Դանիայում վերջերս լոյս է տեսել դանիացի միսիոներուհի Քարէն Եփփէի մասին գիրքը:
«alikonline.ir» - Դանիայում վերջերս լոյս է տեսել դանիացի միսիոներուհի Քարէն Եփփէի մասին գիրքը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
Ինչպէս փոխանցում է «Հորիզոն» շաբաթաթերթն, Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան ժամանակ իր կատարած աշխատանքով յայտնի միսիոներուհուն «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի ժամանակ ներկայացրել են որպէս «Հայերի դանիացի մայր»:
Միսիոներուհին հայերի մասին դասախօսութիւն էր լսել 26 տարեկանում եւ որոշել ուսուցչուհի դառնալ հայ որբերի համար:
Եփփէն ժամանում է Ուրֆա, որտեղ միանում է գերմանացի հոգեւորական Եոհաննէս Լեփսիուսի վերահսկողութեան ներքոյ գործող դպրոց-որբանոցի անձնակազմին:
Ցեղասպանութիւնից յետոյ նա տեղափոխւել Սիրիա, որտեղ հայ այրի կանանց համար աշխատանք է գտել՝ որբանոցներ, դպրոցներ, բուժհաստատութիւններ եւ արհեստանոցներ հիմնելով:
Որպէս արեւելքում կանանց ու երեխաների պաշտապանութեան Հալէպի կոմիտէի տնօրէն՝ փորձել է փրկել այդ տարածքում ապաստան գտած մօտ 2000 հայ կանանց ու երեխաների:
Քարէն Եփփէն հնարաւոր ամէն բան արել է, որպէսզի լաւ յարաբերութիւններ հաստատւեն բեդւինների ու հայ գիւղացիների միջեւ, որի շնորհիւ Ռաքքայի շրջանում նրան յաջողւել է ստեղծել 6 հայկական գաղթօջախ:
Այսօր Քարէն Եփփէի անունով է կոչւում Հալէպի առաջին հայկական բարձրագոյն դպրոցը, որը բացւել է 1946 թւականին: