Հա

Հասարակական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 08:30

7.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Իրան-Իրաք սահմանային գօտին. Երկրի արեւմտեան շրջաններում զոհերի թիւը հասել է 141-ի, տուժածներինը՝ 866-ի

 Երէկ՝ նոյեմբերի 12-ի երեկոյեան, տեղական ժամանակով ժամը 21:48-ին հզօր երկրաշարժը ցնցել է Իրան-Իրաք սահմանային գօտին:

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 12-ի երեկոյեան, տեղական ժամանակով ժամը 21:48-ին հզօր երկրաշարժը ցնցել է Իրան-Իրաք սահմանային գօտին: Այն ողջ տարածաշրջանում զգացել է աւելի քան 150 մլն. մարդ:

Երկրաշարժը գրանցւել է հիւսիսային լայնութեան 34.750 եւ արեւելեան երկայնութեան 45.920 աշխարհագրական կոորդինատներով, Իրան-Իրաք սահմանային գօտում, Սարփոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ. դէպի հիւսիս, օջախի 20 կմ. խորութեամբ, ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուտ հզօրութեամբ: Էպիկենտրոնը եղել է Իրաքի Սուլէյմանիէ նահանգի Հալաբչէ քաղաքի մօտակայքում:

Աւերածութիւնների ծաւալը մեծ է յատկապէս Սարփոլ-է Զահաբ եւ Ղասր-է Շիրին քաղաքներում: Սարփոլ-է Զահաբում աւերւել է քաղաքի միակ հիւանդանոցը, իսկ հիւանդների եւ բուժանձնակազմի մի մասը մնացել է փլատակների տակ:

Ճգնաժամերի ղեկավարման կենտոնի հրապարակած վերջին տւեալների համաձայն երկրի արեւմտեան շրջաններում զոհերի թիւը հասել է 141-ի, իսկ տուժածներինը՝ 866-ի: Զոհերից 97-ը Սարփոլ-է Զահաբում են, 4-ը՝ Ազգոլէում, 3-ը՝ Գահւարէում, 13-ը՝ Քարանդում, 9-ը՝ Սալաս Բաբաջանիում, 13-ը՝ Արեւմտեան Էսլամաբադում, իսկ 2-ը՝ Ղասրէ Շիրինում:

Համապատասխան մարմինները տեղում բնակչութեանը եւ տուժածներին տրամադրում են առաջին օգնութեան ծառայութիւնները: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակւում են: Իրավիճակը գտնւում է Ներքին գործերի նախարարութեան ամբողջական վերահսկողութեան ներքոյ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։