։ Երբ ես մօտաւորապէս 15 տարեկան էի, առաջին անգամ հօրս հետ երկինք բարձրացայ, եւ ինձ շատ դուր եկաւ։ Հէնց այդ պահին ինձ մօտ միտք յղացաւ` իսկ ինչո՞ւ օդաչու չդառնալ։ Իհարկէ, այն ժամանակ ես այդ մասին ոչ մէկին չասացի։

Իմ մտադրութեան մասին ծնողներիս յայտնեցի միայն այն ժամանակ, երբ աւարտեցի դպրոցը։ Նրանք զարմացան, բայց ասածս լուրջ չընդունեցին։ Հայրս խորհուրդ տւեց հրաժարւել այդ մտքից։ Իսկ մայրս ասաց, որ անդադար նայում է երկինք եւ սպասում հօրս վերադարձին ու չի ուզում նաեւ ինձ սպասել։ Չնայած դրան, ես շարունակում էի պնդել, փորձում էի համոզել ծնողներիս եւ արդիւնքում կարողացայ հասնել ուզածիս։ Այդպէս ես յայտնւեցի Վրաստանի Աւիացիոն համալսարանում։

 

- Հաւանաբար, կուրսում դուք միակ աղջիկն էիք եւ ձեզ ձեռքերի վրայ էին պահում։

- Մինչեւ իմ ընդունւելը կուրսում աղջիկներ չէին եղել, բայց իմ ընդունւելու տարում մենք արդէն երեքն էինք։ Աղջիկներից մէկը չկարողացաւ աւարտել ուսումնարանը։ Բանն այն է, որ ամէն տարի մենք բուժզննում ենք անցնում, եւ նա առողջական խնդիրների պատճառով չկարողացաւ օդաչու դառնալ։ Երկուսս կարողացանք աւարտել Աւիացիոն համալսարանը։ Պարզապէս ես արդէն աշխատում եմ, իսկ երկրորդ շրջանաւարտն աշխատանքի է սպասում։ Ես առաջին եւ առայժմ միակ կին օդաչուն եմ Վրաստանում։

Համալսարանում ուսանելու տարիներին մարդիկ երկու խմբի բաժանւեցին։ Մի մասին դուր էր գալիս աղջիկների ներկայութիւնը, միւսները թերահաւատօրէն էին նայում մեզ եւ մեր ընտրութիւնն անլուրջ քայլ համարում։ Բայց անձամբ ինձ վրայ դրական ազդեցութիւն ունեցաւ, քանի որ ես որոշեցի ապացուցել բոլորին, որ կարող եմ օդաչու դառնալ։ Այդ մասնագիտութիւնը տղամարդկային ուժ չի պահանջում։ Օդաչուն պէտք է ճկուն, խելացի լինի, կարողանայ արագ կողմնորոշւել եւ իւրացնել ուսումնական նիւթերը։

 

- Պատմէք ձեր առաջին թռիչքի մասին։

- Առաջին թռիչքից ստացած տպաւորութիւններն անհնար է փոխանցել, որեւէ բանի հետ համեմատել։ Ես չէի հաւատում, որ դա իսկապէս ինձ հետ է կատարւում։ Միլիոնաւոր տպաւորութիւններ ստացայ եւ աննկարագրելի զգացողութիւններ ունեցայ։

Առաջին թռիչքի ժամանակ ազատութիւն չես զգում։ Առաջին թռիչքն էյֆորիա է։ Իսկ արդէն երրորդից, տասներորդից յետոյ դու ազատութեան զգացում ես ունենում, սկսում ես գիտակցել, որ այն, ինչ կատարւում է, քո որոշակի գործողութիւնների արդիւնք է։

Երբ ուղեւորներն ինձ տեսնում են, ոմանք ուշադիր նայում են, ոմանք հիանում, բորտ-ուղեկցորդուհիներին հարցնում են իմ մասին, հետաքրքրւում են` ես օդաչու եմ, թէ ոչ։ Փափուկ վայրէջքների ժամանակ ինձ ծափեր են նւիրում, ժպտում են ինձ։ Ջերմութիւն եւ լաւ վերաբերմունք եմ ստանում ուղեւորներից, ինչը հաճելի է եւ ուժ է տալիս աշխատելու համար։

 

- Յայտնի է, որ բորտ-ուղեկցորդուհիները վաղ տարիքում են թոշակի անցնում, իսկ օդաչու կանա՞յք։

- Թռչել կարելի է մինչեւ 65 տարեկան, եթէ առողջութիւնդ ներում է։ Ամէն տարի բուժզննում անցնելուց յետոյ մեզ թռիչքների իրականացման համար, այսպէս կոչւած, թոյլտւութիւն են տալիս։ Կարեւորն առողջ լինելն է։

 

- Երբեք չէք վախեցե՞լ թռչելուց։

- Մինչեւ հիմա փորձում եմ հասկանալ` արդեօք վախ կա՞յ թռիչքի ժամանակ։ Բայց նման բան չկայ։ Աւելի շատ մեծ պատասխանատւութիւն եւ մի փոքր էլ լարւածութիւն եմ զգում, բայց դա ուշադրութիւնս կենտրոնացնելուց է։ Վախը հոգեբանական պահ է։ Ուսումնարանում օդաչուները «մարդկային գործօն» կոչւած առարկայ են անցնում, որի ժամանակ որոշակի հոգեբանական պահեր են ուսումնասիրւում։ Մեզ սովորեցրել են, որ չի կարելի խուճապի մատնւել եւ պէտք է հանգիստ մնալ ցանկացած իրավիճակում։ Այսինքն այնքան կրթւած օդաչու պէտք է լինես, որ յստակ իմանաս, թէ ինչ պէտք է անես այս կամ այն իրավիճակում։ Անդադար պէտք է աշխատես քեզ վրայ։

 

- Կը նկարագրէ՞ք կին օդաչուի սովորական օրը։

- Օրինակ` երէկ ես երկու թռիչք ունէի։ Սկզբում մենք հաւաքւում ենք օդաչուների դեպարտամենտում եւ ուսումնասիրում եղանակային առանձնայատկութիւնները, վերլուծում առաջիկայ թռիչքը, որոշում հրամանատարի հետ, թէ որքան վառելիք է պէտք, ամէն ինչ մանրակրկիտ քննարկում ենք… Այնուհետեւ ես բարձրանում եմ օդանաւ, նախապատրաստում եմ ինքնաթիռը, սրահը չւերթի համար եւ ճամփայ ընկնում։

Սա այնպիսի մասնագիտութիւն է, որ պէտք է մարդու ներսում լինի։ Ոմանք ասում են, որ ես շատ գեղեցիկ համազգեստ ունեմ, լաւ աշխատանք, մեկնեցիր-վերադարձար, եւ վերջ։ Բայց ամէն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Աւիացիա գնալուց առաջ պէտք է հասկանալ, թէ ինչի հետ ես գործ ունենալու։

 

- Ի՞նչն էք աւելի շատ սիրում` երկի՞նքը, թէ՞ երկիրը։

- Լաւ հարց էր։ Ես երբեք այդ մասին չեմ մտածել։ Գիտէ՞ք` երկինքը ռոմանտիկա է, գեղեցկութիւն, չսիրել հնարաւոր չէ։ Երկնքում ես ինձ շատ լաւ եմ զգում, հասկանում եմ, որ այնտեղ եմ, որտեղ պէտք է լինեմ։ Երբ ես տեսութիւն էի ուսումնասիրում համալսարանում, ամէն ինչ լաւ էր, ես ամէն ինչ հեշտ էի սովորում, բայց մտածում էի, թէ ինչ եմ զգալու, երբ մեծ ինքնաթիռ նստեմ։ Մտածում էի` արդեօ՞ք չեմ վախենայ, բոլորս էլ մարդ ենք եւ նախապէս չենք կարող իմանալ, թէ որ պահին ինչպէս կարձագանգենք։ Եւ երբ ես իրականացրի առաջին, երկրորդ, երրորդ չւերթը, համոզւեցի, որ ճիշտ ընտրութիւն եմ կատարել։ Իզուր չեմ պայքարել եւ իզուր չեմ անցել բոլոր այդ դժւարութիւնների միջով։ Արժէր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։